Գլխավոր » Interview, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Խնդիր է դրված Հայաստանն այնպես թուլացնել, ջլատել, որ չկարողանա երբևէ Ռուսաստանի հետ նորից սերտ, ամուր, վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատել

Հոկտեմբեր 1, 2017թ. 19:54
Արամ Սաֆարյան-2

Արևմուտք-Ռուսաստան առճակատումը մտել է հակամարտության նոր փուլ
Հարցազրույց ՙՙԻնտեգրում և զարգացում՚՚ հետազոտության և վերլուծության հկ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ

 – ՀԱՊԿ-ն անգործունյա մարմին է, Ռուսաստանը ոչ բարեկամ երկիր, Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ կա, որովհետև Ռուսաստանից վտանգ կա: Ի՞նչ քարոզչություն է սա և ո՞րն է նման քարոզչական հոսքերի նպատակը:
– Արևմուտքն ու Ռուսաստանը առճակատման մեջ են, որն այսօր մտել է քաղաքակրթական հակամարտության նոր փուլ՝ ուղեկցվելով տնտեսական պատերազմներով, քաղաքակրթական բախումներով: Այս առճակատման արդյունքում Արևմուտքի ու Ռուսաստանի շփման ամբողջ երկայնքով մեկ գտնվող երկրները, տարածաշրջանները հայտնվել են վտանգի առաջ: Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքն ունի իր զինանոցն ու մեթոդները, Ռուսաստանն էլ որպես ավելի փոքր, պաշտպանվող կողմ ունի իրենը, և դրանք երկուստեք գործադրվում են:
Այս երկու ուժերի բախման տիրույթում հայտնվել է նաև Հարավային Կովկասը, մասնավորաբար, Հայաստանը, որովհետև մեր երկիրն այս տարածաշրջանում հայտնի է որպես Ռուսաստանի ամենասերտ բարեկամը: Հետևաբար,  խնդիր է դրված Հայաստանն այնպես թուլացնել, ջլատել, որ չկարողանա երբևէ Ռուսաստանի հետ նորից սերտ, ամուր, վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատել, էլ չեմ ասում՝ ձևավորել դաշինքներ, որոնք կարող են աշխարհաքաղաքակ համաշխարհային նշանակություն ունենալ:

Անցած ամիսներին որքան էլ ես և իմ համախոհները կոչ արեցինք Հայաստանը զերծ պահել աշխարհաքաղաքական կողմնորոշումների հիմքի վրա տեղի ունեցող բախումներից, մեր երկիրը չվերածել առճակատման դաշտի, սակայն, ցավոք, դրանց դրսևորումները մենք անընդհատ տեսնում ենք: Այն արտահայտվում է քողարկված, նենգ քարոզչությամբ, որով փորձում են Հայաստանի ժողովրդի մեջ սերմանել անվստահություն ու կասկած այն բոլոր իրողությունների հանդեպ, որոնք մինչ այսօր եղել են մեր քաղաքականության բնութագրիչները: Կասկածի տակ են դրվում մեր ռազմաքաղաքական անվտանգության գլխավոր հենասյուները, աշխուժանում են այլընտրանքային այն քարոզները, թե Հայաստանը կարող է տեղ ունենալ նաև Արևմուտքի արժեհամակարգում, որ Հայաստանին իրականում ոչ մի վտանգ չի սպառնում, եթե իրեն խելոք պահի ու հանգիստ տեղավորվի արևմտյան արժեքների աշխարհում: Սրանով Հայաստանի ժողովրդին համոզում են, որ իրականում վտանգ չկա Թուրքիայից, Ադրբեջանից, համոզում են, որ իրականում հայ-ռուսական դաշինքը ոչ մի բանի դեմ չի ուղղված, որ Ռուսաստանը Հայաստանին չի պաշտպանում, ՀԱՊԿ-ն էլ անգործունյա մարմին է: Բայց ո՞վ չի հասկանում, որ սրանք մեծ կեղծիքներ են: Իմ խորին համոզմամբ, եթե այսօր Թուրքիան մեր դեմ ուժ չի գործադրում, պատճառն այն չէ, որ հայերին շնորհ է արել հանգիստ ապրել այս տարածքում, պատճառը վախն է Ռուսաստանից:

97 տարի Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմ չի եղել, 97 տարի մենք թուրքի կրնկի տակ չենք ճռռացել ու մոռացել ենք այդ կողմից եկող վտանգի մասին: Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի երիտասարդությունն այդ կողմից վտանգ չի տեսնում, դա շատ զարմանալի է: Իսկ վտանգ չտեսնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գիտակցում ես, որ ՌԴ-ն քո դաշնակիցն է ու դու այդ երկրի միջուկային անձրևանոցի տակ, քո փոքրիկ տեղում պաշտպանված, հանգիստ ապրում ես, ինչն էլ քեզ հնարավորություն է տալիս հոխորտալու Թուրքիայի ու Ադրբեջանի նման ուժի դեմ:
-Իսկ ի՞նչն է զսպում Թուրքիային:
-Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը կնքվել է 1997-ին, համաձայն այդ փաստաթղթի մենք մեծ պաշտպանական գոտու հարավային թևն ենք ու որպես անվտանգության մեծ գոտու մի մաս պաշտպանված ենք Հյուսիսային Կովկասում տեղակայված հակաօդային պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների կողմից: Դրանք են, որ թույլ չեն տա Հայաստանի տարածքում գեթ մեկ ռումբ պայթի:
-ՀԱՊԿ պայմանագրում կա՞ կետ համաձայն որի, եթե Հայաստանի Հանրապետության վրա երրորդ երկրի կողմից ոտնձգության փորձ արվի, ապա նրա դեմ կարող է կիրառվել ատոմային ռումբ:
-Իհարկե, կա, և ոչ միայն ատոմային ռումբ, կօգտագործվի ամբողջ ռազմական հզորությունը.ատոմային ռումբից հզոր զենքեր էլ գոյություն ունեն ժամանակակից աշխարհում: Կասկած չունենաք, որ դրանք կկիրառի Ռուսաստանը: Բայց Հայաստանը, նրա հասարակությունը պետք է լինի հավատարիմ, ազնիվ դաշնակից, համախոհ երկիր, այդ դեպքում համոզված եղեք, մենք ոչնչից վախենալու խնդիր չենք ունենա: Նույնիսկ այն պարագայում, երբ տարածաշրջանում կա մեծ լարվածություն՝ կապված Իրաքում, Սիրիայում, Քրդստանում, Թուրքիայում ծավալվող գործընթացներ հետ, մենք կարող ենք հանգիստ ապրել, որովհետև պաշտպանված ենք: Բայց եթե մեր քաղաքականությունն այլ վայրիվերումների ենթարկվի, որի արդյունքում մենք ինքներս ենք մեր գլխի ճարը տեսնելու, կդառնանք աշխարհի ամենաանապահով, ամենախեղճ երկրներից մեկը: Չեմ ուզում վախեցնել, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը Միջին Արևելքի տարածաշրջանում ամենափոքր երկրին է թե՛ իր տարածքով, թե՛ իր բնակչությամբ:

-Օրերս ուսանողների հետ հանդիպած ԵՄ դեսպան Սվիտալսկուն հարց ուղղվեց՝ Հայաստանում կա՞ ԵՄ-Ռուսաստան մրցակցություն, պատասխանն այսպիսին էր. ՙՙՉեմ նախանձում, որ հայերը շատ ընկերներ, բարեկամներ ունենան: Մենք չենք մրցակցում և չենք պարտադրում մեր ներկայությունը՚՚: Արդյոք, անկե՞ղծ է եվրոպացի պաշտոնյան, եթե չկա մրցակցություն, այդ դեպքում Արևմուտքից ֆինանսավորվող 60 կազմակերպություններն ինչո՞ւ են Հայաստանում զբաղված հակառուսական քարոզով:
-Իրականում Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունների թիվը 60 չէ, այդքանը միավորված են Սորոսի հիմնադրամի շուրջ, իսկ նրանց իրական թիվն անցնում է 350-ը: Սրանք բոլորն աչքի են ընկնում հակառուսական ու հակաեվրազիական քարոզով: Դեսպան Սվիտալսկու խոսքի առնչությամբ կասեմ միայն հետևյալը. Հայաստանում այս պահին ընթանում է աշխարհաքաղաքական պատերազմ՝ արևմտամետների ու ավանդաբար Ռուսաստանի կողմնակիցների միջև: Ես դժվարանում եմ ասել, թե ո՞ր կողմն է այսօր հաղթանակում, բայց տեսնում եմ, որ Արևմուտքի կողմնակիցներն անընդհատ կարողանում են իրենց շուրջը հավաքագրել նոր մարդկանց և նոր ուժեր: Սա նշանակում է գումարներ են ծախսվում, ջանքեր են գործադրվում: Եթե այսպես շարունակվի, եթե իշխանությունը չաշխատի երիտասարդության հետ, նրան չընդգրկի հայրենասիրական, հայրենանվեր քարոզի մեջ, որի նպատակն է զերծ պահել Հայաստանը բախտախնդրությունից ու փորձություններից, այն քարոզի մեջ, որը պետք է Հայաստանը տոկուն պահի Արցախի համար մղվող պայքարում, ապա տաս տարի անց կունենանք մի հասարակություն, որը կլինի եվրոպական տիպի՝ անդեմ, սպառողական, որի նպատակը փող ծախսելն ու հաճույքներ ստանալն է: Իսկ այդպիսի հասարակությունը չի կարող մտածել լուրջ քաղաքական խնդիրներ առաջ քաշելու և դրանք լուծելու մասին:

Մեր երկիրը հայտնվել է այս ու այն կողմ քաշողների մեջտեղում, ու կարող է պատառոտվել: Բարեբախտաբար, մինչ օրս մեր հասարակության մեջ գերակշռել է այն միտումը, որ պետք է փորձենք այդ վեկտորները համադրել, ոչ թե հակադրել իրար: Սրա արդյունքում է, որ վարել ենք կոմպլեմենտար քաղաքականություն, այսինքն, ով եկել է, մենք ասել ենք՝ դու ես, որ կաս, դու ճիշտ ես, մենք քեզ հետ ենք, ու եկող-գնացողներն էլ ասել են՝ հայերի կողմից վտանգ չկա: Բայց հիմա պարզվում է, որ հայերից այլ ակնկալիքներ ունեն՝ քանդել հայ-ռուսական դաշինքը ու խաղալ Ռուսաստանի դեմ: Մյուս կողմից էլ ակնկալում են, որ Հայաստանը վարի կողմնակալ քաղաքականություն՝ վտանգելով իր գոյությունը: Ճակատագրական իրավիճակ է:

Ես միշտ ասել եմ, Աստված ոչ արասցե, որ Հայաստանում բախվեն արևմտյան ու ռուսական վեկտորների կողմնակիցները: Մինչ այսօր այդ բախումը տեղի չի ունեցել շնորհիվ մեր խոհեմության, պատմական փորձի իմացության: Իսկ եթե այդ վեկտորները սկսեն բախվել, ապա Հայաստանը կդառնա առճակատման թաթերաբեմ ու մենք կդադարենք անկախ լինել:

Եվ ուրեմն, գուցե հարկավոր է մեկ անգամ և՞ս թարմացնել տարիներ առաջ տեղի ունեցած քննակումները՝ մեկ սեղանի շուրջ հավաքելով արևմտամետ, ռուսամետ, Արևելքի կողմնակից քաղաքական ու հասարակական ուժերին: Գուցե հարկավոր է մեկ անգամ ևս հստակեցնել համաձայնությունները, որոնք 25 տարում խաղաղ են պահել մեր երկրը:  Իշխանությունը պետք է նոր ջանքեր գործադրի, որ արևմտամետներն ու ռուսամետներն իրար չուտեն, փոխադարձաբար չոչնչացնեն ու դրանով չոչնչացնեն Հայաստանը: Գուցե պետք է լսել ասելիք ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց կառուցողական դերակատարմամբ անկախ ու ինքնիշխան պահել Հայաստանը:

Սրանք նոր հրամայականներ են, որոնք իշխանությունը չի տեսել, որովհետև զբաղված է եղել այլ հարցերով:
– Երբ ստեղծվում էր ԵԱՏՄ-ն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարարեց՝ ամեն ինչ անելու ենք, որ այդ կառույցը չկայանա: Թերևս այս կոչի տրամաբանության մե՞ջ պետք է դիտարկել ՙՙԵլք՚՚-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, ինչպես նաև, այդ կառույցին ուղղված տարբեր քննադատությունները, թե ԵԱՏՄ-ն անապագա տնտեսական միավոր է, Հայաստանի տնտեսական, քաղաքական անվտանգության համար սպառնալիք է և այլն:
-Ես չեմ մեկնաբանի ՙՙԵլք՚՚-ի առաջարկը, որևէ մեկին որևէ բան համոզելու խնդիր չունեմ, ես արդեն հինգ տարի քաղաքական դաշտում չեմ ու չեմ մասնակցում այդտեղ ծավալվող գլադիատորական մարտերին, ես հետազոտող եմ, իմ կողքին ունեմ համախոհ գիտնականների մի ստվար բանակը, որոնց հետ աշխատում եմ, ու գրում եմ միայն այն, ինչին հավատում եմ, ասում եմ միայն այն, ինչի համար պատասխանատու եմ: Ով ինչպե՞ս ուզում է թող ընկալի: Եթե ինձ այս թեմայով երբևէ հրավիրեն բանավեճի՝ երբեք չեմ գնալու, որովհետև ասել եմ՝ քաղաքական գործիչների հետ պետք է բանավիճեն քաղաքական գործիչները, իսկ ես քաղաքական գործիչ չեմ:

Իշխանական դաշտում գտնվող քաղաքական գործիչները պետք է կարողանան անհրաժեշտ հակափաստարկներ բերել: Իսկ եթե նման գործիչներ չկան իշխանության մեջ, դա կնշանակի, որ դաշտը շատ աղքատ է ու մենք կտրվել ենք ռեալ իրականությունից:
Կա խորհրդարանական մեծամասնություն թող նրա անդամները պատշաճ ձևով՝ քաղաքականապես գրագետ հակազդեցությամբ պաշտպանեն պետական քաղաքականությունը, պաշտպանեն երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը և ոչ թե այն դարձնեն քննարկման առարկա, ինչն անկեղծ ասած, ինձ զարմացնում է: Իսկ եթե մենք ԱԺ-ում չունենք պետական քաղաքականության պաշտպաններ, ուրեմն, վայ մեզ:

Դեռ օգոստոսին ես և Եվրասիական ակումբի գործընկերներս կանխատեսելով այս իրավիճակը, որ երկիրը կարող են ներքաշել անպտուց բանավեճի մեջ ու կփորձեն կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, արեցինք բազմաթիվ ուսումնասիրություններ, համացանցը լցրեցինք որակյալ քաղաքագիտական, տնտեսագիտական նյութերով, կլոր սեղաններ կազմակերպեցինք, մեր նպատակն էր՝ նյութ տալ խորհրդարանական մեծամասնությանը՝ պաշտպանելու պետական քաղաքականությունը: Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում կարդալ, կնշանակի նրանք կրողը չեն այն արժեքների, որոնց պաշտպանությանն են կոչված:

Իսկ ՙՙԵլք՚՚-ը խորհրդարան է եկել կոնկրետ ասելիքով, գաղափարով, տասնյակ հազարավոր մարդիկ կիսում են նրանց հայացքները, բայց դրանք չեն համապատասխանում ԱԺ մեծամասնության հայացքներին: Եվ ես պահանջում եմ, որ Աժ մեծամասնությունը հստակ ձևավորված դիրքորոշում ունենա այս հարցում: Միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, որ հստակ արտահայտվել է ու իմ սրտից բխած մեկնաբանություն հնչեցրել: Իսկ մյուսները թող երկու, երեք գիշեր չքնեն ու կարդան կատարված ուսումնասիրությունները:
-ԵԱՏՄ-ն չի ապահովել մեր անվտանգությունը, որովհետև ԵԱՏՄ-ին անդմակցելուց հետո Արցախը տարածքների կորուստ ունեցավ, անգամ կասկած է հայտնվում, թե Ադրբեջանը ապրիլյան պատերազմը համաձայնեցրել է ԵԱՏՄ գործընկեր պետությունների, մասնավորաբար, նրա հետ տնտեսական, ռազամաքաղաքական, հարաբերությունների մեջ գտնվող Բելառուսի ու Ղազախստանի հետ: Ի՞նչ կասեք ՙՙԵլք՚՚-ի այս փաստարկների առնչությամբ:

-Ձեր տված հարցին ես հետևյալ կերպ կպատասախանեմ: Հայաստանը պետք է ի վիճակի լինի վարելու ինքնուրույն, խոհեմ պաշտպանական արտաքին քաղաքականություն: Իսկ որպեսզի ՀՀ իշխանությունն ունենա գործելու ազատություն պետք է ներսում ունենա հասարակության աջակցությունը, երկրի ներսում պետք է տիրի քաղաքական համերաշխության մթնոլորտ: Եթե իշխանության կողմից վարվող քաղաքականությունը չունի հասարակական աջակցություն, ուրեմն, մեր գլխին ջարդելու են աշխարհի ամենաստոր կեղծիքները: Մինչդեռ, եթե մեր հասարակությունը միակամորեն պաշտպանում է երկրի արտաքին քաղաքականությունը մեր դեմ ոչ ոք, ներառյալ աշխարհի գերհզորները, ի վիճակի չեն որևէ սադրանք իրականացնել:
Արտաքին քաղաքականությանը զուգընթաց իշխանությունն անընդհատ պետք է մտածի ներքաղաքական համերաշխության, կառուցողական կոնսենսուսի մասին, իսկ որտեղ այն խաթարվում է, որտեղ լռելյայն, թե բացահայտ բոյկոտով հասարակությունը հեռանում է իշխանությունից, այնտեղ վերջինս հայտնվում է ծանրագույն վիճակում:
Որպեսզի դա չլինի ու մենք ստիպված չլինենք այս կամ այն բամբասանքին պատասխան տալ, իսկ այն ինչ դուք ասացիք բամբասանք է, մենք պետք է անընդհատ մտածենք մեր երկիրը ուժեղացնելու մասին: Երկիրը կարող է ուժեղանալ միայն փոխադարձ շահերի ճանաչման , հարգանքի ու համաձայնության արդյունքում: Կլինի սա՝ կունենանք հաջողություն, չի լինի՝ ոչինչ չենք ունենա ու անընդհատ մեղավորներ կփնտրենք:
-Հայաստանի իշխանությունը հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման սրումը դեռ տարիներ առաջ որդեգրեց ՙՙև…և՚՚-ի քաղաքական ուղին: Բայց այսօր ակնհայտ է, որ մեզ անընդհատ ՙՙկամ… կամ՚՚-ն են պարտադրում:
-Այո, իրականում մենք ուզում ենք ՙև…և՚, բայց մեզ դրդում են դեպի ՙկամ… կամ՚-ի դաշտ, որպեսզի Հայաստանում բախում լինի: Հիմա աշխարհում ՝ բոլոր ուղղություններով, տեղի է ունենում քաղաքակրթական բախումներ, որի միտումը ապակայունացումն է: Իմ համոզմամբ հայերը միշտ եղել են այնքան խելամիտ, այնքան բանական, որ մի կողմից ստացել են գրանտներ, մյուս կողմից չեն ապակայունացրել իրավիճակը ու Հայաստանը չեն տարել Ուկրաինայի կամ Վրաստանի ճանապարհով, քանի որ, անկախ կողմնորոշումների, կանգնած են եղել Հայաստանի ինքնիշխանության դիրքերում, այն տրամաբանությամբ, որ մենք չենք կարող կեղտոտել մեր հայրենիքը: Եվ ես միշտ իմ հույսը դրել եմ հայկական այս բանակության վրա: Մինչդեռ հիմա տեսնում եմ, որ փորձում են մեզ մղել սադրանքի, ամեն ինչ անում են, որ Հայաստանը կրակի մեջ խորովվող երկիր դառնալ, ու ես չեմ կարող չբարձրաձայնել այդ վտանգի մասին: Կարծում եմ, որ այս ցավը միայն ինձ չի համակել, այսպես մտածողներ շատ կան երկրում:
Այս ամենով հանդերջ, ես լավատես եմ, կարծում եմ, որ խոհեմությունը, ողջամտությունը, համերաշխ ու միասնական լինելու հայկական հազարամյա հատկանիշները մեզ կրկին չեն լքի: Մենք այսօր էլ ի վիճակի ենք միմյանց հետ պայմանավորվել, լեզու գտնել, ոչ թե թուլացնել, այլ ուժեղացնել մեր երկիրը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն