- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

<<Ելք>>-ի առաջարկից ո’չ պետք է զարմանալ, ոչ էլ զայրանալ

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
Այս քաղաքական աշունը տարբերվեց նախորդ բոլոր ՙհեղափոխական աշուն՚՚-ներից. այդ հանդարտությունը դրսևորվում է ոչ միայն արտախորհրդարանական դաշտում, այլև խորհրդարանում: Կարելի է ասել, որ իշխանության համար եկել են լավ ժամանակներ. ինչո՞վ է սա պայմանավորված:
-Իրոք, տևական ժամանակ է, որ չկա ներքին լարվածություն, ինչը մեզ միշտ է ուղեկցել, և այսօր իշխանությունն ունի հնարավորություն ազատորեն զբաղվելու արտաքին քաղաքականությամբ, երկրի անվտանգությամբ ու տնտեսական խնդիրներով: Իհարկե, այս հանդարտ իրավիճակն ունի իր բացատրությունը: Խորհրդարանական ընտրություններում քաղաքական յուրաքանչյուր ուժ հասկացավ, թե ի՞նչ հնարավորություններ ունի, իսկ կատարելագործված ընտրական համակարգը հանգեցրեց նրան, որ չեղան հանրային բողոքներ, ժողովուրդն ընդունեց ընտրությունների արդյունքներն ու քաղաքական ուժերը համակերպվեցին իրողության հետ: Դրա համար այսօր չկան նախորդ տարիներին բնորոշ լարումները, չեն հնչում նախկինի կոչերը, թե ՙիշխանությունները լեգիտիմ չեն՚, ՙուժով կվեցնենք իշխանությունը՚ և այլն, ու չեն կարող լինել, քանի որ նման կոչերի հետևից մեր հասարակությունը չի գնա:
Իսկ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է իր ակտիվ աշխատանքով գրավել կառուցողական ընդդիմության դաշտը: Չմոռանանք՝ ժամանակին ընդդիմադիրների մեջ ծավալված դաժան պայքարն ամենաընդդմադիր տիտղոսի համար էր, երբ բոլորը պայքարում էին ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները ստանալու համար: Նախկինում այդ պայքարն արտահայտվում էր գոռգոռալով, մեկմեկու հանդեպ հայհոյախոսություններ շռայլելով, այսօր դա չկա, փոխարենը կա աշխատանաքային նորմալ գործընթաց: Խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերն ուզում են ամրապնդել իրենց ընդդիմադիր տեղը ու այդ մրցապայքարն արտահայտվում է նրանց ակտիվությամբ, այսինքն՝ ով ավելի ակտիվ կլինի, նա էլ կնվաճի խորհրդարանական ընդդիմության դափնին: Ինչպես նկատում եք, ընդդիմադիր պատգամավորներն ակտիվ աշխատում են, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ իրենց հարցերը հնչեցնելով: Այնպես որ, թեպետ խորհրդանում առերևույթ հագիստ է, բայց ներքին պայքար է գնում, թե հասարակությունն ո՞ւմ է վերապահելու ընդդիմության դափնին:
Իսկ ի՞նչ կասեք ընդդիմադիր համարվող ՙԾառուկյան դաշինքի՚ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության առնչությամբ, թե չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը:
-Քաղաքագիտորեն հստակ սահմանված է, թե ո՞ր ուժն է քաղաքական ընդդիմություն համարվում և ո՞րը իշխանություն: Կառավարության ձևավորման գործընթացին մասնակից ուժը, բնականաբար իշխանական ուժ է, այսօր ԱԺ-ում կան երկու ընդդիմադիր ուժեր, որոնք չեն մասնակցել կառավարության ձևավորմանը, ուրեմն, նրանք ընդդիմադիր են, անկախ այն բանից, թե ինչպե՞ս են քվեարկում այս կամ այն հարցում, ինչպե՞ս են վերաբերվում իշխանությանը, իրենց քվեարկություններով օգնո՞ւմ, թե՞ չեն օգնում իշխանության աշխատանքին: Ինչ վերաբերում է ՙԾառուկյան դաշինքի՚ կոալիցիայում լինելուն, ես այսօր դրա որևէ նախանշան չեմ տեսնում: Բայց ինչպես ասաց դաշինքի ղեկավար պարոն Ծառուկյանը՝ որևէ բան չի կարելի բացառել:
Արտախորհրդարանական դաշտի լռությումը փորձեց խախտել ՙԵրկիր Ծիրանիի՚ նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոստանալով ներքաղաքական լարվածություն ստեղծել, ժողովրդին փողոց դուրս բերել ու համակարգը կազմաքանդել:
-Արտախորհրդարանական ընդդիմությունը դեռևս շփոթ վիճակում է, իհարկե այդ դաշտը այդպես երկար չի կարող մնալ, կարծում եմ կակտիվանա, բայց այն կլինի աստիճանաբար: Կգան նոր մարդիկ, անհատներ, նոր քաղաքական ուժեր: Հայտնի խոսք կա, չէ՞, սուրբ տեղը թափուր չի մնում: Սակայն դաշտում եղած ուժերն ու գործիչներն այլևս նոր որակ, նոր արդյունք ստեղծել չեն կարող, ու չեն կարող նաև իրականացնել այն, ինչի մասին անվերջ երազում են: Ես նրանց հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում:
Պատճառները շատ են. նախորդ ընտրությունների ժամանակ հասարակությունը որոշ ընդդիմադիր ուժերի տվեց իր վստահության քվեն, բայց ի՞նչ արեցին նրանք, ինչպե՞ս վարվեցին ժողովրդի քվեի հետ: Խորհրդարան մտան 6 մանդատներով, բայց պառակտվեցին, էլ ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի այդ ուժերին ու անձանց: Հասարակությունը միշտ պատժում է այն քաղաքական ուժին, որի հետևից գնալով փողոց է դուրս եկել, ոստիկանության հետ է ընդհարվել, արել է այն, ինչ իրենից պահանջել են այդ ուժերի լիդերները, մՄինչդեռ նրանք չեն արդարացրել հանրության սպասումները: Եվ այս ընտրություններում ընդդիմադիր հանրությունը պատժեց ՙԺառանգությանն՚ ու ՀԱԿ-ին՝ նրանց չտալով իր քվեն: Հետևաբար, այդ ուժերից, նրանից պոկված քաղաքական բեկորներից նոր քայլեր անիմաստ է սպասելը:
– ԵԱՏՄ-ից դուրս գալու ՙԵլք՚-ի առաջարկը իշխանության որոշ ներկայացուցիչներ համարեցին վտանգավոր նախաձեռնություն է Հայաստանի համար: Իրո՞ք պետք է այդքան լրջորեն վերաբերվել ընդդիմադիր այս փոքր ուժի նախաձեռնությանը:
– Ես զարմանում եմ, որ շատերը զարմանում են ՙԵլք՚-ի նման նախաձեռնության համար: Դրա փոխարեն պետք է կարդալ դաշինքի ծրագիրը, նրա նախընտրական քարոզարշավի բովանդակություն հիշել ու հասկանալ, որ ՙԵլք՚-ն այսօր անում է այն ինչի մասին խոսել է նախընտրական փուլում: Նաև պետք չէ զայրանալ, քաղաքական ուժ է, իր հետևում ունի հասարակական զանգվածներ, ինքն այդ գաղափարով է ընտրություններին մասնակցել ու հասարակությունն էլ նրան իր գաղափարների համար է ընտրել: Այնպես որ, խորհուրդ կտամ և Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս դրան հանգիստ վերաբերվել: Կարծում եք Հայաստանի բնակչությունն 100 տոկոսով ընդունո՞ւմ է ԵԱՏՄ-ի խաղի կանոնները, իհարկե ոչ, եթե այդպես լիներ մենք գործ կունենայինք բռնապետության հետ: Բայց մեր երկիրն ազատ երկիր է, ուր մարդիկ ինչ մտածում են այդ մասին բարձրաձայնում են: Խորհրդարանի ամենափոքր խմբակցությունն իր գաղափարներն է հնչեցնում, ադ իր իրավունքն է: Բայց չէ՞ որ քաղաքական մեծամասնությունը գնացել է ԵԱՏՄ-ին անդամակցման ճանապարհով ու դա արել է գիտակցաբար, տևական աշխատանքի արդյունքում, չնայած ոմանք պնդում են, թե մեկ գիշերում է նման որոշում կայացվել, ասեմ, որ այդ մարդիկ չեն տիրապետում իրականությանը: Մեր բնակչության մեծամասնությունը համաձայն է այդ որոշման հետ, դրա համար էլ իր ձայների գերակշիռ մասը տվեց այն քաղաքական ուժին, որը ԵԱՏՄ անդամակցման կողմնակից է: Ուրեմն, պետք չէ ողբերգություն սարքել և ներսում, և դրսում շեփորներ հնչեցնել ՙԵլք՚-ի տեսակետի հնչեցման համար: Ես ՙԵլք՚-ի առաջարկի մեջ ոչ մի վտանգ չեմ տեսնում, փոքր քաղաքական ուժն իր իր դիրոքորոշումն է արտահայտում, իսկ նրանց դիրքորոշումը չի կարող ազդել մեր պետության արտաքին քաղաքականության վրա, չի կարող ազդել ԵԱՏՄ-ի հետ ունեցած մեր հարաբերությունների վրա:
Կարծիք կա, թե նման առաջարկությամբ հանդես գալու հարցում <<Ելք>>-ին ուղղորդել է իշխանությունը, թերևս ընդունված մեթոդին համաձայն, երբ երկրի համար կարևոր հարցերի շուրջ համագործակցում են իշխանությունն ու ընդդիմությունը:
-Ոչ, սա այդ դեպքը չէ, աշխարհի շատ երկրներում ընդդիմությունը, այո, ազգային պետական հարցերում լուռ, առանց հրապարակավ պայմանավորվածությունների կարող է համաձայնել իշխանության հետ, վերջինիս տալով մանևրելու հանրավորություն, ու դա նորմալ քաղաքական գործընթաց է: Ցավոք մեզ մոտ այդպես չէ: Սա զուտ ՙԵլք՚-ի նախաձեռնություն է: Ինձ զարմացնում է, որ այդպես մտածողներ կան նաև Ռուսաստանում, ես էլ նմաննեին ասում եմ կարդացեք, ուսումնասիրեք ՙԵլք՚-ի նախընտրական ծրագիրը, ու հիշեք, որ ՙԵլք՚ դաշինքի անդամ քաղաքական ուժերը տևական ժամանակ այդ մասին են խոսում, նրանք այդ գաղափարները կրող անձիք են: Եթե մեկ այլ երկրում կարող են նման հայացքների համար ընդդիմության բերանը փակել ու լռեցնել տարբեր մեթոդներով, մեզ մոտ այդպես չի կարող լինել: Այս խոսակցությունների փոխարեն պետք է մտածել ԵԱՏՄ-ում ակտիվ, ճկուն աշխատելու մասին, ԵԱՏՄ-ն լայն հնարավորությունների հզոր դաշտ է մեր երկրի համար:
-Որպես խորհրդային այլախոհ, ի՞նչ կասեք Երևանի փողոցները բոլշևիկ գործիչների անվանումներից ազատելու առաջարկի մասին:
– Ժամանակին երբ այդ գործընթացը սկսվեց մեզանում՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց համարվեց ավարտված: Այսօր ամենևին ժամանակը չէ նման քննարկումների՝ հաշվի առնելով մեր պետության առաջ ծառացած արտաքինից մարտահրավերներն ու ներքին խնդիրները: Իսկ իմ անձնական մոտեցումը հետևյալն է, եթե տվյալ անձն աշխատել է Հայաստանի զարգացման համար, ծառայել է հայ ժողովրդին, անկախ նրանից, թե ո՞ր տարիներին է դա արել ու ինչ քաղաքական կողմնորում է ունեցել, եղել է բոլշևիկ, թե կոմունիստ, ես ընդունում եմ այդ մարդուն: Իսկ եթե քաղաքական գործիչը ԽՍՀՄ տարիներոին իր ունեցած լծակները Հայաստանի դեմ է օգտագործել, ի վնաս մեր երկրի քայլեր է արել, ինձ համար անհասկանալի է, ինչո՞ւ պետք է մեր քաղաքում լինի նրա կիսանդրին կամ նրա անունով փողոց կոչվի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ