Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մարդիկ ինձ հարցնում են ի՞նչ ես ուզում անել Հայաստանում, պատասխանում եմ՝ բարեփոխումներ. Պյոտոր Սվիտալսկի

Սեպտեմբեր 24, 2017թ. 19:48
Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին երեկ հրավիրվել էր մասնակցելու <Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017> երիտասարդական խորհրդաժողովին, որի անմիջական կազմակերպիչն ու ֆինանսական հովանավորը հենց ԵՄ հայաստանյան գրասենյակն էր ու անձամբ դեսպան Սվիտալսին:

Խորհրդաժողովին մասնակցում էին բուհերի ուսանողներ, նաև երիտասարդներ այլ մարզերից: Թե ո՞րն էր այս հանդիպման նպատակը Սվիտալսկին պարզ ասաց՝ հայ երիտասարդներին իրազեկել, թե ի՞նչ բնույթ ունի Եվրամիությունը, ինչպե՞ս է գործում, ի՞նչ ազդեցություն ունի անդամ և հարևան պետությունների քաղաքականությունների վրա, նաև ներկայացնել Հայաստան- ԵՄ գործընկերային հարաբերությունները, քանի որ կարծում է՝ Հայաստանում կա ԵՄ հարցում ընկալումների <մեծ բաց>:

Հետաքրքիր էր դեսպանի մի քանի անգամ արած շեշտադրումը, թե շատ բան ունի ասելու հայ երիտասարդներին, սակայն չի կարող ասել տեսախցիկների ու լրատվամիջոցների ներկայությամբ, իսկ թե ի՞նչ էր պարոն դեսպանը թաքցնում մամուլից ու ի՞նչ կցանկանար զլմ-ների աչքից հեռու հասցնել հայ երիտասարդների ականջին՝ մնաց անհայտ:
  ԵՄ-ն կանգնած է մարտահրավերների առաջ
Ի՞նչ է տեղի ունենում այսօր եվրոպական այդ կառույցում՝ ԵՄ-ում: Դեսպանն անկեղծորեն հայտարարեց՝ ԵՄ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, որոնցից մի քանիսը բավականին լուրջ են: Վերջին տարիները ԵՄ համար եղել են ճգնաժամային, դրանք 2008-ի տնտեսական ճգնաժամի հետևանքներն էին, ինչն արտահայտվեց Հունաստանում, հետո ի հայտ եկավ Բրեքզիթի խնդիրը, ապա միգրացիոն ճգնաժամը: <Սրանք լուրջ հարված էին ԵՄ միասնականությանն ու արդյունավետ քաղաքականության մշակմանը: Բայց ես հավատում եմ, որ այդ օրերն ավարտվել են, նորից վերադարձել է եվրոպական ոգին ու հույսը, և նորից կենսունակ է եվրոպական ծրագիրը>: Շեշտեց, թե Հայաստանի համար ուժեղ ԵՄ-ն է օգտակար՝ իր տնտեսական, սոցիալական քաղաքականությամբ:
Ո՞րն է ԵՄ նպատակը
Ի՞նչ է ուզում այսօր Եվրամիությունը, մասնավորաբար, իր հարևան պետություններից, ո՞րն է նրա նպատակը: Դեսպանի տեղեկացմամբ Եվրոպայում այսօր սկսվել են լուրջ քննարկումներ, իսկ Բրյուսելում շատ քաղաքական գործիչներ արդեն գիտակցել են, թե Եվրամիության համար որքան կարևոր է պետությունների հարևանությունը, ու որոշել վերանայել այս հարցում իրենց նախկին քաղաքականությունը՝ մշակելով նոր ռազմավարություն: Ի դեպ, այս համոզմանը նրանք հանգել են ուկրաինական ճգնաժամից հետո:

Եվ ուրեմն, որո՞նք են <վերափոխված> ԵՄ-ի ներկայիս նպատակները. <ԵՄ-ն ցանկանում է իր սահմանների շուրջ կառուցել բարգավաճող գոտի, ցանկանում է, որ իր հարակից երկրները լավ զարգանան, լինեն կայուն: ԵՄ այդ քաղաքականությունը վերաբերում է նաև Հայաստանին>: Սվիտալսկին վստահեցրեց, որ ինքն այս մասին շատ անկեղծ է խոսում և որ ԵՄ-ն չունի ոչ մի թաքնված օրակարգ:
Չնայած Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ հետ, այնուհանդերձ, ըստ դեսպանի, մեր երկիրը իրենք դիտում են Եվրոպայի, ԵՄ հարևանության տարածքի անքակտելի մաս է և պատրաստվում այստեղ ՙշատ ակտիվ արտաքին քաղաքականություն վարել>:
ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն պետք չէ դնել նույն զամբյուղում
Որքանո՞վ է կարևոր ԵՄ-ն Հայաստանի համար: Այս հարցին սպառիչ պատասխան տալու համար, Սվիատալսկին եկավ փոքր-ինչ հեռվից, նախ սկսեց թվարկել ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված փաստաթղթերը, մասնավորաբար, <Կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը>, ուր նկատել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայացված են որպես բազմակողմ հարաբերություններ, մինչդեռ ինքը հակառակ կարծիքի է. <ԵՄ-ՀՀ հարաբերությունները բազմակողմ չեն, դրանք երկկողմ են>: Չնայած դեսպանի դեմքից չհեռացող եվրոպական ժպիտին, այնուհանդերձ՝ նեղված էր, չթաքցրեց, դժգոհեց.<ԵՄ-ն դնել նույն զամբյուղի մեջ ինչ զամբյուղի մեջ է ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլոք, ինձ համար բավականին խնդրահարույց է: ԵՄ-ն, պարզապես, միջազգային կազմակերպություն չէ, այլ եզակի մարմին է>: Կառավարության մեկ այլ փաստաթուղթ ևս չի վրիպել Սվիտալսկու աչքից, այն ՀՀ առաջնահերթ տնտեսական գործընկերների ցանկն է, կարդացել է ու նորից տարակուսել, որ Հայաստանի հետ ամենամեծ Եվրոպական գործընկեր Ֆրանսիան 7-րդ տեղում է, իսկ Գերմանիան՝ 8-րդ, Իտալիան էլ 10-րդ: Խորամանկ ժպիտով դեսպանը հարց ուղղեց լսարանին. <Հուսով եմ, գիտեք, թե ո՞ր երկիրն է առաջևում>, ու ինքն էլ շտապեց պատասխանել.<Իհարկե, Ռուսաստանը>:

Դուք՝ հայերդ, համաշխարհային ռեկորդ արեցիք
Ո՞րն է Հայաստանում այն ոլորտը որտեղ ԵՄ-ն աջակցում է մեր երկրի բարեփոխումներին: Առաջինը, ըստ դեսպանի, բիզնես միջավայրի բարելավումն է:

<Մեծ բավարարվածությամբ ու երախտիքով պետք է ասեմ, որ նոր կառավարությունն արել է մի շարք կարևոր կառուցողական քայլեր, որոնց նպատակն է գործարար միջավայրի բարելավումը>: Ասաց՝ մի շարք արտասահմանյան ընկերություններ իրեն տեղեկացրել են, որ ՀՀ կառավարությունը լավ քայլեր է անում, շատ լավ զարգացում կա Հայաստանում:
Երկրորդ տեղում կարևորեց պայքարը կոռուպցիայի դեմ.<Բավական երկար էինք սպասել նման օրենքներին, շատ լավ է>:

Երրորդը՝ արդարադատության ոլորտի անկախությունն է ու նախարարության հետ կառուցողական երկխոսություն են սկսել.<Կօգնենք Հայաստանին ունենալ արդարադատության անկախ համակարգ>:
Չորրորդ տեղում՝ ԵՄ համար կարևոր ոլորտն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, տեղեկացրեց, որ հատուկ ծրագիր ունեն այստեղ իրականացնելու, թե ի՞նչ՝ չբացեց փակագծերը:

Հետո խոսեց անցած խորհրդարանական ընտրություններից, ու դրանցում տեխնոլոգիական նորամուծությունների կիրառումը համարեց փայլուն աշխատանք.<Հայաստանը համաշխարհային ռեկորդ կատարեց այդ բարդ տեխնոլոգիաները կիրառելով, ուրիշ որևէ երկրի այսպես չի հաջողել կարճ ժամանակահատվածում: Դուք հայերդ շատ լավ գործ արեցիք, և ԿԸՀ-ն, և երիտասարդ հայերդ, այս ծրագիրը դրված էր նաև ձեր ուսերին>: Առաջարկեց շարունակել համագործակցությունը ԵՄ հետ:
Նպատակս է երիտասարդ հայերին Հայաստանում պահել

<Մարդիկ ինձ հարցնում են ի՞նչ ես ուզում անել Հայստանում, իմ օրակարգը շատ պարզ է, ես ասում եմ՝ ուզում եմ խաղաղություն ու բարեփոխումներ: Եվ ես դա ասում եմ շատ անկեղծ: Մի մտածեք, որ ԵՄ-ն ձեզ կարող է բերել լավ ապագա, ԵՄ գործոնը կարևոր է, բայց երկրորդային է, դուք ինքներդ դա պետք է անեք: Միայն հայերդ կարող եք հասնել նրան, ինչին ձգտում եք: Իսկ իմ նպատակն է երիտասարդ հայերին պահել այստեղ, ձեր կարիքը այստեղ կա, ոչ թե դրսում>:

Շարունակելով իր խոսքը եվրոպացի պաշտոնյան նկատեց. <Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային>.  ասաց, որ սա զուտ դիվանագիտական պատասխան չէ, այլ անկեղծ խոսք:

<Նախ, Հայաստանը մի երկիր է, որն ունի  շատ բարձր ներուժ: Հայ երիտասարդների հետ հանդիպումից հետո ես զգում եմ դա: Հայաստանը լիննելով հինավուրց քաղաքակրթություն, ունի իր մաշկութային արժեքները: Դուք ամբողջ աշխարհում կարող եք տեսնել հաջողված հայերի:

Երկրորդ, ձեր բնութագրիչ գծերից մյուսը՝ ձեր ձեռնարկատիրական շնորհքն է: Հայերը գիտեն, թե ինչպե՞ս բիզնես անեն`պարզապես իրենց պետք է տարածք տալ: Չնայած ֆինանսական միջոցների դժվարությանը, դուք գտնում եք նորարարական գաղափարներ:

Երրորդ, դուք միատարր ազգ եք, համերաշխության զգացողությունը հայրերի մեջ շատ ուժեղ է ու դա մեծ արժեք է, դուք գիտեք ինչպե՞ս աշխատել, որպես ազգ, որպես կրոնական եւ էթնիկ խումբ>:

Դեսպանը խոսեց նաև Հայաստանի առաջ ծառացած դժվարություններից. աշխարհաքաղաքական բարդ դիրքից, պատերազմից ու փակ սահմաններից:
 Բրյուսելում գիտակցել են՝ հարևանների հետ այլ քաղաքականություն պետք է վարել

ԵՄ դեսպանը մի քանի ուշագրավ  հայտարարություններ արեց՝ խոսելով ԵՄ-ՌԴ հարաբերություններից.<Հավատում եմ Ռուսաստանի  եվրոպական ապագային ու չեմ ամաչում այդ մասին ասել: ՌԴ-ն եվրոպական ուժ է, թեև ունի հսկայական ընդլայնում դեպի Ասիա: Բայց ՌԴ-ն կունենա իր եվրոպական ապագան>: Ու հավելեց՝ ԵՄ-ն կկարողանա կառուցել ուժեղ հարաբերություններ Ռուսաստանի հետ, իհարկե, հիմնված եվրոպական սկզբունքների վրա: Սվիտալսկին քիչ ավելի բացեց փակագծերը նկատելով, թե ԵՄ-ն պատրաստ է տնտեսական համագործակցության ԵԱՏՄ-ի հետ. <ԵՄ-ն ճանաչում է ԵԱՏՄ-ի դերակատարությունը, այդ թվում նաեւ Հայաստանում: Գուցե շփումները շատ ինտենսիվ չեն, բայց մենք գնում են դեպի ապագա`հասկանալու ԵԱՏՄ-ի նպատակը: Կան մի շարք տարրեր, որոնք խանգարում են ավելի լավ հարաբերություններին, բայց ես լավատես եմ: Մնացածը պետք է որոշեն ԵԱՏՄ-ի ղեկավարները`թե ի՞նչ հավակնություններ ունեն>:
Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ՌԴ լարված հարաբերություններն ազդում են Հայաստանի վրա, ասաց. <Հայաստանին անհրաժեշտ է ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ԵՄ ու մյուս երկրների հետ հարուստ հարաբերություններ ունենալ>:
Հայաստանում կա՞ մրցակցություն ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև. Սվիտալսկու պատասխանն այսպիսին էր. <Ես չեմ նախանձում, որպես ԵՄ ներկայացուցիչ, երբ լսում եմ, որ հայերը ցանկանում են բարեկամ լինել ԵԱՏՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ, ես ուզում եմ, որ հայերը շատ ընկերներ ու բարեկամներ ունենան: Մենք չենք մրցակցում, մենք չենք պարտադրում մեր ներկայությունը>:
Այսպիսով, 4 տարի պահանջվեց, որպեսզի Բրյուսելում մի պարզ բան գիտակցեն, որ ճիշտ է Հայաստանի կողմից վարվող <և…և>-ի քաղաքականությունը, գիտակցեն, որ  ինչպես դեսպանն ասաց՝ պետք չէ որևէ կերպ մտնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը համագործակցային պարտավորություններով կապված է ԵԱՏՄ հետ: ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կառուցվել է հենց այդ տրամաբանությամբ.<Այն ոլորտներում, ուր Հայաստանը խորացված համագործակցում է ԵԱՏՄ-ի հետ ու չի կարող ավելի մոտենալ ԵՄ-ին, մենք չենք մտնի, կընտրենք այլ ոլորտներ, որով Հայաստանը կարողանա ավելի մոտենալ ԵՄ-ին>:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն