Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրք մտավորականներն էլ հայտնվեցին Ադրբեջանի ՙՙսև՚՚ ցուցակում

Հոկտեմբեր 1, 2017թ. 17:52
Թևան Պողոսյան

Հարցազրույց քաղաքագետ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
Թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, որը երեք թուրք մտավորականների հետ անցած շաբաթ այցելել էր Արցախ, մեր ժողովրդի ընդունելությունից խիստ տպավորված, ՙՙԱկոս՚՚ թերթին տված հարցազրույցում բարձրաձայնել է հարցեր, որոնց մինչ այդ չէին անդրադարձել ազգությամբ և թուրք ոչ մի քաղաքական գործիչ. Գուցե սա՞ է պատճառը, որ թուրքական այս պատվիրակության այցը Արցախ համարվեց բացառիկ:
-Ասեմ, որ նախկինում ևս եղել են Թուրքիայից Արցախ այցելած լրագրողներ, գործարարներ, քաղաքացիներ, որոնց գալու նպատակը եղել է խնդիրը հասկանալն ու Արցախը սեփական աչքերով տեսնելը: Բայց նման այցերից պետք չէ ոչ զարմանալ, ոչ էլ առավել ևս դրանք համարել բացառիկ: Աշխարհը զարգանում է, տեղեկատվական հոսքերի միջոցով տարածվում է իրական տեղեկատվություն, ինչո՞ւ՝ ոչ, նաև թուրք հասարակության ներկայացուցիչներն են կարդում, տեղականում ճշմարտության մասին և ցանկանում գալ, տեղում իմանալ ավելին:
-Ի դեպ, թուրք գործիչը խոսել է այն մասին, որ Ադրբեջանի սպառնալիքի պատճառով չի գործում Ստեփանակերտի օդանավակայանը, ու ասել, որ իրենք չենք ցանկանում այսօրվա քաղաքական խնդիրները ժառանգություն թողնել իրենց թոռներին:
-Դե, ուրեմն թող որպես թուրք մտածի՝ ի՞նչ քայլեր պետք է անի, որ այսօրվա հարցերը չժառանգվեն իր թոռներին: Թող մտածի, որ դրա համար պետք է ճշմարտության մասին բարձրաձայնել: Թող մտածի կանգնել հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողքին, որը Թուրքիայի Միլի Մեջլիսում ճշմարտության ձայնն է հնչեցնում՝ Հայոց ցեղասապանության ճանաչում պահանջելով Թուրքիայից, թող որպես թուրք գործիչ սատարի Կարո Փայլանին և իր հերթին խոսի Արցախի մասին հարցում, աշխարհին ու Թուրքիային պատմի տեսածը: Թե չէ, 4 հոգով եկան տեսան, գնացին, հետո՞, եթե դրան չի հետևելու շարունակություն, օրինակ, քաղաքական հայտարարություն չի հնչեցվելու, ուրեմն այդ այցը ոչինչ էլ չի նշանակի:
Եվ ուրեմն, ինձ հիմա հետաքրքրում է այն, թե այս ա հետո նրանք կցանկանա՞ն մնալ ասպարեզում, այսինքն՝ կխոսե՞ն, կներկայացնե՞ն, կպատմե՞ն այս ամենը իրենց երկրում, թե՞ այս այցն ուղղակի կդառնա ինչ-որ շահերով թելադրված քայլ. եկան տեսան նկարվեցին ու բավարվեցին: Ի դեպ, խոսքս միայն Թուրքիայի այս քաղաքացիներին չի վերաբեվում, այլև բոլոր օտարերկրյա այցելուներին, որոնք եթե ուզում են, որ իրենց այցը լինի արդյունավետ, թող իրականությունը, իրենց ստացած տպավորություններն Արցախի մասին ներկայացնեն ամբողջ աշխարհին:
Հիշենք, նախկինում էլ ենք ունեցել նման բազմաթիվ այցեր, երբ եվրոպացի, ռուսաստանցի քաղաքական գործիչները եկել են Արցախը, անգամ 90-ականներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացրած ռազմական գործողությունների մասին հայտարարություն են արել, մասնակցել են Արցախի 1991-ի հանրաքվեին, բայց վերադառնալով իրենց երկրներ կորել են, լռել ու այլևս ոչ մի խոսք չեն ասել, ասպարեզում չեն երևացել, անգամ չեն ուզում հիշետակել, որ եղել են Արցախում: Ինձ համար կարևոր է, որ նման այցերը չմնան որպես այդպիսին, այլ ունենան արդյունավետ շարունակություն:Հակառակ դեպում կարող եմ կարծել, որ ինչ-որ շահեր են հետապնդվել:
-Շահեր ասելով, ի՞նչը նկատի ունեք:
-Որևէ ակնարկ չեմ անում, բայց օրինակ, տվյալ անձը իր՝ Արցախում գտնվելը, արցախյան գեղեցիկ բնապատկերների ֆոնին նկարվելը կարող է վաղը հարկ եղած դեպքում իր քաղաքական նպատակների համար օգտագործել, հայտարարել, թե ինքը այն քաղաքական գործիչներից է, որն իր աչքով տեսել է Արցախը: Այդքան բան: Կան նաև այդպիսի Եվրախորհրդարանի պատգամավորներ, որոնք դարձյալ եղել են Արցախում, բայց գնացել են ու ոչ մի խոսք չեն ասել, ոչ մի կարծիք չեն հնչեցրել: Բայց սրանց կողքին կա Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Ֆրանկ Էնգելը, որը ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ անգամ եկել է Արցախում, հայտարարություններ է արել, մասնակցել Արցախի ընտրություններին, հետո գնացել ու այդ ամենի մասին խոսել է Եվրախորհրդարանի ամբիոնից, տվել հարցազրույցներ, իր տպավորություններով կիսվել ֆեյսբուքում: Մենք տեսնում ենք, որ Ֆրանց Էնգելը իրոք մեզ համար օգտակար գործ անող քաղաքական գործիչ է, կարողանում է արցախյան խնդրի մասին իր հնարավորությունների շրջանում բարձրաձայնել ու սեփական կարծիքն ասել:
Մյուս կողմից, մենք պետք է սովորենք ամեն մեկի այցից չոգևորվել, ասել՝ տեսա՞ք ինչ կատարվեց: Կար ժամանակ, որ մենք ուրախանում էինք, երբ ինչ-որ մեկը այցելում էր Արցախ, այդ ժամանակներն անցյալում են, Արցախն այսօր հայտնի է աշխարհին: Այսօրվա տեղեկատվական հոսքերի ժամանակներում մարդը համացանցի միջոցով կարող տեսնել, ծանոթանալ ու հիանալ Արցախի չքնաղ բնությամբ, հինավուրց մշակույթով: Բայց մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք քաղաքական գործընթացի մեջ, ուրեմն, դրանից ոգևորվել է պետք, այդ այցերը ի շահ մեզ օգտագործել է պետք:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած թուրք պատվիրակների դեմ, միջազգային հետախուզում հայտարարել ու դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին: Ադրբեջանի պնդմամբ՝ նրանք ՙխախտել են երկրի պետական սահմանը՚: Փաստորեն, ադրբեջանական սև ցուցակում հայտնվեցին անգամ թուրք մտավորականներ:
-Այո, Ադրբեջանի սև ցուցակում կարող են նաև թուրքեր հայտնվել, ու հիմա կարևորն այն է, որ այս դեպքն անհրաժեշտ չափով ներկայացնենք աշխարհին: Պետք է մտածել, ի՞նչ անել, եթե հանկարծ Թուրքիայի կառավարությունն այս մարդկանց ձերբակալի և արտահանձնի Ադրբեջանին: Մենք պետք է կարողանանք աշխարհին իրականությունը ճիշտ ձևով ներկայացնել, պետք է տեսնենեք, թե ինչպե՞ս օգտագործենք այս ամենը քարոզչական ու քաղաքական դաշտերում: Տեսանք, թե ինչ եղավ Լապշինի գործով. Բելառուսը մնաց սևերես, Ադրբեջանը ևս մնաց սևերես, չկարողացավ Լապշինին մինչև վերջ օգտագործել ու ստիպված որպես նվեր հանձնեց Իսրայելին: Լապշինն էլ գնաց ու գրեց՝ Ադրբեջանը ձեռքս կրակն է ընկել: Բայց անգամ այս փաստերն ի շահ մեզ չենք կարողանում օգտագործել, անհրաժեշտ աշխատանք չի արվում: Ես մտահոգ եմ, որ այս վերջին դեպքը ևս մենք ճիշտ չենք օգտագործելու: Եթե չենք անում, ուրեմն, ոչ մեկին պետք չէ մեղադրել, որ աշխարհն այս իրողություններին մնում է անհաղորդ:
ՙՙԼեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և վաղ թե ուշ այդ տարածքներն օկուպացիայից ազատված կլինեն: Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը` Թուրքիայինը:Մենք դա հաստատում ենք բոլոր ոլորտներում՚՚. սա Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարարի հայտարությունն է, Թուրքիայի հերթական պաշտոնյան հիշեցնում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ամբողջություն է: Սա լավ փաստարկ չէ՞ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Թուրքիան երբեք չի կարող արցախյան խնդրում անկողմնակալ կողմ լինել:
-Նախ ասեմ, որ ես ամենևին չեմ զարմանում այս հայտարարությունից: Երբևէ եղե՞լ է մեկ այլ թուրք չինովնիկ, որը ուրիշ կերպ արտահայտված լինի Արցախի մասին: Նրանք բոլորը մեկմեկու խոսքերը սերտած ասում են այն, ինչ ասել են 1991-ին: Դա ինձ չի զարմացնում: Կզարմանամ, եթե որևէ թուրք նախարար ասի՝ Արցախը եղել է հայկական հող ու արցախի ժողովուրդը հանրաքվեով հաստատել է իր ինքնորոշման իրավունքը, որ Արցախն ու Ադրբեջանը լավ կլինի նստեն բանակցային սեղանի շուրջ, այդ ժամանակ ես, իրոք, շա՜տ կզարմանամ: Իսկ այն ինչ ասվել է, ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքականությունն այս տարիներին ամենևին չի փոխվել, Թուրքիան միշտ մնալու է Ադրբեջանի դաշնակիցը կամ նրանք նույն պետության երկու մասերն են: Բայց սա, իրոք, առիթ է, որ մենք համանախագահողներին վերստին ցույց տանք, որ Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին ու երբևէ չի կարող անկողմնակալ լինել արցախյան խնդրում: Ես միշտ ասել եմ, որ Թուրքիան պետք է հեռու մնա արցախյան հիմնախնդրից. ասածիս ճշմարտացիությունը ևս մեկ անգամ հաստատում է թուրքական նորելլուկ պաշտոնյան:
Ա. ՍԻՄՈՆՅՍՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն