Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանն ու Իսրայելը պետք է թոթափեն կարծրատիպերն ու սերտորեն համագործակցեն

Հուլիս 29, 2017թ. 20:35
Կարեն Վերանյան

Հարցազրույց Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ

-Հայաստան-Իսարայել հարմագործակցության մասին շատ քիչ է խոսվում, սակայն վերջին շրջանում կարծես սառույցը սկսում է կոտրվել. նշմարվում են երկխոսության կայացման, երկկողմ համագործակցության հնարավորություններ: Ի՞նչ դրական միտումներ եք դուք նկատում:
-Ճիշտ եք, մեր տեղեկատվական դաշտում հայ-իսրայելական հարաբերությունների մասին քիչ է խոսվում, բավականին քիչ են նաև արձագանքները, դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ երկու երկրների քաղաքական հարաբերություններն այսօր բավականին թույլ մակարդակի վրա են: Այստեղ մենք լուրջ բացթողում ունենք, կա հասարակական և պետական-քաղաքական մակարդակով քայլերի անհրաժեշտություն: Մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ զարգացնել մի պետության հետ, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի կարևորագույն երկրներից մեկը: Իսրայելը նաև միջուկային տերություն է:

Սուբյեկտիվ առումով, մեր հասարակության մեջ կան որոշակի արհեստածին բարդույթներ, կարծրատիպեր հրեաների ու, առհասարակ, Իսրայել պետության նկատմամբ: Այդ կարծրատիպերը ժամանակի ընթացքում իրենց բացասական դերը կատարել են, այնքան են խորացել, որ խանգարում են, թույլ չեն տալիս մեզ ավելի առարկայական համագործակցել, երկխոսության եզրեր գտնել հրեա ժողովրդի հետ:
Դրանցից մեկը հակասեմականության հետ է կապվում, ինչը մեզանում արհեստականորեն է առաջացել: Ադրբեջանում, ի տարբերություն մեզ, հակասեմականությունը բավականին խորքային բնույթ է ունեցել, սակայն վերջին 10 տարում նրանք կարողացան այնպիսի աշխատանք տանել հասարակության շրջանում, որ հաջողեցին կոտրել եղած կարծրատիպերը ու միջազգային մակարդակներում ներկայանալ որպես հանդուրժող երկիր: Սա էլ հանգեցրեց Իսրայելի հետ բարձր մակարդակի համագործակցության: Մինչդեռ, Իսրայելի քաղաքական մակարդակներում իշխում է այն մոտեցում, թե Հայաստանը, հայ ժողովուրդը պատրաստ չէ երկխոսության  Իսրայել պետության հետ:
Իսրայելի հանդեպ անվստահությունը պայմանավորված է հրեաների կողմից
Հայոց ցեղասպանության փաստի չճանաչմամբ: Որպես ցեղասպանություն վերապրած ազգեր հայերն ու հրեաները ճակատագրով բախտակիցներ են, ու Իսրայելը աշխարհում պետք է լիներ հայերի Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, մինչդեռ չի ճանաչել, դեռ մի բան էլ հրեական լոբբիստական խմբերն աշխատում են ճանաչման դեմ: Հետևաբար, չե՞ք կարծում, որ երկխոսության առաջին քայլը Իսրայելինն է:
-Լիովին համաձայն եմ, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականցված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություններից մեկն է: Եթե նկատել եք, Իսրայելի Կնեսեթում բազմիցս է բարձրացվել այդ հարցը, սակայն ի հայտ են եկել քաղաքական հարցեր և այն դրական արձագանք չի ստացել: Սա ևս օբյեկտիվ է, որովհետև Հայաստանի ու Իսրայելի միջև չկան քաղաքական հարաբերությունններ, հետևաբար, Ցեղասպանության ճանաչման խնդիրը Իսրայելի կողմից կարող է այս կամ այն նպատակներով օգտագործվել, օրինակ Թուրքայի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Իհարկե, մենք մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ այլ երկրների հետ մեկտեղ նաև Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բայց երկկող հարաբերությունների հաստատման հիմքում, երբ դրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ գործընթացը մտնում է փակուղի: Հարցը շատ նուրբ է, իսկ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, դրա համար նախընտրելի է, որ այլ հարցերից կամ ոլորտներից սկսվի երկխոսության եզրերի փնտրտուքը:
-Գուցե տնտեսական դաշտի՞ց. տեսանելի ապագայում հայ-իսրայելական տնտեսական համագործակցության լուրջ քայլերի ակնատես կլինե՞նք:
-Դա գործընթաց է, ինչը ես նշմարում եմ, ու եթե մենք ավելի առարկայորեն, նպատակասլաց քաղաքականություն իրականցնենք, ապա կհասնենք երկու երկրների սերտ համագործակցության:
Տնտեսական հարթության մեջ նախապատրաստվում են որոշակի բիզնես ծրագրեր, բացվեց Թելավիվ -Երևան չվերթը, ինչը կարևոր քայլ էր, այսինքն՝ տնտեսական դաշտում դրական միտումներ են նկատվում: Ես առաջարկել էի, որ ինչպես մեր երկում ստեղծվում է հայ-իրանական տնտեսական գոտի, նման քայլեր կատարել նաև հայ-իսրայելական համագործակցության դաշտում: Իսրայելին կարող ենք շահագրգռել, որպեսզի Հայստանում ձևավորի հայ-իսրայելական արդյունաբերական պարկ: Այն կզբաղվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ:
Այս ոլորտում Իսրայելը մեծ փորձ ունի, Հայաստանում էլ այն բավական զարգացում է ապրում, այնպես որ երկու երկները կարող են լուրջ հաջողություներ արձանագրել:
-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իսկ առավելապես վերջին տարիներին Իսրայելը ակտիվ քաղաքականություն է իրականցնում Հարավային Կովկասում, ուր իր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. այստեղ գործ ունենք ռազմաքաղաքական, տնտեսական խորը համագործակցության հետ: Արդյոք, Ադրբեջան-Իսրայել նման մերձեցումը ևս չի՞ խոչընդոտում հայ-իսրայելական հարաբերությունների ստեղծմանը:
– Հարավային Կովկասը վերջին տասնամյակներում Իսրայելի արտաքին քաղաքականության առանցքային տարածաշրջաներից է հանդիսանում: Այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ Իրանի գործոնը. շահից հետո իրանա-իսրայելական հարաբերությունները դարձան թշնամական: Մյուսը՝ Թուրքիայի գործոնն է, Իսրայելն այսօր Հարավային Կովկասը դիտարկում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարմար պլացդարմ: Մյուս կողմից էլ, ավելի ակտիվ ներգրավվելով տարածաշրջանում Իսրայելը հնարավորություն է ստանում բալանսավորել Թուրքիա, Իրան, նաև Ռուսաստան ձևաչափը՝ այստեղ հաստատելով սեփական ազդեցության լծակները:
Վերջին երկու տարիներին Իսրայելը վերանայել է իր արտաքին քաղաքականության որոշ գերակայությունները, դրա մասին է վկայում վերջերս Իսրայել-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրումը: Այսինքն, Իսրայելը փորձում է համագործակցել իր գործընկեր պետության՝ Թուրքիայի հակառակորդ երկրների հետ: Նույնը կարելի է դիտարկել նաև Հարավային Կովկասի համատեքստում. այստեղ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի հետ Իսրայելը փորձում է նրան խլել Թուրքիայից ու վերջինիս մեկուսացնել:
Բայց Ադրբեջանի հետ համագործակցել չի նշանակում մերժել Հայաստանի հետ համագործակցությունը: Հակառակը, Իսրայելը շահագրգռված է մի քանի ուղղություններով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ:
Ադրբեջանը 2000 թվից իրականացնելով լոբբիստական աշխատանքներ, արդյունքում կարողացավ ձևավորվել համատեղ բարեկամական խմբեր, ինչը նպաստեց այդ երկրների հարաբերությունների սերտացմանը: Եվ Ադրբեջանը այս ջերմացումն օգտագործեց ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման համար, ստեղվեցին ադրբեջանա-իսրայելական համատեղ ձեռնարկություններ, որտեղ այսօր արտադրվում են անօթաչու թռչող սարքեր նաև այլ զինատեսակներ: Փաստորեն, Ադրբեջանը կարողացավ հայ-իսրայելական հարաբերություններում առկա վակումը օգտագործել ի շահ իրեն:

Մենք այսօր այդ բացը պետք է լրացնենք: Մերձավոր Արևելքում մենք ավանդաբար համագործակցել ենք արաբական երկրների հետ, և դա շատ լավ է, բայց սրան զուգահեռ պետք է զարգացնենք նաև մեր հարաբերությունները Իսրայելի հետ: Դրա համար մենք պետք է Իսրայելում շահագրգռվածություն ստեղծենք, որպեսզի նրանք ցանկանան մեզ մոտ տարբեր ոլորտներում համագործակցել: Միայն այդ կերպ կարող ենք չեզոքացնել այն վնասները, որոնք մեզ են հասնում Իսրայել-Ադրբեջան ակտիվ համագործակցության արդյունքում: Իհարկե, սա նաև չի նշանակում, որ Հայաստանը դրան պետք է հասնի ամեն գնով, բնավ ոչ, բայց մենք մեր ջանքերը պետք է անպայմանորեն գործադրենք այդ ուղղությամբ:
-Իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը հայտնի է որպես ադրբեջանամետ համբավ ունեցող, եկավ Հայաստան, այցելեց Արցախ, ուր հայտարարեց, թե անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը: Ասվածը համարենք ուղղակի հնչեցված խո՞սք, թե՞ թիկունքում տեսնենք Իսրայելի քաղաքական էլիտայի լուռ համաձայնությունը:
– Իսրայելից ցանկացած այց՝ քաղաքագետների, հասարակական գործիչների մակարդակով, չի կարող դուրս լինել Իսրայելի արտաքին քաղաքականությունից:
Այնպես որ, նման այցերը պետք է դիտարկել Իսրայելի արտաքին քաղաքականության շրջանակներում: Հիշյալ գործիչի այցը ևս պատահականություն չէր: Ճիշտ է նա ժամանակին բավական դրական մեսիջներ է ուղարկել Ադրբեջանին, խոսել վերջինիս տարածքային ամբողջականության օգտին, բայց ամեն դեպքում նրա Հայաստան, ապա Արցախ կատարած այցը, Արցախի նախագահի հետ հանդիպումը զուտ քաղաքական նպատակներ էր հետապնդում:
Ես միանշանակորեն ողջունում եմ հայկական կողմի այն շրջանակներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այդ այցը:
Եվ սա միանշանակորեն պետք է դիտարկել Հայաստան-Իսրայել հարբերությունների կարգավորման, Արցախի միաջազգային ճանաչման համատեքստում, ու արձանագրել, որ այդ ամենը հետևանք են Իսրայելի արտաքին քաղաքականության փոփոխման:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն