Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

Սպառազինության ուղղությամբ հայկական կողմը միշտ աշխատում է

Սեպտեմբեր 18, 2017թ. 21:22
Կարեն վրթանեսյան

Հարցազրույց ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների բալանսը խախտված է հայտնի պատճառով՝ Ադրբեջանը տարիներ շարունակ բյուջետային հսկայական միջոցներ է ծախսել տարբեր երկրներից զենք ձեռք բերելու համար: Սակայն միջազգային փորձագետների գնահատականների համաձայն այդ բալանսը, այնուհանդերձ, պահպանվում է շնորհիվ հայկական զինված ուժերի մի շարք առավելությունների: Ինչի՞ մասին է խոսքը:
-Եթե առավելությունները դիտարկենք համալիր ձևով, ապա ամենակարևորը կհամարեմ աշխարհագրական դիրքը, մեր բնագծերը, դրանք մեր ստացած ռազմավարական առավելություններն են: Այսինքն, այսօր հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող դիրքերը հեշտ է պաշտպանելը: Դրա հաշվին մենք կարողանում ենք խնայել և՛ մեր կենդանի ուժը, և՛ մեր սպառազինությունը: Առաջնագծի շատ մասերում բնությունը մեր օգտին է, իհարկե, պայմանները դժվարին են, բայց դա նաև հակառակորդի համար դժվարացնում է լայնամասշտաբ գործողություններ իրականցնելը: Եթե նման ռելիեֆի պայմաններում դժվար է լինում կանխել թշնամու առանձին խմբերի ներթափանցում, փոխարենը, նույն ռելիեֆը բարդացնում է տանկային հարձակումները:

Մյուս կարևոր առավելությունը մեր բանակի մարտական փորձն է: Կենդանի ուժով մեր քիչ լինելը մեզ ստիպում է ավելի օպտիմալ ձևով կիրառել մեր փորձը: Բացի այդ, հայկական կողմն անընդհատ փորձում է կոնպենսացնել սպառազինության առավելությունները նաև ասիմետրիկ պատասխանների միջոցով: Եթե հակառակորդն ունի 200 տանկ, պարտադիր չէ, որ մենք էլ ունենան նույնքան տանկ, դրա փոխարեն ավելի ճիշտ է ունենալ տանկերի խոցման ժամանակակից միջոցներ: Եվ այս ուղղությամբ հայկական կողմը միշտ աշխատում է: Իրականում եթե այդ հավասարակշռությունը պահպանված չլիներ, վաղուց ադրբեջանցիներն ինչ-որ վճռական քայլերի դիմած կլինեին: 2016-ի ապրիլին նրանք նման փորձ արեցին, բայց 4, 5 օրում այն կասեցվեց:
Եվ վերջապես, մենք ունենք հայրենիքի պաշտպաններ, որոնք ամեն օր պատասխանում են հակառակորդի կրակին, ճնշում են հակառակորդի գործողությունները ու դրա շնորհիվ է, որ պահվում է հավասարակշռությունը: Իսկ սպառազինվելու, պաշտպանվելու գործընթացն անվերջ է: Ներկայիս կայունությունը պահպանվում է այդ ամենօրյա աշխատանքով:
-Որքան մեր զինված ուժերը շատ նոր զինատեսակներ, սպառազինություն ունենան, այնքան ապահովված կլինի մեր անվտանգությունը: Ասում ենք՝ ունենք լավ գիտական ներուժ, բայց արդյո՞ք, անհրաժեշտ չափով ենք այն օգտագործում զենքի հայրենական արտադրությունը զարգացնելու համար: Օրերս էլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊՆ նախարարից հետաքրքրվեց, թե ապահովվա՞ծ է մեր բանակը տանկերով, անհրաժեշտ զենք-զինամթերքով, ՀՀ-ն պատրա՞ստ է 6 ամիս մարտական գործողություններ վարել՝ նկատի ունենալով ռազմամթերքի անհրաժեշտ պաշարը:
-Այո, կա որոշակի գիտական ներուժ, բայց կան նաև խնդիրներ, որովհետև զուտ մտավոր ներուժ ունենալը դեռ բավարար չէ զենքի սերիական արտադրություն կազմակերպելու համար: Բացի այդ, պետք է հասկանանք, որ այդ նույն գիտական ներուժը խորհրդային տարիներից այս կողմ բավականին կորուստներ է կրել, շատ մասնագետներ մեկնել են Հայաստանից , կրթական համակարգը լավ վիճակում չէ ու լավագույն կադրերը ստանալով լավ առաջարկներ՝ մեկնում են արտասահման, ստացվում է, որ չենք հասցնում համակարգը համալրել անհրաժեշտ կադրերով:

Բայց հարցի մյուս կողմն էլ կա, եթե անգամ բոլոր ինժեներները, գյուտարարները լինեին Հայաստանում, միևնույն է, սերիական արտադրություն ապահովող համակարգի ստեղծումը շատ լուրջ ու երկար ժամանակ է պահանջում: Օրինակ՝ Թուրքիան, որն այսօր բավականին լավ առաջընթաց ունի գիտության, կրթության, արդյունաբերության ոլորտներում, հսկայական գումարներ է ներդնում սպառազինության արտադրության զարգացման մեջ, դարձյալ շատ բաներ չի կարողանում իրականացնել ու կարևոր հարցերում կախման մեջ է Արևմուտքի քմահաճույքներից: Հետևաբար, խոսելով զենքի հայրենական արտադրության զարգացման մասին, մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք 30, 40, 50 տարիների հետևողական, շատ լուրջ աշխատանքը, այդ թվում նաև ֆինանսական ներդրումները:
Սակայն, դրանով հանդերձ, ասեմ, որ ՏՏ ոլորտի հետ այսօր բավականին աշխատանք է արվում, որոշ սարքեր, զինամթերք ենք արտադրում, այսինքն՝ աշխատանք կա, չնայած դրանք ավելի շատ առանձին ուղղություններով արձանագրված հաջողություններ են:
Ինչ վերաբերում է տանկերին, մենք տանկ չենք արտադրում ու դժվար, թե 20, 30 տարում արտադրենք, բայց մենք ունենք վերանորոգման հարթակներ, այսինքն՝ Հայաստանի գործարաններում կատարվում է զրահատեխնիկայի տարբեր մասերի կապիտալ վերանորոգում: Եվ սա բավականին լուրջ ձեռքբերում է: Այն, ի դեպ, հետևողական աշխատանքի արդյունք է: Մենք ունենք ռազամարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք բավականին լուրջ, նաև միջազգային մակարդակի հաջողություններ են արձանագրում: Բայց դարձյալ պիտի կրկնեմ, եթե ուզում ենք ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել ու զարգացնել՝ աչքներիս առաջ 30-40 տարի պիտի ունենանք: Պատգամավորի հարցադրումը ռազմական գաղտնիք է պարունակում, այնպես որ, եթե անգամ իմանայի, թե ի՞նչ ունենք, ի՞նչ չունենք ՝ չէի ասի:
-Հայաստանի ու Չինաստանի ՊՆ նախարարները վերջերս ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ Չինաստանը Հայաստանին ավելի քան 1,5 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական անհատույց օգնություն կտրամադրի: Նշվում է, որ դրանք լինելու են ՙՙոչ մահաբեր միջոցներ՚՚: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, չինակական զենքի շուկան կարող է՞ մեզ համար այլընտրանք լինել:
-Թե չինական կողմը Հայաստանին ռազմական ի՞նչ օգնություն է տրամադրել, դժվարանում եմ ասել, կարող եմ պարզապես ենթադրել, որ դրանք կարող են լինել օպտիկական սարքեր, զրահաբաճկոններ և այլն: Ինչ վերաբերում է այլընտրանք լինելուն, եթե զարգանան հայ-չինական հարաբերությունները պաշտպանության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, կարծում եմ, որոշ չափով չինական զենքը կարող է դառնալ այլընտրանք: Ինչո՞ւ եմ ասում՝ որոշ չափով, որովհետև այնուհանդերձ, կան որոշակի հանգամանքներ, թեկուզ հենց աշխարհագրական պայմաններից, հեռավորությունից ելնելով մեզ համար շատ ավելի ձեռնտու է Ռուսաստանի հետ աշխատելը: Որոշ առումով կա նաև գնի խնդիր, ինչպես նաև որակի, չնայած հիմա չինական զենքը բավականին որակյալ է:
-Իսրայելը մեծ ծավալի սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Իսրայելական հարվածային անօդաչուները լուրջ խնդիրներ առաջացրին մեզ համար ապրիլյան պատերազմում: Դրանից հետո և՛ Հայաստանում, և՛ Իսրայելում խոսվեց այն մասին, որ Իսրայելը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին: Գինն է պատճառը՞, որ Հայաստանը ձեռնպահ մնալ Իսրայելից սպառազինություն գնել, թե՞ ռուսական կողմը թույլ չի տալիս սպառազինություն ձեռք բերել այլ աղբյուրներից:
-Ենթադրում եմ, որ առաջնայինը գնային գործոնն է: Սակայն այնպես չէ, որ մենք միայն Ռուսաստանից ենք զենք գնում, արդեն մի քանի տարի է գնում ենք նաև այլև երկրներից, հասկանալի պատճառներով չեմ ուզում փակագծերը բացել ու անուններ թվարկել: Պարզապես հիշեցնեմ, որ Չինաստանից ևս մենք ժամանակին սպառազինություն ենք գնել, ու առաջին անգամ չէր, որ մերոնք Չինաստան գնացինք զենքի համար: Իսկ Ռուսաստանը կարող է ինչ-որ հարցերում դժգոհություն ներկայացնել, բայց ցանկացած դեպքում հայկական կողմն առաջնորդվում է նպատակահարմարությամբ: Այդ առումով, ի տարբերություն իսրայելական զենքի, մեզ համար նպատակահարմար է ռուսական սպառազինության ձեռքբերումը:
Հրանտ Բագրատյանը, որը սովորություն ունի տարօրինակ հայտարարություններ անելու, ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցելիս պնդել է, թե Հայաստանը միջուկային զենք ունի: Որքանո՞վ է ճիշտ նման հայտարարություն անելը, ի դեպ, Բագրատյանն արդեն երկրորդ անգամ է այդ մասին խոսում:
-Իմ տեղեկությամբ նա որևէ հարցազրույց չի տվել ադրբեջանական որևէ զլմ-ի, նրան մոտեցել է ադրբեջանական լրագրողն ու ասել՝ եկեք զրուցենք, բայց այդ լրագրողն իր խոստմանը հակառակ զրույցը վերածել է հարցազրույցի: Թե Բագրատյանն ի՞նչ նկատի ունի նման բան ասելով, լո՞ւրջ է ասում, թե՞ անլուրջ, ճիշտ կլինի, որ ինքը պարզաբանի: Բայց, եթե անգամ մենք ունենայինք միջուկային զենք ու ես այդ մասին իմանայի՝ չէի ասի: Մյուս կողմից էլ միջուկային զենքն այնպիսի բան է, որ թաքցնելը բավականին դժվար է, ավտոմատ չէ, ոչ էլ ՙՙԻգլա՚՚ տեսակի զենիթա-հրթիռային համակարգ:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն