Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մտահոգիչ է, որ հայ գյուղացիների արդար պահանջը սաստելու համար հատուկ ջոկատայիններ են ուղարկվել գյուղ՝ վրաց իշխանության հրահանգով

Հոկտեմբեր 3, 2017թ. 22:17
Վրացի ոստիկանները ծեծել են հայ գյուղացիներին

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ
-Ջավախքի Գումբուրդո հայաբնակ գյուղի բնակիչների մարդկային, պարզ ցանկությունը՝ խաչքար տեղադրել իրենց նախնյաց գերեզմանին, հանդիպեց Վրաստանի ուժային կառույցի անհասականալի հակազդեցությանը. ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվեցին հավաքված գյուղացիների վրա ու ծեծի ենթարկեցին նրանց: Ի՞նչ բացատրություն կտաք կատարվածին:
– Խնդիրը հետևյալն է. վրացական պետությունը տարիներ առաջ որոշեց վերանորոգել Գումբուրդո հայկաբնակ գյուղի եկեղեցին, որը 10-րդ դարի շինություն է: Աշխատանքի ընթացքում բանվորները եկեղեցու շուրջը ոսկորներ հայտնաբերեցին, պարզվեց, որ այն մի հին գերեզմանոց է: Գյուղի բնակիչները, բնականաբար, համարեցին, որ այն իրենց նախնյաց գերեզմանատունն է, եկեղեցուն կից թաղված են իրենց նախնիները ու հայտնաբերված ոսկորներն էլ իրենց նախնիների ոսկորներն են. այստեղ երկրորդ կարծիք չկա:

Գյուղացիներն, ի հիշատակ իրենց նախնյաց, որոշում են խաչքար տեղադրել գերեզմանոցում: Եվ ահա, այստեղից էլ ծագում է հակասությունը: Վրացական կողմը, դեմ լինելով գյուղացիների ցանկությանը, պնդել է, թե վերանորոգման աշխատանքներ են ընթանում և խաչքարի տեղադրման հարցում չկա թույլատվություն: Գյուղացիներն էլ պնդել են իրենց պահանջը, ու ստեղծվում է հակասություն ոստիկանության և գյուղացիների միջև: Նույնիսկ հատուկ նշանակության մի ջոկատ են մոտեցրել, հակասությունն այն աստիճան է սրվել, որ բախում է տեղի ունեցել ոստիկանության հատուկ ջոկատայինների ու գյուղացիների միջև:
Բայց սա ամենևին էլ այն հարցը չէ, որը պետք է նման լարվածության հանգեր: Այսօր Ջավախքում տարեկան տասնյակ խաչքարեր են տեղադրվում, եկեղեցիներ են կառուցվում կամ վերանորոգվում ու վերաօծվում, այսինքն, այս առումով մենք խնդիր չունենք վրաց իշխանության հետ:

Այս անհարկի լարվածության հիմքում կարող է նաև քաղաքական սադրանք լինել. առաջիկայում ՏԻՄ ընտրություններն են և կան որոշ ուժեր, անհատներ, քաղաքական գործիչներ, որոնց համար սա հարմար իրավիճակ է պղտոր ջրում ձուկ որսալու համար: Բայց փոխադարձ անհամաձայնության ու անհասկացվածության մթնոլորտը ամենևին չի բխում Վրաստանի, Հայաստանի, առավել ևս Ջավախքի տարածաշրջանի ու ջավախահայության շահերից: Սա ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին: Ու մենք արդեն տեսնում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները հեղեղել են համացանցը՝ խոսելով, այսպես կոչված, ջավախցի անջատողականների նոր գործողությունների մասին: Նրանք կարող են սադրել ու ավելի խորացնել լարվածությունը: Սա մի հնարավորություն է մեր թշնամիների համար սեպ խրելու հայ-վրացական հարաբերությունների մեջ: Ու դա արվում է այն փուլում, երբ հայ-վրացական հարաբերություններում նոր զարգացում, ջերամացում կա, ձևավորվում են հարաբերություններ, որոնք պայմանավորված են տարածաշրջանային մեծ շահերով ու համատեղ գործողությունների ակնկալիքով: Նման իրավիճակում խաչքարի տեղադրման շուրջ այսպիսի պատմություն ստեղծելն անընդունելի է:
-Մտահոգիչ է այն, որ գործ ունենք վրաց իշխանության կողմից տրված հրահանգի հետ. գյուղ են բերվել հատուկ ջոկատայիններ, իսկ սա նշանակում է՝ պատժիչ գործողություն իրականացնելու հրահանգը տրվել է իշխանության կողմից:
-Սա իրոք մտահոգիչ է, դրա համար ես կոչ եմ անում և հորդորում եմ Վրաստանի քաղաքական, հոգևոր իշխանություններին ցուցաբերել ողջամտություն, լինել ավելի հանդուրժող, ավելի բարյացակամ, լարվածության տեղիք չտալ ու թույլ չտալ, որ ուրիշները՝ մեր թշնամիները, կրակի վրա ջուր լցնեն: Ինչո՞ւ խորացնել հակասություն, երբ կարելի է շատ հանգիստ քննարկել խնդիրը, երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերել ու հարցին արդարացի լուծում տալ: Ի վերջո, մարդիկ ընդամենը ուզում են խաչքար տեղադրել իրենց գերեզմանի վրա:
Հորդորում եմ նաև Գումբուրդո գյուղի բնակիչներին, լինել ավելի զուսպ ու հավասարակշռված, տեղիք չտալ սադրանքներին ու մի կաթիլ մեղրի պատմությունը չսարքել:
-Դեռ խորհրդային տարիներից, հետո նաև անկախացման շրջանում Վրաստանում իրականացվում էր մի քաղաքականություն, որն ուղղված էր հայկական հետքի ոչնչացմանն այդ երկրում. հայկական եկեղեցիները համատարած վրացացվում էին, նրանցից քերվում, հանվում էր խաչը: Թվում է, թե այդ տարիներն այլևս անցյալում են ու վրացական կողմին չեն նյարդայնացնում, երբ իրենց տարածքում հերթական հայկական եկեղեցին է հայտանաբերվում:  Այս դեպքը նման դրսևորման հետևանք չէ՞:
-Կարծում եմ ոչ, որովհետև եկեղեցու պատկանելության շուրջ իրականում վեճ չկա: Եկեղեցին ուղղափառ հունադավան եկեղեցի է, ու ինչպես վկայում են մեր պատմագիտական հավաստի աղբյուրները, այն կառուցվել է քաղկեդոնություն ընդունած հայերի կողմից: Իսկ վրացական կողմը գտնում է, քանի որ եկեղեցին ուղղադավան է, ուրեմն, պատկանում է վրացական եկեղեցուն: Չնայած տարբեր մոտեցումներին, այնուհանդերձ, այս խնդրի հետ կապված խորքային վիճաբանություն չի եղել, որովհետև եկեղեցու հունադավանության փաստն ակնհայտ է: Ի դեպ նշեմ, որ ժամանակին եկեղեցին եղել է տարածաշրջանի վրացական աթոռանիստը: Այսինքն՝ չկա վեճ եկեղեցու պատկանելության շուրջ:
-Ուրեմն, ինչո՞ւ են վրացիները վախենում, անհանգստանում, որ հայ գյուղացիները եկեղեցու բակում գտնվող իրենց նախնիների գերեզմանոցի վրա խաչքար տեղադրեն:
-Վրաց ոստիկանները ցուցաբերել են ոչ պատշաճ վերաբերմունք՝ պնդելով, թե չկա թույլտվություն, թե ընթանում է վերականգնման աշխատանքներ, որ պետք է սպասեն, մինչև աշխատանքները կավարտվեն ու դրանից հետո միայն կտեղադրվի խաչքարը, եթե, իհարկե, տեղադրվի: Բայց փաստ է, որ գյուղացիները որևէ արատավոր արարք չեն ցուցաբերել՝ խաչքար տեղադրելով: Խնդիրն այլ տեղում է, վրացական կողմը պետք է գիտակցի, որ հարցի լուծման շատ ավելի քաղաքակիրթ լուծում կա ու հարկ չկա տրվել անիմաստ էմոցիաներին կամ սադրանքի և մի մեծ պատմություն սարքել: Երկու երկրները միջպետական հարաբերություններում  շատ ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու, քան խաչքարի տեղադրման պատճառով միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրվելը:
-Մենք հաճախ ենք հիացած խոսում Վրաստանի ժողովրդավարացման ընթացքից, Արևմուտքը ևս որպես տարածաշրջանում ժողովրդավարության լավագույն օրինակ բերում է Վրաստանը, մինչդեռ պարզվում է, այդ երկրի ներսում կա լրջագույն խնդիր՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ: Կատարվածն հարի՞ր է Վրաստանի որդեգրած ժողովրդական արժեքներին:
-Համաձայն եմ ձեր դիտարկման հետ: Այո, կա այդ խնդիրը: Հատկապես, Սաակաշվիլու կառավարման տարիներին մեզանում կային մարդիկ, որոնք հիացական արտահայտվում էին Վրաստանի՝ բարեփոխումներից, ժողովրդավարացումից: Բայց այդ նույն Սաակաշվիլին ամենակոշտ ու կոպիտ ձևով ոտնահարել է ազգային փոքրամասնությունների, մասնավորաբար, ջավախահայության իրավունքները: Շատ քչերն էին տեսնում ու հասկանում, որ անհրաժեշտ է հայ-վրացական հարաբերություններն ու վրացական բարեփոխումները դիտարկել առաջին հերթին ջավախահայերի իրավունքների տեսանկյունից և ոչ թե նրա արտաքին փայլերով՝ շենքերը ներկվում են, ավտոտեսուչը կաշառք չի վերցնում, ասֆալտը հարթ է:
Մեզ համար շատ կարևոր է, որ մեր 180 հազարանոց ջավախքյան համայնքը կամ թիֆլիսյահայությունն ապրի նորմալ ու անվտանգ պայմաններում, խնդիրներ չունենա այդ պետության ներսում ու նոր վրաց ժողովրդավարների հետ: Սաակաշվիլու ժամանակ մերոնք, իրոք, շատ լուրջ խնդիրներ են ունեցել: Բարեբախտաբար, ներկա փուլում էապես մեղմվել են այդ հարցերը, բայց ինչպես տեսնում եք, ցավոք, մենք կանգնեցինք ևս մեկ փաստի առաջ, ու կարող է խաչքարի տեղադրումը դառնալ ազգամիջյան հարաբերությունների լարման պատճառ: Դա շատ խոցելի կդարձնի մեր այսօրվա հարաբերությունների մակարդակը, ինչը չպետք է թույլ չտալ:
Երբ Հայաստանում ինչ-որ խնդիր է իհայտ գալիս, որը դրսի գնահատմամբ, դիտվում է հետնահանջ ժողովրդավարությունից, միջազգային իրավապաշտպան կառույցները, տեղականների հետ միասին թևքերը քշտած անցնում են գրոհի՝ ժոդովրդավարության դասեր տալով մեզ: Վրաց ոստիկանների վարքին անդրադարձա՞ն միջազգային կազմակերպությունները, թե՞ Վրաստանին խնայում են:
– ժամանակին, երբ Սաակաշվիլին մեծ ժողովրդավարի համբավ էր ձեռք բերել մենք հասանք նրան, որ ԱՄՆ Պետդեպի ամենամյա զեկույցում անդրադարձ լինի Ջավախքին, գրել էին, որ այնտեղ ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Խնդրին անդրադարձել էր նաև միջազգային ճգնաժամային խումբը: Ու դրանք լուրջ գնահատականներ էին: Իսկ այս դեպքի հետ կապված, ցավոք, ես դեռ չեմ տեսել, որ որևէ միջազգային կազմակերպություն գնահատական հնչեցնի: Ես համարում եմ, որ Վրաստանի հատուկ ջոկատայինների մուտքը հայկական գյուղ և այդ հարցի հետ կապված նրանց գործողություններն ուժի կիրառման անհամաչափ դրսևորում էին: Հետևաբար, այո, ակնկալում ենք միջազգային կառույցների արձագանքը:
Չե՞ք կարծում, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը ևս պետք է արձագանքի կատարվածին, քանզի լռությունը չի կարող ընկալվել:
-Կարծում եմ, որ արձագանք պետք է լինի: Դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, արձագանք պետական պաշտոնյաների կողմից մամուլով կամ հեռուստատեսությամբ: Պետք է ակտիվ գործի Վրաստանի հայկական դեսպանատունը, հասարակական հատվածը ևս պետք է աշխատի: Մենք առաջիկայում կտեսնենք, թե ի՞նչ դրսևորում կունենա հայկական կողմի արձագանքը, բայց մի բան պարզ է, որ և՛ վրացական, և՛ հայկական պաշտոնական շրջանակներում չեն համարում, որ սա այն խնդիր է, որի շուրջ պետք է հարաբերությունները լարվեն: Վրացական կողմը պետք է գիտակցի, որ սա նախ իրեն ձեռք չի տալիս, քանի որ հայ- վրացական հարաբերությունների սրումը այդ երկրի ներսում կարող է բազմաթիվ այլ վտանգավոր դրսևրումներ ունենալ, ինչը Վրաստանի շահերից չի բխում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն