Գլխավոր » Interview, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Կոչ եմ անում մեր մտավորականությանը՝ նեցուկ լինել ՙՙՊատիվ ունեմ՚՚, ՙՙԵս եմ՚՚ ծրագրերի իրականացմանը

Հուլիս 19, 2017թ. 20:11
Գագիկ Գինոսյան +

Հարցազրույց ՙՙԿարին՚՚ ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ
Զնծառայության համակարգում պաշտպանության նախարարությունն իրականացնում է մի շարք հետաքրքիր ծրագրեր՝ ՙՙՊատիվ ունեմ՚՚, ՙՙԵս եմ՚՚: Դուք ևս մասնակցել եք հանրային քննարկումներին, ի՞նչ կասեք նախ ՙՙՊատիվ ունեմ՚՚ ծրագրի մասին, որի գաղափարախոսությունը պատերազմական իրավիճակում հնարվորինս արագ ազգի ներուժը համախմբելն է:
-ՙՊատիվ ունեմ՚՚ ծրագրով Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպաներ դաստիարակելու, կրթելու նպատակ ունի: Խորհրդային տարիներին կային կադրային գնդեր, մոբիլազիայի ժամանակ դրանք համալրվում էին ու դառնում մարտունակ գնդեր: Սրանք կմաղքի դեր էին կատարում, որի հիման վրա անհրաժեշտության պահին հավաքվում էր ամբողջ գունդը: Ազգը, ժողովուրդը չի կարող տարին տաներկու ամիս մշտապես զինվորական ծառայության մեջ գտնվել, բայց վտանգի ժամանակ ազգը պետք է կարողանա վերածվել բանակի: ՙՙՊատիվ ունեմ՚՚ ծրագրով պահեստազորի սպայակազմը կծառայի երկու, երեք տարի, հետո կմնա պահեստազորում ու վտանգի դեպքում, երբ կհայտարարվի մոբիլիզացիա, մեզանից յուրաքանչյուրը կիմանա իր տեղն ու անելիքը, թե որտե՞ղ է հաշվառված, որտեղի՞ց պետք է զենք ստանա, ո՞ւմ հրամանատարության ներքո պետք է գտնվի, ո՞ր դիրքում պիտի սահմանը պահի: Որպես սպա պետք է պատրաստ լինի ընդունելու տվյալ գունդը, վաշտը կամ գումարտակը: Մենք պետք է նման կադրավորված գնդեր ունենանք:
Այդ տեսանկյունից ՙՙՊատիվ ունեմ՚՚-ը շատ կարևոր ծրագիր է, որպեսզի մենք վտանգի ժամանակ նաև սպաների պակաս չունենանք: Այսօրվա սպաների քանակը ճիշտ այնքան է, որքան պետք է այսօրվա գործող բանակին, բայց մոբիլիզացիայի ժամանակ, ավելի ծավալուն բանակային գործողությունների համար այն քիչ է:
ՙՙՊատիվ ունեմ՚՚ ծրագիրը նպատակ ունի բուհ-ը ավարտած ուսյալ երիտասարդությանը առավել կապել մեր բանակին, որպեսզի վերջիններս իրենց գիտելիքները, ներուժը ծառայեցնեն ոչ միայն սեփական բարեկեցության ստեղծմանը, այլև հայրենիքին՝ մասնակից դառնալով մեր երկրի անվտանգության պաշտպանությանը:
-Այս իմաստով ՙՙՊատիվ ունեմ՚՚ ծրագիրը ես շատ եմ կարևորում: Այն կամրջող դեր կկատարի, մի կողմից, մտավորական երիտասարդությանը կինտեգրի բանակային երիտասարդության հետ, կրտսեր սպայակազմի հետ: Սա շատ կարևոր է, որպեսզի բանակային սպայակազմը բարոյահոգեբանական առումով կտրված չլինի մտավորական երիտասարդությունից, որը երկու, երեք տարով կզորակոչվի հայկական բանակ ու կծառայի որպես սպա:

Այդ շփման արդյունքում մեր բանակի սպան իրեն կտրված չի զգա մտավորական հասարակությունից: Իսկ այսօր, կարծես թե, հայկական բանակ զորակոչված երիտասարդ սպայակազմն ամբողջությամբ իր վրա է վերցրել հայրենիքի պաշտպանության բեռը, իսկ մյուս շերտը մտավորական երիտասարդությունն ապրում է որպես սպառող հասարակություն ու հայրենիքից օգտվում սպառողի մտածողությամբ: Նրանք միայն հայրենիքի բարիքներից են ուզում օգտվել, մտածում են, որ հայրենիքն է պարտավոր իրենց կրթություն տալ, իրենց գիտական կոչումն ապահովել: Ես որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց նմանների մոտ  երբեմն նկատում են,  հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցման բացակայություն:

Մյուս կողմից, այս ծրագրի ներդրմամբ բանակի համար կօգտագործվի մտավորական երիտասարդության ներուժը, գիտելիքները: Բացի այդ, յուրաքանչյուր հայ տղամարդու վայել է զենքին տիրապետելը, ավելին՝ ամոթ է, եթե տղամարդը զենք օգտագործել չգիտի: Դեռ հին ժամանակներից հայի համար սուր կրելը, իր ընտանիքն ու հայրենիքը պաշտպանելը եղել է ամենասուրբ գործը: Ասպետ պետք է միշտ լինել, կապ չունի,  դու գիտնական ես, թե մեկ այլ մասնագետ,  որպես տղամարդ նախևառաջ պարտավոր ես ասպետ լինել:
-Մի կարևոր հանգամանք ևս կա. ՙՙՊատիվ ունեմ՚՚, ՙՙԵս եմ՚՚ ծրագրերում բացակայելու է պարտադիր բաղադրիչը ու գործելու է կամավորության սկզբունքը: Ինչն, անշուշտ, շատ կարևոր դեր կունենա:
-Գարեգին Նժդեհն ասում էր, որ հայ մարդը հրաշագործություններ է անում ու հերոսանում այն ժամանակ, երբ զինվորագրվում է որպես կամավորական: Այս ծրագրով մենք հնարավորություն ենք տալիս պարտադիր ծառայության մեկնած հայ զինվորին իրեն կամավորագրված զգալու, այսինքն, նրան հնարավորություն է տրվում կամովին ընտրել սահմանին ծառայելու իր իրավունքը: Հայ զինվորի ներաշխարհում բարոյահոգեբանական լուրջ փոփոխություն է կատարվելու: Այսօր սահման մեկնող մեր զինվորը մտածում է, դե, իմ պարտքն է, ուզեմ-չուզեմ պետք է գնամ ու երկու տարի ծառայեմ, պապաս փող չունի, որ ասպիրանտուրա ընդունվեմ, ստիպված պիտի սահման գնամ: Իսկ նոր ծրագրով պետությունը ասպետականություն է ներշնչում հայ զինվորին ու տալիս ընտրելու, կամավորագրվելու ազատություն: Մեր զինվորն իրեն կզգա ֆիդայինի, ազատամարտիկի, կամավորագրված զինվորի պես, այնպիսին, ինչպիսին մենք էինք 90-ականներին, երբ կամավորագրվեցինք ու գնացինք Արցախ, այդ նույն հոգեվիճակն է լինելու:
-Ի դեպ, ՙՙԵս եմ՚՚ ծրագրով պետությունը նաև նյութական աջակցություն է խոստանում. ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել երեք ծրագրերից մեկում՝ կամ մատչելի բնակարան ձեռք կբերի, կամ կներդնի գործարարության մեջ, կամ էլ կվճարի ուսման վարձը: Բայց հնչում են կարծիքներ, որ պետք չէ նյութական շահագրգռվածությունը առաջին պլան մղել:
-Ինքս էլ ֆինանսական հարցերը չեմ կարևորում, ցավոք, քննարկումների ժամանակ մեծ մասը շատ ավելի անդրադառնում են բարեկեցության հարցերին: Բայց ես վստահ եմ, որ շատ ավելի կարևորը գաղափարական հենքն է, խնդիրը պետք է դիտարկել բարոյահոգեբանական հարթության մեջ ու մեր զինվորին ներկել հայրենասիրություն, ազգային մտածողություն, պատասխանատվություն: Իսկ այն, որ զորացրվելուց հետո նրան 5 մլն դրամ կտան և հնարավություն ուսման վարձը տալու, բնակարան գնելու կամ բիզնես ծրագիր անելու, դա հարցի այլ կողմն է: Ինձ համար շատ կարևոր է, որ այս ծրագրերը հնարավորություն տան ծառայության մեկնող զինվորին իրեն զգալ որպես հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված զինվոր: Այս ծրագրերով ասպետականությունը կմտնի հայկական բանակ:
-Շատ կարևոր է, որ այս ծրագրերը չմնած թղթի վրա, այլ ամբողջությամբ իրականանան, քանի որ ձախողումը կունենա խիստ վտանգավոր հետևանքներ: Ու այս հարցում առանձնապես կարևոր է մեր հասարակության դերակատարումը, վերջինս պարտավոր է ոչ թե դիտորդի կեցվածք ընդունել, այլ նեցուկ լինել բանակի ղեկավարությանը՝ ծրագերի իրականացման հարցում:
-Ես կարծում եմ, որ այս ծրագրերի լիարժեք իրականացում կախված է հենց հասարակությունից: Մենք չպետք է այս ծրագրերը դիտարկենք շահադիտական տեսանկյունից: Մինչդեռ այսօր հարցեր են հնչեցնում՝ 5 մլն դրամը շատ է՞, թե՞ քիչ, կամ ասում են, եթե այդքան գումար կարող էին տալ զինվորին ինչո՞ւ մինչ այժմ չէին տալիս: Նման ՙՙեթե՚՚-ները շարունակելը մեզ լավ տեղ չի տանի, ստացվում է, որ մենք այս ամենին նյութական կողմից ենք նայում ու սկսում ՙՙմեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել՚՚: Հարցեր են հնչում, որոնք բարոյահոգեբանական, գաղափարական դաշտից հազար մղոնով հեռու են: Մեր հասարկությունն այս ծրագրերը ոչ միայն պետք է քաջալերի, այլև տեր կանգնի, հետևի, նաև ստիպի ու աջակցի, որ դրանք կայանան, քանի որ սա ոչ միայն բանակի կայացման, վերաիմաստավորման բարեփոխման խնդիր է, այլև հենց հասարակության: Քննակումների ժամանակ ես մի կարևոր խնդրի շուրջ բարձրաձայնեցի. երբ բանակում ինչ-որ վատ դեպք է լինում հաճախ ասվում է՝ ինչպիսին մեր հասարակությունն է, այնպիսին էլ մեր բանակն է: Սա շատ սխալ մոտեցում է, հասարակությանը բազմաշերտ է, նա հրամանի ոչ ենթակա խավ է, հասարակության լիրաժեք ձևափոխման համար մեծ աշխատանք պետք է կատարվի, ինչը պետք է սկսվի դպրոցից, նաև զլմ-ը մեծ դեր ունեն այս հարցում: Բայց բանակը հրամանի տակ գտնվող կառույց է, երկու տարում հայ զինվորը ենթակա է կարգ ու կանոնի, ուրեմն, եթե կարողանանք այս ծրագրերը բանակում ճիշտ ներդնել, մեր զինծառայողի մեջ սերմանելով ազգային մտածողություն, բարձր պատասխանատվություն, ապա նա բանակից զորացրվելով այդ արժեքները իր հետ կտանի իր տուն, իր շրջապատ, կտանի հասարակություն: Բանակը բարեփոխելով՝ կբարեփոխենք մեր հասարակությունը: Ու այլևս չենք ասի՝ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակն է:
Կոչ եմ անում մեր մտավորականությանը, հասարակական վստահություն, հարգանք վայելող անձանց, ոչ միայն  աջակցել այս ծրագրերի կայացմանը, այլև վերահսկել՝ դրական իմաստով, շեղում նկատելու դեպքում անպայմանորեն բարձրաձայնել, որպեսզի ընթացքը լինի սահուն ու  ճիշտ: Մենք մեծ առաքելություն ունենք, որ ծրագիրը հանկարծ չտապալվի, ամեն մեկս պատասխանատու է այս գործընթացի կայացման հարցում: Այնպես որ, կոչ կանեմ այս ծրագրի շուրջ չզազրախոսել, դա անշնորհակալ գործ կլինի, այլ օգնել ու նեցուկ լինել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն