Գլխավոր » Society, Հասարակություն

Իրավապաշտպանը պետք է զբաղվի իրավապաշտպանությամբ, այլ ոչ քաղաքական գործընթացի կողմ լինի.ԱԺ պատգամավոր

Սեպտեմբեր 21, 2017թ. 21:47
Միհրան Հակոբյան

Իրավապաշտպան կազմակերպությունները այսօր բավականին ակտիվ են մեր հասարակության մեջ և շատ դեպքերում մտնում են քաղաքական գործընթացների մեջ, որոնք չեն բխում Հայաստանի արտաքին քաղաքական շահերից: Այս և այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ:

 

Պարոն Հակոբյան, այսօր Արցախի հիմնահարցի կարգավորման գործում իրավապաշտպանները ինչ որակի գործունեություն են ծավալում, գոհ եք, ինչպե՞ս կգնահատեք:

 

Բացի Արցախի և Հայաստանի օմբուցմենների գործունեությունից, չեմ տեսնում այլ իրավապաշտպան կառույցի կամ իրավապաշտպանի արդյունավետ գործունեություն: Ընդհանուր առմամբ, Արցախի հարցը մարդու իրավունքների հարց է, բայց քանի որ Ադրբեջանը փորձել է, փորձում է և փորձելու է խնդիրը լուծել զինված հակամարտության ճանապարհով, ապա չի կարելի խնդիրը դնել իրավապաշտպանների վրա: Այս հարցում իրավապաշտպանների գործը պետք է լինի միջազգային հարթակներում խնդրի բուն էության ներկայացումը:

 

Իրավագիտակցության բարձրացման հարցում ի՞նչ ունի անելու Հայաստանում գործող իրավապաշտպան կառույցները:

 

Ընդհանրապես, մարդու իրավունքների միակ երաշխավոր ինստիտուտը պետությունն է: Մյուսների գործառույթները երկրորդական են` բառի, իհարկե, դրական իմաստով: Իմ պատկերացմամբ իրավապաշտպան կառույցները Հայաստանում պետք է զբաղվեն լուսավորչական գործունեությամբ, քաղաքացիներին տեղեկացնեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, բարձրաձայնեն մարդկանց խախտված իրավունքների մասին: Ցավոք, մեր երկրում որոշ կառույցներ զբաղվում են ոչ թե իրենց կանոնադրական` իրավապաշտպան, գործունեությամբ, այլ` քաղաքականությամբ: Սա չի կարող օգտակար լինել ոչ պետության, ոչ հասարակության, ոչ էլ` իրավապաշտպան շարժման համար: Սա անախրոնիզմ է, որը խանգարում է մարդու իրավունքների պաշտպանության կայացմանն ու զարգացմանը:

 

Կա արդյո՞ք տարանջատում կամ տարբերություն պետական և ոչ պետական իրավապաշտպան հիմնարկների գործունեության մեջ:

 

Ես արդեն նշեցի, որ մարդու իրավունքների պաշտպանության միակ երաշխավոր կառույցը պետությունն է` իրավապահ, կանխարգելիչ և փաստաբանական ինստիտուտներով: Իսկ տարանջատումն ակնհայտ է. պետությունը քայլ առ քայլ կատարելագործում է իր կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության գործում: Դա անում է օրենսդրական հենքը բարելավելով ու բարեփոխելով, զարգացնելով: Իսկ ոչ պետական հատվածի զգալի մասը զբաղված է քաղաքական սպեկուլյացիաներով: Ներկայանում են` որպես իրավապաշտպան, բայց զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Հանրությանը հայտնի իրավապաշտպանների զգալի մասը դասական քաղաքական գործիչներ են, այս կան այն կուսակցության հանդեպ նախասիրություններ ունեցող, այս կամ այն կուսակցության քաղաքական գիծը պրոպագանդող մարդիկ են: Սա է գլխավոր խնդիրը:

 

Ինչպե՞ս է քաղաքական գործիչը պատկերացնում իրավապաշտպանի գործունեությունը: Ի՞նչ պետք է անի և ի՞նչ պետք է չանի:

 

Շատ պարզ: Իրավապաշտպանը պետք է զբաղվի իրավապաշտպանությամբ, այլ ոչ քաղաքական գործընթացի կողմ լինի, գնահատականներ տա ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին: Երբեմն այդ գնահատականները ոչ միայն իրավապաշտպանության հետ կապ չունեն, այլ նաև քաղաքականության հետ էլ ոչ մի կապ չունեն: Անդաստիարակ, գռեհիկ և կոպիտ գնահատականներ հնչեցնելով` նրանք վարկաբեկում են իրավապաշտպան գործունեության էությունը, խոչընդոտում են ոլորտի կայացմանը:

 

Առիթ ունեցել եք խոսել իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության մասին: Ի՞նչ եք կարծում արդյո՞ք իրավապաշտպան կազմակերպությունները բացասական դեր են խաղում մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հարցում: Խոսքս միջազգային դրամաշնորհներով աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների մասին է:

 

Տեսության մեջ պետք է որ հակառակը լիներ: Պետք է որ օգտակար լինեին քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հարցում, և դրանով մթնոլորտ փոխեին երկրում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ արտասահմանյան դրամաշնորհներով գործող կազմակերպությունների գոնե մի հատվածը ոչ մի կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, ավելին` անտարբեր են հայ մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության հարցում: Այդ կազմակերպությունների մի մասը աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմն է դարձրել Հայաստանը: Տպավորություն կա, որ նրանք ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղված, այլ ախարհաքաղաքական կենտրոնների պրոպագանդիստական մոտեցումներն առաջ տանելով` Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները փոխելու փորձերով:

 

Արդյո՞ք արտասահմանից ֆինանսավորվող դրամաշնորհներով գործող իրավապաշտպանները պետք է մտնեն բանակ, և աշխատեն զինծառայողների շահերի պաշտպանությամբ, թե՞ ներպետական ատյանները բավարար են: Արդյո՞ք դրանք ազգային անվտանգության հարց չեն բարձրացնում:

 

Բանակը կարգապահություն և հիերարխիկ կառավարում պահանջող կառույց է, այն էլ` Հայաստանի բանակը, որը պատերազմող բանակ է: Բանակային հարցերը չափազանց զգայուն են մեր պետության և ժողովրդի համար, ուստի և զգույշ, լավ հաշվարկված մոտեցումներ են պետք: Բանակաշինության հարցում մենք սխալվելու իրավունք չունենք, սխալը կարող է լինել ցեղասպանության կրկնությունը: Ուստի և բանակում իրավապաշտպանների գործունեություն պատկերացնելն ուղղակի հնարավոր չէ, բանակը ոչ մեկի համար փորձարկումների կամ ինքնահաստատման վայր չէ: Այլ բան, որ զինված ուժերի նկատմամաբ քաղաքացիական վերահսկողություն պետք է լինի, և այս մոտեցումը պետք է տարեց տարի զարգացվի ու կատարելագործվի: Դա կնպաստի բանակի զարգացմանը, բանակ-հասարակություն կապերի խորացմաննն ու ի վերջո` ազգ-բանակի կայացմանը: Այս գործընթացն ամբողջովին պետության հոգածության առարկան է, իրավապաշտպան կամ այլ հասարակական կազմակերպությունների մուտքը բանակ, առավել ևս` բանակային միջանձնային միջադեպերը դրոշակ դարձնելով` իրավապաշտպանության անվան տակ քաղաքական սպեկուլյացիաները անօգուտ և խոչընդոտող երևույթներ են:

 

Հարցազրույցը՝ Հայկ Հակոբյանի

http://ditaket.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն