Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Ես ավանդական ընտանիքի զավակ եմ, մեր ազգային արժեքների կրողն ու պաշտպանն եմ, և իմ մոտեցումն աստվածաշնչյան է

Սեպտեմբեր 12, 2017թ. 18:54
Ռուզաննա Մուրադյան+

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ  ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

-Հայտնի է, որ մինչ պատգամավոր լինելը դուք զբաղվել եք մանկավարժական  գործունեությամբ ու  տարիներ առաջ ստեղծել եք «Դպրոցկենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Կներկայացնե՞ք, թե այսօր ի՞նչ գործունեություն է իրականացնում հիշյալ միությունը:

 -Մանկավարժությունն ինձ համար հարազատ ու շատ կարևոր ոլորտ է և ես այսօր  դարձյալ զբաղվում եմ մանկավարժությամբ՝ դասախոսելով Երևանի պետական մանկավարժական համալսարանում: «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության  անդամները տարբեր մարզերի դպրոցներ են, այն ՊՈԱԿ-ների միություն է, որի շահառուները մանկավարժներն  ու աշակերտներն են: Միությունը կրթական ցանց է, որն ապահովում է համագործակցություն  մարզերի, քաղաքների, սահմանամերձ դպրոցների միջև: Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են  մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանն ու կատարելագործմանը: Նպաստում է տարբեր մարզերի աշակերտների համագործակցությանը, ստեղծագործական մտքի ու  քննադատական մտածողության զարգացմանը: Կրթական ոլորտին առնչվող հարցերի,  առաջարկների ներկայացման, խնդիրների լուծման գործնական  հարթակ է միությունը, որտեղ գլխավոր դերակատարը հենց իրենք`  մանկավարժներն են:

Կառույցը` համագործակցելով  Կրթության և  գիտության նախարարության հետ, հանդիսանում է կրթական լաբորատորիա, ուր քննարկվում ու  փորձարկվում են նախարարության կողմից ստեղծված ծրագրերի,  դասագրքերի չափորոշիչները:

Որպեսզի առավել պարզ լինի ասելիքս թվարկեմ մեր միջոցառումներից մի քանիսը: Այսօր Մշակույթի նախարարության աջակցությամբ  իրականացնում ենք «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք, որի  մանակիցները հանրապետության բոլոր մարզերի աշակերտներն են:

Ծրագրի նպատակն է նպաստել  9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի ձևավոմանը, ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Հրավիրված փորձագետի կողմից մշակվել է <Հայոց պետական խորհրդանշաններ> խորագրով դասապլան:  Մանկավարժների հետ կազմակերպվել է սեմինար, թե ինչպե՞ս անցկացնել այս դասը,  ինչի արդյունքում  աշակերտները կպատրաստեն հայոց պետական խոհրդանիշերին վերաբերող պաստառներ: Կկազմակերպվի մրցույթ, կընտրվեն լավագույները ու կստանան մրցանակներ: Սա մի ծրագիր է, որը  երեխաների մոտ կձևավորի պետական մտածողություն: Ասեմ, որ սա արդեն իսկ փորձված մեթոդ է, նույն սկզբունքով առաջիկայում կիրականացնենք նաև «Հայ զինվորը…» խորագրով մրցույթ,  ծրագրի նպատակը մեր երեխաներին ռազմահայրենասիրական ոգով  դաստիարակելն է, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացումը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորումը:

Հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են մեր երեխաների  մասնագիտական կողմնորոշմանը: Դրանցից մեկով փորձեցինք աշակետների ուշադրությունը հրավիրել ՏՏ ոլորտի ինժեներական մասնագիտությունների  վրա:

Կազմակերպեցինք նաև <Ես հպարտ եմ> խորագրով  մրցույթ,  հայ երեխան պետք է  իմանա, թե ինքն ինչո՞վ է հպարտ, հասկանա, որ դրանք իր ազգային արժեքներն են, իր արմատներն ու ավանդույթներն են, և գիտակցի, որ պետք է ամուր պահի իր արժեքները ու լինի դրանց ժառանգորդը: Աշխարհը փոփոխվում է, մեր երկիրը պետք է համընթաց գնա տեղի ունեցող  փոփոխություններին, բայց միաժամանակ պարտավոր ենք պահել մեր ինքնությունն ու տեսակը, ամեն ինչ անել, որ այս փոփոխությունների մեջ մեր երեխաները չկորցնեն իրենց ՝ հայի դիմագիծը: Արմատից կտրված ծառը չի կարող առողջ ու բարի պտուղ տալ: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս գաղափարախոսությանը:

Այս հարթակում քննարկվող խնդիրները իմ պատգամավորական ջանքերով գալիս են խորհրդարան ու դառնում օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված կրթության ոլորտի բարելավմանը: Երկրիս հանդեպ ունեցած սրտացավությունն է, որ ինձ մղում է իմ ունակություններն ու հնարավորություններն ի սպաս դնել կրթական ոլորտի զարգացմանը, չէ՞ որ  երկրի զարգացման  հենքը ազգային ամուր դպրոցն է:

րերս մամուլում եղավ մի հրապարակում, որի նպատակը ոչ թե միության կողմից կատարվող այս կարևոր աշխատանքներն օբյեկտիվորեն ներկայացնելն էր, այլ ակնհայտ էր ստվերելու,  ցեխ շպրտելու միտումը: Ինչո՞վ սա կբացատրեք:

-Ցավում եմ, որ կարող են նաև ի հայտ գալ այդպիսի հոդվածներ: Ինձ համար դժվար է ասել,  թե ինչո՞ւ են նման պետականամետ, ազգաշահ միության աշխատանքները երբեմն թիրախավորվում ու քննադատության արժանանում: Ես ուզում եմ, որ մեր ծրագրերը արժանին գնահատվեն, որովհետ դրանք իրականացնում են մեր մանկավարժներն ու աշակետները:

Ցանկացած  քննադատություն պետք է լինի հիմնավոր և օբյեկտիվ: Կրկնում եմ, միության ու նրանում իրականցվող ծրագրերի մասնակիցները,  շահառուները  Հայաստանի  մանկավարժներն ու աշակերտներն են, այսինքն, աշխատանքի հետևում մեկ մարդ չի կանգնած, Ռուզաննա Մուրադյանը չէ, այլ մանկավարժական հանրույթն է:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ունի իր աշխատակազմը՝ տնօրենը, աշխատակիցները, որոնք չնայած ստանում են չնչին աշխատավարձ, սակայն սիրով են աշխատում ու ապահովում բոլոր ծրագրերի, հավաքների, սեմինարների,  նախագծերի իրականացումը, վարում կազմակերպության կայքը:

Նման լայնածավալ աշխատանք իրականացելու համար միության անդամները պե՞տք է վարձատրվեն, թե՞ ոչ:   Ինչպես ասացի, միությունն ունի իր տնօրենն ու աշխատակիցները, իսկ ես  կառույցի գաղափարական ղեկավարն եմ : Ինձ զարմացնում է այն շեշտադրումը, երբ ասվում է, թե կառույցի կողքին կանգնած է պատգամավոր, բայց չէ, որ պատգամավորը հասարկական -քաղաքական գործիչ է:

-Տիկին Մուրադյան, ի  դեպ, մի մեղադրանք էլ է ձեր հասցեին ուղղվել. ձեր անունը փորձել են կապել ինչ- որ մի գրքույկի տպագրման հետ, որտեղ պաշտպանվում են սեռական փոքրամասնությունների իրավունքները և այդ գրքույկը փորձ է արվել ուղարկել դպրոցներ: Ճիշտն ասած, ձեր հասցեին ուղղված այս մեղադրանքը շատերի վրդովմունքն է առաջացրել: 

– Ցավում եմ, որ պետք է պատասխան տամ մի բանի համար, որի անգամ գաղափարը դեմ է իմ մտածողությանն ու արժեհամակարգին: Նման գրքույկ մեր կողմից չի տպագրվել: Կարևորում եմ մարդու իրավունքերի պաշտպանությունը, հարգում եմ բոլորի իրավունքները, բայց ես ուզում եմ, որ ուրիշներն էլ հարգեն իմ իրավունքները,  այն արժեհամակարգը, որի կրողը ես եմ: Ես ավանդական ընտանիքի զավակ եմ ու մեր ազգային  արժեքների պաշտպանը: Եվ իմ մոտեցումը նաև աստվածաշնչյան է: Հետևաբար, ես իմ գործունեությամբ,  իմ մտածելակերպով չեմ կարող ոչ ավանդական արժեքների քարոզ իրականացնել:

Անկախ նրանից, թե ո՞ւմ է դուր գալից, ո՞ւմ՝ ոչ, սա է իմ  գաղափարախոսությունը ու ես դրանով եմ առաջնորդվում, քանի որ սա՛ է ազգանպաստը, սա՛ է պետականամետը: Այս գործունեությունն է  իրականացվում մեր կազամակերպության կողմից, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ այս միության մեջ պատահական մարդիկ չեն հավաքվել: Նրանք հայ մանկավարժներ են, որոնց վստահված է մեր երեխաների կրթության գործընթացը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՅՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն