Գլխավոր » TOP, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն, Վերլուծական

Անօթևանները կգիշերն փողոցներում, քանի դեռ օրենքում փոփոխություն չի արվել

Հուլիս 26, 2017թ. 14:38
անօթևաններ +

Երևանի տարբեր հատվածներում, մասնավորաբար, կենտրոնում` այգիներում ծառերի տակ, շենքերի մուտքերում, հրապարակներին կից տարածքներում հաճախ կտեսնեք անօթևանների. մի անկյունում կուչ եկած, գետնին պառկած, գզգզված մազերով, ոտքից գլուխ կեղտոտ, լաթերի մեջ փաթաթված, իրենցից անբաժան շների կողքին՝ մի քանի տոպրակներով ամուր շրջապատված, որոնց մեջ իրենց ունեցվածքն է՝ ողջ ՙկահ-կարասին՚: Թե նրանցից ամեն մեկն ինչպե՞ս է հայտնվել փողոցում, ինչո՞ւ է նման դաժան ճակատագրի արժանացել, դժվար է իմանալ, իրենցից ճշմարտությունը չես լսի: Նրանցից ամեն մեկն իր պատմությունն ունի՝ մի քիչ հորինովի, մի քիչ իրական, բայց բոլորն էլ ընտանիքներից հեռացած, մերժված, կողոպտված տխուր մարդիկ են՝ տխուր ճակատագրեր: Եթե մոտենաս ու հարցուփորձ անես՝ հայհոյախառն բառերով քեզ կճանապարհեն: Վախից է, չեն ուզում իրենց անհանգստացնել, վախենում են, որ իրենցից կխլես անգամ այդ միակ ու իր համար ՙջերմ՚ անկյունը, որտեղ ինքն է սեփականատերը:
Մեր երկրում անօթևան-թափառաշրջիկների հարցերով զբաղվող մեկ հասարակական կազմակերպություն կա՝  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմադրամն է, որը ժամանակավոր կացարան է տրամադրում անօթևան մարդկանց: Ի դեպ, Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարությունը չցանկացավ այս թեմայի շուրջ մեզ հետ զրուցել, խորհուդ տվեցին անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալ հիշյալ հիմնադրամի տնօրեն ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ: Վերջինս էլ ասաց, թե բանեցնելով դանիական փորձն ու մեթոդները իրենք անօթևանների հետ աշխատում են բավականին արդյունավետ՝ երբեմն կարողանում են նրանց հաշտեցնել ընտանիքների հետ, օգնում են անձնագրերի վերականգման, հաշմանդամության կարգ ստանալու, թոշակավորվելու հարցերում, տեղավորում են ծերանոցներում, նույնիսկ օգնում աշխատատեղ գտնելու հարցում: Քայլեր, որոնք կարող են օգնել այդ մարդիկ լիարժեք կյանք վերադառնալու: Բայց անօթևանների խնդիրներն ամենևին էլ այսքանով չեն ավարտվում: Հիշյակ կազմակերպությունում տեղերը խիստ սահմանափակ են, կարող են պահել ընդամենը 100 անօթևանների, մինչդեռ անօթևաների թիվը մեր երկրում շատ են, հաշվվում է մինչև 2500 հոգի: Մյուս կողմից, օրենքի հետ կա լուրջ խնդիր:

«Սոցաջակցության մասին» օրենքն անօթևաններին «սորտավորել» է, ու դրանով սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են տեղ գտնել անօթևանների կացարանում: Իսկ դա նշանակում է՝ գոնե ամռան տապին կամ ձմռան ցրտին պատսպարվելու տեղ ունենալ ու օրը երկու անգամ տաք կերակուր ուտելու երջանկություն: Բայց հիշյալ օրենքը նման բախտի արժանանալու իրավունք չի տալիս 5 խմբերի պատկանող անձանց. հոգեկան հիվանդներին, տուբերկուլոզ, հեպատիտ C, մաշկային վարակակիր և վեներական հիվանդություններով տառապողներին:

«Այս խմբերը համարվում են ռիսկային, օրենքը մեզ թույլ չի տալիս նրանց մեզ մոտ ապաստան տալ, դրա համար փողոցներում շատ են նման անօթևանները՚»- Շավարշ Խաչատրյանը սա համարում է օրենքի լրջագույն բացթողումը: Բայց չէ՞ որ անօթևանները նման առողջական խնդիրներ կարող են ունենալ բաց երկնքի տակ ամառ, ձմեռ գիշերելուց, ի՞նչ է ստացվում, մենք տեր չենք կանգնում սեփական բնակարանը ինչ-ինչ պատճառով կորցրած անտուն մարդուն, որը փողոցում հայտնվելու հետևանքով ձեռք է բերել հազար ու մի հիվանդություն, ու հետո դուռը շրխկացնում ենք նրա դեմքին, թե դու ռիսկային խմբի մեջ ես, դու վարակիչ ես, քեզ ձեռք մեկնել այլևս չենք կարող:
ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ՄԵԼԱՆԻԱՅԻ ՍԻՐԵԼԻ «ԲՆԱԿԱՐԱՆԸ» ՕՂԱԿԱՁև ԶԲՈՍԱՅԳԻՆ Է

Քաղաքի կենտրում՝ Խանջյան փողոցին հարակից Օղակաձև զբոսայգու մի հատվածում, արդեն 4 տարի է, որ բնակավում է անօթևան Մելանյա Ֆահրատյանը: Նա, իհարկե, քաղաքի կենտրոնում այլ բացօթյա «բնակարաններ» էլ ունի՝ կրկեսի, Հանրապետության հրապարակի շրջակայքում, բայց Օղակաձև այգին կա ու մնում է Մելանյայի ամենասիրելի «բնակարանը»: Անօթևան կինն իրեն շրջապատել էր պահապան շներով, որոնք խլշկոտած վեր էին թռչում, երբ ինչ-որ մեկը համարձակվում էր մոտենալ բոմժի կացարանին, իսկ տիրոջ հրահանգը ստանալուն պես ցցում էին ականջներն ու դանդաղ մոտենում՝ անցանկալի հյուրին վայրկյան առաջ պատառոտելու ախորժակով: Մելանյան տառապում է հոգեկան հիվանդությամբ, չափազանց ագրեսիվ է, հայհոյախոս: «Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի հոգեբան ՍՈՒՍԱՆՆԱ ՈւՄՈՒՐՏՅԱՆԸ, ում հետ միասին երեկ փորձեցինք հյուրընկալվել Մելանյանի կացարանում, վերջինիս հետ կարճատև զրույցից հետո, ասաց, թե կնոջ հոգեկան հիվանդությունը ձեռքբերովի է: Իսկ Մելանյան հասցրեց մեզ զարմացնել իր գրագետ, տրամաբանված խոսքով, իմացանք, որ ժամանակին Մյասնիկյանի գործկոմում աշխատած կինն այս վիճակի է հասել անսիրտ, անգութ բարեկամների մեղքով, որոնք նրանից խլել են անձնագիրն ու տեր դարձել բնակարանին, ու արդեն 14 տարի նա գիշերում է բաց երկնքի տակ:

«Թեքեյան հիմնադրամ»-ի տնօրեն ԱՐՄԵՆ ԾՈւԼԻԿՅԱՆԸ պատմեց, թե քաղաքի կենտրոնական՝ Օղակաձև զբոսայգու կանաչ տարածքում այդ թափառաշրջիկի բնակությամբ հակասանիտարական սարսափելի վիճակ է ստեղծվել: Նա ամբողջ ձմեռը մեծ քանակությամբ աղբ էր կուտակել: Բայց ոչ մի գերատեսչություն նրա հարցերով չի կամենում զբացվել, չնայած Մելանյայի մասին գիտեն քաղաքապետարանում, Կենտրոնի թաղապետարանում, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում, սակայն 4 տարի շարունակ ոչ մեկն իզորու չէ հարցին հիմնավոր, վերջնական լուծում տալ: ՙՍտիպված եղանք մենք ինչ- որ բան անել: Ամիսներ առաջ թափառաշրջիկին շատ դժվարությամբ տեղափոխեցինք ապաստարան: Նրա բացակայությունը մեզ հնարավորություն տվեց սեփական միջոցներով կարգավորել տարածքը: Մեծ դժվարությամբ կարողացանք տեղափոխել հավաքված աղբը, «Սանիտեկն» անվերջ հրաժարվում էր: Երկու բեռնատար մեքենա աղբ հավաքվեց տարածքից, էլ չեմ խոսում կրծողների մասին, դրանք մտնում էին մեքենաների մեջ, շենքերի տարածք, անգամ անցորդների ոտքերի տակ էին հայտնվում: Ստիպված էինք ախտահանող միջոցներ օգտագործել: Բավականին ջանքեր գործադրեցինք, ֆինանսներ ծախսեցինք տարածքը ինչ-որ չափով մաքրելու, ախտահանելու, բարեկարգելու համար: Մեզ հույս էին տալիս,որ թափառաշրջիկն այլևս չի վերառանա՚: Բայց Արմեն Ծուլիկյանի հույսերն ի դերև եղան. օրեր առաջ թափառաշրջիկ Մելանյան հայտնվել է իր սիրելի բացօթյա «բնակարանում», ու կրկին անցել աղբահավաք «աշխատանքին»:

Անօթևանների խնդրի վերջնական լուծումը կլինի այն, որ նրանց տրվի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական կացարան: Մինչդեռ, հոգեբուժարանները նրանց ընդամենը 21 օրով են ընդունում, իսկ անօթևանների կացարանները՝ 3 ամսով, ու ժամկետը լրանալուն պես՝ դրսի դուռն են ցույց տալիս:

Անհասկանալի իրավիճակ է. մի կողմից պետությունն ասում է՝ փող չկա այս մարդկանց երկարաժամկետ կացարանով ապահովելու, մյուս կողմից, հոգեբուժարանում գտնված 21 օրերի ընթացքում պետություն այս մարդկանց վրա զգալի գումար է ծախսում՝ բուժում է, լուծում նրանց հիգենայի խնդիրները: Բայց այդ գումարները հօդս են ցնդում, քանի որ օրենքի պահանջով, 21 օրը լրանալուց հետո նրանց կրկին փողոց են ուղարկում, կրկին հիվանդանալու, տարբեր վարակիչ հիվանդություններով վարակվելու: Սա չեղա՞վ բյուջեյի գումարների աննպատակ, անարդյունավետ վատնում:
Արմեն Ծուլիկյանը ցավով նկատեց, թե մեղավորն այս կինն ու իր նմանները չեն, որոնց կյանքի դաժան հարվածը նման վիճակի է հասցրել, մեղավորը մենք ենք մեր անտարբեությամբ, խնդիրը հիմավոր ու վերջնական լուծելու անկարողությամբ: «Տեսնելով այս թափառականներին, խղճահարություն ես զգում, ուզում ես ինչ-որ կերպ օգտակար լինել, բայց դա էլ չես կարողանում անել, որովհետև օրենքն արհեստական բարդություններ է ստեղծում»,-Ծուլիկյանն ասաց, որ իրենք հիմա պատրաստ են սեփական միջոցներով լուծել այդ թափառաշրջիկի մշտական կեցության հարց: Տեղեկանալով, որ հոգեկան հիվադությամբ տառապող անօթևաններին մշտական ապաստան է տալիս Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատը, Արմեն Ծուլիկյանը դիմել է նրանց, խոստացել սեփական միջոցներով կազամակերպել անօթևանի տեղափոխումը, նաև ֆինանսներ հատկացնել նրա բուժման համար: Բայց հիմա էլ հայտնվել է բյուրոկրատական քաշքշուկի առաջ: Վարդենիսից նրան առաջարկել են՝ դիմել նախարարություն, այնտեղից էլ ուղղորդել Հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչություն, հետո Կենտրոն թաղապետարան. շղթան այսպես շարունակում է ձգվել, իսկ հարցը մնալ չլուծված:

վարդենիսի տուն-ինտերնատի տնօրինությունն իր հերթին գործը ծանրացնում է, ասելով՝ թե գործընթացը ենթադրում է բավականին մեծ թղթարարական աշխատանք՝ անձնական փաստաթղթերի հայթայթում, դատարանի միջմտություն, համապատասխան ուղեգրի ձեռքբերում. մի խոսքով՝ մի բարդ ու երկարատև աշխատանք: Տարօրինակ չէ՞, որ հոգեկան հիվանդ անօթևանին տեր կանգնելու փոխարեն նրանից նախ պահանջում ենք անձնագիր, շատ լավ իմանալով, որ նման մարդիկ հիմնականում անձնական փաստաթղթեր չեն ունենում. կամ կորցրել են, կամ հենց իրենք են ոչնչացրել: Եվ հետո, ո՞վ պետք է զբաղվի այս երկար-բարակ գործընթացով, երբ անօթևանների գերակշիռ մասը չունի հարազատներ, մյուս կողմից էլ չկա այն պետական կամ հասարակական կառույցը, որն իր վրա կվերցնի ու մինչև վերջ կհասցնի գործը: «Այս մարդկանց արագ օգնելը, բուժելն է կարևորը՞, թե՞ այդ թղթարարությամբ զբաղվելը, ստացվում է թղթերի հետևից ընկնելով մոռանում ենք մարդուն՚»- ասում է Ծուլիկյանը: Հոգեբան Սուսաննա Ումուրտյանի խոսքով ՝ փաստաթղթեր չունելը, դրա հետ կապված քաքշուկը, օրենքի սահմանափակումները պատճառ են դառնում, որ իրենք չկարողանան այդ մարդկանց հարցերով լիարժեքորեն զբաղվել, մինչդեռ պատրաստ են բոլորին օգնել:

«Օրենքում պետք է փոփոխություն անել, որպեսզի կոնկրետ մարմիններ կարողանան զբաղվել 5 խմբերին պատկանող անօթևանների հարցերով, իսկ հոգեբուժարաններին պետք է հնարավորություն տալ ոչ թե 21 օր, այլ երկար ժամանակով իրենց մոտ պահեն նման մարդկանց՚». Շավարշ Խաչատրյանը սրա հետ մեկտեղ հարցի լուծում համարում է բաշխիչ կենտրոնի ստեղծումը. որքան էլ մեր պետության բյուջեն սուղ է, բայց սա հրատապ հարց է, քանի որ կենտրոնում կհավաքվեն հիշյալ 5 խմբերում ընդգրկվածները, որտեղից նրանք կուղորդվեն համապատասխան բժշկական հաստատություններ, ուր կբուժվեն, կդադարեն հասարակության համար վտանգ ներկայացնելուց, որից հետո անօթևանների ապաստարանը պատրաստ կլինի նրանց ընդունել և սոցիալական աջակցություն ցույց տալ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն