Գլխավոր » NKR, Politics, Ադրբեջան, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռուսաստանը՝ Ադրբեջանին ու Հայաստանին կապված է պահում իր սայլին

Հուլիս 26, 2017թ. 12:24
Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. այն կայացավ, մի կողմից Ադրբեջանին հերթական զենքի մեծ խմբաքանակ փոխանցելուց հետո, մյուս կողմից, ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող ոչ բարենպաստ հարաբերությունների պայմաններում: Չնայած սուղ տեղեկատվությանը, ի՞նչ կարևոր ուղերծներ նկատեցիք:
-Սառնությունը կարող է թվացյալ լինել, վերջին հաշվով, այս երկու երկրները 200 տարի է ոխերիմ բարեկամներ են:

Մենք սիրում ենք ուղիղ վերլուծություններ անել, սակայն դա ճիշտ չէ, քանի որ ռուսական քաղաքականությունը բազմավեկտոր է, հետևաբար, պետք է տարբեր ուղղություններով այն գնահատել:
Այս հանդիպումից ես եկա այսպիսի եզրահանգման: Նախ, երկու երկրների համար բավականին սուր է նավթի ու գազի արտահանման հարցը, նրանք այստեղ ունեն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման խնդիր: Չնայած Պուտինը հույսեր էր կապում Թրամփի հետ հանդիպումից, որ իր երկիրը պատժամիջոցներից դուրս կգա, նավթով ու գազով կողողի Արևմտյան Եվրոպան ու դրա փոխարեն կստանա գիտություն, տեխնոլոգիրաներ, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվում: Եվ սա Ռուսաստանում գլխավոր խնդիր է դարձել:
Երկրորդ, ՌԴ-ն ու Ադրբեջանը ավտորիտար ռեժիմի երկրներ են, ընդ որում, ադրբեջանական ռեժիմի գոյությունը մեծապես կախված է ռուսաստանյան բարյացակամությունից: Ու այստեղ ևս իրենք փորձում են լեզու գտնել: Ես համոզված եմ, եթե դա չլիներ, մենք մեր բանակով Ադրբեջանին վաղուց ցրիվ տված կլինեինք: Հիշո՞ւմ եք, ապրիլյան պատերազմի ժամանակ նորից Ռուսաստանը փրկեց Ադրբեջանին:
Չորրորդ, ինձ թվում է, Պուտինը Ադրբեջանի հետ ուզում է լուծել մի ռազմավարական խնդիր, այն է ՝ Ալիևին համոզել, որ վերջինս նավթի ու գազի արտահանումից ստացած դոլարներով շարունակի ֆինանսավորել ՌԴ ռազմաարդյունաբերական գործարանների աշխատանքը: Այսինքն, Ռուսաստանը զենքի վաճառքով երկակի խաղ է խաղում, մի կողմից Ադրբեջանին զինում է, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել հայկական բանակի դիմադրությունը, ինչն ուղղակի բացառված է, մյուս կողմից, այդ զենքի վաճառքից ստացված ադրբեջանական դոլարներով նա աշխատացնում է իր ռազմական գործարանները: Պատկերացրեք ի՞նչ վիճակ կլիներ, եթե ՌԴ-ի ներկայիս տնտեսական, սոցիալական այս ծանր պայմաններում չլիներ ադրբեջանական նավթադոլարների մեծ հոսքը դեպի ռուսական ռազմական արտադրություն:
Հինգերորդ, իր քաղաքականությամբ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը զարգանա: Ո՞րն է այդ երկրի, ժողովրդի օգուտը, երբ ՌԴ-ն հսկայական քանակի գումար է վերցնում ու դիմացը զենք տալիս, Ադրբեջանի հասարակությունը դրանից ինչո՞վ է օգտվում, բացի այն, որ դրանից սնվում է ալիևների քրդական կլանը:
Վեցերորդ, Ադրբեջանը ռուսական հակումներ ունի այնքանով, որքանով կա Հայաստանն ու ԼՂ հիմնահարց: Եթե այդ հարցը չլինի, թքած ունեն Ռուսաստանի վրա, ինչպես արեցին 1918 թվին: Ինչպես ասում են՝ «բարեկամներ են՝ թշնամու ջիգրո»՚: Ռուս-ադրբեջանական համագործակցությունը տակտիկական է, ու ստրատեգիական չի կարող լինել:
Յոթերորդ, մեկ այլ կարևոր հանգամանք ևս նկատում եմ: Մենք, պարզ է, որ մշտապես առաջ ենք մղում արցախյան խնդիրը ու մտահոգ ենք ռուսական զենքի վաճառքով: Բայց երբևէ չենք հարցնում, լավ, այդքան մեծաքանակ զենք Ադբեջանի ինչի՞ն է հարկավոր, ո՞ւմ դեմ է զինում Ռուսաստանը, Արցախի՞, ինչո՞ւ պետք է այդքան զինի փոքր Արցախի դեմ: Եղածն էլ լիուլի բավական է մեր դեմ լայնածավալ պատերազմ սկսելու համար, եթե իհարկե, ադրբեջանցին կռվել կարողանան: 25 տարի  Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, բայց այդ ոչխարների հոտը ոչ մի հաջողություն չի կարողանում գրանցել: Ըստ իս, Ռուսաստանը Ադրբեջանին զինում է ոչ միայն Արցախի դեմ, այլ զինում է իր հարավում անընդհատ հզորացող Իրանի դեմ: Վերջինիս հզորանալն ու անկախ քաղաքականություն իրականացնելը, եթե Ռուսաստանին մի քիչ ոգևորում է, ապա հիմնականում վախեցնում է: Պատմությունը հիշենք, քանի անգամ է Ռուսաստանը կիսել Իրանը՝ 1906-ին, երկրորդ համաշխարհայինի տարիներին: Այսօր Իրանն առավել հզորանում է ու պահում է իր կայուն քաղաքական ուղեգիծը:
-Այդ դեպքում՝ Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու հարցում ինչպե՞ս հասկանալ Իրանի լռությունը: Չե՞ն գիտակցում, որ դա նաև իրենց համար է վտանգավոր:
-Անկեղծ ասած, ինձ համար ևս անհասկանալի է իրանական կողմի անտարբերությունն այդ հարցում: Գիտակցում են, թե ոչ, մենք պարտավոր ենք այդ մասին բարձրաձայնել: Կարծում եմ, որ Իրանը պետք է խառնվի գործին ու մեզ հետ միասին ՌԴ-ին պարտադրի չվաճառել զենք Ադրբեջանին: Սա կուժեղացնի նաև Հայաստան-Իրան հարաբերությունները:
Նկատենք, որ վերջերս մի տեղեկատվություն շրջանառվեց, համաձայն որի, ռուս սահմանապահ զորքերը Արաքսի հովտում, Հորադիզի ուղղությամբ սահմանային գոտին պաշտպանելու պարտավորություն են վերցրել: Իբրև թե, սահմանից ահաբեկիչ անցնելու դեպքում պետք է հստակեցնեն, թե ի՞նչ գործողություն պիտի կատարեն: Իսկ ես իրականում նման վտանգ չեմ տեսնում, քանի որ կա հզոր Իրան, այդ սահմանից ահաբեկիչ չի կարող անցնել: Բանն այն է, որ Ռուսաստանն ուզում է իր ներկայությունն ուժեղացնել այդ հատվածում:
Ինչպես տեսնում եք, ՌԴ-ն այս տարածաշրջանում բազմավեկտոր քաղաքականություն է վարում և Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ այդ բոլոր ուղերձները նշմարվեցին:
-Ռուսաստանում վախ կա, որ Սիրիայում անհաջողությունից հետո ԻՊ-ը կարող է հաստատվել հենց Ադրբեջանում, այսինքն՝ ՌԴ սահմանների մոտ ու սա չի կարող չմտահոգել Ռուսաստանին: Մանավանդ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ադրբեջանը ԻՊ ահաբեկիչներին զենք է մատակարարում: Հետևաբար, այս հարցում ևս երկու երկրները քննարկելու քիչ բան չունեն:
-Դա արտաքին ծխածածկույթ է, ինձ թվում է նման վտանգ չկա: Ռուսներն ու իսլամը իրար հետ վաղուց համագործակցության եզրեր ունեն: Ձեր ասած թեզիսներով մենք 200 տարի ապրում ենք, այդպես սնում են մեզ: Բայց իրականում Ռուսաստանը զուտ ռուսական պետություն չէ, այն ռուս-թուրքական համաձուլվածք է, իրենք 200 տարի է թաթարների հետ լեզու են գտել ու լավ էլ ապրում են: Մենք ենք ռուսներին անվերջ ցույց տալիս թուրքական գործոնի վտանգավոր լինելը: Այնպես որ, իրականում նման վտանգ հենց իրենք ռուսները չեմ տեսնում: Նման մտքերը ես համարում եմ դիվանագիտական բլեֆ:
Իսկ ՌԴ-ն սիրական ճակատում դժվարություններ չունի, հակառակը, օր-օրի ամրապնդվում է, ավելին, սիրական ռազմական նավատորմը նաև Միջերկրական ծով է մտել: ԽՍՀՄ-ի նախկին դիրքերը վերականգնվում են:

-Որքան էլ խառն է ռուսների գլուխը գազային, նավթային հարցերով, սակայն արցախյան խնդիրը այս հանդիպման ընթացքում չէր կարող շրջանցվեց, մանավանդ որ, Ադրբեջանն իր ոճին հարազատ նախօրերին գնդակոծեց հայկական Չինարի գյուղը, իսկ ռուսական մամուլում խոսվեց այն մասին, թե ռուսներին ձեռնտու չէ նոր լարվածություն արցախյան սահմանին:
-Ռուսաստանը՝ Ադրբեջանին ու Հայաստանին իր «սայլին» կապած է պահում արցախյան խնդրով: Պուտինը խաղում է, նա ոչ այս կողմում է, ոչ այն, և’ Ադրբեջանին է հսկայական քանակով զենք տալիս, և’ մեզ պետական գներով, էժան զենք է մատակարարում: Ու հարցն անվերջ պահում չլուծված կամ անլուծելի վիճակում: Այսօր Ռուսաստանի գլուխը շատ խառն է, ԱՄՆ-ը Ռուսաստանին դուրս է թողնում Արևելյան Եվրոպայից, այս պայմաններում Պուտինի համար արցախյան խնդիրն ընդամենը խաղալու համար է: Մինչ ապրիլյան պատերազմը ևս մեզ հավատացնում էին, թե ռուսները թույլ չեն տա, որ պատերազմ լինի, բայց տեսանք ի՞նչ եղավ: Իհարկե, այս պահին պատերազմի վտանգ չկա, քանի որ սիրական ճակատում սրացումներ չկան, եթե լինեն Ռուսաստանն այստեղ պատերազմ կհրահրի, ուշադրությունը շեղելու համար արագ կտաքացնի հակասությունը: Իսկ եթե իրականում ՌԴ-ն չի ուզում նման սրացում, դե, թող նպաստի հարցի վերջնական լուծմանը: Ղրիմը, որպես ինքնորոշված տարածք, արագ միացրին մայր հայրենիքին, Արցախի հարցն էլ նույնն է, ինչո՞ւ Ռուսաստանի կողմից նույնպիսի մոտեցում չկա, չէ՞ որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է: Չի անում, որովհետև արցախյան հարցն իր համար ռեզերվային տաբերակ է, նույնպիսին է նաև սիրական հարցը, այնտեղ Ռուսաստանը դանդաղ հաղթանակներ է տանում, բայց հարցը վերջնական չի լուծում, քանի որ այդ դեպքում իրենք Սիրիայում անելիք չեն ունենա:
Պուտին-Ալիև հանդիպումից առաջ ադրբեջանցիները հայկական գյուղին խփեցին, դա այլևս նրանց բնավորությունն է: Իսկ մերն էլ պետք է լինի այն, որ գոնե ադրբեջանական մեկ գյուղի թաղամաս ոչնչացնենք: Եթե թուրքին չես խփում՝ չեն հասկանում: Մեզանում մի այլ սովորություն էլ պետք է մտնի. մեր օլիգարխների ճոխ հարսանիքների ժամանակ հարսին ու փեսային տրվող նվերները պետք է ուղղվեն բանակին կամ ավերված գյուղերի վերականգնմանը:
Իսկ այս ընթացքում արցախյան սահմաններին վիճակը կմնա կայուն, բայց մենք պետք է մեր բանակն ավելի ուժեղացնենք ու ավելի դիպուկ խփենք թշնամուն:
Լեզգիների, թալիշների, թաթերի իրավունքները ոտնահարվում են Ադրբեջանում, իսկ լեզգիների մի մասն ապրում է նաև ՌԴ-ի Դաղստանի տարածքում ու հետաքրքիր է, որ հանդիպումից առաջ Պուտինը Ալիևին ակնարկել էր լեզգիական խնդիրների մասին: Արդյոք, սա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ձև չէ՞ր:
– Եթե Պուտինն անկեղծ է, ուրեմն պետք է պաշտպանի թալիշներին, նրանց խնդիրը պետք է բարձրացնի, ոչ թե լեզգիների, քանի որ այսօր ինքնավարության հնարավորություն Ադրբեջանում ունեն միայն թալիշները: Իսկ այն, ինչ ասել է Պուտինը պարզապես ճնշման ձև է: Եթե Ռուսաստանն ավելին ցանկանա անել, ապա, կրկնում եմ՝ թալիշների հարցի շուրջ կխոսի, բայց ՌԴ-ին ձեռնտու չէ թալիշական խնդրի ակտիվացումը, քանի որ դրա արդյունքում վերջնականապես կլուծվի արցախյան հարցը՝ ի նպաստ արցախի ժողովրդի ինքնորոշման, Իրանին կներքաշվի գործողությունների մեջ ու կփլվի ժամանակին իրենց ստեղծած Ադրբեջանը:
Հանդիպմանը զուգահեռ խոսվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, կարծում եք կկայանա՞ այն:
-Կուզենայի որ չկայանար: Հայաստանի նախագահը չպետք է գնա Ալիևի հետ հանդիպման, դրա փոխարեն պետք է հայտարարի՝ քանի դեռ այդ դինոզավրը՝ Ադրբեջանը, իրեն չափավոր չի պահում, քանի դեռ նրա ականջները չեք քաշել, թող մեզ հետ գործ չունենա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Politics, Ադրբեջան, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն