Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանը պետք է կարևորի Հայաստանում լուրջ ներդրումներ անելը

Հուլիս 21, 2017թ. 14:13
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ
Վերջերս Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է <<Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության>> համաձայնագիրը, այն համարվում է ոչ միայն Իրան- Հայաստան, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Իրանի առևտրաշրջանառության սերտացմանը նպաստող փաստաթուղթ: Նման կարևոր հուշագրեր, համաձայնագրեր երկուստեք շատ են ընդունվել, բայց փաստերը ցույց են տալիս, որ դրանք գործնականում չեն կատարվում, ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում, որ հարևան պետություններն ավելի անկաշկանդ համագործակցեն մեկմեկու հետ:
-Իրանի խորհրդարանի կողմից հաստատված այդ համաձայնագիրը վերաբերում է Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետի համատեղ, լիարժեք օգտագործմանը, ինչը լրացուցիչ դուռ է բացում Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար: Այդ անցակետը թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի համար կհեշտացնի ապրանքաշրջանառությունը: Եթե ավելի գլոբալ դիտարկենք այդ գործընթացը, ապա համաձայնագիրը միտված է Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրի շրջանակներում Հայաստան-Իրան հարաբերությունների առավել սերտացմանը: Իսկ այս ծրագիրը, որքան կարևոր է մեզ համար, նույնքան կարևոր է Իրանի համար:

Անդրադառնամ հարցի երկրորդ մասին. ճիշտ եք, շատ դեպքերում մենք չենք կարողանում ինչպես հարկն է օգտագործել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական հատվածում: Իմ կարծիքով, այստեղ կա մի կարևոր խոչընդոտ: Շատերը նշում են տնտեսական, բանկային ու բազմաթիվ այլ պատճառներ, բայց կարծում եմ, թիվ մեկ պատճառը, որը մենք, ցավոք, չենք կարողանում վերացնել, երկու երկրները մեկմեկու ճանաչելի դարձնելու խնդիրն է, երկու ժողովուրդները, թե տնտեսական, թե մշակութային, թե քաղաքական հատվածում ինչպես հարկն է միմյանց չեն ճանաչում: Բերեմ մեկ ցայտուն օրինակ, եթե իրանցի գործարարը ցանկանում է արտասահմանում որևէ տնտեսական գործունեություն ծավալել, ապա իր ավանդական աշխարհայացքի ու ձևավորված ավանդույթի համաձայն առաջին հերթին ուղղվում է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ հայ գործարարն առաջին հերթին գնում է Ռուսաստանի Դաշնություն: Պատճառը մեկն է՝ երկու կողմերն էլ չունեն ճշգրիտ պատկերացում միմյանց մասին: Շատ դեպքերում այն, ինչ հայ գործարարը ծրագում է անել Ռուսաստանում, կարող է ավելի հեշտ ու ձեռնտու տարբերակով իրականացնել Իրանում, և հակառակը, օրինակ՝ բանկային ոլորտում գործող իրանցի գործարարը շատ ավելի հեշտությամբ իր ծրագրերը կարող է իրացնել Հայաստանի բանկային համակարգում, քան Արաբական Միացյալ Էմիրություններում:

Հետևաբար, առաջնային խնդիր պետք է լինի երկու կողմերին միմյանց՝ տնտեսական, մշակութային հնարավորություններին ծանոթացնել, ինչու ոչ՝ նաև մարդկային շփումների ակտիվացումը: Մենք շատ լավ գիտնեք ինչպե՞ս շփվել ռուս գործարարի հետ, բայց շատ վատ գիտենք ինչպե՞ս շփվել իրանցի գործարարի հետ: Կա նաև տեմպերի տարբերություն, իրանցի գործարարն աշխատում է շատ ավելի դանդաղ, մանավանդ, որոշում կայացնելու դեպքում: Իսկ հայ գործարարը շատ ավելի արագ տեմպ է ակնկալում: Ու տեմպերի տարբերությունը երբեմն սխալ տպավորություն է ստեղծում, թե կողմերը չեն ցանկանում իրար հետ համագործակցել: Այնպես որ, ճանաչողության խնդիրը բավական կարևոր է ու հնարավորինս պետք է այդ հարցն արագ լուծել:
Բացի այդ, Հայաստանում կա կարծիք, որ վճռորոշ դեր ունի ռուսական գործոնը. մեր ռազմավարական գործընկերը հաճախ խանդով է վերաբերվում հայ-իրանական ծրագերի իրականացմանը, ընդհուպ մինչև փորձում խոչընդոտել դրանց: Դա տեսնում ենք էներգետիկ ոլորտում, այսօր էլ նման մատավախություն կա Մեղրու շրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում: Իսկ Ռուսաստանի նման պահվածքը բացատրվում է հետևյալ կերպ՝  վերջինիս համար նախընտրելի չէ տարածաշրջանում Իրանի դերի չափից շատ ակտիվացումը:
-Մի կարևոր հանգամանք կա. արդի աշխարհում գործընթացների հանդեպ արտահայտվող դիրքորոշումները շատ ավելի տրամաբանական ու ընդունելի են լինում, երբ դրանք կատարվում են մասնակցային սկզբունքով: Այսինքն, ոչ թե որևէ իրականանալի ծրագրին խոչընդոտելն է արդյունավետ, այլ այդ ծրագրին մասնակցություն ունենալն ու դրա արդյունքում որոշակիորեն վերահսկողություն ձեռք բերելը: Այս համատեքստում շատ ծրագրեր՝ Հայաստան-Իրան, Հայաստան- Իրան-Վրաստան, Հայաստան- Իրան-Թուրքմենստան, նաև՝ Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան գործակցության շրջանակներում պետք է, որ շատ ավելի ձեռնտու կլինի ռուսական կողմի համար՝ մասնակցային առումով, քան նրա կողմից խոչընդոտվի: Այսօր ԱՄՆ-ը շատ դեպքերում վարում է այդպիսի քաղաքականություն:

Ասելիքս հիմնավորեմ կոնկրետ օրինակով. իրանական գազը վաղ, թե ուշ հասնելու է Եվրոպա, Իրանն այն երկրներից չէ, որ չի ընկրկի որևէ խոչընդոտի առաջ, չի նահանջի իր համար կարևոր ծրագրի իրականացումից: Այն կարող է որոշ ժամանակով հետաձգվել, բայց միևնույն է, նրանք ամեն ինչ կանեն այդ կարևոր ծրագրերի իրականացման համար, որպիսին համարվում է իրանական գազը դեպի Եվրոպա հասցնելը: Հետևաբար, Իրանի, Հայաստանի, նաև Ռուսաստանի համար շատ ձեռնտու է այս ծրագրում լինել մասնակից կողմ, քանի որ դրա արդյունքում կշահեն բոլորը:
Մեկ այլ կարևոր խնդիր էլ կա: Մեր մեջ որոշակի կարծրատիպ է ձևավորվել՝ որևէ գործողություն ծավալելիս հայացք ենք նետում երրորդ կողմի ուղղությամբ, մի դեպքում ԱՄՆ-ի, մեկ այլ դեպքում Ռուսաստանի, ու մտածում ենք՝ Ռուսաստանը ինչպե՞ս կարձագանքի, ի՞նչ կմտածի, ի՞նչ կանի, ինչպե՞ս կվարվի: Հավատացնում եմ ձեզ, շատ ծրագրերի դեպքում ռուսական կողմն անգամ տեղյակ էլ չի լինում, էլ ուր մնաց, որ սեփական դիրքորոշումն ունենա: Շատ դեպքերում Հայաստան-Իրան հարաբերությունները երրորդ կողմի համար առանձնապես հետաքրքիր էլ չեն, ուր մնաց, որ այդ կողմերն ունենան բացասական դիրքորշումներ ու խոչընդոտեն: Ուրեմն, մեր գործունեության մեջ փոքր-ինչ ավելի խիզախ ու համարձակ պետք է լինենք, դա ամենևին չի կարող վնասել մեզ:
Ինչ վերաբերում է Մեղրու շրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, չեմ կարծում, որ երրորդ երկրի կողմից այն կարող է խոչընդոտվել: Այդ ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, եթե ձախողենք՝ կլինի աններելի քայլ: Ընդհանրապես, Իրանի հետ գործակցության ոլորտում ցանկացած ծրագրի ձախողում մեծ վնաս կհասցնի մեր երկրի տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական շահերին:
Այսպիսի խոսք կա՝, ասում են ՝ Հայաստանն ունի աստվածատուր պայմաններ՝ ցամաքային սահման Իրանի հետ, նման հնարավորություն ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չունի: Անշուշտ, Կասպից ծովի միջոցով Ռուսաստանն ուղղակի ելք ունի դեպի Իրան, բայց շատ դեպքերում ԵԱՏՄ-Իրան ընդհանուր սահմանը պետք է դիտարկվի Հայաստանի սահմանը: Մյուս կողմից, Հայաստան-Իրան ցամաքային սահմանը իրանցիների համար դեպի Սև ծով դուրս գալու ամենից կարճ ուղին է և եվրոպական կողմն էլ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այդ սահմանը, այսպես ասած՝ կայանա, այսինք,ն այդ սահմանում ստեղծվեն ենթակառուցվածքներ ու դա նպաստի ոչ միայն երկկողմ՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, այլ Հայաստանի միջոցով՝ Իրան-ԵԱՏՄ, Հայաստանի միոջոցով՝ Իրան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը:
Կա մի կարևոր հանգամաք, որը բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն. այն, ինչ իրանցիները կանեն հայերի հետ համագործակցային մթնոլորտում, շատ դեպքերում չեն անի ո՜չ ռուսական կողմի հետ, ո՜չ եվրոպական: Իրանցիները հայերին վստահում են ու այս իմաստով շատ ծրագրեր, որտեղ հայկական կողմը կունենա մասնակցություն՝ լինի միջնորդավորված, թե կոնկրետ, նրանք շատ ավելի հեշտությամբ կընկալեն ու կիրականացնեն, քան առանց հայերի մասնակցության պարագայում:
Մենք էլ պետք է իմանանք, որ Իրանի հետ համագործակցող Հայաստանը բոլորվին այլ կշիռ ունեցող երկիր է, առանց Իրանի՝ բոլորվին այլ: Նույնը մասնակիորեն վերաբերում է Իրանին: Հետևաբար, մեր բոլոր հնարավորություններով՝ հասարակական խողավակներով, զլմ-ի միջոցով պետք է աշխատենք, որպեսզի այն հայ պաշտոնյան, որը հայ-իրանական ծրագրերի իրակնացման հարցում մատը մատին խփել չի ուզում՝ շարժվի տեղից:
Երկու երկրների միջև ոչ անհրաժեշտ չափով ավելի գործուն, ավելի ակտիվ համագործակցության հարցում, չե՞ք կարծում, որ Իրանը ևս ունի իր մեղքի բաժինը: Չնայած ասվում է, որ Իրանին ձեռնտու չէ Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից, ձեռնտու չէ Հայաստանի թուլացումը, սակայն տարօրինակ չէ՞ որ իրանական կողմի լայնամասշտաբ ներդրումներ չենք տեսնում Հայաստանում: Մինչդեռ շատ կարևոր ծրագրերում որպես այլընտրնք իրանական կողմը հաճախ նախապատվությունը տալիս է իր համար ոչ վստահելի հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին:
-Անկեղծ ասած հայ-իրանական ծրագրերի իրականացման հարցում իրանական կողմից էլ տեղաշարժերը ցանկալի մակարդակի վրա չեն գտնվում: Չեմ կարծում, որ Իրանի համար մեծ խնդիր է Հայաստանում, օրինակ, մեկ մլրդ դոլարի ներդրում իրականացնելը, ենթադրենք, ճանապարհների կառուցման հարցում: Այստեղ կա այլ մտայնություն. Իրանը գտնվելով մշտական պատժամիջոցների սպառնալիքի ներքո, մեծ ցանկություն չունի սեփական ֆինանսական միջոցները ներդնել երկրի քաղաքական սահմաններից դուրս իրականացվող տնտեսական ծրագրերում: Բայց Հայաստանի պարագան բոլորովին տարբեր է: Երբ նայում ենք քաղաքական քարտեզին, տեսնում ենք, որ Իրանը դեպի Սև ծով ելք ունենալու համար ունի երկու այլընտրանք՝ Թուքիան ու Ադրբեջանը: Բայց իրականում Իրանը գործ ունի մեկ այլընտրանքի հետ: Ես չեմ կասկածում, երբ Թուրքիան մի օր որոշում կայացնի փակել Իրանի ճանապարհը դեպի Սև ծով, նույնը չանի նաև Ադրբեջանը: Այս երկու պետությունները մեկմեկու շարունակությունն են: Հետևաբար, իրանական կողմում որոշում կայացնողները պետք է հասկանան, որ իրենց այլընտրանքը երկուսն են՝ Թուրքիա-Ադրբեջանը և Հայաստան: 25 տարում չի եղել գեթ մեկ օր, որ լարվածություն լինի հայ-իրանական սահմանին, 25 տարում Հայաստանն ապացուցել է, որ վստահելի ու անվտանգ գործընկեր է: Ուրեմն, սա ընդունելով՝ Իրանում քաղաքական որոշում կայացնողները պետք է կարևորեն Հայաստանում լուրջ ներդրումներ անելը: Ի վերջո, Հայաստանն ու Իրանը քաղաքակրթական, մշակութային առումով մեկմեկու շարունակությունն են, միգուցե, մի փոքր չափազանցված հնչի, բայց մենք երկու կրոններ դավանող միևնույն արմատներից սերող ժողովուրդներ ենք, այսինքն, մեր միջև մշակութային տարբերությունների հիմնական բաղադրիչը վերաբերում է դավանական պատկանելությանը: Իսկ դա ոչ միայն մեզ տարբերակող գործոն է, այլև մեզ առավել սերտացնող: Հայաստանը Իրանի համար կարող է լինել ելք դեպի քրիստոնեա աշխարհ՝ Եվրոպա, իսկ Իրանը կարող է ապահովել Հայաստանի ելքը դեպի մուսուլմանական աշխարհ: Այնպես որ, մենք մեկմեկու փոխլրացնող երկրներ ենք ու այս տրամաբանությամբ Հայաստանում կատարված իրանական ներդրումը ոչնչով չի տարբերվի Իրանում կատարված ներդրումից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն