Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Արտագաղթի տեմպերը, ծնելիության ցածր մակարդակը իրոք շատ մտահոգիչ են. Միհրան Հակոբյան

Օգոստոս 1, 2017թ. 12:13
Միհրան Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անհանգստացնող համարեց, որ ըստ վիճակագրական ծառայության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Ըստ նրա` Հայաստանն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ: «Արտագաղթի տեմպերը, ծնելիության ցածր մակարդակը իրոք շատ մտահոգիչ են: Արդեն ժամանակն է, որ ազգովի, համապետական մակարդակով մտածենք դեմոգրաֆիական խնդիրը լուծելու մասին: Հայաստանն ունի երկու կարևորագույն խնդիր` անվտանգության և դեմոգրաֆիական: Այդ երկու խնդիրների ուղղությամբ պետական ապարատը առաջիկա տարիների ընթացքում պետք է աշխատանք տանի»,- ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ արտագաղթը շատ բազմաշերտ հասկացություն է և լրջագույն ուսումնասիրություն է պետք՝ հասկանալու համար, թե ինչու են մարդիկ արտագաղթում, քանի որ միայն սոցիալական խնդիրները դիտարկելը ճիշտ չէ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե արդյոք այս ամենի պատասխանատվությունը հենց իշխանության վրա չէ ընկած, պատգամավորն ասաց, որ գլոբալ առումով ամեն ինչի պատասխանատուն հենց իշխանությունն է, քանի որ պետության, հասարակության կառավարման ղեկին գտնվում է իշխանությունը, և իշխանությանն է պատկանում պետությունը առաջ տանելու պարտավորությունը:

«Օր առաջ պետք է ռազմավարություն մշակվի, օր առաջ պետք է այն հաստատվի և մեր երկրի արտագաղթը կասեցվի, և ինչ-որ չափով դա վերածվի ներգաղթի, բնական աճի ճանապարհով կարողանանք լուծել դեմոգրաֆիական խնդիրը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս տեմպերով կարո՞ղ ենք հասնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած ցուցանիշին, ըստ որի՝ 2040 թվականին բնակչության աճը պետք է հասնի չորս միլիոնի, Միհրան Հակոբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հստակ այդ խնդիրը դրել է: «Կարծում եմ, որ սրանից ավելի լուրջ խնդիր պետությունն այսօր չունի և չի կարող ունենալ, մնացածը լոլոներ են: Կա այդ երկու` անվտանգության և դեմոգրաֆիայի խնդիրը, մնացածը կենացներ, բաժակաճառի ոճի խոսակցություններ են, որը բոլորն էլ կարող են անել»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանն ասաց, որ նախագահի հնչեցրած տեսակետը խորքային իմաստով տեսլական է: «Նախագահի ելույթից անմիջապես հետո պետական ապարատը պարտավոր է մշակել ռազմավարություն և հետևողականորեն այդ ճանապարհը կյանքի կոչել, այլ ճանապարհ մենք չունենք: Մենք դատապարտված ենք լուծելու մեր դեմոգրաֆիական խնդիրը, անվտանգության խնդիրը, դրանք մարտահրավերներ են և գտնում եմ, որ մենք ունենք այդպիսի ներուժ, պոտենցիալ, կամք, պետության ղեկավար, որը կարող է այդ խնդիրը կյանքի կոչել»,-ասաց նա:

Լիանա Առաքելյա

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն