Գլխավոր » Interview, TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Մենք բոլորս պետք է աջակցենք կառավարությանը, որպեսզի վերջինս, իրոք, կարողանա իրականացնել տված խոստումներն ու ժողովրդի սպասելիքները

Սեպտեմբեր 7, 2017թ. 22:11
Աշոտ Թավադյան +

Հարցազրույց տնտեսագիտության տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նշանակվելով Հայաստան Հանրապետության վարչապետ հայտարարեց՝ Հայաստանի տնտեսության վիճակը վատ է, շա՜տ վատ, ու շեշտեց՝ անելիքները շատ են, ապա տարբեր ոլորտների առնչությամբ խոստումներ տվեց: Ի՞նչ հասցրեց այս մեկ տարում շտկել կառավարությունը տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններում:
-Քաղաքականությունը, մասնավորաբար, տնտեսական քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իհարկե, դրան գումարած հստակ հաշվարկը, կազմակերպչական լուրջ աշխատանքն ու պետական մտածելակերպ ունեցող մասնագիտական թիմը: Կարծում եմ, մեկ տարում այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, սակայն միանգամից մեծ արդյունքի հասնելը դուրս է անգամ հնարավորությունների արվեստից: Այնուհանդերձ, արդյունքներն իրապես դրական են. կա տնտեսական ակտիվության աճ՝ 6, 1 տոկոս,արդյունաբերության աճ, որը կազմում է 12 տոկոս: Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր ցուցանիշ է արտահանման աճը, իսկ այստեղ մենք ունենք 22 տոկոս աճ, դեպի Ռուսաստան այն կազմում է 24 տոկոս: Ի դեպ, Ռուսաստան հիմնականում պատրաստի արտադրանք է արտահանվում:

Հաջորդը. պետական բյուջեի մասով ևս ունեք 7 տոկոս աճ՝ անցած տարվա համեմատությամբ: Այդ մասին թվերն են փաստում: Չնայած պետական բյուջեի ծախսային մասը 100 տոկոսով չի կատարվել, բայց դա պայմանավորված է պակասորդի ոչ լրիվ բավարարվածությամբ, պակասորդը հիմնականում ծածկվել է արտաքին աղբյուրների հաշվին: Այս խնդիրը միշտ էլ եղել է մեզանում, ու դա կախված չէ կառավարության կատարողականից:

Նկատենք նաև, որ դրամաշնորհներն ընդամենը 30 տոկոսով են կատարվել, նույնը պետք է ասել արտաքին վարկերի մասով, որոնք զգալի թիվ են կազմում:

Ի դեպ, արտաքին պարտքն արդեն մոտենում է 6 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը, ինչը խիստ մտահոգիչ է, չնայած մասնագետները շարունակում են պնդել, թե՝ խնդիր չկա:
– Այնպես չէ, որ խնդիր չկա: Պետական պարտքը կազմում է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար, որից 4,3 մլրդ-ը, այսինքն՝ 80,5 տոկոսն արտաքին պարտքն է, իսկ 19, 5 տոկոսը՝ ներքին: Ինչպես տեսնում եք, արտաքին պարտքի բաժինն էապես բարձր է, ու սա է մտահոգիչը, շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք հակառակ պատկերը: Այստեղ մենք էական քայլեր ունենք անելու: Չնայած հիմնականում արտոնյալ են մեր վարկերը, բայց միևնույն է, դրանք որոշակի խնդիրներ են ստեղծում թե՜ նպատակի, թե՜ կառուցվածքի առումով:

Ես ոչ այնքան այս թվերն եմ կարևորում, որքան պետական պարտքի կառուցվածքը: Ինձ համար առաջնայինը վարկի արդյունավետությունն է, եթե հստակ որոշված է վարկի նպատակը, հստակ հաշվարկված են մեր ակնկալիքները և մենք տեսնում ենք, որ արդյունավետությունն էականորեն գերազանցում է կատարվելիք ծախսերը, ուրեմն կարելի է այդ վարկը արդյունավետ համարել: Բերեմ կոնկրետ օրինակ, եթե մեզ վարկ են առաջարկում երկրի պաշտպանության համար անհրաժեշտ ռազմամթերք գնելու, այստեղ ակնհայտ է նպատակն ու արդյունավետությունը, մենք չենք կարող նման վարկից հրաժարվել:

Այսինքն, պետության համար կան առաջահերթ խնդիրներ: Ոչ թե պետք է վարկերից առհասարակ հրաժարվել, այլև ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց արդյունավետության ու նպատակասլացության վրա: Եվ իհարկե, հրաժարվել այնպիսի վարկերից, որոնց արդյունավետությունն այնքան էլ հստակ չէ: Կարծում եմ, այս խնդիրները լուծելու համար որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա:

-Վարչապետ Կարապետյանի հիմնական խոստումներից մեկը վերաբերվում է դեպի Հայաստան ներդրումներ բերելուն: Դրա համար գործարարների խումբ ստեղծվեց, որտեղ ներգրավված են հիմնականում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, սակայն առանձնապես գործը տեղից չի շարժվում, ինչո՞ւ:

-Եթե Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները մեր պատրաստի արտադրանքի արտահանման վրա ազդեցություն չի թողնում, ապա ներդրումների առումով, մենք զգում ենք որոշակի սահմանափակումներ: Ուրեմն, ասել, թե ներդրումների դանդաղումը միայն կառավարության քայլերից է կախված, այդպես չէ, պատժամիջոցներն իրենց ազդեցությունը թողել են: Բացի այդ,  հարցի լուծումը միայն կառավարության խնդիրը չէ, այլ ողջ պետության, այդ թվում և Ազգային ժողովի, հարկավոր է տնտեսական օրենսդրության մեջ որոշակի փոփոխություն կատարել: Տեսեք, մեր բոլոր արդյունավետ աշխատող կազմակերպությունները փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ) են, իսկ ամբողջ աշխարհում հայտնի բան է, եթե կազմակերպության արդյունավետությունը շուկան չի գնահատում այդտեղ ներդրումներ անելը դժվարանում է: Այնպես որ, եթե մենք չանցնենք բաց բաժնետիրական ընկերությունների (ԲԲԸ), ապա խնդիրներ կունենանք:

Ինչ վերաբերում է գործարարների խմբի ստեղծմանը, ապա այն ստեղծվեց որպեսզի արտաքին ներդրողներին ցույց տրվի դեպի Հայաստան կատարվելիք ներդրումների առավելությունը: Կառավարությունը լուծել է տեղեկատվական ու գովազդային խնդիրը, իսկ դա քիչ գործ չէ: Սակայն նշանակալից արդյունքների հասնելու համար այլ հանգամանքներ կա, իսկ դա այն է, որ Հայաստանը կարող է լինել կապող օղակ՝ ԵԱՏՄ-ԵՄ, ԵԱՏՄ-Իրան և ինչ-որ չափով ԵԱՏՄ-Չինաստան ուղղություններում: Այստեղ պետք է հաշվի առնել, որ և Չինաստանում, և՛ Ռուսաստանում բավական մեծ է ադմինիստրատիվ գործոնի դերը, ու այլ պետություններ օգտագործում են նաև այս ռեսուրսը, ինչո՞ւ մենք ևս չօգտագործենք այն:

-Վարչապետը հայտարարեց կառավարման մշակույթի փոփոխության մասին, շեշտելով, որ առանց ստվերի, առանց բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի երկրի զարգացման ճանապարհը չի տեսնում: Այս ուղղություններով արված մեկ տարվա քայլերն ինչ-որ արդյունք տվե՞լ են:
-Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այստեղ լուրջ արդյունքներ գրանցենք: Մեր երկիրը ՚՚Թրանսփարենսի ինթերնեշնլ՚՚ հակակոռուպցիոն կենտրոնի ցանկում գոնե պետք է լինի 60- 70-րդ տեղերում, հակառակ դեպքում ներդրումների առումով լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ի դեպ, նման միջազգային կառույցների ցանկերում ավելի ցածր դիրքում գտնվելով ապրանքի գինը մոտ 5 տոկոսով թանկանում է, իսկ դա մրցունակության առումով բացասական գործոն է, ինչը հաշվի են առնում ներդրողները:

Խիստ կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է նշեմ, որ այն միայն կառավարության խնդիրը չէ, առավել ևս, այն մեկ անձի՝ միայն վարչապետի լուծելու խնդիրը չէ, այլ պահանջում է ողջ պետական համակարգի, այդ թվում և հասարակության ակտիվ աջակցությունը: Մենք՝ մասնագետներս ևս պատրաստակամ ենք աջակցել կառավարությանը, նաև լուծման մեթոդներ առաջարկել: Մի խոսքով, այստեղ կա բոլորիս համատեղ, նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը: Միայն այդպես հարցերը կլուծվեն:

Կառավարության աշխատանքի լավագույն գնահատականը տվողը ժողովուրդն է, և ուրեմն, մեր ժողովուրդն ի՞նչ փոփոխություն զգա՞ց այս մեկ տարում: Վարչապետի հետաքրքիր աշխատաոճը վստահություն ու իր խոսքով՝ ՙՙդուխ՚՚ ներշնչե՞լ է մեր ժողովրդին:

-Իհարկե: Կառավարության աշխատաոճը, կարելի է ասել դրական ազդակ է: Կառավարության աշխատանքը պետք է հստակ անդրադառնա ժողովրդի վրա, իսկ ինչպե՞ս է ժողովուրդը որոշում այդ աշխատանքի արդյունավետությունը: Դա բնականաբար, պետք է արտահայտվի աշխատատեղերի ստեղծմամբ, զբավածության մակարդակի, իրական աշխատավարձերի ու կենսաթոշակների աճով, արտահանման աճով, սրանք այն ազդակներն են, որոնք փաստում են՝ պետության ներսում լուրջ զարգացում կա: Ժողովուրդը պետք է տեսնի, որ իր արտադրած արտադրանքն արտահանվում է, իսկ դա նշանակում է կա զբաղվածության աճ, ներքին սպառման աճ: Կառավաությունը խրախուսում է ներկայացվող ծրագրերի իրականացմանը, նպաստում գյուղացու բերքի արտահանմանը, դրանով իսկ նրա եկամուտների արվելացմանը: Տեսնում ենք, որ գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում ևս կառավարությունը վճռականորեն է տրամադրված:
Իհարկե, այս բոլոր ուղղություններով դեռ մեծ անելիքներ կան, բայց կառավարությունը հայտարարել է՝ ներուժ է հավաքում, որպեսզի կարողանա այս հարցերը լուծել: Եվ ես կարծում եմ, մենք բոլորս պետք է աջակցեն կառավարությանը, որպեսզի վերջինս, իրոք, կարողանա իրականացնել իր խոստումներն ու ժողովրդի սպասելիքները:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն