Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ՙՙՍասնա ծռեր՚՚-ը ամեն կերպ փորձում են գործընթացները պահել քաղաքական օրակարգում

Հուլիս 5, 2017թ. 21:12
ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ

Հարցազրույց իրավագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ
– Կասկած չկար, որ զենքով իշխանություն փոխելու նպատակով ՊՊԾ գնդի տարածքը գրաված ՙՙՍասնա ծռեր՚՚ խմբի դատավարությունը պետք է սովորական ընթացք չունենար.  ամբաստանյալներն այդ նույն տրամաբանությամբ այսօր ամեն ճիգ բանեցնում են նիստերը բնականոն հունից շեղելու, իրավական գործընթացը ձախողելու և այն քաղաքականացնելու համար: Ի՞նչ կասեք դատարանի դահլիճում կատարվողի առնչությամբ:
-Այո, զենքով իշխանություն փոխելու արդյունքում ծագած այս դատավարությունը, բնականաբար, չէր կարող զերծ լինել քաղաքական նրբերանգներից: Ամբաստանյալների նման պահվածքը իրավական չէ: ՙՙՍասնա ծռեր՚՚ խումբն իր պահվածքով ամեն ինչ անում է ցույց տալու, որ իրենք սովորական ամբաստանյալներ չեն, այլ քաղբանտարկյալներ են: Նրանք բանեցնում են տարբեր մարտավարական հնարքներ՝ դատական գործընթացում կարգ խախտելով՝ փորձում են սաբոտաժ իրականացնել: Միգուցե ամբաստանյալների փաստաբաններն այդ առումով ինչ-որ հաշվարկներ ունեն, դրա համար էլ ամբաստանյալները գերադասում են կարգ ու կանոն խախտելու համար թեկուզ և դրամական տուգանքներ կրել, դահլիճից հեռացվել, բայց դահլիճում լարվածություն ստեղծել ու հնչեցնել քաղաքական հայտարարություններ, որոնք երբեմն սադրիչ բնույթ ունեն:

Նրանք փորձում են օգտվել հնարավոր բոլոր մարտավարական կանոններից: Բովանդակային առումով, ես նրանց հայտարարությունները  բոլորովին չեմ կիսում և հեռու եմ այդ խմբի գաղափարները պաշտպանելուց, բայց ելնելով զուտ իրավական տեսանկյունից, պետք է ասեմ, որ անձն իրավունք ունի անել նման հայտարարություններ, ռեպլիկներ հնչեցնել, դա թույլ է տալիս քրեական դատավարության օրենսգիրքը: Իհարկե, հակաօրինական քայլեր անելու և դատական նիստը տարբեր հնարքներով խանգարելու իրավունք որևէ մեկը չունի:
-Իսկ ի՞նչ կասեք դատարանի դահլիճում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի մասին, թե զենք վերցրեք ու իշխանությանը ֆիզիկապես ոչնչացրեք: Ինչի արդյունքում հարուցվեց քրեական գործ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով:
-Սա զուտ քաղաքական հայտարարություն է, քաղաքական մարտավարական գործողություններն անշուշտ կարող են խնդրահարույց լինել նաև օրենքի տեսանկյունից ու իրավապահները զուտ իրավունքի տեսանկյունից տվեցին իրենց գնահատականը՝ հարուցելով քերական գործ: Այնինքն, ՙՙՍասնա ծռեր՚՚-ը ամեն կերպ փորձում են գործընթացները պահել քաղաքական օրակարգում ու խախտելով օրենքի դրույթները՝ հնչեցնում են իրենց քաղաքական հայտարությունները:

Հետևաբար, դատավորը պետք է լինի արհեստավարժ, որպեսզի կարողանա սաստել, կարգի հրավիրել այդ կարգի մարդկանց, որոնք սովորական գողության, կամ սպանության համար չեն դատապարտվում: Նման կարգի անձանց հետ հեշտ չէ հարաբերվելը, պետք է այլ տակտիկա որդեգրել, որպեսզի դատական գործընթացը չվիժեցվի:
Այնուհանդերձ, խումբն ի՞նչ նպատակ է հետապնդում. փորձում են նման պահվածքով հասարակության ուշադրությունն իրենց վրա սևեռել ու ապացուցել, թե իրենց քաղաքական պայքարը շարունակվում է՞:
-Իհարկե, և դա միայն այս խմբին բնորոշ երևույթ չէ: Այն բոլոր երկներում, ուր նման դատավարություն է տեղի ունեցել ամբաստանյալներն այն դարձրել են քաղաքական գործընթացի անմիջական շարունակությունը և իրենց քաղաքական ծրագիրն առաջ են մղել ճաղերի հետևից: ՙՙՍասնա ծռեր՚՚-ի համար էլ դատարանի դահլիճը հարմար հարթակ է: Քանի որ դատական գործընթացը ենթադրում է հրապարակայնություն, նրանք օգտագործում են այն որպես խոսափող հասարակությանը, իրենց աջակիցներին որոշակի մեսիջներ ուղղելու համար:
Այս իրավիճակում, երբ ամբաստանյալներն արհեստականորեն լարվածություն են ստեղծում դատարանի դահլիճում և խոչընդոտում են արդարադատության իրացմումը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի դատավորը, որպեսզի դատական գործընթացը դուրս չգա իր բնականոն հունից:
-Այս դատական գործընթացում, ըստ էության, ունենք այնպիսի վիճակ, ուր երկու կողմերն էլ՝ և՛ ամբաստանյալները, և՛ դատավորն ու կարգ պաշտպանող ոստիկանները հաճախակի են դուրս գալիս իրավական տիրույթից: Թող կոպիտ չհնչի խոսքս, բայց կարելի է ասել, որ կողմերն արժեն մեկմեկու, քանի որ երկու կողմում էլ նկատվում է իրավական գիտելիքների պակաս:

Այսինքն, թե ամբաստանյալներ են փորձում քաղաքական հուն տեղափոխել գործընթացները և դատական նիստը տապալել, թե դատավորը, կարծես թե, չունի փորձառության այն մակարդակը, որպեսզի տիրապետի գործընթացին ու բացառապես իրավական տիրույթում վարի նման զգայուն բնույթ ունեցող դատական գործընթացը: Այստեղ զգացվում է նաև դատավորի մասնագիտական կարողությունների պակաս: Նաև պակաս կարևոր չեն դատավորի անձնական, մարդկային հատկանիշները, դահլիճը որոշակի կարգ ու կանոնի շրջանակներում պահելու ունակությունը ինչ-որ տեղ ի ծնե տրված հատկություն է՝ կամ ունես, կամ չունես: Սա շատ նման է մի իրավիճակի, երբ դասախոսը մտնում է լսարան, ուսանողներն աղմկում են, հետո դասախոսը գնում է ամբիոն ու ասում՝ ես չեմ կարող մտնել այդ լսարան, ուր ինձ չեն լսում: Մի կողմից լսարանն իր մեղքն ունի, աղմկելու համար, բայց մյուս կողմից դասախոսը պարտավոր է համապատասխան միջավայր ստեղծել, որ աղմուկ չլինի:  Օրինակ, դատավորը կարող է դիպուկ, բայց ոչ կոպիտ խոսքերով լիցքաթափել լարվածությունը և թույլ չտալ, որ ՙՙՍասնա ծռեր՚՚ խմբի անդամները հմտորեն օգտվեն իր բացթողումներից: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր հանրության մեջ կա վստահության պակաս արդարադատության համակարգի հանդեպ, ուրեմն դատավորը առավել նրբանկատ պետք է լինի, որպեսզի ամեն մի անզգույշ խոսք կամ քայլ չարժանանա հասարակության հակազդեցությանը, որպեսզի կարողանա իրականցնել լիարժեք իրավական գործընթաց: Ամեն դեպքում, այս պահին ստեղծվել է պատային իրավիճակ, ու դժվար է ասել, թե այն ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել:
-Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք կարո՞ղ է լինել դատավորի ինքնաբացարկը:
-Չեմ բացառում, որ ստեղծված իրավիճակում դա ևս ելք կլինի: Եթե դատավորը զգում է, որ չի կարողանում գործընթացը վարել, ինչը հարվածում է արդարադատության շահերին, նաև իր իսկ հեղինակությանը, ուրեմն, պետք է ինքնաբացարկ հայտնի: Քանի որ այս իրավիճակն անվերջ շարունակվել չի կարող: Թող գա ավելի փորաձառու դատավոր, որը կունենա մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն, կենսափորձով և մտնելով այդ բեռի տակ արդյունավետորեն կիրականացնի իր գործառույթները: Մինչդեռ մենք այժմ տեսնում ենք երկու ոտքից կաղ մի իրավական գործընթաց, ուր լարվածության ստեղծման հարցում կողմերից յուրաքանչյուրն ունի մեղքի իր բաժինը:

Կողմերը՝ թե՛ ամբաստանյալները, թե՛ դատարանը պետք է գիտակցեն, որ անելանելի իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում: Կոչ կանեմ ՙՙՍասնա ծռեր՚՚ խմբին մնալ իրավական դաշտում, այդ հարթության մեջ մրցել մեղադրյալ կողմի հետ ու կառուցել սեփական մարտավարությունը:

Համոզված եմ, որ մեր փաստաբանական համայնքն այնքան կայացած է, որ նրանք անկաշկանդ կտանեն այս քաղաքական նրբերանգներով հարուստ գործը: Այնպես որ, ամբաստանյալները ճիշտ կանեն կռիվ տան իրավական ոլորտում, դա ավելի կբարձրացնի նրանց հեղինակությունը, քան խիստ մերժելի այն սաբոտաժային գործողությունները, որոնք իրականացնում են դատարանի դահլիճում:

Իրավապահ մարմիններին ևս կոչ կանեմ լինել ավելի զգոն, որպեսզի իրենց գործողությունները միանաշանակորեն ընկալվեն հասարակության կողմից ու որևէ կասկած չլինի նրանց իրավաչափության վերաբերյալ: Պահպանեն օրենքի տառը, դրանով արդարադատության նկատմամբ բարձրացնելով հասարակության վստահությունը, ինչպես նաև, նվազեցնելով քաղաքական մանիպուլյացիների հավանականությունը:
Միայն օրենքի, իրավունքի դաշտում մնալով հնարավոր կլինի դուրս գալ այս անելանելի վիճակից:
-Համարժե՞ք են, արդյոք, իրավապահների գործողությունները փաստաբանների նկատմամբ. օրենքով փաստաբաններին խուզարկել չի կարելի, բայց զննել կարելի է. հիմա փաստաբաններին խուզարկում ե՞ն, թե՞ զննում:
-Եթե փաստաբանին իր փաստաբանական գործունեությունն է իրականացնում օրենքը չի թույլատրում նրան խուզարկել, կամ նրանից իրեր առգրավել: Խուզարկելն ու զննելն առերևույթ գրեթե նույնն են, բայց մեկ տարբերությամբ, որ զննելու ժամանակ չի կազմվում արձանագրություն, զննություն կարող է կատարվել, եթե փաստաբանի ձեռքին նկատեն ատրճանակ կամ ակնհայտ կասկածելի առարկա: Իսկ երբ փաստաբանին կանգնեցնում ու ստուգում են նրա գրպանների պարունակությունը, ձեռքի պայուսակում եղած իրերը, դա արդեն դառնում է խուզարկություն, ինչը չի կարելի:
-Բացառված է՞, որ փաստաբանն իր պայուսակում ունենալ զենք, այն դատարանի դահլիճ տանի ու փոխանցի իր պաշտպանյալին, կամ նրան փոխանցի այնպիսի գրություն, որով կարող է ազդել դատավարության ընթացքի վրա:

-Մենք կարող ենք կասկածել, որ փաստաբանի պայուսակում կարող է լինել զենք, բայց կասկածները չպետք է հիմք հանդիսանան օրենքի խախտման համար: Եթե կան նման կասկածներ, կարող են այլ գործիքներ օգտագործվել, ենթադրենք՝ քրգործ հարուցել ու այդ գործի շրջանակներում փաստաբանին որպես կասկածյալ ներգրավել: Բայց  կասկածելով նրա պայուսակը խուզարկել՝ չի կարելի, քանի որ այդպես կարելի է կասկածել յուրաքանչյուր մարդու:

Փաստաբանն այն անձն է, որը թույլ է տալիս ապահովել դատական գործընթացի թափանցիկությունը, եթե մենք խեղճացնենք փաստաբանի ինստիտուտը, ապա դրանից միմիայն կտուժի մեր արդարադատությունը:

Ս.ՍԱՀԱԿՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն