Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքվում փորձել են ՙՙԵլք՚՚ դաշինքի պատգամավորից կորզել  հակառուսական տրամադրություններ

Սեպտեմբեր 26, 2017թ. 08:41
Մանե Թանդիլյան

Հարցազրույց ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ
-Անկախ նրանից, թե այս կամ այն միջազգային համաժողովում ի՞նչ թեմաներ են քննարկվում, Ադրբեջանը բոլոր ամբիոններն օգտագործում է հակահայկական քարոզչություն տարծելու, արցախյան խնդրի շուրջ սեփական տեսակետները եվրոպայկան լսարանին պարտադրելու համար: Ու փաստորեն, նույն ՙճակատագրին՚ արժանացավ նաև կանանց խնդիրներին նվիրված Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովը:
-Այո, չկա միջազգային այնպիսի հարթակ, որը չվերածվի հակահայկական քարոզչության, եթե այնտեղ ներկա է ադրբեջանական պատվիրակություն, առավել ևս, եթե այդ միջոցառումը տեղի է ունենում հենց Ադրբեջանում: Մենք Բաքու գնացինք նման իրավիճակին պատրաստ լինելով: Հասկանում էինք, որ հիշյալ հարթակը ևս վերածելու են հայկահայկական քարոզչության վայրի: Սակայն նրանց հնչեցրած տարբեր դիտարկումները մեր կողմից համարժեք հակազդեցության արժանացան:

Իմ ելույթով ես նաև կոչ արեցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին համապատասխան քայլեր ձեռնարկել նման միջոցառումները հակահայակական քարոզչության հարթակի չվերածելու համար, հակառակ դեպքում՝ անիմաստ ու աննպատակ կդառնա դրանց կազմակերպումը, իսկ արդյունավետության մասին այլևս խոսք լինել չի կարող:

Մենք պետք է լավ իմանանք, որ յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր առիթ Ադրբեջանը օգտագործում է մեր դեմ: Այդ երկիրը ամենուր է պատերազմում մեր դեմ, դրա համար օգտագործում է միջազգային հարթակները, պայքարում դիվանագիտական հարթության մեջ, ռազմական դաշտում: Սակայն շատ կարևոր է, որ նրանց ելույթներն անհետևանք չեն մնում, այսինքն, մենք հակադարձում ենք: Եթե մենք այդ հարթակները բաց թողնենք, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա, քանի որ օրակարգ կմտնեն և կընդունվեն Հայաստանի համար ոչ ձեռնտու բանաձևեր:
Այս համաժողովում ևս ադրբեջանցիների բոլոր ելույթներն ուղղված էին Եվրախորհրդարանի պատգամավորներին, եթե մեր կողմից չլիներ համարժեք հակազդեցություն, կստացվեր միակողմանի պատկեր: Չետք է թերագնահատել միակողմանի ելույթների ազդեցությունը, եթե նրանց խոսքը տարիներով չստանար համարժեք հակազդեցություն, համոզված եմ, ադրբեջանցիները շատ վաղուց իրենց ուզածին հասած կլինեին ու մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր, քան ունենք այսօր: Դրա համար մեր ներկայությունն ու համապատասխան արձագանքն անհրաժեշտություն է: Իմանալով, թե ադրբեջանցիների ներկայությամբ ի՞նչ հակահայկական ուղղվածություն կարող է ստանալ այս կամ այն միջոցառումը, մենք ամեն տեղ պետք է ներկայանանք հավուր պատշաճի պատրաստված:
-Երկու պատգամավորով կարողացա՞ք ձեր խոսքն անհրաժեշտ չափով տեղ հասցնել, այն դեպքում, երբ նման միջոցառումների ժամանակ ադրբեջանցիները, նախ, թվաքանակով են գերակշռում հայ պատվիրակներին, ու հետո բոլորի ելույթներում թիրախը մեկն է՝ հակահայկական քարոզչություն, արցախյան խնդիրն իրենց ցանկալի տարբերակով ներկայացում, մինչդեռ մեր փոքրաթիվ պատվիրակներին կա՛մ երբեմն ձայն չի հասնում, կա՛մ ժամանակի սղության պատճառով ողջ ասելիքը հնարավոր չի լինում հնչեցնել:

-Նման իրավիճակ հիմնականում լինում է, երբ միջազգային այս կամ այն միջոցառումը տեղի է ունենում, մասնավորաբար, Ադրբեջանում: Սրանից պետք է հետևության հանգենք, կարողանանք նմանատիպ միջոցառումները նաև Հայաստանում կազմակերպել: Իսկ եթե դրանք դրսում են կազմակերպվում, ապա գոնե մեր պատվիրակությունները պետք է բազմանդամ ներկայանա: Իհարկե, հասկանում եմ, որ դրանք լուրջ միջոցներ են պահանջում, բայց միաժամանակ պետք է հասկանալ չարված քայլերի գինը: Մյուս կողմից էլ, չնայած հայկական պատվիրակությունը քիչ է իր թվաքանակով, սակայն որակական առումով մենք մի քանի անգամ բարձր ենք, մեկ ծանրակշիռ, տեղին հնչեցրած գնահատականներն ու պատասխաններն ավելի ազդեցիկ են, քան թվաքանակով մեզ գերազանցող ադրբեջանական պատվիարների ելույթները:
Այս համաժողովում ևս մեզ երկուսիս՝ Արմեն Աշոտյանին ու ինձ, ադրբեջանական ելույթներին արձագանքելու հնարավորություն չտրվեց: Բայց դա մենք արեցինք մեր ելույթների ժամանակ: Իմ ելույթի ժամանակ անդրադարձա խնդրին ու ասացի, եթե ուզում ենք, որ հրավիրվող համաժողովներն արդյունավետ լինեն, ուրեմն դրանք պետք է լինենթիրախային, այլապես անիմաստ կլինի դրանց կազմակերպումը: Եվրոպացի մեր գործընկերները ևս գիտեն, որ նման միջոցառումները ադրբեջանցիների թեթև ձեռքով վերածվում են հակահայկական քրոզչության: Նրանք ակնհայտորեն տեսնում են հայկական պատվիրակության առավելությունը, տեսնում են մեր բարեկրթությունը, խոսքի լրջությունը: Դա շատ կարևոր է:
Բայց համաձայնեք, որ ադրբեջանցիների ագրեսիվ պահվածքի հանդեպ եվրոպացիներն այլևս հանդուրժող են դարձել, ադրբեջանցիներն էլ սովորել են, որ իրենց ամեն մի տխմարությունը եվրոպացիները պիտի բարեկրթորեն լսեն: ՙՙԵս շատ ուրախ կլինեի,եթե որևէ մեկը մի շիշ օղին ջարդեր հայերի գլխին…Սրտիս դարման կլիներ…՚՚,- սա ոչ թե ադրբեջանցի ցուցարարի փողոցային, ցինիկ խոսք է, այլ Միլլի Մեջլիսի պատգամավորի: Ինչպե՞ս են եվրոպացիները սրան արձագանքում, դարձյա՞լ բարեկրթորեն լռում են:
-Եվրոպացիները լսում են ադրբեջանցիներին, բայց շատ լավ հասկանում են նրանց ու հայերիս մեջ առկա հսկայական տարբերությունը, նաև քաղաքակրթական տարբերությունը: Եվրոպացիները տեսնում են, որ հայերը երբեք առաջինը չեն ստեղծում լարվածություն, որ հայերը բարեկիրթ են,  նրանք համոզված են, որ եթե տվյալ միջոցառումն անցներ Երևանում, ապա հայերն ամենևին նման կերպ չէին վարվի:

Իսկ այդ խոսքերն ադրբեջանցի պատգամավորն ասել է համաժողովից դուրս, մի հարցազրույցում: Եթե որևէ լրագրող մոտենար ու եվրոպացի որևէ պատգամավորի հարցներ՝ ի՞նչ կարծիք ունեք ադրբեջանցի պատգամավորի խոսքերի առնչությամբ, համոզված եմ, կքննադատեին ադրնեջանցու կեցվածքը: Սակայն այդ միջավայրում նրանք այլ անելիք չունեին: Մեր առանձնազրույցներում եվրոպացի պատգամավորներն ասում էին՝ հասկանում ենք, որ դրանք Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներ են, որ նկատում են, որ հայերն ու ադրբեջանցիները խիստ տարբերվող ժողովուրդներ են, որ հայերս բարձր մշակույթի տեր ժողովուրդ ենք, և երբեք նույն նժարի վրա չեն դնում որպես կովկասյան վայրենի ժողովուրդներ:
Ադրբեջանցի լրագրողները տեղյակ լինելով, որ ՙՙԵլք՚՚-ը հանդես է գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով, փորձել են հարցազրույցի միջոցով ձեզանից կորզել հակառուսական տրամադրություններ արտահայտող միտք, խոսք կամ հայտարարություն: Դա նրանց հաջողվե՞ց:
– Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք այդ մասին խոսելու: Նրանք իմանալով, որ ես ՙԵլք՚ խմբակցությունից եմ ցանկություն հայտնեցին ինձ հետ հարցազրույց վարել, համաձայնեցի: Երբ հարց ուղեցին ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի մասին, ես հիշեցրի, որ մենք Բաքվում ենք այլ խնդիրների շուրջ խոսելու համար: Սակայն նաև տեղեկացրի, որ մեր առաջարկի մասին պաշտոնական տեղեկություն կարող են ստանալ և՜ հայկական լրատվամիջոցներից, որոնց իրենք, բնականաբար, հետևում են, և՜ մեր կայքից ու ֆեյսբուքյան էջից: Ես ասացի, թե ո՞րն Հայաստանի զարգացման ՙԵլք՚-ի տեսլականը ու, երբ լրագրողն իր խոսքը տարավ դեպի հակառուսական դաշտ, փորձեց այլ երանգ տալ մեր առաջարկությանը, ես հստակ շեշտեցի, որ այստեղ հակառուսական միտումներ փնտրելն անիմաստ է:

Ասացի՝ Հայաստանն ու Ռուսաստանը ստրատեգիական ռազմավարական գործընկեր պետություններ են, դա գիտի յուրաքանչյուր ոք Հայաստանում, նաև ՙԵլք՚ դաշինքն է բարձր գնահատում հայ-ռուսական համագործակցությունը: Վերստին հավելելով, որ մեր նախաձեռնությունը հակառուսական որևէ ենթատեքստ չունի:
-Ադրբեջանական մամուլի գործելաոճն է՝ խեղաթյուրել ասված խոսքն ու այն ներկայացնել իրենց համար ցանկալի լույսի ներքո: Հասցրել ե՞ք հետևել նրանց հրապարակումներին, ի՞նչ ՙՙխմբագրումների՚՚ են ենթարկվել ձեր մտքերը:
-Թե ինչպե՞ս են մեկնաբանել մեր ասուլիսը ՝ տեղեկություն չունեմ, չեմ հետևել, սակայն դեռ Բաքվում եղած ժամանակ նկատեցի, որ խեղաթյուրել էին իմ ելույթի բովանադակությունը, և այլ կերպ ներկայացրել, իբրև թե, ես խոսում եմ այն մասին, որ Հայաստանում մարմնավաճառության դեմ պայքարի կարիք կա: Վերնագրել էին, թե հայ պատգամավորը խոսում է Հայաստանում մարմնավաճառության դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Մինչդեռ իմ զեկույցում նման բան չկա, նման թեմայի առհասարակ չեմ անդրադարձել, իմ զեկույցը կհրապարակեմ և դուք դրանում կհամոզվեք: Ադրբեջանցի լրագրողները կամ դա արել են միտումնավոր, կամ տգիտության հետևանք է: Ես գիտեմ, որ մերոնք շատ լավ գիտեն, թե ես ի՞նչ եմ ասել, ու ադրբեջանցի լրագրողի մեկնաբանությունն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ես նրանցից այլ բան չէի էլ ակնկալում:
Բաքվում փորձել եք գնալ հայկական հետքերով, եղել եք հայկական եկեղեցու տարածքում, ի՞նչ վիճակում գտաք մեր քրիստոնեական հոգևոր կառույցը:
-Մեզ հետաքրքում է, թե ի՞նչ վիճակում է գտնվում Բաքվի հայկական եկեղեցին: Մեզ ասում էին, թե այն վերածվել է գրադարանի, մոտեցանք տարածքին, ասացին՝ գրադարանը չի գործում, բայց չկարողացանք համոզվել՝ եկեղեցին գրադարան է դարձե՞լ, թե մեկ այլ բանի են վերածել, որովհետև մուտք գործել տարածք, առավել ևս շենք մտնել մեզ չհաջողվեց: Խաչը հանված էր գմբեթից: Ընդամենը մի քանի րոպե ենք կարողացել շրջել անվտանգության աշխատակիցների զգոն ուշադրության ներքո ու հեռացել: Այդ տարածքում հակահայկական տրամադրությունների լարվություն կար, մտածում էին, ո՞վ պետք է նկարի եկեղեցին, եթե ոչ հայերը:
Փաստորեն, ձեզ անվերջ ուղեկցել են անվտանգության աշխատակիցները, եթե նրանց ներկայությունը չլիներ, հնարավոր է՞ր, որ ադրբեջանցի ցուցարարները փորձեին վնասել ձեզ:
-Չեմ բացառում, իհարկե, հնարավոր է: Այն հայատյացությունը, որ սերմանվում է ադրբեջանցի ժողովրդի մեջ, կարող է նաև նման դրսևորումներ ունենալ: Տեղյակ եմ, որ եղել է նաև ցույց, իհարկե, մենք այդ միջադեպին չենք հանդեպել, այդ մասին տեղեկացել ենք մամուլից, և իրենք իբր թե ցրել են ցույցը: Ադրբեջանում ոչինչ պատահական չի լինում, այնտեղ որևէ բան ալիևյան վերահսկողությունից դուրս չի կարող կատարվել: Այդ ցույցերը ևս նրա սցենարով էին: Տեղեկացանք, որ նախատեսված է եղել դրանք անցկացնել օդանավակայանում, բայց քանի որ մենք եվրոպացի պատվիրակների հետ էինք, ցույցը ցրել էին, որ եվրոպացիներն այդ երևույթին ականատես չլինեին, ու հետո տեղափոխել Միլի Մեջլիսի տարածք:
Ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում, որ մեր պատվիրակները որևէ միջոցառման մասնակցելու համար մեկնեն Բաքու, մեր հասարակության մեջ կրկին հարց է հնչում՝ արժե՞ գնալ մի երկիր, ուր կա հայատյացությամբ և քսենոֆոբիայով տառապող հասարակություն, մեր ներկայությամբ, մեր ելույթներով կարող ե՞նք մտածողություն փոխել:
-Մենք չէինք գնացել նրանց մտածողությունը փոխելու, գնացել էինք Հայաստանը պատվով ներակայացնելու համար: Կարծում եմ, չկա մի հարթակ, ուր մենք չպետք է գնանք, հակառակը պետք է շատ լավ պատրաստված գնանք: Մեր ներկայությունը, բնականաբար, զսպող հանգամանք էր իրենց համար՝ շատ չտարածվելու: Բաքու կատարածս այցից հետո առավել համոզվեցի՝ պետք է գնալ ու մեր օրակարգը թելադրել: Դա այն էր, ինչ եղավ Եվրանեստ-ի այս համաժողովում. ադրբեջանցիները հույս ունեին, որ հայերը չեն գնա ու իրենք մեծ հնարավորություն կունենան հակահայկական քարոզչություն տարածել միջազգային այս համաժողովում: Բայց իրենց պլանները խափանվեցին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն