Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Մենք թույլ չե՛նք տա ընդունել այս օրենքը, որը քայքայելու է մեր պետության հենասյունը՝ ընտանիքը

Հոկտեմբեր 10, 2017թ. 10:04
Հայկ Նահապետյան-2

<<Ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության>> մասին օրենքի նախագծի շուրջ հանրային կրքերը գնալով շիկանում են. մի կողմում, օրենքի պաշտպանների դիրքերում այն հկ-ներն են, որոնք Արևմուտքից, կոնկրետ՝ Սորոսի հիմնադրամից տարիներ շարունակ  ֆինանսավորվելով հանդես են գալիս  միասեռականության քարոզիչների ու պաշտպանների դերում: Մյուս կողմում՝ մտավորականության այն հատվածն է, որը համոզված է, որ սույն օրենքի ընդունմամբ  իրականում կազմաքանդում են հայ ընտանիքը:
Արդարադատության նախարարությունը երեկ Մատենադարանի դահլիճում կազմակերպել էր հանրային քննարկում: Ողջույնի խոսքով հանդես եկած նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի քանի պաշտոնական թվեր, ու շեշտեց, թե այս տարիներին ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել. 3571 դեպք, մինչդեռ ստվերային թվերն ավելին են:

Չնայած նախարարի խոստմանը, թե կհնչեն և’ կողմ, և’ դեմ կարծիքներ, բոլոր առաջարկները կդառնան քննարկման առարկա, ինչպես նաև, մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությանը, որ ելույթով հանդես գալու իրավունք կունենա  օրինագծին ընդդիմացող կողմը՝ մտավորականներ, հկ ներկայացուցիչներ, սակայն քննարկումը վարող նախարարության աշխատակիցը ուղղակի ընդդիմացավ ու մերժեց ընդդիմախոսների՝ ելույթ ունենալու արդարացի պահանջը, փորձելով նրանց սահմանափակել ընդամենը հարցեր տալու ձևաչափի մեջ: Սա այլ բան չէր, քան դեմ գնալ հանրային քննարկման տրամաբանությանը, ինչն էլ բնականաբար առաջ բերեց նախագծի ընդդիմախոսների արդարացի բողոքն ու զայրույթը:

Ու մթնոլորտը դահլիճում սրվեց:
Ընդդիմախոս մտավորականների ստվար բանակը ոտքի կանգնեց՝ դահլիճը լքելու և կից սրահում քննարկումը շարունակելու պատրաստակամությամբ:
Մի քանի րոպեում մտավորականների շուրջկալում հայտնվեց արդարադատության նախարարը, փոխնախարարին ու Մարդու իրավունքների պաշտպանը:  ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը միայն շվարած դեմքով,  լռելյայն աջ ու ձախ էր նայում, այն դեպքում, երբ իր իսկ աչքի առաջ տեղի էր ունենում մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարում:

<<Հանուն ինքնիշխանության վերականգման>> նախաձեռնության համակարգող, պաշտոնաթող գնդապետ Հայկ Նահապետյանը նախարարին հարց ուղղեց. <<Դուք մեզ հնարավորություն չե՞ք տալիս խոսելու, չէ՞ որ խոստացել եք>>. նախարարը խուսափողական  պատասխան տվեց. <<Ես չեմ վարում նիստը>>: Հաջորդ հարցը հնչեցրեց Խաչիկ Ստամբոլցյանը. <<Ինչո՞ւ եք փակում մեր բերանը, չէ՞ որ մենք գիտենք այս ամենի հետևում ի՞նչ վտանգներ են թաքնված, թողեք բացատրենք: Ի՞նչ ասել է ընտանեկան բռնություն, նման շեշտադրումն արդեն իսկ ուղղված է մեր ընտանիքների դեմ: Դու այսօր պաշտոն ունես, վաղը չես ունենա ու քո երեխաների, թոռների ձեռքից  էլ են բռնելու տանեն>>:

Գրող, հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանը զրամացած էր.<< Մեր դեմոկրատական երկրում թույլ չեն տալիս ազատ խոսք ասել: Չէ՞ որ մենք կարծիք ունենք հայտնելու: Եթե ուզում եք փրկել հայ ընտանիքը, ուրեմն, աշխատատեղեր ստեղծեք, տներում տղամարդ չկա, երեխան դարձել է իր մոր օգնականը, կանգնեցրեք արտագաղթը, որպեսզի ընտանիքի հայրը մնա իր տանը, ոչ թե հայ ընտանիքից վերցրեք հայ երեխային>>:
Դահլիճում չդադարող աղմուկի մեջ ընդդիմախոս մտավորականներն ավելի ու ավելի էին սեխմվում դեպի առաջին նստարանը՝ Դավիթ Հարությունյանին տարբեր հարցեր ուղղելով.<<Ինչպե՞ս է, որ այս օրենքի պաշտպանները նաև համասեռամոլների ու այլ պղծություն քարոզողների պաշտպաններն են: Սա պատահականություն է՞>>: Հորդորում էին նախարարին՝ հրաժարվել ընտանիքը քանդող այդ նախագծից.<<Ինչպե՞ս կարելի է երեխային վերցնել իր ընտանիքից, եթե սառնարանում չկա միրգ, չկա միս: Դա կոչվում է յուվինալ ֆաշիզմ>>:
Վրդովված մեկն էլ թե. <<Կգա այն ժամանակը, երբ դուք չեք լինի նախարար ու մի օր էլ ձեր թոռներին են ընտանիքներից տանելու>>. Դավիթ Հարությունյանն իրեն ուղղված հարցերին արձագանքեց այսպես.<<Ես չեմ ուզում, որ ոչ իմ թոռները, ոչ իմ երեխաները, ոչ էլ որևէ ընտանիքում երեխաները բռնության ենթարկվեն>>:
Մտավորականներից մի քանիսն էլ իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ պետության թիկունք լինել, աջակցել արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս միջազգային ատյաններում դեմ արտահայտվի այս նախագծին՝ վստահ լինելով, որ իր թիկունքում ունի սեփական ժողովրդի աջակցությունը: Քանի որ ընդդիմախոսները համոզված են, որ այս օրենքի ընդունումը մեր երկրին պարտադրվում է դրսից. <<Այն կա՛մ Վենետիկի հանձնաժողովն է, կա՛մ Եվրամիությունը՝ իր դեսպան Սվիտալսկու ղեկավարությամբ>>:

Մի պահ լարվածությունը դահլիճում հասավ իր գագաթնակետին:

Կանանց ռեսուրսների կենտրոն- Ցինիկ պահվածք դրսևորեցին՝ իրենց կանանց իրավունքների պաշտպաններ հռչակած մի քանի հկ-ների երկնագույն գլուխներով ջահլներ, որոնք լկտիաբար ծիծաղում էին ընդդիմախոսների ամեն մի խոսքի վրա,  միտումնավոր աղմկում՝  ընդդիմախոսների հարցադրումները խլացնելու համար: Եվ սրանք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպաննե՞ր ու խոսում ժողովրդավարությունի՞ց, երբ ուրիշի կարծիքի հանդեպ այսչափ անհանդուրժողն են:

Տարօրինակ ու վտանգավորն այն է, որ այս  ցինիկ երիտասարդներն այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, փոխնախարար Վիգեն Քոչարյանին զորակցողներն են:    

Ի վերջո, նախարարությունը գիտակցելով, որ նման լարվածությունը չի կարող օգտակար լինել կողմերի համար, ընդառաջ գնաց պահանջին, ու թույլ տվեց նախագծին ընդդմացող կողմին ևս հանդես գալ ելույթով՝ ընդամենը 10 րոպեանոց:

Հայկ Նահապետյան-1Ամբիոնին մոտեցավ Հայկ Նահապետյանը. հայտարարեց, որ Արդարադատության նախարարության  բերած թվերում կա կեղծիք, քանի որ ՀՀ տարածքում, պաշտոնական տվյալների համաձայն բռնությունների 4992 դեպքերի մեջ ընտանիքի անդամների միջև բռնությունների տոկոսը հետևյալ պատկերն ունի ՝ 2014-ին՝ 8,3 տոկոս, 2015-ի՝ 9,5, 2016՝ 9 տոկոս: Հիշեցրեց, մինչդեռ մեծ չափերի է հասել ինքնասպանությունները.<<Գուցե այստեղի՞ց սկսենք>>:
<<Ընտանիքներում բռնությունների թվի աճ կա, ինչի դեմ պետք է կռիվ տալ: Բայց է ընտանիքներում բռնության աճը գնահատելու ու կանխարգելելու համար նախ հարկավոր է ուսումնասիրել պատճառները, ընտանիքների սոցիալական վիճակը, նաև թե ի՞նչ վիճակ է ինքնասպանության դիմած մարդկանց ընտանիքներում: Մինչդեռ այս նախագծում չկա նման վերլուծություն>>:

Հայկ Նահապետյանը շեշտեց, թե իրենք չեն ասում օրենքը նետել աղբանոց, կա խնդիր պետք է քննարկել ու դրա համար առաջարկներ են ներկայացրել: Նահապետյանը տեղեկացրեց, որ իրականացրել են մոնիթորինգ՝ պարզելու ընտանեկան բռնության թվի աճի պատճառները, ու եզրահանգել, որ այստեղ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն լրատվամիջոցները, հեռուստասերիալներն ու այլ շոու հաղորդումներ, որոնք զբաղված են բռնության քարոզով:

<<Եկեք ոչ թե պոչից բռնենք, այլ գլխից, ինչո՞ւ սոցիալական վիճակի, համատարած բռնության քարոզի մասին ոչ մի խոսք  չկա օրենքի նախագծում: Առաջարկեցինք, բարելավել սոցիալական ծանր վիճակում գտնվողների, բազմազավակ ընտանիքների վիճակը: Նաև ասում ենք, պետք է, առաջին, մանկապղծությունը ՀՀ քրեական օրենսգրքով ստանա պատժի առավելագույն չափ: Երկրորդ, սեռական բռնությունները երեխաների նկատմամբ պետք է խստացվեն առավելագույս: Երրորդ, քրօրով պետք է խստացվի պատիժը ընտանիքի կնոջը ծեծի, նվաստացման ենթարկելու դեպքում: Հիմա հարց՝ ինչո՞ւ մեր առաջարկները ներառված չեն այս օրենքի նախագծում, այն դեպքում, երբ ասում եք՝ երկխոսությամբ է ստեղծվելու նախագիծը: Որովհետև պետպատվերի շրջանում պարոն Սվիտալսկին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը) նման բան չի՞ պահանջում: Եթե այս ամենը դրսի պատվերով չի աշխատում, այլ իսկապես սրտացավություն կա, եկեք միասին նստենք-քննարկենք: Եթե կողմ եք, մենք պատրաստ ենք>>: 

  Հայտարարեց՝ նման օրենքի ստեղծման համար Հայաստանում չկա հասարակական պահանջ, հակառակ դեպքում այս նախագծում տեղ կգտնեին բազմազավակ ընտանիքների, խոցելի շերտերի, հիվանդ երեխաների առողջության, սննդի, հագուստի հետ կապված հարցերը:

   Նախագծում հոգեբանական ու տնտեսական բռնության տեսակների ամրագրումը համարելով խիստ վտանգավոր, Նահապետյանն այն համոզման է, որ սա իրավական առումով հնարավորություն կտա, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին  տեղափոխեն ապաստարաններ: <<Եթե դուք ասում եք նման բան չկա՝ նայեք, թե ի՞նչ է կատարվում Եվրոպայում, հարյուր հազարավոր երեխաներ են օտարվել իրենց ընտանիքներից>>:
Նախգծին դեմ արտահայտվող մտավորականները վրդովված հայտարարեցին՝ <<Մենք թույլ չենք տա ընդունել այս օրենքը, որը քայքայելու է մեր պետությունը, սա ստեղծում է մի մեխանիզմ, համաձայն որի կստեծվեն ապաստարաններ, որը ֆինանսավորվում է ինչ-որ երրորդ կառույցից: Սա թրաֆիքինգի ռիսկեր է պարունակում>>:
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը,  ի պատասխան այն հայտարարության, թե սա դրսից հրահանգված նախագիծ է ասաց.<<ՀՀ-ն միջազգային պայմագրերով ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնցից է Կանանց նկատմամբ Խտրականության արգելման ու կանխման կանվենցիան: Նման հանձնարական կա նաև այս օրենքի հետ կապված ու ՀՀ-ն իր ստանձնած պարտավարությունները պետք է հետևողականորեն կատարի, այստեղ որևէ սենսացիա չկա>>: Փաստորեն,  Քոչարյանն պարզ հայտարարեց, որ Հայաստանի առաջ կա պարտադրանք ու այս օրենքը, եթե անգամ այն վտանգավոր է մեր երկրի համար, միևնույն է, ընդունվելու է:

Իրականությունն այն է, որ Հայաստանը ճաք է տալիս դրսից իջած պարտադրանքից:

Արդարադատության փոխնախարարն իր ասելիքը իբրև ճշմարտություն մատուցելու նպատակով,  դիմեց եվրակոմիսարների գործելոճին՝ կեղծիքին:

Սուտ առաջին.  հայտարարեց, թե այս օրենքի ստեղծումը հանրային պահանջ է: Փոխնախարարի կեղծիքն ակնհայտ է,  իրականում մեր հասարակության մեջ  նման պահանջ գոյություն չունի: Սա նշանակում է սեփական ցանկությունները փաթաթել հասարակության վզին:

Սուտ երկրորդ.  <Աշխարհի 120 երկրներ այս ճանապարհով են անցել ու առանձնապես արտառոց երևույթներ չեն եղել>, ասում է Վ. Քոչարյանը: Մինչդեռ համացանցը լցված է սարսափազդու տեսանյութերով, որոնցում ներկայացվում է,  թե ինչպես են  արևմտյան երկրներում ընտանիքներից  ապաստարաններ  տեղափոխում երեխաներին: Առանց հուզվելու հնարավոր չէ դիտել այդ կադրերը:
Ի պատասխան Վ. Քոչարյանի կեղծիքի,  Հայկ Նահապետյանը ներկաներին տեղեկացրեց, որ աշխարհում չկա մի երկիր, որն այս օրենքն ընդունած լինի ու բռնությունների թիվը պակասի: Ապա հիշեցրեց ԱՄՆ սենատոր Նեսնի Շեֆերի գործունեության մասին,  նրան անվանելով քաջ մարդ, որը 5 տարի շարունակ սենատի հատուկ հանձնաժողովում ուսումնասիրել է ապաստարաններում առկա իրավիճակը, ու պարզել, թե ինչպե՞ս է տեղի ունենում այդ ամբողջ մեխանիզմը՝ երեխաներին ընտանիքներից օտարումը, ապաստարաններ տալը, խնամակալներին կամ որդեգիրներին հանձնելը: <<Որպեսզի այդ ծանր իրավիճակը մեր ժողովրդի դուռը չթակի, եկեք միասին աշխատենք, այս նախագիծը նման տեսքով չի կարող գնալ խորհրդարան: Մենք դա թույլ չենք տա>>:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 17-ին օրենքի նախագծի շուրջ տեղի կունենան խորհրդարանական լսումներ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն