Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ թափով սկսվեց, երբ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի վակում առաջացավ

Սեպտեմբեր 19, 2017թ. 23:57
յուրա ՆԱվոյան+

Հարցազրույց <<Դիալոգ>> կազմակերպության նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ
Արդեն վեցերորդ անգամ կազմակերպվում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որն այս անգամ ընթանում է ՙՙՓոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն՚՚ կարգախոսով: Գործնականում ի՞նչ դեր ունեն նման հավաքները:
-Այս հավաքներն օգտակար են հայկական միասնականության դրսևորման առումով, ինչպես նաև, հայաստանյան ու տարբեր երկրներում գործող հայկական համայքների միջև առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Սակայն պարզ է, որ միայն խոսելով չէ, որ պետք է կայանա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: Արդեն 6-րդ անգամ է, որ ես մասնակցում եմ այս համաժողովին, ու սա համեմատելով նախորդների հետ դրական առաջընթաց եմ նկատում:

Այս անգամ քննարկումները կազմակերպվեցին չորս կարևոր ուղղություններով՝ տնտեսական, պաշտպանության, արտաքին գործերի ու Սփյուռքի նախարարությունների գծով: Եվ սա դրականորեն կանդրադառնա բովանդակության վրա, քանի որ կարգախոսային բնույթ չունի: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այս համաժողովն առաջին անգամ լուրջ քայլ է անում համագործակցության ու կոնկրետ ծրագրերի մշակման առումով: Նման հարթակներում պետք է քննարկվեն կոնկրետ ծրագրեր, հետևաբար, հայաստանյան և դրսի կազմակերպությունները նման հավաքներին պետք է ներկայանան կոնկրետ ծրագրերով ու դրանց շուրջ պետք է կայանա բանավեճ:

Այդ նպատակով մինչև Երևան գալը Մոսկվայում մենք ՙՙԴիալոգ՚՚ կազմակերպության շրջանակներում, որը համախմբում է նոր սերնդի քաղաքագետների, իրավաբանների ու լրագրողների, անցկացրինք Հայկական քաղաքագիտական ֆորում, ուր քննարկեցինք ներկայումս հայությանը հուզող հիմնական խնդիրները. անվտանգության հարցերից սկսած՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարարում, մինչև ռուսահայության կազմակերպված մասնակցություն ՀՀ տնտեսական զարգացմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հիմնական խոստումը ներդրումների իրականացումն է, այս նպատակով ստեղծվեց ՙՙՀայաստանի ներդրողների ակումբ՚՚, որի կազմում հիմնականում ընդգրկված են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: Նրանց մոտ կա՞ Հայաստանում բիզնես ծրագրեր իրականացնելու հետաքրքրություն:
-Համաժողովում հնչած ելույթներում ամենից շատ օգտագործված բառը վստահությունն է, քանի որ ներդրումներն ուղիղ համեմատական են երկրում տիրող քաղաքական կայունությանը, տնտեսական, օրենսդրական կանխատեսելիությանն ու գրավչությանը: Ու եթե խոսում ենք մաքուր բիզնեսի մասին, ապա սրանք պարտադիր պայման են:
Եվ ես կարծում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ դրական առումով ցնցեց իրավիճակը երկրում, դրա կարիքը կար, այժմ էլ կա: Նախագահ Սարգսյանն էլ բազմիցս ասել է, որ Հայաստանը նոր էներգիայի կարիք ունի, իսկ նոր էներգիան որտեղի՞ց կարող է գալ, դա մեր ուղերներն են, արդյունավետ պետական կառավարման համակարագի ստեղծումն է, որում պետք է նաև ներգրավվեն սփյուռքյան մեր հայրենակիցները:
Ինչ վերաբերում է ռուսահայությունը, ապա վերջինիս մոտ կա հետաքրքրություն Հայաստանում ներդրումնային ծրագրեր իրականացնելու հարցում:

Տեսեք, շատ է խոսվում, որ ռուսաստանաբնակ մեր համայնքը պետք է երկու երկրների միջև լինի կապող օղակ, նաև հարց է հնչում՝ արդյո՞ք ՌԴ հայ համայնքն իր ներուժին համարժեք կազմակերպված է: Ռուսաստանի հայությունն, այո, հեռու լինելով իր ներուժին համարժեք ինքնակազմակերպվածության բավարար մակարդակից, այնուհանդերձ, Հայաստանի տնտեսական, քաղաքական հումանիտար ոլորտներում շատ մեծ դերակատարություն ունի:

Այս համաժողովին էլ ներկայացված են հայեր ՌԴ տարբեր տարածաշրջաններից՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, յուրաքանչյուրն այդ մարզի կյանքում որոշակի դերակատարում ունեցող անձիք են, որոնք նաև հայրենիքի հետ են հարաբերություններ հաստատել, իրականացնելով տարբեր ծրագրեր՝ փոքր բիզնեսը ներառյալ: Սա ինքնաբերաբար է տեղի ունենում: Բայց դրան նոր թափ հաղորդելու համար կարևոր է ՀՀ կառավարության նկատամամբ վստահությունն ու նրա գործունեության տեսանելի լինելը բոլորի համար: Շատ կարևոր է փոխարդարձ ճանաչողությունը, և՛ սփյուռքը պետք է ճանաչի Հայաստանը, և՛ մեր պետական պաշտոնյաներից յուրաքանչյուրը պետք է լավ ճանաչի սփյուռքը ու կարողանա տարբեր երկրներում գործող հայկական կառույցների ու հայտնի հայերի հետ ծրագրեր իրականացնել: Կառավարությունն իր ձեռքում պետք է ունենա սփյուռքահայերին Հայաստանի հետ կապող բանալիներ: Ես այդ ցանկությունը կառավարությունում տեսնում եմ, և այս հավաքը նպաստելու է դրան:
-Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ կա, ու դրա հիմնական պատճառը ռազմավարական դաշնակից պետության՝ ՌԴ կողմից զենքի վաճառքն է Ադրբեջանին, առավել վրդովվեցնող է, որ հայկական կողմի անհանգստություններին ՌԴ -ից պատասխանում են՝ դա բիզնես է: Արդյոք, հայաստանյան տրամադրությունները ռուսական համապատասխան օղակներին հասցնելու հարցում գործ չունի՞ անելու նաև ռուսահայ համայնքը:
-Նախ ասեմ, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին՝ չի կարող բիզնես լինել, այն քաղաքականություն է, որն ունի բիզնես բաղադրիչ: Սա իմ գնահատականն է: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, այո, մեր հասարակությունը շատ ցավոտ է ընդունում, և դա հասկանալի է: Մենք Մոսկվայում կազմակերպված մեր բոլոր միջոցառումների ժամանակ այդ մասին բարձրաձայնում ենք: Հայկական քաղաքագիտական ֆորումի վերջերս ընդունած բանաձևում ևս շեշտեցինք, որ Ադրբեջանի նման ռազմատենչ երկրին ծանր հարձակողական զենք մատակարարելը կարող է վերջինիս մոտ տպավորություն ստեղծել, թե իր քաղաքականությունը խրախուսվում է, կարող է նրան իլյուզիայի մեջ գցել, որ ինքն ավելի ուժեղ է, ու բալանսի խախտման դեպքում Ադրբեջանը կարող դիմել ռազմական գործողությունների:

Սակայն մի քանի կարևոր հանգամանք չպետք է մոռանանք: Հայ-ռուսական համգործակցությանը զուգահեռ պետք է իմանանք, որ կան ռուս-ադրբեջանական հարաբերություններ, որը ռազմավարական այնպիսի մակարդակի վրա չէ, ինչպիսին հայ-ռուսականն է, բայց Ռուսաստանն ու Ադրբեջանը հարևան երկրներ լինելով ունեն ինչ-ինչ հարաբերություններ, ու դրանում վերջին տարիներին, ցավոք, մաս կազմեց նաև ռազմականը: Պատճառները տարբեր են, ինքս հետևյալ կարծիքի եմ. ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն այս թափով սկսվեց, երբ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի վակում առաջացավ:

Հիշո՞ւմ եք, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ կառավարության որոշմամբ ինչ-որ ժամանակ սառեցվեց, Ռուսաստանը որոշում ընդունեց ընդհանրապես դադարեցնել ռազմատեխնիական ցանկացած համագործակցություն Ադրբեջանի հետ, նույնիսկ մեկ փամփուշտ չէին վաճառում: Ձախողվեցին Գաբալայի ռադիոտեխորոշիչ կայանի վարձակալման մասին պայմանագրի բանակցությունները: Բայց մի քանի ամիս անց այդ հարաբերությունները վերականգնվեցին արդեն հարձակողական զենք մատակարարելու մասին պայմանագրերի տեսքով: Որքան էլ զավեշտալի էր, բանակցությունները Գաբալայի շուրջ վարում էր փոխվարչապետ Ռագոզինը և ինքն էլ հեղինակն էր, որ սառեցվեն բանակցությունները Ադրբեջանի հետ, բայց հետո, երբ դրանք վերականգնվեցին, նույն Ռագոզինը դարձավ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը ու հիմա ինքն է վարում, այսպես ասած, ռուս-ադրբեջանական բիզնես գործարքը:

Կարծում եք, ադրբեջանցիներն իրենց լոբբինգո՞վ հասան ՌԴ պետական քաղաքականության վերանայմանը, իհարկե՝ ոչ: Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած որոշակի վակումից օգտվեց Ադրբեջանը: Եվ հիմա՝ ապրիլյան պատերազմից ու Հայաստանի ԵԱՏՄ անդամակցումից հետո Ռուսաստանում կան տրամադրություններ այս քաղաքականությունը շտկելու: Ժամանական է, որ Հայաստան- Ռուսաստան պետական օրակարգը կատարելագործվի ու հայ-ռուսական հարաբերություններում առկա ցանկացած խնդիր դառնա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների մաս:
– Հայաստանում շրջանառվում են ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցություններ, սա մի կողմից համարվում է Արևմուտքից գրանատներ ստացող փոքր խմբակցության նեղ շահերով պայմանավորված քայլած, բայց մյուս կողմից այն հասարակական տրամադրություններ է ստեղծում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
– Հայ-ռուսական հարաբերությունները ինչ-որ տրամադրությունների վրա չեն հիմնված: Դրանք հաստատված են տարբեր փաստաթղթերով՝ ռազմական համագործակցության, բարեկամության մասին 20 ամյա պայմանագրով, ՀԱՊԿ-ին անդամակցմամբ, այդ բոլորը բաղադիներ են, որոնք ապահովում են մեր բանակի մարտունակությունը, և քաղաքական զսպման դեր ունեն: Ի վերջո, ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը քաղաքական զսպող նշանակություն ունեն ոչ միայն Ադրբեջանի համար, այլև Թուրքիայի: Երբեմն Հայաստանում ասում են՝ ՀԱՊԿ անդամակցումը ընդամենը թուղթ է: Եթե անգամ թուղթ է, ուրեմն զսպող թուղթ է:

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեկ օրում կամ մեկ ժամում չի եղել, այն անցել է հիվանդագին ցնցումներով լի քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթաց, այն ներկայիս փուլի զարգացման արդյունք է ու հնարավոր չէ  քանդել, թեկուզ հենց միայն նրա համար, որ չունենք երկրորդը: Եթե Հայաստանն ունենար այլընտրանք, թերևս ՀՀ կառավարությունը վայրկյան իսկ չէր հապաղի օգտվել դրանից ու հայտարարել այդ այլընտրանքին միանալու մասին:
Հայաստանն ու Ռուսաստանը մի համակարգի անդամ երկրներն են, իսկ դա լավ, թե վատ ապահովում է որոշակի գործընթացներ՝ տնտեսական, էներգակիրների ներգրավման, աշխատանքային միգրանտների խնդիրներն ու այլ հարցեր:
Ցավոք, Հայաստանն ունի սահմանափակ հնարավորություն և չի կարող անվտանգության այլ համակարգի մաս կազմել, ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցման հնարավորություն ունենք, ո՛չ էլ ԵՄ-ին: Այսօր խոսվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին, բայց ես շատ ավելի կուզենայի, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ, քանի որ ԵՄ-ն ամենակենսունակ միավորն է աշխարհում: Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է հնարավորությունը: Բայց չէ՞ որ մեզ ոչ ոք չի խանգարում եվրոպական չափանիշներով մեր երկրի ներսը՝  դատական,  իրավական համակարգերը կառուցել: Այսօր ոչ մի տեղ չկա կատարյալ համակարգ, դրան հասնելու համար ամենօրյա աշխատանք է պետք: Եթե հիմա հայտարարենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, գիտակցո՞ւմ ենք, թե ինչպես ենք լուծելու զենքի մատակարարման, նաև գազի գնի հարցերը:
Ասում են՝ այդ ամենը կարող ենք իրականացնել հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:
-Այդպես չէ, ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն է հանգեցրել ԵԱՏՄ անդամակցությանը: Գազի գնի շուրջ ՌԴ-ն մի պայմանագիր ունի, օրինակ, Ուկրաինայի հետ, սակայն բոլորովին այլ պայմանագրեր ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Էլ չեմ խոսում տնտեսական, միգրացին քաղաքականության մասին:

Լինեք իրատես, չլուծված հակամարտության պայմաներում բանակ պե՞տք է պահենք, համահայկական հիմնադրամի հանգանակությամբ ե՞նք հրթիռներ գնելու: Չէ՞ որ ինքնարժեքով ենք գնում՝ ՀԱՊԿ շրջանակներում: Այնպես որ, նման հարցերը պետք է դիտարկել զուտ երկրի պետական շահերի դիրքերից: Հայաստանի ղեկավարությունը հենց այդպես էլ վարվում է ու հրաշալի հասկանում, որ ԵԱՏՄ անդամակցումը բխում է երկրի շահերից: Մենք արկածախնդիր որոշումներ ընդունելու իրավունք չունենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն