Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Այս խորհրդարանի լոկոմոտիվը, ընդամենը, երկու տասնյակ պատգամավոր են

Հուլիս 12, 2017թ. 21:27
ԱԺ

Հարցազրույց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ
Նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է խորհրդարանի դերի բարձրացում, հետևաբար, խորհրդարանից ակնլավում է այդ դերին համարժեք նոր գործելաոճ: Մինչդեռ ամիսուկես աշխատած խորհրդարանի որակից հասարակության ներսում արդեն կա դժգոհություն: Ո՞րն է ձեր գնահատականը:
-Նոր խորհրդարանը լիովին համապատասխանում է այն քաղաքական համակարգին, որը կա Հայաստանի Հանրապետությունում: Ինքս էլ դժգոհ եմ այս խորհրդարանից, անկեղծ ասած, ես ավելին չէի էլ սպասում ու անգամ զարմանում եմ, որ որևէ մեկը շատ մեծ սպասելիքներ է ունեցել նոր խորհրդարանից, Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված լիազորություններից: Ի դեպ, այդ լիազորություններն ընդամենը պաշտոնների մասով են, իսկ իրականում իշխանությունը լիովին վերահսկում է խորհրդարանը: Իհարկե, ես էլ մեծ ցանկություն ունեի ու շատ ուրախ կլինեի, եթե մեր խորհրդարանը նոր համակարգին բնորոշ կարևոր դեր ստանձներ, նրանում բուռն քննարկումներ լինեին, որոշումների ընդունման ժամանակ լսեինք բազմակարծություն, բայց մենք դա չենք տեսնի: Այս մեկ ամսվա աշխատանքը ևս հաստատեց, որ քննարկումները բավական անհետաքրքիր են լինելու: Միայն այն կազմը, որը հրապարակվեց ընտրություններից հետո, ապացույցն էր նրա, որ այս խորհրդարանից մեր հասարակությունը որևէ սպասելիք ունենալ չի կարող:
Խորհրդարանը քաղաքական հարթակ է, հետևաբար, նրանում մեծ թիվ պետք է կազմեն օրենսդրական նախագծեր գրելու ունակն անձինք, նաև քաղաքական բանավեճի մշակույթ ունեցող գործիչները: Արդյոք, բավարար չափով այդպիսիք ներկայացված ե՞ն մեր խորհրդարանում:
-Իհարկե՝ ոչ: Մենք տեսանք, թե ովքեր մտան խորհրդարան: Նրանց մեծ մասն այն պատգամավորներն են, որոնք նախկին գումարման Ազգային ժողովում մեկ բառ անգամ չեն արտահայտել, բայց ընտրությունների ժամանակ տեսանք, թե այդպիսիք ինչ մեծ քանակությամբ ձայներ ստացան իրենց մարզերում և մեր իշխանությունները չկարողացան ձերբազատվել նման պատգամավորներից: Սա, իրոք, լուրջ խնդիր է: Իսկ այդպիսիք խորհրդարանում իրենց զգում են ինչպես ՙակվարիումում՚, այսինքն՝ շատ լավ ՙլողում՚ են, բայց խոսելու ընդունակ չեն, էդ մարդիկ ուղղակի չեն կարող խոսել, որովհետև չգիտեն ի՞նչ խոսել, էդ մարդիկ պատրաստ չեն խոսելու, էլ ո՞ւր մնաց բանավեճի մշակույթին տիրապետեն: Որոշ պատգամավորներ էլ ընդհանրապես խորհրդարանի մանդատը խառնում են իրենց բիզնես գործունեության հետ: Երբ այսպիսինների անցած խորհրդարանում մեղադրում էին, թե ոչինչ չեք խոսում, ոչ մի հարց չեք բարձրացնում, ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեկաք, ասում էին՝ խորհրդարանում երկու տիպի պատգամավոր կա, մի մասը խոսում է, մի մասն էլ գործ է անում: Այս կերպ մտածողները քիչ չեն նաև այսօրվա օրենսդիրում, իսկ նման մտքեր ասելը նշանակում է չհասկանալ, թե ի՞նչ է խորհրդարանը: Հատուկ նրանց համար ասեմ, որ խորհրդարանը ֆրանսերեն ՙparle՚ բառից է, որը խոսել է նշանակում: Բայց քանի որ այս մասին չգիտեն՝ անկեղծորեն խոստովանում են, թե խորհրդարան են գնացել իրենց անձնական բիզնես գործերը առաջ տանելու համար: Հետևաբար, այսպիսիք Ազգային ժողովում այլ գործառույթ չեն կարող պատկերացնել:
Անգամ հնաբնակ պատգամավորներն անկեղծանում են, թե այս խորհրդարանը նախորդից ավելի վատը եղավ, քանի որ նախորդում գոնե քիչ չէին պառլամենտարիզմի ուղով անցած գործիչները: Ուրեմն, ինչպե՞ս կարող է այս խորհրդարանը տանել այն ծանր բեռը, որ նոր Սահմանադրությամբ դրված է իր ուսերին. խոսքս օրենսդրական այն ահռելի աշխատանքի մասին է, որ թելադրում է խորհրդարանական նոր համակարգը:
-Նախ, պետք է հասկանալ, թե ովքե՞ր են այսօրվա խորհրդանից դժգոհող հնաբնակները: Եթե այն նույն կազմն է, որը ոչինչ չի արել նախկինում ու հիմա դժգոհում է ներկայից, ես այդպիսիններին հարց կուղղեմ՝ իսկ դուք կոնկրետ ինչո՞վ եք զբաղվել անցածն խորհրդարանում ու ինչո՞վ եք զբաղվում այսօր, ի՞նչ աշխատանքներ եք կատարում կամ կատարելու:
Ինքս էլ մտածում էի, որ այս խորհրդարանը պետք է լինի այն օրգանը, որին հաշվետու կլինի կառավարությունը, սակայն գործադիրին կցորդ մի բազմություն է, որը բացահայտորեն խաղում է այն կանոններով, որը նրան պարտադրվում է: Այլ սպասելիքներ այս խորհրդանից չպետք է ունենալ: Բոլորն էլ գիտեն՝ ինչ էլ քննարկի, միևնույն է, Ազգային ժողովն ընդունելու է կառավարության կողմից ներկայացված որոշումների մեծ մասը կամ գրեթե բոլորը: Իսկ թե ինչպե՞ս կտանի այդ բեռը, այդպես էլ կտանի՝ դառնալով կառավարության դակիչը: Այս խորհրդարանը եղավ կառավարությանը կից օրենսդիր մարմին, չնայած պետք է լիներ հակառակը: Ինչևէ, ունենք այն՝ ինչ ունենք:
Խորհրդարանին մի փոքր տեմպ են հաղորդում ընդդիմադիր խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ: Բայց դրանք եզակի երևույթներ են լինելու, այս խորհրդարանն ընդամենը կառավարությանը կից մարմին է ու ոչ ավելի:
-Նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված է նոր դեր, նոր կարգավիճակ, ինչը ենթադրում էր նոր աշխատաոճ: Դուք այդ նորը տեսնո՞ւմ եք, օրինակ, ընդդիմադիր ՙԾառուկյան՚ խմբակցությունում, որն ապշեցնում է իր անտեղյակների կազմով, այստեղ գերակշիռ մասը քաղաքականությունից հեռու մարդիկ են, որոնց հաջողվել է ինչ-որ կերպ մանդատ ձեռք գցել:
-Ինչպես բոլոր քաղաքական ուժերի խմբակցություններում, այնպես էլ ՙԾառուկյան՚ խմբակցությունում կան բանից անտեղյակներ, այնպես որ, զարմանալ ամենևին պետք չէ: Ինչպես ՀՀԿ-ում կան ծանոթ բարեկամներ, ընկերներ ու հարազատներ, պատկերը նույնն է ՙԾառուկյան՚ խմբակցությունում: Եթե ՀՀԿ-ն քիչ թե շատ ՙդիվերսիֆիկացված՚ թիմով էր մասնակցում մարզերում, ռեյտինգային ցուցակները նկատի ունեմ, ապա ՙԾառուկյան՚ դաշինքի գրեթե բոլոր պատգամավորները Ազգային ժողովում հայտնվելու համար պարտական են Գագիկ Ծառուկյանին: Վերջինսն էլ թելադրեց այն կազմը, ում ցանկացավ տեսնել խորհրդարանում: Զարմանալ պետք չէ, որ ապաքաղաքական պատգամավորներ կան այդտեղ:
Քիչ, թե շատ իմտելեկտուալ պատգամավորներ են հավաքված ընդդիմադիր ՙԵլք՚-ում և կոալիցիայի անդամ ՀՅԴ-ում, չնայած դրան Դաշնակցության կազմն ունի թարմանալու անհրաժեշտություն:
Իսկ ՙՙԵլք՚՚ խմբակցությունում աշխատանքային նոր ոճ կա՞, այստեղ մի քանիսը քաղաքական դաշտում սկսնակներ են ու դա է պատճառը, որ խմբակցությունում ՙշոգեքարշի՚ դերում փորձառու Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն են: Սրա հետ զուգահեռ ՙԵլք՚-ում շարունակում է աննկատ մնալ 999-ից քաղաքական դաշտ իջած Արամ Զ. Սարգսյանի դերակատարությունը:
-ՙՙԵլք՚՚-ի նոր ոճ բերելու մասին ինչ-որ բան ասելը, կարծում եմ, դեռ վաղ է, որովհետև, ինչպես նշեցիք, խմբակցությունում աչքի են ընկնում հին էշելոնի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Մյուսներն, ըստ իս, դեռ պասսիվ ՙպրակտիկա՚ են անցնում, հիմնականում ունկընդրում են իրենց փորձառու գործընկերներին: Ինչ վերաբերում է Արամ Զ. Սարգսյանին, ապա նա, երբ եղել է Ազգային ժողովում ու որ խմբակցության անդամ էլ, որ եղել է, միևնույն է նա միշտ ՙփայլատակել՚ է իր ակտիվ պասսիվությամբ: Այնպես որ, ես նրանից ավելին չեմ էլ սպասում:
Այսպիսով, այս խորհրդարանում ակտիվ աշխատող պատգամավորների թիվը, որի ուսերին վրա կմնա և՛ օրինաստեղծ աշխատանքի ծանրությունը, և՛ քաղաքական բանավեճի կազմակերպումը, թերևս չի անցնում երկու տասնյակը:
-Այո, ինչպես նախկինում այնպես էլ այս խորհրդարանում ինտելեկտուալ, բանիմաց, իրենց մասնագիտական ոլորտներում աչքի ընկնող, գիտակ մարդկանց թիվը շատ քիչ է: Ըստ էության, նրանք երկու տասնյակից մի փոքր ավելի պատգամավորներ են, որոնք աշխատող են ու իրենք էլ կդառնան այս օրենսդիր մարմնի լոկոմոտիվը: Իսկ մյուսները լռող մասսան են, որոնք այդտեղ են հայտնվել իրենց քսակների շնորհիվ, հայտնվել են, որովհետև լավ կամակատարներ են:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն