Գլխավոր » TOP, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն

Ների՛ր, Զորավար, որ քեզ հիմնականում հիշում են զենքին ընկերացած տղաները, իսկ մյուսները՝ առիթից առիթ, թեև դու Հայաստանը առանց առիթի ես սիրել

Սեպտեմբեր 1, 2017թ. 12:42
Անդրանիկ զորավար

Այսօր Անդրանիկ Զորավարի հիշատակի օրն է, կամենում եմ մի նկատառում արտահայտել… Քանի որ «հայի չափը անչափն է», սիրում ենք ամեն ինչ բևեռացնել, հրեշ ու հրեշտակ, սև ու սպիտակ ներկայացնել, հենց այդ տրամաբանությամբ էլ գնահատում ենք Անդրանիկ Զորավարին:

Նրան պաշտողները ներկայացնում են որպես Աստված, իսկ ամեն ինչում սև կետ որոնողները Անդրանիկին իջեցնում են իրենց մակարդակին ու քննադատում, նույնիսկ մեղադրում՝ առանց հիմնավորելու որևէ փաստարկ: Նախապես ասեմ, որ ես Անդրանիկապաշտ եմ, պապիս կյանքը ինքն է փրկել և իր հետ բելել Սասունից: Ազգ է փրկել… Կյանքով պարտական եմ իրեն, բայց ես մեծ Զորավարին պաշտում եմ ոչ որպես Աստված, այլ իրև հերոս, մեծ հայ, ամեն ինչ, բայց ոչ Աստված, որովհետև աստվածները հեռու են մարդուց, անքննելի են, անհասանելի և մարդկանց տագնապները չլսող, իսկ Անդրանիկը Մարդ է, մեզանից, մեզ լսող, մեզ փրկող, մեր կողքին, մեզ չմոռացող…

    Ի վերջո՝ անհասանելի ու առեղծվածային կուռք չդարձնենք, այլ պահենք որպես ազգի հերոս, որպես նվիրյալ, որպես Անդրանիկ Փաշա… Ժողովուրդն այդպես է նրան սիրել… Կարևորը արժևորման և գնահատման կարգավիճակը չէ, այլ նրա գաղափարները և կիսատ գործը շարունակելու հավատամքը: Արցախյան պատերազմի նահատակները այդ հավատամքը ունեին, որ չլքեցին դիրքերը մինչև վերջին շունչը, իսկ ապրողներիս մի մասը մի շնչով մոռանում է ցավագալար Հայրենիքը՝ հանուն հարստության ու ստամոքսապաշտ կենցաղի…


Մեծագույն ցավ եմ ապրում, երբ կիսագրագետ մեկը, անգամ չկայացած պատմաբաններ սկսում են մեղադրել Զորավարին, նույնիսկ հայրենասիրության դասեր տալ: Իսկ մի՞թե խելոք երևալու ուրիշ հարմար միջոց չկա… Թեև դեմագոգները սիրով օգտվում են բոլոր միջոցներից…

   Ների՛ր, Զորավար, որ քեզ հիմնականում հիշում են զենքին ընկերացած տղաները, իսկ մյուսները՝ առիթից առիթ, թեև դու Հայաստանը առանց առիթի ես սիրել, ամեն օր, ամեն ժամ ու ամենուր… Ների՛ր, Զորավար… Ախր ո՞ր մեկը ներես… Ազգային ամոթը թշնամուց ավելի ծանր է…

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն