Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պիտի շարունակեմ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Կարո Փայլան

Սեպտեմբեր 20, 2017թ. 00:08
Կարո Փայլյան+

Համասփյուռ հայության կարևորագույն խնդիրներից մեկը կա ու մնում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման քաղաքական և իրավական գործընթացը: Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում հետաքրքիր քննարկում ծավալվեց այս հարցերի շուրջ, որը ևս մեկ հնարավորություն էր վերաիմաստավորելու հայության կատարած աշխատանքը:
Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում, մասնավորաբար, Թուքիայի խորհրդարանի պատգամավոր ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ խոսքն էր: Հայազգի պատգամավորին հանձնաժողովականները դիմավորեցին հոտընկայս ծափողջույներով: ՙՈւրախ եմ, որ Հայաստանում եմ, ուրախ եմ, որ ներկայանում եմ որպես պատգամավոր՚, իր ելույթն այս խոսքերով սկսեց հայաստանյան ընդունելությունից հաճելիորեն զգացված հայազգի պատգամավորը:
Ինչպե՞ս է պոլսահայ պատգամավորը գնահատում Թուրքիայում այսօր տիրող իրավիճակը, հնարվո՞ր է, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. այս հարցերի պատասխաններն էին ամփոփված Կարո Փայլանի խոսքում:
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ 2002-ին, երբ Թուրքիան դարձավ Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ու ընթացավ ժողովրդավարության հաստատման ճանապարհով, երկրում կարծես սկսեց կոտրվել սառույցը և իրար հետևից օրակարգ եկան հարցեր, որոնց շուրջ 90 տարվա պարտադրված լռություն էր տիրում. խոսքը հայկական ու քրդական հարցերի մասին է: Եվ միայն 2009 թվին Թուրքիայում՝ Ստամբուլում առաջին անգամ հիշատակվեց Հայոց ցեղասպանության մասին: ՙՙԱյն հայերը, որոնք Ցեղասպանությունից հետո մնացին Թուրքիայի մեջ, ինչպես նաև իմ ընտանիքը, երեք սերունդ շարունակ բռնության դատապարտվեց ու լռեց: Բայց երբ քրդերը սկսեցին իրենց պահանջների մասին խոսել, մենք էլ Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցինք խոսել մեր անցյալից, մեր պահանջներից: Մարդիկ օգտագործեցին Ցեղասպանություն բառը, ամեն մարդ իմացավ, որ Մեծ Եղեռն է պատահել՚՚:

Այդ շրջանում՝ 2008-ին, վերակառուցվում է Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, որնայսօր պատգամավոր է, անձամբ օգնում է եկեղեցու վերանորոգման իրականացմանը: Փալյանը նկատում է՝ քրդերը գիտակցեցին, որ այն, ինչ անցած դարասկզբին իրենց ձեռքով կատարեցին թուրքերը հիմա հերթը հասել է իրենց: Այս գիտակցմամբ Դիարբեքիր քաղաքը ճանաչեց նաև Հայոց ցեղասպանությունը և ընդունեց տարբեր ազգերի համակեցությունն այդ քաղաքում:

Սակայն Թուրքիայում սկիզբ առած ՙՙժողովրդավարացման գարունը՚՚ երկար չտևեց.ՙՙՊատճառն այն է, որ Էրդողանը գնաց այլ ճանապարհով, հիմա Թուրքիան կապրե մութ ձմեռ մը: Իշխանության բռնությունների պատճառով անցած տարի վնասվեց Սուրբ Կիրակոս Եկեղեցին: Ու ցավն անավարտ դարձավ՚՚…
Պատգամավորին վրդովեցնում է այն, որ ինչպես 102 տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին Արևմուտքն իր աչքը փակեց կատարվող ոճիրի առաջ, այսօր դարձյալ նույնը կրկնվում է, Արևմուտքի աչքը վերստին փակ է Թուրքիայում կատարվող մարդու իրավունքների խախտումների առաջ, որոնք իրականացվում են հենց Էրդողանի ու նրա վարչախմբի կողմից: ՙՙԷրդողանը հեռացավ ժողովրդավարական մտածումներից, հեռացավ իր դեմոկարատ ընկերներից ու դժբախտաբար դաշինք կազմեց ազգայնական ուժերի հետ: Սկսվեց փլուզում, ժողովրդի մեջ սաստկացավ հակամարատությունը, ինչին կառավարությունը պատասխանեց բռնություններով: Թուրքիայում կատարվեց սահմանադրական փոփոխություն՝ երկիրը դարձավ նախագահական, ուր այսօր միայն մեկ մարդ է մամուլի, խորհրդարանի ու դատական մարմիների ուղղորդողը: Մեկ կրոն մեկ ինքնություն. սրա վրա է այսօր հիմնված Թուրքիայի իշխանությունը՚՚:

Հայազգի պատգամավորը նկատելով երկրում տեղի ունեցող վտանգավոր փոփոխությունները հարմարձակ ելույթ է հնչեցնում Թուրքիայի խորհրդարանում՝ հայտարարելով.ՙՙՄեծ սխալ է կատարվում, նոր սահմանադրությունը կլինի թուրքի սահմանադրություն՚՚: Ապա հիշեցնում է 104 տարի առաջ կատարված պատմական իրողությունը, երբ.ՙՙԱբդուլ Համիդի մութը տարիների ավարտից հետո՝ 1908-1912 մասամբ ազատության մթնոլորտ կար, բայց եկան երկու մարդիկ՝ Էնվերն ու Թալիաթը, 1913-ին հեղաշրջումով ուժն իրենց ձեռքը վերցրին ու ստեղծեցին թուրքի սահմանադրությունը: Սկսվեց Ցեղասպանությունը. 10 տարում 4 ժողովուրդներ ջնջվեցին՝ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները: Խորհրդարանում ես ասացի, եթե կրկին ընդունվի թուրքի սահմանադրությունը, կրկին կարող ենք ապրել նույն աղետը, ասացի՝ այն այսօր արդեն, դժբախտաբար, կապրինք՚՚:

Պատգամավորը ցավով նկատում է, որ այսօր Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանություն բառի օգտագործումն արդեն իսկ ՙՙհանցանք կհամարվի՚՚:

Խոսելով հալեպահայերին բաժին հասած պատերազմական դժվարին իրողություններից, Փայլանը հայտարարեց.ՙՙԳալիս եմ արևմտահայության մշակույթի կարևոր կենտրոններից մեկից՝ Պոլսից: Հալեպահայերի ապրած դժվարին օրերից ու պատերազմից հետո Պոլիսը պետք է պահել, որպես արևմտահայերի մշակույթային կենտրոն՚՚, շատ լավ իմանալով, որ դրա համար մեծ աշխատանք կա անելու.ՙՙԳիտեմ, մեծ ջանք պիտի թափել, պատմական Հայաստանի համար պետք է ավելի լայն տեսակետ ունենան թե՜ թուրքահայերս, թե՜ Հայաստանը, թե Սփյուռքը: Ունենք վերք մը, որ բուժված չէ, ու գիտենք, որ այդ վերքը միայն այդ երկրի՝ Թուրքիո մեջ կլավանա՚՚:
Փայլանի համոզմունքն է՝ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: ՙՙԵթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասենք, բայց իրավունք ունի՞նք այս հարցը մեր սերունդներուն փոխանցել, կարծում եմ՝ ոչ, չունինք: Մենք լավ գիտենք մեր պատմությունը, չորս սերնուդ ի վեր կպայքարենք, որպեսզի արդար լուծում ունենա մեր մեծ մայրերու, մեր մեծ հայրերու ապրած անարդարությունը՚՚:
Թուրքիան նորից մութ շրջանի մեջ է՝ հայտարարեց պոլսահայ պատգամավորն ու  շեշտեց՝ շատ լավ գիտենք, որ այս վիճակը կարող է հանգեցնել մի նոր ոճիրի: ՙՙ102 տարի առաջ մեծ ոճիր կատարվեց՝ Ցեղասպանություն եղավ, այդ ոճիրը դեռ կշարունակվի, որովհետև յուրաքանչյուր ոճիր, եթե անպատիժ կմնա նոր ոճիրներու պատճառ կդառնա՚՚:
Կարո Փայլանի երազանքն է, որ ժողովուրդներն ապրեն միասին, խաղաղ ու հավասար, այնպես ինչպես երազում էր Դինքը, հավատացած է, որ չնայած այս դժվարին օրերին իր երազը կորսված չէ.ՙՙԿհավատամ, որ օր մը կունենանք այդ արդարությունը, որը կբերի Ցեղասպանության ճանաչմանը: Եվ ես պետք է շարունակեմ պայքարիլ այդ օրվա համար՚:
Հարց ուղղվեց Փալյանին, թե Թուրքիայի տարածքում այսօր որքա՞ն իսլամացած հայեր են ապրում և, ապագայում՝ մեր իրավունքների պաշտպանության ժամին, կարո՞ղ ենք ապավինել նրանց ներուժին: Պատգամավորի տեղեկացմամբ, Թուրքիայում միլիոնավոր մահմեդական հայեր կան, Մուշում, Համշենում, Սասունում նրանց թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը, քիչ չեն նաև հայախոս հայերը: Պատգամավորն ասաց, որ իսլամացած հայերի հետ հարկավոր է ամուր պահել շփումները՝ ՙնրանց հետ հարկավոր է կամուրջ ունենալ՚՚: 90 տարի այդ մարդիկ անձայն են եղել.ՙՄիայն 1990-ականների վերջին մարդիկ կուգային ու ականջիս անձայն կասեին՝ իմ մեծ մայրիկս հայ է, 2010-ից մարդիկ հպարտորեն սկսեցին պոռալով ասեց՝ մեծ մայրիկս, մեծ հայրիկս հայ են: Բայց այսօր նորեն անձայնությունը սեղանի վրա է: Թուրքիայի հայերը նորեն վախի մեջ են և կուզեն անձայն մնալ: Ես ալ անոնց կսեմ, անձայն մնալը՝ հանգիստ մնալ չէ, եթե կսենք հայ ենք, մենք հանգիստ չես կրնալ մնալ այս ազգայնական օրերուն մեջ՚՚: Հիշեցրեց մի հայի, որը երբեք Հայոց ցեղասպանություն բառերը չի բարձրաձայնել, սակայն թուրքական իշխանությունը՝ ՙանոր ալ մեռցուցեց՚: Իր պատգամավորական շրջանում համոզվել է.ՙԵթե անձայն մնաս ազգայնականները ավելի շատ վրեդ կուգան, ես դա տեսա խորհրդարանի մեջ , եթե իրավունք ունիս պետք է պատասխանես, անձայն մնալը հանգիստ բան մը չէ>: Իր այս համոզմանն հավատարիմ հայազգի պատգամավորը չի պատրաստվում անգամ այս դժվարին օրերին լռել ու շարունակելու է իր պայքարը:
Հարցին՝ մութ շրջան թևակոխած Թուրքիան չի՞ դառնում անկանխատեսելի պետություն հարևանների համար, մասնավորաբար, Հայաստանին ինչպիսի՞ վտանգներ, մարտահրավերներ կարող է ուղղվել նման պետությունից: Պատգամավորն ասաց, որ իրավիճակը գնալով Թուրքիայում վատանում է, դրա համար էլ ինքը որոշել է այս առիթն օգտագործել ու գալ Հայաստան, որպեսզի այստեղ միասնաբար ուղիներ փնտրեն հայկական ու քրդական հարցերի լուծման համար: ՙՙԿուզենք մի նոր ճամփա տեսնել Հայաստանի ու Թուրքիայի համար, հանդիպեցի Հայաստանի նախագահի հետ խոսեցի, նոր ճանապարհ պիտի գտնենք: Եթե թուրք ազգայնականն ասի հայ եք, հայ եք, հայ եք, մենք ալ ասենք թուրք եք, թո՜ւրք եք, թուրք եք, քրդերն ալ նույնն ասեն ու ազգայնական մոտեցումներն ավելի ուժեղանան, մենք ինչպե՞ս պիտի արդարություն ունենանք:  Այս կամուրջը նորեն շինելու համար ես հոս եմ, գիտեմ, որ շատ դժվար է, բայց ջանք պիտի թափեմ ու դրան ես պատրաստ եմ՚:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն