Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Չկա տարածքների խնդիր, կա սահմանների հստակեցման հարց, ու Ադրբեջանի հետ պետք է խոսել Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Գետաշենի, Շահումյանի, Մարտունու ու Մարտակերտի բռնազավթված հատվածների մասին

Սեպտեմբեր 22, 2017թ. 17:37
դավիթ բաբայան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
ՄԱԿ-ի բարձր ատյանից ՀՀ նախագահը առաջին անգամ չխոսեց մադրիդյան սկզբունքներից ու տարածքային ամբողջականությունից, փոխարենը՝ խոսքը կառուցեց զուտ մարդու հիմնարար իրավունքների վրա, շեշտելով՝ ԼՂ հիմնախնդրի լուծումը կարող է լինել միայն ազգերի ինքնորոշման միջոցով: Սա նշանակում է՞, որ Հայաստանը փոխում է իր մարտավարությունը, որդեգրում նորը, և հիմքեր ստեղծում բանակցային գործընթացում նոր առաջարկով հանդես գալու:
-Այս աշխարհում ոչինչ հավերժական չէ: Այդպես է նաև այս հարցում. ԼՂ բանակցային գործընթացում չեն կարող այս կամ այն փաստաթղթերը լինել հավերժական, դա լինի մադրիդյան սկզբունքները, թե Քիվեստյանը, միևնույն է, փոփոխվելու են, քանի որ գործ ունենք դինամիկ զարգացող գործընթացի հետ: Ինչպես ասում են՝ կյանքը ցույց կտա:
Իսկ նախագահի խոսքում մեկ այլ կարևոր միտք էլ կար, այն, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ստիպում է Հայաստանի Հանրապետությանն էլ ավելի կարծրացնել իր դիրքորոշումը: Եվ դա բնական է, Բաքվի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության պարագայում, այլ կերպ չի կարող վարվել Հայաստանը: Մյուս կարևոր շեշտադրումն այն է, որ անվտանգության բաղադրիչը առանցքային համարվեց հակամարտության կարգավորման գործում:
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե հակամարտության լուծումն է, այլ Արցախի հետ հաշվեհարդար տեսնելը: Նման իրավիճակում մեզ համար առաջնայինը անվտանգության ամրապնդումն է, խաղաղ զարգացման հնարավորության ստեղծումը, մենք սա ենք ուզում: Արցախի ու Ադրբեջանի մոտեցումներում տարբերությունն ակնհայտ է, ի վերոջ, դա քաղաքակրթական, աշխարհընկալումների տարբերություն է:
Այս ամենը միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի ու հատուկ ուշադրություն դարձնի անվտանգության խնդրի վրա:
Նաև առաջին անգամ հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, որը կլինի ավելի ցածր, քան այսօր: Սա ոմանք համարում են ոչ հստակ ասված խոսք, քանի որ Արցախը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, այն միջազգային սուբյեկտ չէ, ուրեմն, ի՞նչ կարգավիճակի մասին էր խոսում նախագահը:
-Տարօրինակ է, որ շատ պարզ ասված միտքը չի ընկալվում: Մի՞թե պարզ չէ, որ խոսքն անկախ պետության կարգավիճակի մասին է: Այլ կարգավիճակ չի կարող ունենալ Արցախի Հանրապետությունը: Եվ նախագահը շատ հստակ ասաց, որ ՙԱդրբեջանը պետք է ճանաչի ու հարագի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարատահայտմամբ որոշելու իրավունքը՚: Սրան էլ հավելեմ հետևյալւ, որ որպես պետություն Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի թույլ անվտանգության համակարգ, քան ունի այսօր: Այս հարցում դարձյալ էլ նախագահը շեշտեց՝ ՙարցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով՚:
ՄԱԿ-ի նստաշրջանում ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի նախագահը. Ալիևն իր խոսքը սկսեց ղարաբաղյան խնդրից ու սպառնաց ուժի դիմել, ասելով, որ հաջորդ հարվածը առավել ցավագին է լինելու, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էր: Սա ագրեսորի ցինիկ պահվածք է, ինչն Ալիևը չի էլ ջանում թաքցնել միջազգային հարթակներում:
-Իհարկե ագրեսորի պահվածք է, իսկ Արցախը պատրաստ է հարկ եղած դեպքում , հակահարված տալ ագրեսորի ցանկացած քայլին: Մենք լավ գիտենք, թե ինչ երկիր է Ադրբեջանը, գիտենք, որ նրա նախագահը երբեք չի փոխվում, ավելին, շարունակում է վարել ահաբեկչական քաղաքականություն արցախահայության հանդեպ: Սակայն Ադրբեջանի նախագահը թող լավ իմանա, որ իր ագրեսիվ քաղաքականությամբ կկործանի Ադրբեջանը:
Ալիևի նման ցինիկ պահվածքի լավագույն պատասխանը տվեցին հենց իր ընտանիքի անդամները՝ կինն ու աղջիկը, որոնք որպես ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ գտնվում էին ՄԱԿ-ի համաժողովում: Այն պահին, երբ Ալիևը խոսում էր Ադրբեջանի, իբր թե ծաղկուն ժողովրդավարական երկիր լինելու մասին, հեռուստաեթերն ապահովող ռեժիսյորը լավ որսաց պահը՝ ցուցադրելով ադրբեջանական պատվիրակության կազմը, որը բաղկացած էր միայն Ալիևի ընտանիքի անդամներից: Սա է Ադրբեջանի ՙժողովրդավարական՚ դեմքը: Իսկ այն, որ Մեհրիբան Ալիևան ծիծաղում էր ամուսնու ելույթի ժամանակ, իսկ աղջիկը ծամոնը բերանին զբաղված էր սելֆի անելով, ցույց է տալիս, թե ինչպիսի՞ն է իրենց վերաբերմունքը է ոչ միայն իրենց ամուսնու և հոր, այլև պետության ղեկավարի հանդեպ: Սա նաև Ալիևների ընտանիքի արհամարհական վերաբերմունքն է միջազգային կառույցի՝ ՄԱԿ-ի հանդեպ: Այս խեղկատակությունից պետք է նաև հետևություն անեն Ադրբեջնում բնակվող ազգային փոքրամասնությունները, թե ո՞ւմ համար, ի՞նչ պետության համար են զոհվում իրենց որդիները:
-ԱԳ նախարար Է. Նալբանդյանի սենսացիոն հայտարարությունը՝ երեք շրջան վերադարձնելու մասին, միանշանակ չընկալվեց ո՜չ Հայաստանում, ո՜չ Արցախում: Չի դադարում հնչել հարցը, թե այդ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որոնց զիջման դեպքում չի խաթարվի Արցախի անվտանգությունը:
-Այդ տերմինաբանությունը՝ տարածքների զիջում և այլն, ինքնին սխալ է, չկա տարածքների խնդիր, կա սահմանների հստակեցման հարց, ինչն անխուսափելի է: Սակայն մենք իրավունք չունենք սահմանների հստակեցման հարցը դիտարկել Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության հանդեպ դրսևորվող տարածքային հավակնությունների տրամաբանության մեջ: Այս հարցը շատ ավելի լայն ու ընդգրկուն է: Ի վերջո, Ադրբեջան կոչված խորհրդային հանրապետությունը ստեղծվել է որպես մահմեդական ու քիրստոնյա ժողովուրդների, մասնավորաբար, հայերի ընդհանուր պետություն, որտեղ հայերս ունեցել ենք երկու հայկական կազմավորում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Բացի այդ, ԼՂԻՄ-ը պատմական Արցախի միայն 1/6-րդ մասն է իր մեջ ներառել: Եվ ուրեմն, եթե խոսում ենք սահմանների մասին, կնշանակի պետք է խոսել և՜ Նախիջևանի, և՜ Հյուսիսային Արցախի, Գետաշենի, Շահումյանի մասին, Մարտունու ու Մարտակերտի բռնազավթված հատվածների մասին: Այսինքն՝ խոսքը, ամենաքիչը 25 000 քառ/կմ տարածքի մասին է: Եթե Ադրբեջանն ուզում է իր սահմանները հստակեցնել, խնդրեմ, բանակցեք, այդ ամենը ներկայացրեք, հստակեցրեք:
Բայց կա մի կարևոր հանգամանք, ցանկացած բանակցություն չպետք է սպառնա Արցախի անվտանգությանը, դա մենք թույլ չենք տա: Արցախի Հանրապետության անվտանգության համակարգը չի կարող լինել ավելի թույլ, քան այսօր է: Որևէ զիջողականություն չկա ու չի էլ կարող լինել՝ ընդհանրապես: Շատ պարզ ու հստակ է Արցախի մոտեցումը, չի կարող լինել վերադարձ անցյալին: Անվտանգությունը մեզ համար ամենից առանցքայինն է, քանի որ մեր առաջ հանձին Ադրբեջանի ունենք ոչ թե հակառակորդ, այլ թշնամի երկիր, որնն անմիջապես կփորձի օգտվել մեր դիրքերի փոքր-ինչ թուլացումից, մենք երբևէ թույլ չենք տա, որ մեր անվտանգությունը թուլանա: Ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ իր թշնամի պետության հետ կվարվի այնպես, ինչպես վարվում է Արցախն ու արցախահայությունը՝ ամեն օր ու ամեն ժամ ամրացնելով իր անվտանգություն:
-Այս ամբողջ իրողությունների, այս <եռացող կաթսայի> ֆոնին, մեկ օր անց՝ սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հերթականից:
-Հանդիպումը, իհարկե, կարևոր է, տեսնում եք, ինչպիսի զարգացումներ են ընթանում: Ադրբեջանը բնականաբար, ինչպես միշտ կերգի իր հայտնի մուղամները: Բայց այսօր կա բանակցելու հստակ թեմա, դա Սանկտ -Պետերբուրգում ու Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումն է, այսինքն՝ վստահության, հետաքննության մեխանիզմներ ներդնումը, զինադադարի պահպանման, վերահսկման ուժեղացումը:
Հայկական կողմը հիմնական շեշտը պետք է դնի կայունության ու խաղաղության պահպանման վրա, հատկապես, ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևի արած ագրեսիվ ու ցինիկ հայտարարությունից հետո:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն