Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ի՞նչ է մանիպուլյացիան ու ինչպե՞ս է այն օգտագործվում մեդիա դաշտում

Հուլիս 29, 2017թ. 20:05
111

Հարցազրույց ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Տիկին Մելքոնյան, վերջերս անդրադարձել եք մեդիա ոլորտին ու նշել, թե այդ դաշտում շատ են օգտագործվում մանիպուլյատիվ հնարքներ: Հետաքրքիր է, թե ի՞նչ հնարքներ եք բացահայտել: Եթե լրատվամիջոցը, ինչպես դուք եք արձանագրում՝ աշխատում է մարդկանց հուզական դաշտի վրա, ապա ի՞նչ գործիքներով՝ բառերով, արտահայտություններով է փորձում հասարակության վրա ներազդել:
-Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ենթադրում մանիպուլյացիան. դա սեփական կամքի պարտադրումն է ուրիշին, երբ այդ ուրիշը կամավոր ընդունում է, նույնիսկ չգիտակցելով, որ իր վրա կիրառվում է այդ ազդեցությունը: Ի դեպ, չգիտակցելու հանգամանքը կարևորագույն պայման է, քանի որ այն պահից, երբ դուք գիտակցում եք, որ ձեր վրա մանիպուլյացիոն տեխնիկա է կիրառվում, այն դադարում է գործել, և դուք այլևս մանիպուլյացիայի զոհ չեք:

Մյուս հանգամանքը հետևյալն է. բառը, խոսքը հնուց եղել են մանիպուլյացիայի գործիքները: Խոսքի միջոցով իրականացվում է համոզման տեխնիկան և մեդիան հաճախակի կիրառում է այն՝ երբեմն գիտակցաբար, երբեմն անգիտակցաբար: ԶԼՄ-ների մոտ սա հաճախ է դրսևորվում հանրային կարևորություն ստացած իրադարձությունների ժամանակ: Դրանք հիմնականում քաղաքական անցուդարձին վերաբերող մանիպուլյացիաներ են:

Մանիպուլյատիվ հնարքներից է կարծրատիպերի օգտագործումը: Օրինակ,  ֆաշիստ, տեռորիստ, բարերար, օլիգարխ ու այս կարգի բառերի կողքին հաճախ օգտագործում են պաշտոնյա, նախարար կամ այլ բառեր և մենք տեսնում ենք, որ դա ընթերցողին հրամցվում է հեգնանք պարունակող երանգներով:
Մինչդեռ մամուլում դա համարվում է՝  իրերն իրենց անունով  կոչել:
-Չէ, դրանք կարծրատիպեր են, որոնք մարդկանց գիտակցության մեջ համապատասխան հղում են պարունակում: Այսինքն, երբ դուք օգտագործում եք ֆաշիզմ բառը, ձեր ընթերցողին ենթագիտակցաբար հղում եք տալիս, օրինակ՝ Հիտլերի կամ նացիստական Գերմանիայի պատմության վրա: Այդ բառը ընթերցողի մոտ միանգամից բացասական էմոցիաներ է արթնացնում: Եթե լրագրողն ինչ-որ անձի անվան կողքին օգտագործում է այդ բառը, ընթերցողի մոտ տվյալ մարդու հանդեպ համապատասխան վերաբերմունք է ձևավորվում:
Լրատվամիջոցը, որը նյութ է պատրաստում, օրինակ՝ Ադրբեջանի բանակի կողմից հայկական գյուղերում իրականացրած վայրագությունների մասին, ինչպե՞ս կարող է զերծ մնալ և իրերը չկոչել իրենց անունով՝ որպես սադիզմ, ռասիզմ: Դա կհամարեք մանիպուլյացիայով զբաղվե՞լ:
-Գիտեք, եթե դուք ունեք ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հատկանիշները համապատասխանում են ռասիզմ երևույթին, ապա այդ դեպքում դուք ոչ թե մանիպուլյացիա եք անում, այլ հիմնավորված եք օգտագործում տվյալ բառը: Սա շատ նման է այն դեպքին, երբ ամեն տեսակի իրադարձություն երբեմն անվանում են Ցեղասպանություն: Մինչդեռ Ցեղասպանությունն ունի իր հստակ սահմանումը: Կամ ամեն մի երևույթի տալիս են բրենդ անունը, մինչդեռ բրենդն ունի իր սահմանումը:

Հաջորդ տեխնոլոգիան, որը կիրառվում է մեդիայում՝ հեղինակությունների մասին վկայակոչումն է: Այն կոչվում է հղում հեղինակությանը: Մամուլում որպես հեղինակություն կարող ենք կարդալ հետազոտական ընկերությունների, հայտնի մարդկանց կարծիքները, բանաստեղծների խոսքը: Երբեմն սոցիալական բնույթ ունեցող տեքստերում որպես եզրահանգում կկարդաք հետևյալ խոսքը՝ ՙՙԻնչպես մեծ գրողն է ասել՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք՚՚: Հայաստանյան մեդիայում շատ հաճախ որպես հեղինակություն ընկալվում է ժողովուրդը, օրինակ, գրում են՝ ՙՙժողովրդի լեզվով ասած՚՚, կամ ՙՙինչպես գիտենք, ժողովուրդը երբեք չի սխալվում՚՚:

Շատ հաճախ սեփական հոդվածում լրագրողը գրում է՝ փորձագետի խոսքով, գիտնականի կարծիքով, այսինքն՝ հղում է տալիս այս կամ այն մասնագետի, որն իրականում ամենևին էլ հղում չէ, այլ ընդամենը խոսքն ազդեցիկ դարձնելու միջոց: Բայց դա ընթերցողի վրա լուրջ ազդեցություն է գործում, ասում են՝ դե, խելոք մարդիկ այդպիսի կարծիք ունեն:

Մեդիայում հաճախ կիրառվող տեխնոլոգիաներից է նաև հեգնանքը, ծաղրը, ցեխ շպրտելը, որոնք կիրառվում են բացասական կարծիք ձևավորելու նպատակով:
Իսկ քաղաքական լրատվության մեջ ի՞նչ մանիպուլյացիաներ են օգտագործվում. քաղաքական այս կամ այն ուժի հանդեպ համակրանք կամ հակակրանք ներշնչելու համար ի՞նչ ՙՙգործիքներ՚՚ են, ըստ ձեզ, բանեցնում զլմ-ները:
-Որպես կանոն մանիպուլյացիոն հնարքները կիրառվում են ընտրությունների ժամանակ : 2017թ. ԱԺ ընտրությունները ևս դրանից զերծ չմնացին: Հնարքներից մեկը անհատի մեջ երախտագիտության զգացում ներշնչելն է, կամ երախտագետ լինելու մասին հիշեցնելը: Եվ դա անում են լրատվամիջոցները, լսարանին ներշնչում են շնորհակալ լինելու զգացում որևէ քաղաքական ուժի կամ գործիչի հանդեպ: Այսինքն՝ նա ժամանակին ձեզ լավություն է արել, հիմա եկել է փոխհատուցման պահը: 2017թ․ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նման հնարքների հաճախ էին դիմում ինչպես առանձին ընտրատարածքներից նախկինում ընտրված պատգամավորները՝ հիշեցնելով իրենց արածն ընտրողների համար, այնպես էլ խոշոր կուսակցությունների և դաշինքների առաջնորդները: Այստեղ կարելի է առանձնացնել ՙՙԾառուկյան՚՚ դաշինքի նախագահի գործունեությանը և իր անձին երախտագիտություն հայտնող ընտրողներին հաճախ ընդգրկելը քաղաքական գովազդային հոլովակներում։

Մյուսը, այս կամ այն ուժին, քաղաքական գործիչին որպես հալածյալ կամ զոհ ներկայացնել է, որպեսզի նման կերպար ձևավորելով նրան արժանացնեն ընթերցողի համակրանքին, դրական վերաբերմունքին: Այսպես օրինակ, լրատվամիջոցները կարող են կեղծ հետապնդումների, զանգվածների կողմից չհասկացված, թշվառ լինելու կամ քննադատության պատրանք ձևավորելու միջոցով գրավել լսարանի ուշադրությունն ու հետաքրքրությունն այդ անձանց կամ ուժերի հանդեպ: Այս հնարքի տարբեր մոդիֆիկացիաների դիմեցին ՙՙԾառուկյան՚՚, ՕՐՕ-ն և ՙՙԵլք՚՚ դաշինքները նախընտրական փուլում։

Քաղաքական լրագրության մեջ մանիպուլյացիների ձևերը բազմազան են ու ամեն ընտրությունից հետո ես բացահայտում են նորանոր ձևեր ու մեթոդներ:
-Մանիպուլյացիոն հնարքների օգտագործման առումով տպագիր մամուլը, հեռուստատեսությունն ե՞ն ավելի ազդեցիկ, թե՞ առյուծի բաժինն ընկնում է կայքերին:
-Տարբեր լրատվամիջոցներում տարբեր են ազդեցության մեխանիզմները: Ի տարբերություն տպագիր մամուլի, հեռուստատսեությունը նաև ցույց է տալիս ու ստեղծում սեփական աչքով տեսնելու պատրանք:

Համացանցային մեդիայի ստեղծմամբ բավականին նվազել է թե՛ տպագիր մամուլի, թե հեռուստատեսության լսարանը, այնուհանդերձ, 80 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է հիմնական տեղեկատվության աղբյուր:
Իսկ ամենից շատ մանիպուլյացիաներ կիրառվում են օնլայն մեդիաներում՝ կայքերում, որովհետև այդտեղ չկան այն բոլոր պահանջները կամ նորմերը, որոնք սահմանափակում են նման երևույթները: Երբ կայքը հրապարակում է ինչ-որ մեկի ֆեյսբուքյան ստատուսը, դրանով տեղեկատվական աղբյուր է դարձնում ինչ-որ մի օգտատիրոջ՝ նրա վրա բարդելով տարածվող տեղեկատվության պատասխանատվությունը: Կայքը տարածում է մեկի կարծիքը, որը գրվել է շատ նեղ լսարանի համար, բայց շնորհիվ կայքերի այն մի քանի անգամ ավելի է շրջանառվում, այդքան անգամ էլ աճում է ասված ազդեցությունը:

Ֆեյսբուքյան տիրույթում առհասարակ չկա էթիկա, ոչ մի կարգավորում կամ պահանջ նյութ գրելու, լուր հաղորդելու հարմար: ՖԲ օգտատերը կարող է նաև բացահայտ սուտ տեղեկատվություն հաղորդել: Բայց երբ դա վերցնում են կայքերն ու տարածում, դրանով փաստորեն, լեգիտիմացնում են սուտը: Սրա արդյունքում է, որ ստեղծվել է ինֆոլոգեմ հասկացողությունը, երբ լուրը կարող է լինել բացարձակ սուտ, մինչդեռ բավականին կենսունակ: Հայտնի ասացվածք կա՝ երեք անգամ ասված սուտը ճշմարտության տեղ է ընդունվում:
-Ի վերջո, մեդիան կարո՞ղ է զերծ մնալ մանիպուլյացիաների օգտագործումից և ի՞նչ անել, որ մեր հասարակությունը կարողանա թացն ու չորը զանազանել և չդառնալ մանիպուլյացիայի զոհ:
-Մանիպուլյացիան օբյեկտիվ իրականություն է, դա տեխնիկա է, որը մեդիան օգտագործում ու դրանից խուսափել հնարավոր չէ: Լրագրողները, որոնք խոսքը որպես հիմնական գործիք կիրառող մասնագետներ են, զերծ չեն կարող մնալ դրանից, քանի որ խոսքի կիրառումը չի կարող իր մեջ չունենալ որոշակի մանիպուլյացիոն բաղադրիչ: Ուրիշ խնդիր է, երբ դա իրականացվում է գիտակցաբար, որոշակի նպատակ կամ ազդեցություն գործելու համար:
Մեդիայի կոչումը այլընտրանքների ներկայացումն է, որակյալ դեմոկրատական զլմ-ն ունի մի քանի կարևոր հատկանիշ դա բազմազանության ապահովումն է՝ կարծիքների, դերակատարների և աղբյուրների: Բայց նույնիսկ այդ բազմազանության ապահովումը մեդիային զերծ չի պահում մանիպուլյացիա կիրառելուց, որովհետև նույնիսկ այն հանգամանքը, թե ո՞ր աղբյուրը, ո՞ր հերթում դու վկայակոչեցիր, սկզբո՞ւմ, թե՞ վերջում, նույնպես կարող է լինել մանիպուլյացիոն տեխնիկա: Այսպես, թե այնպես մեդիան զերծ չէ դրանից:

Ինչ վերաբերում է մեր հասարակությանը օգտակար լինելուն, միակ ճանապարհն այն է, որ բացատրենք՝ ի՞նչ է մանիպուլյացիան, ցույց տանք, որ կան նման տեխնոլոգիաներ ու նրա ուշադրությունը սևեռենք դրա վրա:

Այնպես որ, հարկավոր է հիշել, եթե գիտակցում եք, նկատում եք, ապա մանիպուլյացիան դադարում է ձեր վրա ներգործել, հակառակ դեպքում՝ դառնում եք մանիպուլյացիայի զոհը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն