- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մենք դատապարտված ենք լուծելու մեր առաջ կանգնած այս մարտահրավերը

Համազգային մտահոգության առաջնահերթ հարցերից է արտագաղթը, որը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք: Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ մեկ ամիս առաջ ամփոփեց ու հրապարակեց 2017-ի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները: Արդյունքում այսպիսի պատկեր արձանագրվեց. մեր երկրում մշտական բնակչության թվաքականը, հուլիսի մեկի դրությամբ, կազմում է 2 979 900 մարդ. բնակչության թիվը հունվար ամսի համեմատությամբ 6200-ով նվազել է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 15 200-ով: Մահացության թվերն աճում են, ծնելիությունը նվազում, իսկ միգրացիայի մնացորդը՝ մեծանում. այն կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այս ընթացքում 8 700 մարդ Հայաստանից մեկնել և չի վերադարձել: Մեկ փաստ ևս. 2008-ից մինչև 2017-ը Հայաստանի բնակչությունը պակասել է 250 000 մարդով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնողների թիվը անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին:

Արտագաղթի դեմքը առավել սարսափելի է մայրաքաղաքից դուրս՝ գյուղական բնակավայրերում, ուր հյուրընկալ հայ գյուղացու փոխարեն տան շեմին դիմացդ ՙկտրում են՚ փայտե խաչերով կամ մեծ կողպեքներով ամրացված անհյուրընկալ դռները: Վիճակագիրներն արձանագրում են՝ մեր բոլոր գյուղական համայնքները ծերանում են, որովհետև գյուղերում տարեցները մեծ թիվ են կազմում: Սա անշուշտ ռազմավարական առումով լուրջ սպառնալիք է, մանավանդ, երբ խնդիրը վերաբերում է սահմանային գյուղերին, իսկ մեր գյուղերի զգալի մասը սահմանային է: Ուրեմն՝ պահպանել գյուղը նշանակում է պահել սահմանը, իսկ սահմանամերձ գյուղը պահողն առաջին հերթին այնտեղ ապրող ու այն շենացնող հայ գյուղացին է:

Ինչո՞ւ են հայերը հեռանում Հայաստանից, ինչո՞ւ են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները նախընտրում ապաստանել այլ երկրներում. պատճառները շատ են ու տարբեր, կարելի է երկար թվարկել: Հետազոտողները համարում են, որ արտագաղթը, որպես բազմաշերտ երևույթ հնարավոր է ճիշտ գնահատել միայն ուսումնասիրությունների միջոցով, քանի որ միայն այդպես կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվություն և տալ հստակ գնահատական: Սակայն պատկերն այնքան պարզ է, որ անգամ հատուկ ուսումնասիրությունների կարիքը չկա, բավական է շրջել Երևանի փողոցներով, զրուցել, մասնավանդ, ճամպրուկները հավաքածների կամ էլ հայրենիքի կարոտով ժամանակավորապես Հայաստան եկածների հետ, ու պատկերը կամբողջանա:
Շատերն են խոսում արդարության պակասից, անշուշտ, սա արտագաղթը խթանող առանցքային հանգամանքներից է, բայց այստեղ կա նաև ակնհայտ հակասություն, երբ պարզում ես, թե դեպի ո՞ւր, ո՞ր երկիր են արտագաղթում տեղական արդարության պակասից ՙխեղդվողները՚. նրանց հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ու պարզ հարց է առաջանում, իսկ արդա՞ր երկիր են մեկնում մեր հայրենակիցները:

Կա մի շերտ ևս, որը պարզապես արտագաղթելու մեծ ցանկություն ունի՝ առանց պատճառների:

Չնայած արտագաղթում են նաև հարուստները, սակայն արտագաղթի պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական տիրույթում են. բարվոք կյանքով ապրելու հնարավորությունների, աշխատանքի և բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայություն, տնտեսական կամ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու դժվարություններ, ներդրումային անբարենպաստ ՙկլիմա՚: Մարդիկ մեկ առ մեկ թվարկելով սոցիալ-տնտեսական խնդիրներն ասում են՝ հայը թասիբով է, ունի լավ ապրելու ձգտում, ուզում է իր ընտանիքը լավ պահել, բայց նա հաճախ անկարող է լինում ընտանիքի անդամների համար բարեկեցություն ստեղծել սեփական երկրում և ստիպված բռնում է արտագաղթի ճամփան:
Այս ամռանն էլ հայրենիքին խիստ կարոտած ու արտերկրից մեկ ամսով որպես <տուրիստ> Հայաստան ժամանած մեր հայրենիակիցներից շատերից նույն խոսքերը լսեցի՝ <Օտարության մեջ մեր երեխաները չունեն ապագա, եթե աշխատանք լինի, անպայման կվերադառնանք, ինչո՞ւ ենք մնում դրսերում, Հայաստանից լավ տեղ հայի համար չկա>: Հիմա ավելի շատ եմ հանդիպում այսպիսի հայերի, որոնք օտարության մեջ ապրելով համոզվել են՝ օտարի հողը իրենց ոտքի տակ ամուր չի կարող լինել, դրսի ձայնը քաղցր է, բայց իրականությունը շատ հաճախ դառն է, ու միշտ չէ, որ բախտը ժպտում է նրանց: Դրա համար շատերը որպես զբոսաշրջիկ գալով Հայաստան միաժամանակ աշխատանքի փնտրտուքի մեջ են:
Մեկ այլ երևույթ էլ կա, երբ արտագաղթում են սոցիալական դժվարություն չունեցող ու լավ վաստակող անձինք, առավելապես ակտիվ երիտասարդները: Դուրսը նրանց մագնիսի պես ձգում է՝ ուղեղների ներհոսք կազմակերպելով: Հայտնի է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է փոփոխել <<Գրին քարտ>> ստանալու ներկայիս համակարգը, համաձայն որի,  կտրվի այն անձանց, որոնք ունեն մասնագիտական բարձր հմտություններ, շատ լավ են տիրապետում անգլերենին, ունեն սեփական ծախսերը հոգալու հնարավորություն և կարողություն: Իսկ մեր նման երկրներն ուղեղների արտահոսքի դեպքում կհայտվեն լրջագույն վտանգի առաջ, եթե չարվեն անհրաժեշտ քայլեր:

Այս ամենից մտահոգ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը ահազանգ են հնչեցնում: <<Հայաստանն ունի երկու կարևորագույն խնդիր` անվտանգության և դեմոգրաֆիական Ժամանակն է, որ ազգովի, համապետական մակարդակով մտածենք դեմոգրաֆիական խնդիրը լուծելու մասին: Հայաստանն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ: Օր առաջ պետք է ռազմավարություն մշակվի, օր առաջ պետք է մեր երկրի արտագաղթը կասեցվի, մնացածը լոլոներ են, կենացներ>>,- ասել է Միհրան Հակոբյանը:

Սամվել Ֆարմանյանն էլ նկատել էր, թե մենք իրավիճակի դինամիկ զարգացման զարկերակը կորցրել ենք, զբաղված ենք մեկօրյա կամ մեկշաբաթյա կյանք ունեցող ՙՙկեղծ՚՚ օրակարգերի սպառմամբ՝ չգիտակցելով պետականության տեսանկյունից մնայունը: <<Իսկ ժամանակը գնում է, և ժողովրդագրական միտումների առումով խնդիրները ծայրաստիճան խորանում են>>:
Երկու պատգամավորներն էլ պատրաստվում են խորհրդարանի գործունեության սկսվելուն պես առաջարկներով հանդես գալ:

Իսկ մինչ այդ քաղաքական գործիչների հայտարություններին հետևող մասնագետները հիշեցնում են ՝ արտագաղթի կասեցումը օրենքով լուծվող խնդիր չէ, մեկ փաստաթղթով կամ ռազմավարություն մշակելով հնարավոր չէ իրավիճակի փոփոխություն արձանագրել: Դրա համար հարկավոր է տարբեր ոլորտներում իրականացնել նպատակային քաղաքականություն: Մենք դատապարտված ենք լուծելու մեր առաջ կանգնած այս մարտահրավերը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ