- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Բրյուսելյան հանդիպումը մի կարևոր բան տվեց՝ ձեռք բերվեց կրկին հանդիպելու պայմանավորվածություն

Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պայմանագիրը՝ հրթիռակոծելով Արցախի սահմանները, շարունակում է մերժել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմավորվածությունների կատարումը, և այս իրողությունների ֆոնին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների հանդիպումը: Ի՞նչ տվեց այն:
-Ձեր թվարկած իրողությունների շարքին հավելեմ ևս մի կարևոր հանգամանք: Բրյուսելյան հանդիպումից երկու օր առաջ կայացավ մեկ այլ հանդիպում ևս ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, որի ընթացքում բնականաբար քննարկվեց նաև ԼՂ հիմնահարցը: Կարծում եմ, որ Թիլլերսոնն իր հերթին Ալիևին ասել է, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա և կողմերը պարտավոր են բանակցել խնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորման համար: Ի դեպ, այս հարցում միջազգային հանրության կողմից ևս Ադրբեջանի վրա զգալի ճնշում:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների հանդիպմանը, ապա չափազանց կարևոր է այն, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ դրա բացակայությունը նշանակում է ռազմական գործողությունների առավել ակտիվացում: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես ցանկանում է բանակցությունների միջոցով շարժվել առաջ, քանի որ, ինչպես ասացի նրա վրա կա միջազգային հանրության ճնշումը, նաև Մինսկի խումբն է իր հայտարարություններով մշտապես ասում, որ տարածաշրջանում պատերազմն անթույլատրելի է: Սա, ի դեպ, հասցեկան հայտարարություն է, որովհետև բոլորը հասկանում են՝ մշտապես պատերազմական գործողություններ հրահրողը Ադրբեջանն է:
Բրյուսելյան հանդիպումը մի կարևոր բան տվեց, ձեռք բերվեց կրկին հանդիպելու պայմանավորվածություն: Կնշանակի՝ կողմերն, այնուհանդերձ, ինչ-որ հարցեր քննարկել են ու այդ մասին երկու երկրների նախագահներին զեկուցելուց հետո կհանդիպեն սեպտեմբեին, որպեսզի Բրյուսելում ձեռքբերվածի շուրջ շարունակեն քննարկումը:
-Մի հետաքրքիր հանգամանք. ադրբեջանական զլմ-ը հղում են անում ՀՀ ԱԳՆ խոսնակի տարածած տեղեկատվությունների վրա, այսինքն, նրանց ինֆորմացիոն աղբյուրը հայկական է: Սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը տեղեկատվություն չի տրամադրում հանդիպման մասին:
-Ես ևս դա նկատեցի: Այո, Ադրբեջանը չտարածելով երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին անհրաժեշտ տեղակատվություն, իր հանրության շրջանում վերստին այն թեզն է շրջանառում, որ բանակցությունների անարդյունավետության դեպքում իրենք, միևնույն է, պատերազմական գործողություններով հետ կվերցնեն Արցախը: Այսինքն, Ադրբեջանն այս կերպ իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Տեղեկատվություն չտալով, Ադրբեջանն իր հանությանը չի ուզում իրազեկել, որ երկու երկրների մեջ կա բանակցային գործընթաց, որ կողմերն իրականում բանակցությունների սեղանի շուրջ են նստած, որովհետև Ալիևն այնքան է Հայաստանի ու հայ ժողովորդի դեմ լարել իր հանրությանը, որ վերջինս այսօր արդեն նրանից պահանջում է գնալ կոնկրետ ռազմական գործողությունների, մինչդեռ Ալիևը չի կարողանում ապահովել հանրության պահանջը:
Ասացիք՝ բանակցություններ են ընթանում, բայց իրականում կա՞ բանակցային գործընթաց, գուցե տեղին կլինի ասել, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում երկու երկրների նախարարների հանդիպում: Ի դեպ, գրեթե բոլոր նման հանդիպումների ժամանակ, նաև Բրյուսելում, հայկական կողմը հետևողականորեն առաջ է քաշում Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրագործման հարցը, այդ կերպ ևս շեշտելով՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից դա չի կատարվել՝ բանակցելու բան չկա:
-Համաձայն եմ ձեզ հետ այն առումով, որ իրականում բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս: Բայց այն, որ կողմերը հանդիպեցին, ինչ-որ հարցեր քննարկեցին, նաև պայմանավորվեցին սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել, կնշանակի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, ինչ-որ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Դրա համար ես չեմ ուզում հույսս կտրել բանակցային գործընթացի արդյունավետությունից:
Իսկ հայկական կողմը շատ ճիշտ է վարվում, երբ ամեն անգամ ՄԽ համանախագահներին հիշեցնում է, որ Վիենայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվեցինք, բայց Ադրբեջանը մինչ օրս ստանձնած պարտավորությունը չի կատարում: Սրանով Ադրբեջանը լրացուցիչ գործիք կամ ճնշման մեխանիզմ է տվել հայկական դիվանագիտության ձեռքին և վերջինս այն բավական արդյունավետորեն օգտագործում է ամեն հանդիպման ժամանակ շեշտելով, որ Ադրբեջանը ոչինչ չի անում:
Այստեղ մի նրբություն կա. Ալիևը կարծում է, որ Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները լրացուցիչ քայլ են ԼՂ հակամարտությունը սառեցնելու համար, և ինքը մտածում է՝ ամեն ինչ անել, որպեսզի այն միշտ մնա տաք, դրանով լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և, ի վերջո, խնդիրը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Դրա համար հայկական կողմը եռանախագահողների հետ պետք է շատ լուրջ ճնշում գործադրի Ալիևի վրա, որպեսզի այդ հետաքննող մեխանիզմները ներդրվեն: Ալիևը դեմ է, քանի որ հիմնական պրովոկատորը, ռազմական ագրեսիվ գործողություններ հրահրողը ինքն է, նա լավ գիտի, երբ այդ մեխանիզմները ներդրվեն համանախագահող երկրների հայտարությունները կլինեն հստակ ու հասցեական:
Բրյուսելյան հանդիպումից հետո Մինսկի խումբը հանդես եկավ ընդամենը մի քանի տողանոց, գրեթե ոչինչ չասող հայտարարությամբ. արդարացի չե՞ն այն գնահատականները, որ ՄԽ հայտարություններն այլևս ոչինչ չեն տալիս ու որևէ ազդեցություն չունեն իրավիճակի փոփոխության վրա: Օրերս էլ ՄԽ գործունեությունից իրենց դժգոհությունը հայտնեցին Եվրախորհրդարանի պատգամավորները, շեշտելով՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի ԵՄ-ն:
-Ես այդ կածիքին չեմ, որ ՄԽ հայտարությունները ոչինչ չեն տալիս: Հարկավոր է հետևյալը հաշվի առնել. առաջին, ՄԽ-ն այն միակ ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան դիրքորոշումների տարբեություն չունեն ու բավականին համահունչ, դրական աշխատանք են տանում: Երկրորդ, ՄԽ-ն մեզ համար ձեռնտու ձևաչափ է, իսկ Ադրբեջանը մշտապես դժգոհել է, փորձել այն խեղաթյուրել ու հարցը տեղափոխել միջազգային այլ ատյաններ, մասնավորաբար, ՄԱԿ: Մենք դա չպետք է թույլ տանք, քանի որ այլ կառույցներում մեր պարտվելու հավանականությունը բավականին մեծ է: Հիշեցնեմ, երբ Ադրբեջանը ՄԱԿ էր մտցրել մի բանաձև ու նախատեսում էր ԼՂ վերաբերյալ ինչ-որ հարց քննարկել, դրան դեմ քվեարկեցին ՀՀ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ու էլի մի քանի պետություններ: Սա նշանակում է, որ ԼՂ հարցում գերտերությունների մոտեցումներում կա կոնսենսուս, իսկ դա այն է, որ ՄԽ ձևաչափին ու բանակցություններին այլընտրանաք չկա: Եվ երրորդ, եռանախագահները ընդամենը բանակցություններին աջակցող կողմ են, նրանք ոչ դատավոր են, ո՜չ որոշումներ կայացնողներ: Նրանց հիմնական նպատակը աջակցելն է, որպեսզի երկու պետությունների մեջ ընթանա կառուցողական երկխոսություն: Դրա համար էլ Մինսկի խմբից հեշտ չէ ակնկալել առավել հստակ հայտարարություններ:
Ինչ վերաբերում է վերջին հայտարարությանը, կարծում եմ, համանախագահները կա՜մ լրացուցիչ ասելիք չեն ունեցել, կա՜մ ինչ-որ հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն նպատակահարմար չեն գտել այդ մասին բարձրաձայնել՝ գործընթացին չվնասելու համար: Իսկ Եվրախորհրդարանի պատգամավորների դժգոհության մասին կասեմ հետևյալը. դրա հետևում կարող է կանգնած լինել Ադրբեջանը ու իր խավիրական դիվանագիտությամբ կարող է որոշակի հայտարարություններ կորզել եվրոպական որևէ պետության խորհրդարանների ներկայացուցիչներից: Հետևաբար, ես նրանց հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում: ԼՂ խնդրում ԵՄ ակտիվ ներգրավման մասին էլ ասեմ, որ ԵՄ լոկոմոտիվ պետություններից մեկը Ֆրանասիան է, որն անմիջականորեն ներգրավված է գործընթացում, որպես ՄԽ համանախագահ երկիր, այնպես որ, լրացուցիչ ներգրավվածության անհրաժեշտություն չկա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ