Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ

ՀՀ նախագահի հնչեցրած ուղերձները հետաքրքրություն են առաջացրել Իրանում

Օգոստոս 4, 2017թ. 14:24
Ահարոն Վարդանյան +

Հարցազրույց իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ

 
Իրանի Իսլամական հանրապետություն կատարելիք այցից առաջ ՀՀ նախագահը ծավալուն հարցազրույց տվեց Իրանի լրատվամիջոցներին՝ «Շարղ» օրաթերթին և «Իռնա» պետական լրատվականին. հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է իրանական վերլուծաբանների արձագանքը, քանի որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներին՝ արտաքինից մինչև տնտեսություն ու մշակույթ:
-Երկու օր շարունակ Հայաստանի նախագահի հարցազրույցը տարածում ու շրջանառում էին իրանական բոլոր լրատվամիջոցները, ի դեպ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից՝ պահպանողական է, թե առաջադիմական, անկախ նրա բնույթից՝ տնտեսական է, քաղաքական, թե մշակութային: Սերժ Սարգսյանի հարցազրույցը, նրա հնչեցրած ուղերձները բավական մեծ հետաքրքրություն են առաջացրել իրանական քաղաքական վերնախավի շրջանում, նաև վերլուծական շրջանակներում ու առհասարակ հասարակության մեջ: Վերլուծաբաններն առավելապես կենտրոնացել են նախագահի հետևյալ շեշտադրումների վրա. Հայաստանի տարածքը օգտագործել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու համար, օգտագործել եվրոպացի ու իրանցի ներդրողներին մեկմեկու կապելու համար:
ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող նախագահի մտքերը, ու այն մատնանշումը, որ Հայաստանն ու Իրանը կարող են շատ լավ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
Այս համատեքստում նախագահը հստակ ասել էր, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք համագործակցում են ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, աջակցում: Պարզ է՝ խոսքը Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է: Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ անհանդուրժողականություն դրսևորել այդ երևույթի հանդեպ, իսկ ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը, մասնավորաբար, ահաբեկիչներին օժանդակող Ադրբեջանի հարցում:
– Սա շատ զգայուն թեմա է Իրանի համար, այնտեղ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանում և Թուրքիայում կան բազմաթիվ ծայրահեղ իսլամական խմբեր, դրանք տարածվում են մինչև Հյուսիսային Կովկաս: Բուլղարական մամուլն էլ վերջերս բացահայտեց, որ Ադրբեջանը հովանավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Իրանն իր առաջնահերթ խնդիրը համարելով ահաբեկչության դեմ պայքարը, բնականաբար, չի կարող այս ամենին անտարբեր մնալ:
Իսկ դա ինչպե՞ս է արտահայտվում:
-Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հավատարմագրեր հանձնելով վերընտրված Հասան Ռոհանիին, նրա առաջ երեք պայման դրեց՝ բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորում, միջազգային ասպարեզում Իրանի ներգրավվածության առավել ընդլայնում, և պայքար ահաբեկչության դեմ՝ սեփական ուժի ցուցադրմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, Իրանը նոր մոտեցում է դրսևորում: Իր հերթին ՀՀ նախագահը կարևոր մեսիջ ուղեց, որ Հայաստանն ու Իրանը կարևորագույն դերակատարություն կարող են ստանձնել ծայրահեղականության դեմ մղվող պայքարում, ինչպես նաև, այդ հարցում կարող են համատեղել միջազգային ջանքերը:
Շեշտելով, որ երկու երկրները լուրջ դեր ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման, խնդրները խաղաղ, հիմնավոր լուծելու հարցում, նախագահի խոսքի ենթատեքստում, բնականաբար, արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման կարևորումն էր, մեղմ ակնարկ կար նաև դրանում Իրանի դերին: Իրանը մշտապես զուսպ է արտահայտվել արցախյան հարցում, չնայած, հայկական կողմի ակնկալիքներն ավելին են եղել՝ հանձին Իրանի տեսնել Ադրբեջանի ախորժակը զսպող, տարածաշրջանը պատերազմից զերծ պահող հուսալի դաշնակցի:
-Իրանը բազմիցս նշել է, որ արցախյան հիմնախնդիրը պետք է ունենա միմիայն խաղաղ լուծում, հատուկ շեշտել, որ բացառում է ռազմական լուծումը: Տարբեր ճանապարհներով ադրբեջանական կողմին հասկացրել է, որ չի հանդուրժի իր սահմաններին ռազմակայն ակտիվ գործողությունների ծավալում: Այստեղ կա մի կարևոր հանգամանք: Արցախյան սահմանը դիտարկվում է որպես հայ-իրանական սահման և Արցախի Պաշտպանության բանակն անմիջականորեն ապահովում է նաև Իրանի անվտանգությունը, որովհետև, եթե Ադրբեջանը արցախյան կողմի վրա չծախսի այդչափ ռազմական ռեսուրսներ, ապա դրանք կուղղի դեպի, այսպես կոչված՝  “Հարավային Ադրբեջան”՝ այսինքն Իրանի հյուսիսային հատվածներն իր ազդեցությունն այնտեղ տարածելու և ինչո՞ւ ոչ, Իրանից այն պոկելու հեռահար նպատակով:  Իրանը շատ լավ գիտի ադրբեջանական կողմի տարածքային նկրտումները, հետևաբար, գիտակցում է, որ հայկական բանակը Իրանի համար հանդիսանում է անվտանգության կարևոր երաշխավոր:

 

Վերջին մեկ տարում արցախյան խնդրին առնչվող հարցերում իրանական կողմի հռետորաբանության մեջ  նկատելի փոփոխություն կա: Եթե մինչ այդ ասվում էր, թե Իրանն ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա վերջերս ԱԳ նախարարի մամուլի խոսնակի շուրթերով ասվեց, որ ընդունում են ժողովուրդների ինքնորոշման, ազատ կամքի դրսևորման սկզբունքը: Մյուսը, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իսրայելական կողմի միջամտությունը բացասական կանդրադառնա արցախյան հակամարտության լուծման վրա, իսկ մինչ այդ ՊՆ նախարար Հոսեյն Դեհղանը հանդիպելով Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ ասել էր, որ իրանական կողմը չի հանդուրժի երրորդ ուժի ներգրավվածությունը արցախյան խնդրում: Նա նկատի ուներ Թուրքիային, չի բացառվում՝ նաև Իսրայելին:

Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ փոփոխվի Իրանի դիրքորոշումը. Իսրայելը շատ է ակտիվացել Ադրբեջանում, բացի այդ, այդ երկրում ուժեղացել է բռնաճնշումները շիաների նկատմամբ, ու այդ ամենը դուր չի գալիս Իրանին: Ինչն էլ հանգեցնում է նրան, որ Իրանը փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ:
Ինչ վերաբերում է հայերիս համար հուսալի դաշնակից լինելուն, ապա վերջերս Հայաստան ժամանած իրանցի փորձագետներից մեկը շեշտեց, որ Իրանը երբեք չի դավաճանել իր բարեկամներին ու դաշնակիցներին, ու եթե Իրանը որևէ պետության համարում է իր ռազմավարական դաշնակիցը, ապա կարող է լինել նրա հուսալի գործընկերը: Եվ նրա խոսքը վերաբերվում էր Հայաստանին:
Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը, Իրանի համար դառնալ կամուրջ դեպի ԵԱՏՄ, նաև ԵՄ երկրներ: Ինչպե՞ս է այս գաղափարն ընկալվում Իրանում, թե՞ վերջինս այլ ուղիներ է նախընտրում:
-Լինելով տարածաշրջանային հզոր պետություն, Իրանը, պարզ է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհներ է դիտարկելու, այդ թվում նկատի ունենալով Թուրքիան, Ադրբեջանը, անգամ Իրաքով դեպի Միջերկրական ծով դուրս գալը: Բայց այս ճանապարհներից ամեն մեկը բավական վտանգավոր են: Հիշենք, թե ինչպես Թուրքիայում պայթեցրին իրանական բեռնատարները: Միակ անվտանգ ճանապարհը, որով Իրանը կարող է կապվել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին, դա Հայաստանն է:
Երբ Իրանի նախագահը եկավ Հայաստան հենց օդանավակայանում հարցազրույց տալիս, նա ասաց հետևյալը, որ Հայաստանը դիտարկում են դեպի Եվրոպա և ԵԱՏՄ երկրներ դուրս գալու միակ կարճ ու անվտանգ ճանապարհ:
Իրանում շատ կարևորեցին Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած այն խոսքերը, թե ինչպես Իրանի համար կարևոր է ԵԱՏՄ 180 մլն շուկան, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարևոր է Իրանի 80 միլիոնանոց շուկան ու այդ հարաբերությունների հաստատման հարցում ամենակարճ, անվտանգ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանով: Ուշադրության արժանացավ նաև նախագահի այն միտքը, որ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ, և կարող է հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։
Ի դեպ, Սերժ Սարգսյանին ուղղված իրանցի լրագրողի հարցից նկատվեց, որ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Իրանում կա անհանգստություն, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերություններին համահունչ զարգացում չունեն:
-Ճիշտ եք, և ի պատասխան այդ հարցին նախագահ Սարգսյանը նկատեց, որ ինքը ևս դժգոհ է երկկողմ տնտեսական համագործակցությունից: Այդ առումով կարևոր էր նախագահի խոսքը, որ մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ:
Մեղրի -Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման համաձայնագիրը կնպաստի առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը: Բացի այդ, Նոր Ջուղայում ևս ստեղծվել է ազատ առևտրի գոտի, իսկ Սյունիքում նախատեսվում է հերթական գոտու ստեղծումը: Ես կարծում եմ, եթե Հայաստանում և Իրանում կա քաղաքական կամք, իսկ դա նկատելի է, որ կա, ապա շատ կարճ ժամանակահատվածում տնտեսության տարբեր ճյուղերում մենք կարող ենք ունենալ ցանկալի արդյունքներ:
Հայ ու իրանցի գործարարների աշխատանքին խանգարում է երկու երկրների ոչ բավարար չափով մեկմեկու ծանոթ լինելը: Սրա պատճառով հայ ու իրանցի գործարարները իրենց շփումներում հաճախ հանդիպում են դժվարությունների: Եթե այս կարծրատիպերը փոխվեն ու մենք ավանադաբար չգնանք միայն Ռուսաստան, այլ նաև Իրան, իրանցի գործարարն էլ Հայաստանում կատարի իր ներդրումները, ապա կարճ ժամանակ անց դրական տեղաշարժերը տեսանելի կլինեն: Հիշենք նաև նախագահ Սարգսյանի փարիզյան այցի ժամանակ հնչեցրած կոչը եվրոպահայ գործարարներին՝ Հայաստանի տարածքն օգտագործել որպես հարթակ Իրանում ներդրումներ կատարելու համար: Բանն այն է, որ եվրոպացիրները բիզնես հարցերում առանց միջնորդի իրանցիների հետ շատ բարդ են շփվում, այնպես որ, այստեղ ևս հայերը կարող են դրական միջնորդի դեր կատարել:
Գիտակրթական ոլորտում երկու երկրների համագործակցության մասին քիչ է խոսվում. արդյոք դրա բացակայությունը չէ՞ նաև պատճառը, որ ադրբեջանական լոբբին սղոսկելով Իրանի բուհական համակարգ իր հակահայակական քարոզչությունն է իրականացնում՝ սկսած պատմության, մշակույթի կեղծումից:
– Ադրբեջանը գումարներ չի խնայում իր քարոզչությունն իրականացնելու համար, և դա բոլորին է հայտնի: Հնարավոր է, որ նրա ձեռքերն հասած լինեն Թավրիզի բուհ-երին, ուր շատ են թուրքախոսները, այդտեղ կան նաև պանթուրքիստական ինչ-որ հոսանքներ: Ադրբեջանը, իհարկե, կարող է նման քայլեր անել, բայց դա չի կարող ինչ-որ տրամադրություններ փոխել երկրում: Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադարձավ գիտակրթական ոլորտին, նշելով որ այստեղ կա բավական մեծ, բայց չիրացված ներուժ: Մեկ ամիս առաջ Հայաստան էր այցելել Իրանի գիտության, կրթության նախարարը, ԵՊՀ-ի հետ կնքվեց պայմանագիր, կիրականացնենք տարբեր գիտահետազոտական ծրագրեր Իրանի տարբեր բուհեր ի հետ, որոնք մասնավորաբար, գտնվում են հենց այն նահանգներում, ուր մեծ է թուրքական ազդեցությունը:

Հայաստանն անշուշտ պետք է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի: Ասեմ, որ այս ոլորտում ևս իրանական կողմը բաց է ու պատրաստ տարբեր ծրագրեր իրականացնելու, ուրեմն մենք էլ պետք է լինենք շատ նախաձեռնող: Թեհրանում կան հայագիտական ամբիոններ, կապերը պետք է առավել ակտիվացնել: Կարծում եմ, նախագահի հարցազրույցը լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր ոլորտները զարգացնելու հարցում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն