Գլխավոր » Լրահոս

ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է

Օգոստոս 24, 2017թ. 10:28
Մարի

Հրանտ Բագրատյանը սրբագրում է հայոց պատմությունը։ Եթե վաղը հայ ժողովրդի պատմության քառահատորը լույս տեսնի բագրատյանական մեկնաբանությամբ, չզարմանաք. նա խորապես ուսումնասիրել է հայոց պատմությունը` պատմավեպեր կարդալով, և շատ լուրջ ու արժեքավոր հետևություններ է արել։
Նախ երկու խոսքով ասեմ, որ պարոն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը վերնագրված է «Այդպիսի եկեղեցի մեզ պետք չի»։ «Մենք»-ն ովքե՞ր են, հասկանալի չէ, գուցե պարոն Բագրատյանը կայսրերի և ռուսական ցարերի նման իր մասին հոգնակի՞ է խոսում. կարող է, դե, երեք տարի 9 ամսվա վարչապետական պաշտոնը նրան լիուլի այդ իրավունքը տալիս է։
Հարցազրույցը կարդալիս այն տպավորությունն է ստեղծվում, թե հարցերը հենց ինքը` Բագրատյանն է կազմել. մարդը պարզապես չի ուզել մենախոսել. հարցազրույցն ավելի տպավորիչ է։
Մենք բոլորս գիտենք, որ Հրանտ Բագրատյանը կրթությամբ և մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ վերջին տարիներին, ասում են, դարձել է դոկտոր։ Հարցազրույցը կարդալիս (այն ավելի ճիշտ մենախոսություն է` սիրած թեմայով), անկեղծորեն զարմացել եմ։ Տնտեսագիտության դոկտորը, որ դասախոսություններ կարդալու հրավերներ է ստանում Եվրոպայից, փոխանակ իր գիտելիքների և «փորձի» ողջ պաշարը ծառայեցնի հայրենի պետության արդյունավետ տնտեսավարմանը, անսպասելիորեն պատմա-տնտեսագիտական վերլուծություններ է կատարում Հայ առաքելական եղեկեցու «տնտեսական գործունեության» վերաբերյալ։
Այստեղ քաղաքական պատվերի հոտ է գալիս։

Աշխարհաքաղաքական այս լարված ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական պատերազմն ավերածություններ է անում մեր երկրում, այսպես անպատկառորեն վարկաբեկել և հեղինակազրկել հայ ժողովրդին և նրա եկեղեցին, առնվազն հեղինակի ծախվածությունն է վկայում։
Ահա բագրատյանական մտքի մի քանի փայլուն անկումներ.
«Ամենայն հավանականությամբ, երբ արաբները յոթերորդ դարում մուտք գործեցին Հայաստան (ոչ թե արշավեցին և ասպատակեցին, այլ բարի նպատակներով մուտք գործեցին Մ.Բ.-Խ.), ապա նրանց շնորհիվ է, որ մենք` որպես ազգ, վերածնվելու հնարավորություն ստացանք։ Մենք պատմության էջերից անհետացող ազգ էինք։ Ի՞նչ արեցին արաբները. նրանք կտրուկ սահմանափակեցին… վերացրեցին եկեղեցուն տրվող հարկը և իրենք Արաբական պետության հանդեպ դրեցին դրամական հարկեր»։
«Շնորհակալություն» արաբներին, որ երկու հարյուր տարի մեզ ճնշեցին, հալածեցին, ծանր հարկեր, մանավանդ գլխահարկ դրեցին, ժողովրդի հոծ զանգվածներ կոտորեցին, գաղթեցրին, կամ երկրից հեռացան կամ ոչնչացվեցին նախարարական տների ներկայացուցիչները։
Ահա մի քանի հատված արաբական տիրապետության շրջանը նկարագրող Հայոց պատմությունից. «Օմայան Հիշում խալիֆի օրոք գլխահարկը, որ մինչ այդ հարկվում էր ըստ երդի (տան, գերդաստանի), դարձավ ըստ շնչի (ըստ գլխի)` մեծապես ծանրացնելով հայ շինականի վիճակը»։  «Ղևոնդ պատմիչը գրում է, որ «Մահմեդն իր հետևորդներին կտակել էր` «Կերե՛ք երկրի ընտրյալների միսը և խմեցե՛ք հզորների արյունը»։ «Հարկերն ըստ շնչի գանձելու սկզբունքը քայքայում էր հայ շինականի նահապետական գերդաստանը»։
8-րդ դարի կեսին արաբ հարկահաններն անձամբ էին շրջում հայկական գավառներում և կողոպտում շինականներին։

Արաբ մատենագիր Աբու Յոսուֆը վկայում է. «Հարուն ալ Ռաշիդի իշխանության տարիներին (786-809) Արմինիա ոստիկանությունը (վարչական տարածք էր, որի մեծ մասը Հայաստանն էր), վճարում էր 13 միլիոն դիրհեմ (արծաթ) տարեկան, որի մեծ մասը բաժին էր ընկնում բուն Հայաստանին»։
«X դարի արաբ մատենագիր Ջահշիարի հարկացուցակում Հայաստանը բնամթերք էր տալիս գորգեր` քսան հատ, գունազարդ (սակմ) գործվածքեղեն` 580 կտոր, աղած, մշակված ձուկ` տասը հազար լիտր (լիտրը=8 կգ), տառեխ` 10 հազար լիտր (ռաթլ), բազե (որսի համար)` 30 հատ, ջորի` 200 հատ և այլն»։
«640 թ., երբ Հայաստանը դեռևս նվաճված չէր, Սեբեոսի վկայությամբ, արաբները 35 հազար հայ են գերի տանում Ասորիք։ 850 թ. հայերի ապստամբությունը ճնշելուց հետո Բուղան Հայաստանից մի քանի անգամ գերյալների կարավաններ է ուղարկում մայրաքաղաք Սամառա»։
«Կիրառվում էր մարդահարկը (պարտադիր ձրի շինարարական աշխատանք)։
«Փոխարքա Աբու Ջաաֆարն անձամբ էր շրջում Հայաստանի գավառներում և հարկ էր պահանջում նույնիսկ մեռածների համար, իսկ հարկը վճարողների պարանոցից կապարե կնիք էին կապում»։
«Եկեղեցականները թեև տեսականորեն հարկից ազատ էին, սակայն իրականում նրանք պարտավոր էին պարբերաբար թանկարժեք ընծաներ տալ ոստիկաններին, այլապես կողոպտում էին և հաճախ վանականներից գլխահարկ էին վերցնում»։
«Բուղայի արշավանքների ժամանակ արաբները Վարագա վանքի միաբաններին հարկատու էին դարձրել։ Իսկ Սալայման ոստիկանի տեղակալը (788-790) Եսայի Եղիապատրուշեցի կաթողիկոսի օրոք պահանջել է եկեղեցական ունեցվածքի և սպասքի ցուցակը կազմել և խլել է, ինչը որ կամեցել է»։
Այսպես կարելի է «Հայ ժողովրդի պատմություն» գրքի 2-րդ հատորից ամբողջական էջեր արտագրել` ապացուցելու պարոն նախկին նախարարին, որ արաբների օրոք հայերը ոչ թե վերածնվել են և կայացել իբրև ազգ, այլ ոչնչացման եզրին են եղել։ Ես չգիտեմ, թե տնտեսագետ Հրանտ Բագրատյանը որտեղից է վերցրել պատմական այդ փաստերը, գուցե թուրքական պատմագիտությունից։ Հնարավոր է, քանի որ մի քանի տարի առաջ էլ նա դարձյալ անպատկառորեն (չեմ ուզում գործածել իր բառը` լկտիաբար) հայտարարել էր, որ հայերը մի բան արել էին, որ թուրքերը նրանց կոտորեցին։ ՈՒշադրություն դարձրեք` «հայերը և նրանց» ձևակերպմանը, ասել է թե ինքը հայերի հետ որևէ կապ չունի։
Այո՛, հայերն արել էին մի բան, որի համար պատժվեցին։ Իրենց իսկ` թուրք կառավարողների վկայությամբ, մինչև 1915 թ. կոտորածներն ու աքսորը, հայերը կայսրության ամենահավատարիմ ազգն են եղել։ Այդ նույն հայերը Օսմանյան կայսրության տնտեսական շարժիչն էին (լոկոմոտիվը), բանկային համակարգի սկզբնավորողները, մշակութային առաջատարները, արդյունաբերության կազմակերպողներն ու ներդրումներ կատարողները, գյուղատնտեսությունը զարգացնողները և հարկերի մեծ մասը վճարողները։ Բայց քանի որ «լկտիություն» ունեցան ազատագրվելու թուրքական լծից` «հիմարաբար» հետևելով հույների, բալկանյան ժողովուրդների, արաբների օրինակին, այդ պատճառով էլ մի լավ դաս ստացան թուրքերից։
Սա հայ պետական գործչի տրամաբանությունն է. այսպիսի ապազգային մտածողությամբ (ի դեպ, նա «ազգային» բառից այնպես է խորշում և սարսափում, ինչպես ժանտախտից)։

Դարձյալ Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական հանճարեղ վերլուծությունից մի հատված. «16-17-րդ դարերից Երևանի նահանգում եկեղեցու ունեցած հողերն ավելին էին, քան պարսկական հողերը»: Այսինքն` պարսկական հողերը Պարսկաստանո՞ւմ։ Գուցե Հրանտ Բագրատյանը ցավով ու ափսոսանքով է փաստում, որ պարսիկները Հայաստանում չեն կարողացել զավթել բոլոր հողատարածքները։ Ապա գրում է. «11-18-րդ դդ.` մինչև ռուսների գալը, մենք մոտ 800 տարի հլու-հնազանդ ապրել ենք պարսիկների և թուրքերի գերիշխանության ներքո»։

Ահա այսպես. անկախ երկրիս նախկին վարչապետը երանությամբ է հիշում թուրք-պարսկական լուծը և ցավում է, որ հայ ժողովուրդն ապստամբել է կամ ապստամբելու փորձ է արել` վերականգնելու իր անկախությունը։
Այսպես կարելի է պարբերություն առ պարբերություն մեջբերել Հրանտ Բագրատյանի պատմատնտեսագիտական «փայլուն» վերլուծության «գոհարները», բայց մի քանիսն էլ բավական են, որպեսզի մենք հասկանանք, թե նա ինչ ուժերի է ծառայում։ Ահա.
«Հիմա հայերն այնքան են լկտիանում, որ ասում են` մենք հիմնել ենք մեր ազգային եկեղեցին։ Սա աշխարհին նետված մարտահրավեր էր։ Օտարազգի բոլոր նորմալ աստվածաբանները, որոնք հարկ են համարել ժամանակ հատկացնել սրան, որակել են այն որպես լկտիություն»։
Լկտի – 1. անպատկառ, անամոթ, հանդուգն, երեսը պատռած. 2. անբարոյական, անառակ- «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», 4 հատ., 1969-80 թթ.:
«Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացավ։ Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան էր, որը կոչվում է Հայ եկեղեցի»։

Խոսքը 1054 թ. ուղղափառ եկեղեցու տրոհումից առաջացած դավանանքային նոր ուղղության` կաթոլիկության մասին է, որը 451 թ. Քաղկեդոնի ժողովից հետո դարձել էր երրորդը` Հայ առաքելականից հետո. այնպես որ, այդ ժամանակ հայերն արդեն երկրորդն էին։ Սա որպես պատմական տեղեկություն։
Բայց որ հայ պետական գործիչն ու «գիտնականը» անպատկառորեն կարող է մի ամբողջ ազգի «լկտի» անվանե՞լ։ Եթե նույնիսկ նա այդ ազգին չի պատկանում և թշնամի է, նրան պետք է դատի տալ, այլ ոչ թե լսել, թե նա ինչ մտավարժանք է կատարում և մտքեր ու հոգիներ պղտորում աղանդավորների այս հաղթարշավի ժամանակ։ Ես այլևս չեմ անդրադառնա նրա մենախոսության բարբաջանքներին. այսքանն էլ բավական էր, որ «նորմալ» մարդը հասկանա, թե ում հետ գործ ունի։

Ցանկացողները կարող են համացանցում կարդալ նրա հարցազրույցն ինքն իր հետ և եզրակացություն անել։ Ես ուզում եմ պարզապես մեր ընթերցողների հիշողությունը թարմացնել Հրանտ Բագրատյանի` ֆինանսների նախկին նախարարի և 3 տարի 9 ամիս վարչապետական գործունեության վերաբերյալ։
ՈՒզում եմ նաև մեր բոլոր երեկվա, այսօրվա և վաղվա քաղաքական ու պետական գործիչներն իմանան, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում։ Նրանք մեր միջից են դուրս եկել, թեև մեզնից հեռացել են իրենց գաղափարներով, հարստությամբ և մտածելակերպով, բայց, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը մեզնից որևէ մեկի ծանոթ-խնամի-բարեկամ-հարևանն է եղել, հիշում ենք նրանց մանկությունը, ուսանողական տարիները, հագած կամ չունեցած կոստյումը և այլն։ Բայց դա ևս այնքան կարևոր չէ, քանի որ մարդը զարգանում է և հասնում հասարակության որոշակի սանդղակի։ Կարևորն այստեղ` ինչպե՞ս է հասնում, և որ ավելի կարևոր է` ի՞նչ է անում հարթակ բարձրանալուց հետո։ Սովետի տարիներին մի խնդուկ (անեկդոտ) էին պատմում։ Մանկապարտեզում տոնական հանդեսի ժամանակ դաստիարակչուհին հանդիսավորությամբ հարցնում է երեխաներին. «Որտե՞ղ են ամենալավ մանկապարտեզները, ամենագեղեցիկ տիկնիկներն ու խաղալիքները, ամենահամեղ քաղցրավենիքները» և այլն։ Երեխաները պատասխանում են` Սովետական Միությունում։ Մի երեխա հանդեսից հետո լաց է լինում` ասելով. «ՈՒզում եմ Սովետական Միությունում ապրել»։

1995 թ. մեր թերթերից մեկում (ափսոս չեմ հիշում թերթի անվանումը) մի հոդված էր լույս տեսել. «ՈՒզում եմ ապրել Հրանտ Բագրատյանի երկրում»։ Հրանտ Բագրատյանն այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր։ Հրանտ Բագրատյանն այն վարչապետն էր, որը երբ դեռ նոր էր նշանակվել պետնախարար (կարծեմ այն ժամանակ այդպիսի պաշտոն կար Հայաստանում), հարցազրույցներից մեկի ժամանակ հեռուստալրագրողի այն հարցին, թե` ճի՞շտ է արդյոք, որ նա այս կարճ ժամանակաշրջանում հասցրել է քաղաքի կենտրոնում երեքսենյականոց բնակարան գնել։ Այն ժամանակ քաղաքի կենտրոնում երեքսենյականոց բնակարան գնելը, ինչպես հիմա են ասում` «պրիստիժ» էր։ Դե, միամիտ էին մարդիկ, չէին տեսել այսօրվա դղյակները և Հյուսիսային պողոտայի` կախարդված քաղաքի մեռյալ շենքերի ճոխությունը։
Հրանտ Բագրատյանը խեղճ-խեղճ ասաց. (տեսնես ինքը հիշո՞ւմ է այդ պատասխանը։ Չեմ կարծում, մանավանդ որ իր վարչապետության բարձրակետում այդ հարցազրույցի տեսագրությունը ոչնչացնել կտար)։
-Ի՞նչ եք ասում, ես իմ հինգ հոգուց բաղկացած ընտանիքով ապրում եմ մեկսենյականոց բնակարանում, ինքս էլ քնում եմ պոլին (այսինքն` հատակին)։
Երանելի՜ ժամանակներ։ Բայց երբ «պոլից» բարձրացավ և վարչապետ դարձավ, սկսեց «լրջորեն զբաղվել» Հայաստանի քայքայված տնտեսությամբ։

«Խորհրդային իշխանությունից մեզ ավերակներ բաժին հասան». Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի առաջին նախագահ։ Հիշում եք, չէ՞, Խորհրդային Հայաստանի տնտեսությունը… Ահա այդ ժամանակ տնտեսագիտական աճպարարություններով վարչապետն ապացուցում էր, որ Հայաստանի տնտեսական վիճակը ոչ միայն կայուն զարգացող է, այլև ոտք է մեկնում Եվրոպայի հետ։ Վերը նշված հոդվածը բագրատյանական «տնտեսական հրաշքին» էր վերաբերում։ Նրա տնտեսագիտական գլուխգործոցը հայկական դրամի` որպես արժույթի ձևավորման տնտեսական և տնտեսագիտական հիմնավորումն էր։
Աշխարհում, որքան ինձ հայտնի է, չկա որևէ ազգային պետական արժույթ, որը չունենա մանրադրամ. դիցուք` ռուսական կոպեյկան, ամերիկյան ցենտը և այլն։ Բայց մերն ուրիշ է.
1. մենք լուման հատեցինք, բայց գործածության մեջ չդրեցինք։ Դե, ինչ կարիք կար այդքան «մանրանալու», իսկ լուման, պետք լինի, մետաղի ջարդոն կհանձնենք, եթե արդեն չեն հանձնել,
2. դրամին անցնելիս (1993 թ. նոյեմբերի 23-ին) ԱՄՆ մեկ դոլարին համարժեք դրվեց, եթե չեմ սխալվում. 14,5 դրամ։ Հետո թե ինչ թռիչք ունեցավ մեր սիրելի դրամը, բոլորիս է հայտնի։
Ի դեպ, հարևան Վրաստանում և՛ մանրադրամ կա, և՛ փոխարժեքը 1։1-ից իջել է ընդամենը 1։1,7-ի։ Բա՜, պարոն Բագրատյան։ Իսկ Դուք Եվրոպայում տնտեսագիտություն եք սովորեցնում։ Իսկ Ձեզ ի՞նչ են սովորեցնում, դավանափո՞խ լինել։
«Մարլբորոյի» պատմությունը չեմ ուզում հիշել…
Հոդվածս ուզում եմ ավարտել Ձեր հոգևոր խոստովանությամբ. «Ես առայժմ մնում են Հայ առաքելական եկեղեցու հավատավոր, բայց եթե իրադարձություններն այսպես շարունակվեն, եթե էլի մի քանի հոգի «Բենթլի» գնի, ես նույնիսկ կառաջարկեմ իմ երեխաներին ընդունել կաթոլիկություն կամ ուղղափառություն և վերջ»։
Ես մարդկայնորեն ուզում եմ հիշեցնել. պարո՛ն Բագրատյան, կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայրերը մի վատ սովորություն ունեն, իսկ Դուք Ձեր կրտսեր տղային դեռ մանկուց ՀՀ նախագահ եք պատրաստում։ Խորհուրդ չեմ տալիս…
Իրատես դե ֆաքթո,03/06/2011
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն