Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս

Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի վերաբերյալ քննադատաբար է հանդես եկել փաստաբանների միության նախագահը

Հոկտեմբեր 9, 2017թ. 22:53
Արա Զոհրաբյան

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծը քննարկելիս կարծում եմ պետք է հաշվի առնել հետևյալը՝
1․ նշված օրենքի մշակման հիմքում պետք է ընկած լինեն հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտի և դրա հետ առնչվող հարցերի իրավական, քաղաքական, սոցիլոգիական և այլ ուսումնասիրությունները՝ պարզելու համար՝ գոյություն ունի արդյոք այս օրենքի մշակման և ընդունման հասարակական պահանջարկ և անհրաժեշտություն, թե՝ ոչ․
2․ արդյոք առաջարկվող կարգավորումները չեն վնասում պաշտպանության ենթակա այլ շահերը։

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ
Նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելիս պետք է հաշվի առնել նաև սահմանդրի մոտեցումը ընտանեկան հարաբերություններին։
ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերություններին։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին։ Ընդ որում, որևէ բացառություն չի սահմանել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հետևապես Նախագծի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու հասարակության բնական և հիմնական բջիջ, ինչպես նաև բնակչության պահպանման և վերարտադրման հիմք հանդիսացող ընտանիք ինստիտուտին։

2014-2015-2016 թթ․ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված բռնության վիճակագրական տվյալները (ընդ որում այս դեպքերը ոչ միշտ են դարձել քրեական գործերի առարկա), կարծես չեն հաստատում այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտության առկայությունը։
Այսպես, 2014թ․ ոստիկանության կողմից արձանագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական և սեռական բռնության 4992 դեպք, որոնցից 415 կամ 8,3% առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 63-ը կամ 1,3%՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում, այս բռնություններից տուժել է միայն 10 կամ 0,2% անչափահաս։
2015թ․ ոստիկանության կողմից արձանագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական և սեռական բռնության 5039 դեպք, որոնցից 478 կամ 9,5% առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 73-ը կամ 1,4%՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում, այս բռնություններից տուժել է միայն 25 կամ 0,5% անչափահաս։
2016թ․ (11 ամիսներ) ոստիկանության կողմից արձանագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական և սեռական բռնության 4570 դեպք, որոնցից 411 կամ 9% առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 62-ը կամ 1,4%՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում, այս բռնություններից տուժել է միայն 15 կամ 0,3% անչափահաս։

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Նախագծով սահմանված՝ ընտանեկան բռնության հասկացությունը խիստ խնդրահարույց է հատկապես տնտեսական և հոգեբանական բռնության մասով:
Եթե ֆիզիկական և սեռական բռնությունը գործնականում հնարավոր է զատորոշել, ապա տնտեսական կամ հոգեբանական բռնությունն իրենից ներկայացնում է խիստ ընդհանրական և գործնականում դժվար որակվող երևույթ: Նախագծի նշյալ կամ որևէ այլ հոդված չի պարունակում ինչ-որ մի չափանիշ կամ չափանիշների խումբ, որոնցով հնարավոր լինի գործնականում ընկալել և որակել տնտեսական կամ հոգեբանական բռնության դրսևորումները:
Օրինակ՝ Նախագծի ընդունման պարագայում լիազոր մարմինների կողմից կարող է որպես տնտեսական բռնություն որակվել ծնողի կողմից իր երեխային դաստիարակչական նպատակով խոստացած քաղցրավենիքը կամ խաղալիքը չգնելը, երեխայի կողմից իր ծեր ծնողին վերջինիս առողջության պահպանման նպատակով որոշակի սննդամթերք տալուց հրաժարվելը, կնոջ կողմից իր ամուսնու հետ ունեցած վեճի պատճառով նրա համար կերակուր չպատրաստելը և այլն: Հոգեբանական բռնություն կարող է որակվել ծնողի կողմից անչափահաս երեխային գիշերային ակումբ այցելելու արգելքը։
Ընդ որում, պրակտիկայում նման անհեթեթ դեպքերը ամենևին բացառված չեն, քանի որ օրենսդրորեն որևէ երաշխիք չկա այդպիսի իրավակիրառական պրակտիկայի դեմ:
Այսպիսով, վերոգրյալի համատեքստում անձը կարող է ենթարկվել անձնական և տնտեսական բնույթի իրավասահմանափակումների այնպիսի գործողությունների համար, որոնք բխում են իր՝ որպես ծնողի, երեխայի կամ ընտանիքի այլ անդամի կարգավիճակից: Նմանօրինակ իրավակարգավորումներով պետությունը կարող է ներխուժել ընտանեկան-բարոյական միջանձնային հարաբերությունների ոլորտ, որն ավանդաբար և օբյեկտիվորեն չի կարգավորվել և չի էլ կարող կարգավորվել պետության և իրավունքի կողմից, քանի որ առնչվում է անձի անձնական և ընտանեկան կյանքին: Դա կարող է վատ նախադեպ ծառայել պետության իրավակարգավորիչ դերի անհամաչափ ընդլայնման համար, ինչը կարող է հակասել ժողովրդավարական պետության գաղափարին, որն ամրագրված է ՀՀ Սահմանդրության 1-ին անփոփոխ հոդվածում:

Ծավալից ելնելով չեմ անդրադառնում ապաստարանների ստեղծման, ֆինանսավորման, սեփականատիրոջն առանց դատարանի որոշման իր տարածքից ժամանակավոր վտարելու և այլ նմանատիպ միջամտությունների կարգավորումներին, ինչպես նաև երեխաներին կամ ծնողներին ապաստարանների կամ այլ մարմինների ապօրինի գործողություններից պաշտպանելու արդյունավետ մեխանիզմների բացակայությանը, որոնք նոր հարցեր են առաջացնում։

ԱՄՓՈՓՈՒՄ
Եթե այս նախագիծը պետք է ընդունի պետությունը՝ հաշվի առնելով նաև միջազգային կառույցների առաջարկությունները, ապա պետք է՝
– կատարել առավել խորը և բազմակողմանի հետազոտություններ,
– նախագծով լուծել հնարավոր բաց հարցերը,
– նախագիծը ներկայացնել հասարակության լայն շերտերի քննարկմանը։

Փաստաբան՝ Արա Զոհրաբյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն