Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ո՞րն է ընդդիմադիր դաշտի լռության պատճառը

Սեպտեմբեր 8, 2017թ. 15:51
Ալեն Ղևոնդյան

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ

Արտախորհրդարանական քաղաքական դաշտում տարօրինակ լռություն է. խոհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո ընդդիմարդիր հատվածը դեռ ուշքի չի գալիս, գուցե սա՞ է նրանց անգործության պատճառը, թե՞ քաղաքականապես ու հասարակական վստահության առումով այլևս սպառված են:
-Ստեղծված իրավիճակն ունի տարբեր պատճառներ, տարբեր կուսակցությունների, անհատ գործիչների պարագայում լռության պատճառները տարաբնույթ են: Ազգային ժողովի ընտրություններից հետո հստակ տեսանելի դարձավ, որ քաղաքական դաշտում կա մեկ զորեղ, ֆինանսապես կարող, կադրային առումով առավել մասնագիտացված, կազմակերպչական առումով, ի տարբերություն մյուսների, առավել կազմակերպված ուժ, դա ՀՀԿ-ն է:

Նաև ունեցանք ուժեր, որոնք քաղաքական շահերով պայմանավորված՝ մտան կառավարության մեջ, ստացան քաղաքական պորտֆելներ, ինչը ես քաղաքական տեսանկյունից նորմալ գործընթաց եմ համարում: Մյուսները վերախմբավորվեցին ու փորձեցին իրենցով անել ընդդիմադիր դաշտը: Նրանցից ոմանց դա հաջողվեց: Ի դեպ, ունենալ գործուն ընդդիմություն՝ Հայաստանի համար շատ կարևոր հանգամանք է:

Իսկ ո՞րն է ներկայիս քաղաքական լճացման պատճառը. հանգամանքները բազմաթիվ են: Նախ, 2016-ի ապրիլյան դեպքերից հետո ներքաղաքական մշակույթը փոխվել է, կա այն ընկալումը, որ արտաքին մարտահրավերներն այնքան սուր են, որ պետք է զերծ մնալ ներքաղաքական պառակտումների նախկին մոդելներից: Երկրորդ, մենք ունենք գաղափարների պակաս, մեզանում չկա քաղաքական դիրսկուրս՝ բանավեճ: Ինչն անգամ բացակայում էր ընտրական գործընթացների ժամանակ: Եվ սա վկայում է դեգրադացված քաղաքական վարքի մասին: Ու մեր ընտրողը, փաստորեն, գնաց և ընտեց ինչ-որ մարդկանց՝ չիմանալով, թե կարևոր հարցերի վերաբերյալ նրանք ինչպիսի՞ մոտեցում ունեն ու ինչպե՞ս են կարողանում փաստարկել իրենց հնչեցրած հայտարարությունները:

Երկրորդ, մենք ունենք քաղաքական հասունության շոշափելի պակաս, և դա կա ինչպես ընտրողների, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի մոտ: Ցավալին այն է, որ այդ կուսակցություն կոչվածների մի մասն իրականում կուսակցություններ չեն, այլ քաղաքական խմբակներ, լոբբիստական կազմակերպությանը բնորոշ գործելաոճ ունեցող միավորումներ: Դրա համար էլ մեզ մոտ գաղափարական քաղաքական կյանքն այսչափ պասիվ է:
Ինչո՞ւ 25 տարիների ընթացքում մեզ այդպես է չի հաջողվում ստեղծել գաղափարական ընդդիմադիր դաշտ, որն ի զորու կլինի երկրի, ժողովրդի համար օգտակար, ընդունելի քաղաքական օրակարգ ձևավորել: Գուցե պատճառն այն է, որ քաղաքական կուսակցություններ ստեղծում են մարդիկ, որոնք իրականում շատ հեռու են քաղաքականությունից, իսկ ընդդիմադիրի կեցվածք ընդունում են նրանք, ովքեր պաշտոն են կորցրել ու խիստ ՙՙնեղվել՚՚ իշխանությունից:
-Ինչ-որ առումով ձեզ հետ համաձայն եմ: Բայց այն, որ մեր քաղաքական ընկալումներն այսպես են զարգացել, կնշանակի մեր հասարակության համար սա է եղել օրինաչափը: Չեմ կարծում, որ եթե քաղաքագիտական կրթություն ունեցող մարդիկ մտնեն քաղաքականություն, ապա քաղաքական որակները կբարձրանան: Իհարկե, չնայած մասնագիտական մոտեցումը կարևոր է, բայց առանց բնականոն զարգացման, այսինքն՝ առանց հասարակական պահանջարկի որևէ արդյունավետ, տրամաբանական զարգացում լինել չի կարող: Գործարարները, նախկին չինովնիկները, նախկին զինվորականները, կամ մարդիկ, որոնք շահերի բավարման խնդիր ունեն, ցանկանում են ակտիվ դաշտում լինել ու սկսում են զբաղվել քաղաքականությամբ: Հաճախ քաղաքականությամբ զբաղվում են նաև շառլատանները: Բայց հասարակությունն ինքը պետք է որոշի՝ ո՞ւմ հետ պետք է կապի իր ապագան՝ թաղային հեղինակությա՞ն, նախկին չինովնիկի՞, գիտնականի՞, թե գործարարի՞: Ու քանի որ մեր քաղաքացին քաղաքական գիտակցության տեսանկյունից չունի հստակ մոտեցումներ նա կարող է գնալ ու կանգնել թաղային հեղինակության կողքին: Եվ հետո մեզանում քաղաքական դիրսկուրսը գաղափարականացված չէ, այն անձնավորված է, այսինքն, եկողը գալիս է իր մարդկանց հետ, հետո այդ թիմը գնում է, գալիս է մյուսը: Այսինքն, գաղափարական մրցակցություն չկա, օրինակ, նախկին կամ ներկա ընդդիմությունը երբևէ առաջարկել է՞ կամ ցույց տվե՞լ է առավել արդյունավետ կառավարման ճանապարհ, իհարկե՝ ոչ, ու դա շատ վատ է: Քանի որ չկա գաղափարական դիրսկուրս, քաղաքացին չի էլ հասկանում՝ ո՞ւմ առաջարկած ճանապարհն է ավելի մրցունակ: Երբեմն մեր քաղաքացին ունակ էլ չէ օբյեկտիվ գնահատելու իրավիճակը: Այս ամենով պայմանավորված՝ ընդդիմադիր դաշտում նման ցավալի վիճակ է:
Քննադատության սլաքը, փաստորեն, ուղղեցիք հասարակությանը, բայց չե՞ք կարծում, որ քաղաքական օրակարգեր ձևավորում են ոչ թե քաղաքացիները, այլ քաղաքական ուժերը, գործիչները, որոնք էլ առջևից գնացողը պետք է  լինեն: Մինչդեռ մեզանում չկա այն ընդդիմադիր ուժը, որն ունակ է օրակարգ ձևավորելու և իր հետևից ժողովուրդ տանելու. սա է խնդիրը:
-Իհարկե, ես սլաքը ոչրէ կողմին չեմ ուղում, բայց ստեղծված իրավիճակում միայն մեկ կողմը չի լինում մեղավորը, իսկ քաղաքական օրակարգը սահմանվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ու քաղաքացին ինքն է գնում կողմնորոշիչ լիդեր ունեցող խմբավորումների հետևից:

Մեզ մոտ քաղաքացին է իշխանության առաջնային կրողը և ինքն է որոշողը՝ ո՞ւմ հետևից և ինչո՞ւ գնալ: Եվ վատն այն է, որ մեր քաղաքացին միշտ չէ, որ քաղաքական դաշտում ճիշտ է կողմնորոշվում, ու ճիշտ  ճանապարհով է գնում: Մարդիկ կարող են քննադատել ինչ-որ ուժի, գործիչի, բայց ընտրությունների ժամանակ գնալ ու ընտրել այդ նույն ուժին,  որի մոտեցումներին անգամ ծանոթ չեն իրեն ու լիդերից էլ դժգոհ են՝ տարօրինակ է: Սա հենց փաստում է քաղաքական գիտակցության պակասի մասին: Բայց այս փոփոխությունը մեկ օրում չի եղել: Լիդեր հռչակված մարդիկ տարիներ շարունակ իրենց ոչ ադեկվատ պահվածքով չեն նպաստել, որ քաղաքացիների մոտ քաղաքական գիտակցության բյուրեղացված նշույլներ ի հայտ գան, չեն նպաստել, որ  քաղաքացին հասկանա՝ ինչո՞ւ և ո՞ւմ կողքին է կանգնելու և մինչև ե՞րբ է կանգնելու: Սա ամենակարևորն է, և այն, որ մենք ունենք հուսահատական վիճակ՝ նաև սրանով է պայմանավորվում:

Քաղաքական ուժերը գալիս բազմաթիվ խոստումներ են տալիս, բայց դրանք չեն կարողանում իրականացնել, ու քաղաքացին հերթական հիասթափությունն է ապրում,  չնայած դրան՝ հաջորդ ընտրություններին նորից գնում և նույն մարդուն է ընտրում: Ո՞վ խանգարեց նրան իր ընտրությունը կատարելու, ոչ ոք, իսկ եթե անգամ եղել են խանգարողներ, ուրեմն, պետք է պայքարել, չէ՞ որ դա է քաղաքական պայքարի էությունը՝ կանգնել նախընտրածդ լիդերի, թիմի ու նրա ծրագրի կողքին: Սա մեզանում չկա, որովհետև քաղաքական կամքը կաղում է:
-Մինչ անգործության են մատնված ժամանակին իրենց ընդդիմության լիդեր հռչակած ուժերը, ՙՙմեյդան՚՚ է ուզում գալ ՙՙՍասնա ծռեր՚՚ կոչվող քաղաքական միավորումը. մտմտում են օգտվել ձգձգվող, անհաջող դատական գործընթացից ու այն վերածել քաղաքական օրակարգի՝ ժողովրդին փողոց դուրս բերելու և երկրում ներքաղաքական լարվածություն ստեղծելու նպատակով:
-ՙՙՍասնա ծռեր՚՚-ը արհեստական միավորումն է, այն չունի քաղաքական ռեսուրս, չունի քաղաքական հեռանկար: Այնպիսի տպավորություն է, որ ՙՙՍասնա ծռեր՚՚-ի դատական գործընթացը ևս փորձ է արվում խափանել, ինչ- որ սկանդալներ ստեղծել: Չեմ կարող պնդել, որ դա իրոք ծրագրավորված է, քանի որ չունեմ լիարժեք ապացույցներ, բայց երբ մենք դիտարկում ենք դատական նիստերը հասկանում ենք, որ  կա հետևողական գործընթաց, կա ձգձգելու խնդիր:

Մարդիկ, որոնք դատական գործընթացի մեջ են, հավանաբար, Հայաստանից դուրս ունեն քաղաքական թիմակիցներ, և միգուցե ունեն ինչ-որ նպատակ: Իսկ դա կարող է լինել հենց քաղաքական օրակարգ ձևավորելը կամ քաղաքական դաշտում առկա ուժային հարբերակցությունը հօգուտ իրենց փոխելը:
Այնուհանդերձ, իրենք չունեն այդքան ռեսուրս, հնարավորություն ու անհրաժեշտ կազմակերպվածություն: 2016-ին նրանց կատարածը էմոցիոնալ քայլ էր ու քաղաքական ռեացիոնալիզմի տեսակետից միշտ չէ, որ նման քայլերը հիմնավոր են: Ինչի՞ հասան նրանք. դարձան ճանաչելի, բարոյական արդարության իրենց ընկալումը փորձեցին հասցնել քաղաքացուն, և իհարկե, փորձեցին քաղաքական հայտ ներկայացնել: Սակայն այդ հայտը քաղաքական զարգացում չի ունենա, փոխարենը կարող է նպաստավոր լինել սկանդալների սիրահարների համար կամ օգտագործվել երրորդ երկրների կազմակերպությունների կողմից: Իսկ ՙՙՍասնա ծռեր՚՚-ի շուրջ տեղի ունեցողը քրեական գործընթաց է, ու որքան էլ նրանք փորձեն դիրքավորվել քաղաքական տիրույթում, չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի:
Ընտրությունների արդյունքում ի հայտ եկավ մի նոր ընդդիմադիր ուժ՝ ՙՙԵլք՚՚ դաշինքը, որն այսօր ձգտում է դառնալ խորհրդարանի առանցքային ընդդիմադիր դերակատարը: Իսկ արտախորհրդարանական դաշտում նոր ուժի ի հայտ գալու նշաններ կամ սաղմեր նշմարո՞ւմ եք:
-Ցանկացած նոր ուժ երկու ճանապարհով է ձևավորվում. կամ վերևից նախկին չինովնիկները, գործող քաղաքական գործիչներ ձևավորում են ինչ-որ թիմ, կամ ստեղծվում է ներքևից՝ հանրային պահանջմունքի համաձայն: Թե վերևից ի՞նչ ուժ է ուզում ձևավորել՝ տեղյակ չեմ, իսկ ներքևից, հանրային պահանջմունքի տեսանկյունից, չեմ բացառում, որ հասարակությունը կցանկանար երկրում տեսնել այլընտրանքային ուժ:

Սակայն այս փուլում արտախորհրդարանական դաշտում ես նման գործընթաց չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ՙՙԵլք՚՚-ին, այս դաշինքի ձևավորումը ես դրական եմ համարում, քանի որ պետության կայացման տեսանկյունից մեծ է ընդդիմության դերը: Ընդդիմությունն է իշխանությանը մոնիթորինգի տակ ու զգաստ պահողը: բ

Բայց ցավոք, մեզանում ընդդիմությունը շատ ավելի հիասթափեցնող ինստիտուտի է վերածվել, քան ժողովրդի ակնկալիքներն իրականացնող քաղաքական լուրջ ու սկզբունքային ուժի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն