Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Մեր նպատակն է վերացնել ՏԻՄ օրենքում առկա ակնհայտ հակասությունը

Հունիս 9, 2017թ. 15:05
քրիստ մարուքյան

Հարցազրույց ՙԼուսավոր Հայաստան՚ կուսակցության խմբակցության ղեկավար, ավագանու անդամ ՔՐԻՍՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ
-Ապրիլի սկզբից խոսում եք այն մասին, թե պատրաստվում եք դիմել Սահմանադրական դատարան, բայց գործընթացը ձգձգվում է, ի վերջո, դիմելո՞ւ եք, ու նպատակը դարձյալ նույնն է՞՝ ՏԻՄ օրենքի 16-րդ և 64-րդ հոդվածների միջեւ առկա անհամաձայնությունների հարթում:
-Իհարկե, դիմելու ենք, իսկ ձգձգվեց, քանի որ նախ մենք սպասում էինք ԱԺ ընտրությունների ավարտին, հետո պատգամավորների մանդատները ստանալուն: Այդ ընթացքում, հիշում եք, որոշակի փոփոխություններ եղան, ինչը ևս ձգձգեց գործընթացը: Բայց այսօր արդեն ՍԴ դիմելու հայցադիմումը պատրաստ է ու մենք այս ամսվա ընթացքում դիմումը կներկայացնենք: ՍԴ դիմելու մեր նպատակը, այո, նույնն է՝ վերացնել օրենքում առկա ակնհայտ հակասությունը, որն օգտագործվում է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքը խախտելու համար,  դրանով պայմանավորված՝ Վանաձորի քաղաքապետարանում ոչ իրավազոր նիստեր են տեղի ունենում: Ստացվում է, որ փոքրամասնությունը որոշում է կայացնում մեծամասնության փոխարեն՝ չունենալով կամ չտիրապետելով մեծամասնության վստահության քվեին:

Քանի դեռ որևէ մեկը չի վիճարկել այս իրավիճակը ՍԴ-ում, այն կարող է շարունակվել: Հետևաբար, մենք ցանկություն ունենք հստակություն մտցնել ՏԻՄ օրենքում: Երբ կպարզվի, որ մինչ օրս գումարված նիստերը իրավազոր չեն եղել, ապա կգործի օրենքի մյուս դրույթը, այն է՝ եթե 6 ամիս նիստեր տեղի չեն ունենում, նիստի իրավազորությունը չապահովելու հիմքով, ավագանին լուծարվում է և նշանակվում են նոր ընտրություններ:
Օրենքի երկու կետերն ակնհայտորեն իրար հակասում են, հետևաբար, դրանք ՍԴ-ի կողմից պետք է միանշանակ ձևակերպում ստանան, ինչը կբացառի նման շեղումներով նիստեր հրավիրելը:
Մեզ հետ զրույցում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասել է, թե օրենքի հոդվածների միջև անհամաձայնություններ չկան, դա ՙԼուսավոր Հայաստան՚-ի <աչքին տեսիլքի պես երեւացող մի բան է>, և որ դուք օրենքը սուբյեկտիվորեն եք մեկնաբանում, ուզում եք Վանաձորում կիրառել օրենքի այն հոդվածը, որն այդ քաղաքի հետ կապ չունի:
-Խնդիրը կայանում է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքի կիրառման մեջ: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով՝ ուղղակի կամ անուղղակի ձևավորելով ներկայացուցչական մարմիններ: Իսկ այդ մարմինները ներկայացուցչական են այնքանով, որքանով ներկայացնում են մեծամասնության կարծիքը: Եթե օրենքով ավագանու թիվը 33-ն, ապա դրա մեծամասնությունը չի կարող լինել 15-ը: Դա մաթեմատիկական տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Ի՞նչ է նշանակում, թե մենք ուզում ենք օրենքի այն հոդվածը կիրառել Վանաձորում, որը քաղաքի հետ կապ չունի: Եթե մյուս բոլոր համայքներում, Ազգային ժողովում հղում է կատարվում ձայների մեծամասնության դրույթի վրա, ապա ինչպե՞ս կարող է մեկ այլ համայնքում, տվյալ դեպքում Վանաձորում, չգործի այդ ժողովրդավարական սկզբունքը, այլ գործի 1/4-ի դրույթը: Այլ մեկնաբանություն չունեմ, մնացածը թողնում եմ իրենց երևակայությանը:
ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3 և 4 կետերով նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին ներկայանում են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ և որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ձայների 1/4-ով: Այդ 1/4-ը կազմում է 8,2 ձայն, այսինքն, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է: Իսկ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների թիվը 15 է: Այս տրամաբանությամբ արդարացի չէ՞ քաղաքապետ Ասլանյանը, երբ պնդում է, որ իրենց բոլոր նիստերն իրավազոր են:
-Ոչ, արդարացի չէ, դա չի նշանակում, որ նիստերն իրավազոր են, որովհետև օրենքի նույն կետում սահմանված է, որ գործ ունենք ավագանու անդամների մեծամասնության հետ: Այսինքն, եթե չկա օրենքով սահմանված մեծամասնություն, ուրեմն նիստը չի կարող լինել իրավազոր: 33 հոգանոց ավագանու անդամների կեսից ավելին 17-ն է, միայն 17 ավագանու ներկայությամբ կարող է իրավազոր նիստը սկսվել: Իսկ ինչն վերաբերում է 1/4-ի տրամաբանությանը, ապա, երբ սկսված է 17 հոգանոց ավագանու իրավազոր նիստը այդ ընթացքում 9 հոգով կարող են որոշում կայացնել: Սա է խնդիրը: Այս տրամաբանությունը պետք է լինի շարունակական ու համընկնի ընդհանուր օրենքի տրամաբանության հետ, ոչ թե օրենքի սկզբնամասում լինի մեծամասնության ներկայության պահանջ, այսինքն՝ նիստը իրավազոր է, եթե կեսից ավելին են ներկա, իսկ նույն օրենքի հաջորդ կետում նշվի՝ նիստը իրավազոր է, եթե 1/4-ն է ներկա է: Օրենքի նման հակասությունը վերացնելուն է միտված մեր քայլը՝ ՍԴ դիմելը, հակասություն, որը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Օրենքի ոչ հստակ ձևակերպումները թույլ են տալիս, որ Մամիկոն Ասլանյանի թիմը նման շրջանցումներ կատարի: Անգամ ամենասովորական ժողովներում, երբ գործը հասնում է որոշում կայացնելուն, ոչ մի տեղ աշխարհում չի լինում, որ փոքրամասնությունն իր որոշումը պարտադրի մեծամասնությանը, եթե իհարկե գործ չունենք ավտորիտար երկրների հետ, ուր մեկ հոգին որոշում է մյուսների փոխարեն: Այսինքն, կեսից ավելի սկզբունքը մենք չենք հորինել, դա մեծամասնության կողմից որոշում կայացնելու ժողովրդավարական սկզբունք է: Իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է:
Մամիկոն Ասլանյանն, այնուհանդերձ, հույս ունի, որ ԼՀ-ի, ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի ավագանու անդամներդ վաղ, թե ուշ մասնակցելու եք ավագանու աշխատանքներին, որովհետեւ ընտրվելու իմաստը ոչ թե նիստերը բոյկոտելն է, այլ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից դառնալը: Հակառակ դեպքում, ինչպես ասում է քաղաքապետը, կօգտվի պատժամիջոցներ կիրառելու օրենքի ընձեռած հնարավորությունից և կորոշի՝ ում զրկել կամ չզրկել մանդատից:
-Շա՜տ վախեցա, սարսափած եմ նրա սպառնալիքից կամ մեկնաբանությունից: Ինձ պետք չէ հիշեցնել, թե ո՞րն է իմ ընտրվելու իմաստը, ես դա շատ լավ գիտեմ: Լավ կլինի, որ նաև իրենք գիտակցեն քվեի արժեքը ու հասկանան, որ վանաձորցիներն իրենց քվեն տվեցին, որպեսզի մեր քաղաքում փոփոխություն լինի:
Եվ այսօր մենք ունենք մեր օգտին քվեարկած 11 000 վանաձորցիների լիարժեք աջակցությունը ու Վանաձորում մեզ որևէ մեկը չի մեղադրում մեր քայլերի մեջ, քանի որ բոլորը գիտեն, թե ինչի՞ հետևանքով առաջացավ այս բոյկոտը: Մենք հստակ պահանջ ենք դրել, ասել ենք, հարգելի ՀՀԿ-ի թեկնածու, եթե դուք իրականում վայելում եք մեծամասնության աջակցությունը, ապա ցույց տվեք այդ մեծամասնությունն ավագանու նիստում: Եթե 19 մարդ ձեզ կողմ է քվեարկել, բայց չի մասնակցում նիստերին, ուրեմն դուք նախ խնդիր ունեք ձեզ կողմ քվեարկած մարդկանց հետ, և ոչ թե չքվեարկածների հետ:
ՍԴ դիմելու համար ձեզ անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն: Կարող ե՞ք ապահովել:
-Այդ հարցով Լուսավոր Հայաստան կուսակցությունը զբաղվում է Երևանում, Ես չեմ բացառում, որ մեզ կմիանան մյուս խմբակցությունների պատգամավորներ: Հիմնականում բանակցությունները գնում են Ծառուկյան դաշինքի հետ: Հաշվի առնելով այն, որ ՏԻՄ օրենքում կա հստակություն մտցնելու, եղած հակասությունը վերացնելու անհրաժեշտություն, ինչին միտված է ՍԴ դիմելու մեր նախաձեռնությունը, կարծում եմ, որ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ ևս կցանկանան հենց այդ նպատակով միանալ մեր հայցադիմումին: Շուտով կտեսնենք, թե ովքե՞ր և ի՞նչ հիմնավորմամբ կմիանան կամ կմերժեն մեր առաջաևկը:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն