Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

«Ճնշումները» մեզ չեն խանգարում սթափ դատել

Օգոստոս 3, 2017թ. 14:00
Արա Զոհրաբյան

Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
Քաղաքական կյանքի բացակայությանը զուգընթաց մեզանում ակտիվացել է դատական կյանք, մեկը մյուսին հաջորդող դատավարություններից ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը: Փաստաբանական տեսանկյունից  ի՞նչը կառանձնացնեք:
-Այդ գործերից ամեն մեկում կան կոնկրետ անձանց ճակատագրեր, կոնկրետ անձանց ներկայացված մեղադրանքներ, ու բնականաբար կա մրցակցային գործընթաց: Մի կողմում մեղադրողն է, իր հզոր ուժով՝ հարկադրանքի միջոցներով, իշխանական մեծ հնարավորություններով: Մյուսում՝ պաշտպանական կողմն է՝ մեղադյալներն ու պաշտպանները, իրենք էլ իրենց հզոր փաստարկներով: Փաստաբանների ուժը օրենքի իմացությունն է, այն կիրառելու հմտությունն է և Սահմանադրությամբ երաշխավորված որոշ սկզբունքներ, մասնավորաբար, անմեղության կանխավարկածի ու օրինականության սկզբունքները:
Այս դատական գործընթացներն, անշուշտ, ունեն իրենց առանձնահատկությունները: Դրանցից մեկը այս գործերի ընթացքում անվտանգության ապահովման համար դատարանի կողմից իրականացվող խիստ միջոցառումներն են, որոնց կիրառումը, ըստ իս, օբյեկտիվ հիմքեր ունի: Այս գործերով մարդիկ մեղադրվում են այնպիսի արարքների կատարման մեջ, որոնք կապված են զենքի օգտագործման ու բռնության հետ, ու բնականաբար, պետությունը պետք է դատարանի և դատավարության մասնակիցների անվտանգության միջոցներ ձեռնարկի: Մամուլը գրեց, որ մի կին ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարել է, թե պետք է շրջապատել դատարանի շենքն ու ազատել ՙՍասնա ծռեր՚ խմբի անդամներին: Նման հայտարարությունների պայմաններում նորմալ է, որ դատարանը փորձում է ապահովել շենքում գտնվողների անվտանգությունը: Սակայն, ինչպես գիտեք, հենց այս հարցի շուրջ էլ խնդիր առաջացավ մեր փաստաբանների ու դատական կարգադրիչների միջև:
Խնդիրն հետևյալն է՝ փաստաբանը պետք ենթարկվի խուզարկությա՞ն, թե՞ զննության: Սրա հետ կապված հնչեցին մասնագիտական բացատրություններ՝ խուզարկել չի կարելի, զննել կարելի է, և դատարանի կողմից կատարվողը զննություն է, մինչդեռ փաստաբանները շարունակում են հրաժարվել զննությունից: Ինչո՞ւ այս հարցում չկա փոխհամաձայնություն, որպեսզի, ի վերջո, դատական գործընթացն առաջ շարժվի:
-Հենց այդ հարցով այսօր մենք հանդիպելու ենք դատական դեպարտամենտի ղեկավար կազմի հետ: Պետք է փորձենք վերջնականապես գտնել այս հարցի պատասխանն ու խնդիրը լուծել: Այստեղ տարբեր մեկնաբանությունների հետ գործ ունենք: Տեսեք, «զննություն», «խուզարկություն» հասկացությունները սահմանված չեն այլ իրավունքի ճյուղերում, մասնավորաբար, դատական օրենսգրքով դրանք հստակ ներկայացված չեն: Դա է պատճառը, որ շատ հաճախ խուզարկությունը ու զննությունը կարող են միախառնվել իրար:
Ինչ վերաբերում է դատական գործին, ապա որքանով տեղյակ եմ մամուլի հրապարակումներից, այն դեռ տեղից չի շարժվում:
Բացառված է՞, որ փաստաբանը կարող է իր հետ նիստերի դահլիճ տանել զենք կամ դատական գործընթացի վրա ազդող որևէ գրություն և փոխանցել իր պաշտպանյալին: Այդ առումով, ի վերջո, արդարացված չէ՞ դատականի զգուշավարությունը:
– Անվտանգության տեսանկյունից զննությունն արդարացված է: Բայց այստեղ մենք ունենք հետևյալ խնդիրը. օրենքով նշված չէ արգելված իրերի ցանկը ու փաստաբանն էլ չգիտի, օրինակ, ջրով լցված շիշ տանել կարելի է՞, թե՞ ոչ: Այստեղ մենք գոր ունենք իրավական բացի հետ:
Եթե դատական կարգադրիչը կասկածում է, որ փաստաբանն իր պայուսակում կարող է ինչ- որ մետաղական իր տանել դահլիճ, ինչը կարող է նաև զենք լինել, ապա նա կարող է փաստաբանից պահաջել բացել պայուսակը: Ու եթե փաստաբանը չի բացում իր պայուսակը, կարգադրիչն իրավունք ունի չթույլատրել, որ այդ կասկածելի պայուսակը նա իր հետ տանի շենք: Այն, որ դատական համակարգը փորձում է անվտանգություն ապահովել՝ միանշանակորեն ընդունելի է: Սա նաև մեր փաստաբանների իրավունքների պաշտպանությունն է: Եթե վաղը, մեկ այլ գործով անվտանգության միջոցառումներ չիրականացվեն, ու դրա արդյունքում մեր փաստաբանները տուժեն, ես որպես Փաստաբանների պալատի ներկայացուցիչ կմեղադրեմ դատական համակարգին անհրաժեշտ պայմաններ չապահովելու համար, քանի որ բոլորի, այդ թվում փաստաբանների անվտանգությունն ապահովողը դատարանն է: Հետևաբար, դատարանի կողմից անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը ճիշտ է: Բայց դա պետք է այնպես կազմակերպվի, որ դրանից չտուժի փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը: Ի վերջո փաստաբանն ընկալվում է որպես արդարադատության համակարգի կարևորագույն սուբյեկտ: Փաստաբանը պետք է տարբերվի շարքային քաղաքացուց, քանի որ ունի որոշակի արտոնություններ, նրան չի կարելի խուզարկել, կանչել որպես վկա՝ իր փաստաբանական գործերով, նրանից չի կարելի փաստաթուղթ առգրավել: Մեր փաստաբաններն, օրինակ, արձանագրել են, որ ի տարբերություն իրենց, մեղադրողներին չէին զննում: Սա, իհարկե, խտրական վերաբերմունք է: Մեկ այլ օրինակ ևս, դատական կարգադրիչը փաստաբանին ասել է՝ դրամապանակդ էլ հանիր: Այսինքն՝ զննումը վերածվել է նվաստացուցիչ իրավիճակի, ինչն անթույլատրելի է: Երեկ մամուլից տեսա, որ փաստաբան Արայիկ Պապիկյանին բոլորի ներկայությամբ պահանջում էին պայուսակը դատարկի և վերջում պարզվեց, որ գրիչի պատճառով էր մետաղորսիչը ազդանշան տալիս: Այդ մարդկանց ներկայությամբ արդյոք փաստաբանի վարկանիշը բարձացավ: Իհարկե՝ ոչ: Հակառակը, դրանով փաստաբանը անօգնական վիճակում հայտնվեց, իսկ նա դեռ պետք է պաշտպանի իր վստահորդին՝ մեղադրող կողմից: Ի վերջո փաստաբանին պետք է վերաբերվեն, որպես խոհեմ և օրինապահ մարդու:
Իհարկե իմ փաստարկներին դատական ծառայությունը կարող է հակադարձել, թե բարի ցանկություններով կամ լավատեսական մոտեցումներով չեն կարող անվտանգություն ապահովել, չենք կարող ասել ՝ դու փաստաբան ես ու մենք քեզ չենք զննի: Օրերս հյուրընկալել էինք ԱՄՆ-ից ժամանած մեր գործընկեր մի փաստաբանի, նա ներկայացրեց իրենց փորձը, ասաց, որ ԱՄՆ-ում նույնպես մանրամասնորեն զննում են փաստաբանին, դատական կարգադրչները իրեն անգամ շատ լավ ճանաչելով պահանջում են բացել պայուսակը: Մի հետաքրքիր օրինակ բերեց, ինչը իրեն ասել են իրենց կարգադրիչները. հանցագործը կարող է սպառնալ քո երեխաներին և ասել՝ այս իրը պետք է տեղափոխես դատարան, և փաստաբանը պարտադրված լինի գնալ նման վտանգավոր քայլին, ուրեմն, դատական ծառայողները պետք է լինեն աչալուրջ և թույլ չտան նման իրավիճակի ստեղծում: Բայց միևնույն է, պետք է չմոռանալ համաչափության և կամայականության արգելքի սկզբունքների մասին:
«Սասնա Ծռեր»-ի ու Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունները ընթանում են նույն սցենարով. փաստաբանները տարբեր պատճառներով չեն գալիս դատարանի դահլիճ, կամ ինչ-ինչ հայտարարություններ են անում ու հեռացվում դատական նիստերից, դատավորը նրանց նկատամամբ սանկցիաներ է կիրառում ու սանկցիաների շղթան այսպես ձգվում է՝ մինչև ո՞ւր: Արդարացվա՞ծ են արդյոք այդ սանկցիրաները:

-Նախորդ ամբողջ տարվա ընթացքում մոտ 24 սանկցիա է կիրառվել փաստաբաների նկատմամբ, իսկ այս մեկ ամսվա դատվարությունների շրջանակում արդեն 30 սանկցիա ունենք: Սա նշանակում է, որ կա խնդիր: Փաստաբանների պալատի խորհուրդն իր նախկին որոշումներով նշել է, որ առանց նախագահողի թույլտվությամբ փաստաբանը չի կարող լքել դատարանի դահլիճը, փաստաբանի պարտականությունն է մնալ դատարանի դահլիճում: Բայց կան այլ դեպքեր ևս, երբ խորհուրդը հարգելի է համարել փաստաբանի կողմից դահլիճը լքելը, հաշվի առնելով դատավորի ոչ օրինական գործողությունները փաստաբանի կամ նրա վստահորդի հանդեպ, ինչի արդյունքում փաստաբանն այլընտրանք չի ունեցել արդյունավետ պաշտպանություն իրականցնելու ու լքել է դահլիճը: Նման դեպքերում Պալատը համարել է, որ փաստաբանն ունի հարգելի պատճառ:
Հիմա, թե որքանո՞վ են արդարացված այս սանկցիաների կիրառումը, ես չեմ կարող ասել, ես չեմ որոշողը, ես պարտավոր եմ վարույթ հարուցել, ինչն արդեն արել եմ, գործը կհանձնվի Փաստաբաների պալատի խորհրդին, որն էլ յուրաքանչյուր սանկցիա մանրակրկիտ կքննարկի և կտա իր գնահատականը՝ արդարացվա՞ծ են փաստաբանների քայլե՞րը, թե՞ ոչ:
Կա կարծիք, թե հատուկ ռազմավարություն է ինչ –որ մարդկանց կողմից՝ փաստաբանների ձեռքով խաթարել դատական գործընթացը, ձախողել նիստերը, ինչի արդյունքում փաստաբանները վերածվել են ընդամենը շարքային ցուցարարների: Եթե սա իրականություն է, ապա սրա արդյունքում նախ և առաջ կհեղինակազրկի փաստաբանական ինստիտուտը: Ի՞նչ քայլեր կարող է կատարել Փաստաբանների պալատը փաստաբաններին զգաստացնելու համար:
-Եթե իրոք կա նման միտում, կա ինչ- որ կետից կառավարվող ալիք, ապա կարող եմ ասել, որ այդ նպատակադրումը դատապարտված է ձախողման, որովհետև փաստաբանները, առավել ևս նրանց որակյալ մեծամասնությունը չի կարող լինել գործիք ինչ-որ մարդկանց ձեռքում: Փաստաբանը իրավական հարցերով անկախ խորհրդատու է, ասեմ ավելին, նա իրավունք չունի կատարել իր վստահորդի անօրինական պահանջները: Օրինակ, վստահորդը չի կարող ասել՝ դու պետք է դատարանի դահլիճում ճառ ասես պառկած դիրքով կամ կալանավայր բերես օղի ու ծխախոտ:
-Իսկ կարո՞ղ է պարտադրել փաստաբանին քաղաքական հայտարարություններ հնչեցնել:
-Այն, ինչն արգելված չէ փաստաբանի համար ու չի հակասում փաստաբանի վարքագծի կանոնագրքին՝ թույլատրված է: Եթե փաստաբանն իրավական ճառի հետ մեկտեղ քաղաքական ճառ է ասում, որում չկան վիրավորաննքներ, չկա զրպարտություն, ապա դա խնդիր չի առաջացնի: Ուղղակի փաստաբանն իր նման ճառով կթուլացնի իրավական ճառը, դատավորը նրան ավելի կընկալի մասնագիտական փաստարկված ճառ ասելիս, իսկ քաղաքական գնահատականներով նա կարող է թուլացնել գործը: Եթե փաստաբանն իր քաղաքական ճառը համեմի այլ հայտարություններով, սկսի օրինակ վախեցնել, հայհոյել, դա արդեն կհակասի էթիկային ու փաստաբանի նկատմամբ կարող է նաև վարույթ հարուցվել ու կիրառվել պատասխանատվության միջոցներ: Հետևաբար, եթե փաստաբանը խախտում է Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, ապա այո, Պալատի խորհուրդը նրա նկատմամբ կարող է կիրառել տույժեր:
Փաստաբանների պալատը հայտնվել է բարդ վիճակում. մի կողմից պետությունը ձեզանից է ակնկալում փաստաբաններին զգաստացնող քայլերի իրականացում, մյուս կողմից, փաստաբանները ձեզ մեղադրում են պետական մարմինների օգտին աշխատելու մեջ: Փաստորեն՝ երկու կողմից «ճնշման» տակ եք:
– Պալատը հասարակական կամ պետական կարծիքով ամենևին կաշկանդված չէ, ու մենք մեր գործը միանշանակորեն անելու ենք: Այսինքն՝ եթե փաստաբանին նեղացնում են, ապա Պալատը կանգնելու է այդ փաստաբանի կողքին ու կռիվ է տալու փաստաբանի համար: Եթե փաստաբանը խախտում է վարքագծի կանոնագիրքը, մենք այդ խախտմանը համապատասխանորեն արձագանքելու ենք, ոչ մի կապ չունի, թե ո՞վ է այդ փաստաբանը՝ Պալատի խորհրդի անդամ է՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով, այն փաստաբանները, որոնց նկատմամբ վարույթներ են հարուցվել իրենք էլ անհամբեր սպասում են ընթացքին՝ խորհրդի որոշմանը, որովհետև եթե հանկարծ պալատի խորհուրդը նրանց վարքագիծը համարի կանոնակարգի խախտում, ապա այն փաստաբանը, որի վրա արդեն կա 10-ից ավելի սանկցիաներ՝ լուրջ խնդիր կունենա:
Ինչ վերաբերում է պետական «պետական ճնշմանը», ապա տարբեր ԶԼՄ-ներով հաղորդագրություն ենք ստացել, որ եթե չկարգավորվի փաստաբանների հետ կապված այս հարցերը, եթե դատական գործընթացները չգնան նորմալ հումով, ապա փաստաբանների սանկցիաների հարցը կլուծի պետությունը: Իսկ դա կարող է լինել միայն օրենքի փոփոխմամբ: Մենք ամեն գնով կպայքարենք նմանատիպ ցանկացած երևույթի դեմ և ինքնին այդ հաղորդագրությունը չի կարող կաշկանդել պալատի խորհրդին:
Ամեն դեպքում, թե մի կողմի, թե մյուս կողմի «ճնշումը» մեզ չի խանգարում սթափ դատելու և կիրառելու «Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը»: Այնպես որ, մենք այդ հարցում չունենք բարդույթներ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն