Գլխավոր » Interview, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ

Մեր ժողովուրդը դեմ է այլասերության քարոզին և դա թույլ կտա իշխանություններին դիմակայել դրսի ճնշմանը

Հուլիս 11, 2017թ. 12:29
Հայկ Նահապետյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Մեզանում հաճախացել են խոսակցություններն այն մասին, թե միջազգային կենտրոնների կողմից մեր երկրին պարտադրվում են ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր են՝ դեմ են մեր քրիստոնեական արժեհամակարգին, ազգային նկարագրին, դրանցով մեզ պարտադրում են ամրագրել այլասերվածների իրավունքները, հիմքեր ստեղծել երեխաներին ընտանիքներից օտարման համար: Ի՞նչ իրողության հետ գործ ունենք:
-Այո, խոսքը երկու օրենքների ընդունման մասին է. մեկը «Ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» օրենքն է, մյուսը՝ «Խտրականության դեմ» կամ «Հավասարության մասին» օրենքը: Առաջինով հիմնականում ամրագրվում է հկ-ների, սոցիալական նորաստեղծ կառույցների միջամտությունը մեր ընտանիքների ներքին գործերին, ընդհուպ մինչև երեխայի օտարում ընտանիքից: Երկրորդը՝ այլասերվածների կամ լգբտ-ների իրավունքների ամրագրումն է, իսկ որո՞նք են նրանց իրավունքները, դա միասեռականների ամուսնությունն է, երեխայի որդեգրման իրավունքը: Եվ այս երկու օրենքները հիմնվում են  «ստամբուլյան կոնվենցիայի» վրա, որը համարվում է Եվրոպայում կանանց և ընտանիքներում առկա բռնությունների դեմ պայքարի առաջին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը: Ասեմ որ, «ստամբուլյան կոնվենցիայում» մի շատ վտանգավոր հասկացություն կա, որն ուղղակիորեն վերաբերվում է լգբտ-ների կամ այլասերվածների խմբին. այնտեղ տրված է «զուգընկեր- զուգընկերոջ, որպես ընտանիքի անդամներ բանաձևումը», անգամ սեռը նշված չէ, այն կոնկրետ վերաբերվում է միասեռականներին:
Օրենքների ընդունումը չի կարող լինել ինքնանպատակ: Եթե ասում են մեր ընտանիքներում ֆիզիկական ու սեռական բռնությունների թիվը աճել է, ապա մեր հանրաճանաչ իրավագետները հստակ պատասխանում են, որ մեր իրավական դաշտն ի զորու է անհրաժեշտ պայքար մղել այդ աճի դեմ: Ի դեպ, մեզանում առկա թվերը որևէ աղերս չունեն այն եվրոպական երկրներում առկա թվերի հետ, որոնք մեզ պարտադրում են ընդունել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը, նրանց մոտ ընտանեկան բռնության աճը հարյուր, հազար անգամ մեզանից բարձր է: Այնպես որ, եթե սովորելու խնդիր կա, թող գան Հայաստան ու իմանան, թե ինչպե՞ս պետք է անել, որ ընտանիքներում բռնությունների թվաքանակը ցածր լինի: Սա փաստում է այն մասին, որ մեզ մոտ նման օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա:

Սակայն տեսեք, թե ինչպե՞ս են մեզ դրսից պարտադրում: Վերջերս Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին ասել էր, եթե Հայաստանն ուզում է, որ վիզաների ռեժիմի ազատականացման հարցում լինի դրական տեղաշարժ, ուրեմն՝ «պետք է կատարի իր տնային աշխատանքը, երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ»: Նախ, նրա խոսքում կա վիրավորական շեշտադրում, նա խախտում է դիվանագետին բնորոշ կոռեկտության սահմանները, քանզի իրեն պահում է ուսուցչի պես, իսկ ՀՀ իշխանությանն ու ժողովրդին դնում աշխատանք կատարող աշակերտի տեղ: Եվ ուրեմն, որո՞նք են այն օրենքները, որոնք, ըստ դեսպանի, լինելու են վիզաների ազատականացման գինը: Սվիտալսկու խոսքից հետո մեր երկրի 5-րդ շարասյան ներկայացուցիչները բարձրաձայնեցին այդ օրենքների մասին. Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն հստակ ասաց, որ դրանք են՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» և «Խտրականության դեմ» օրենքները: Ի դեպ, ԵՄ դեսպան Սվիտալսկին, որն ազգությամբ լեհ է, մինչ ՀՀ-ում համապատասխան պաշտոնին նշանակվելը, աշխատել է ԵՄ-ում որպես Լեհաստանի ներկայացուցիչ, իր աշխատած տարիներին Լեհաստանը Սահմանադրությամբ արգելել է միասեռական զույգերի ամուսնությունները, երեխաների որդեգրումը: Տարօրինակ չէ՞, որ նա իր երկրում կասեցրել է այլասերվածների իրավունքների պաշտպանությունը, բայց մեզ մոտ նախանձախնդիր է այդ օրենքների ընդումամբ:

Ինչպե՞ս են այս օրենքների ընդունումը պարտադրում Հայաստանին: ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին շեշտել է, թե այդ օրենքները մենք պետք է ընդունենք մինչև ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը: Ի դեպ, Ն. Զոհրաբյանը նաև ասել է, թե իրենցից կախվածը կանեն, որպեսզի վտանգավոր ականներ չլինեն այդ նախագծերում: Այսպիսով, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին, կնշանակի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ամենայն հավանականությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես կգա  այդ երկու օրենքների ու «ստամբուլյան կոնվենցիայի» ընդունման նախաձեռնությամբ: Ու քանի որ այսօր բավականին ակտիվացել է Արևումտքն իր ուղղակի կամ անուղղակի ճնշման մեթոդներով, ապա մեզ սպասվում է բավականին թեժ աշուն:
– Մի հստակեցում. այդ երկու օրենքների և մեկ կոնվենցիայի ընդունումը ԵՄ առաջ մեր ստանձնած պարտավորությունների շարքից ե՞ն: Եթե այո, ինչպե՞ս պետք է Հայաստանը դեմ լինի դրանց ընդունմանը:
-Հայաստանը ո’չ ընտանեկան բռնության կանխարգելման, ո’չ էլ այլասերվածների իրավունքների պաշտպանության օրենքների ընդունման հարցում որևէ միջազգային պարտավորություն չունի, քանի դեռ չի ստորագրել «ստամբուլյան կոնվենցիան»: Ասեմ, որ Եվրախորհրդի անդամ երկրներից միայն 3 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել ,«ստամբուլյան կոնվենցիան»: Իսկ ստորագրած երկրներից 23-ը ձգձգում են, դիմադրում են այդ փաստաթղթի վավերացմանը, ամեն ինչ անում են, որ այդ օրենքը չկիրառվի իրենց երկրներում, քանի որ նրանց կառավարությունները հրաշալիորեն գիտակցում են՝ այդ օրենքն իրականում ընտանիքներում բռնությունների նվազեցմանը, բարոյական դաշտի ամրապնդմանն ուղղված չէ:
Մեր ժողովուրդը հարյուրավոր տարիներ չունենալով պետականություն կարողացել է ստեղծել հայ ընտանիքներում բռնությունները կանխարգելող մեխանիզմներ: Այդ հրաշալի ինստիտուտը քավորի ինստիտուտն է, մյուս կողմից նորապսակների ծնողներն են, հարազատները, որոնց խոսքը երիտասարդ ամուսիների մոտ կշիռ է ունեցել, նաև շրջապատն ու ընկերները: Իսկ այսօր առկա խնդիրը լուծելու համար նախ պետք է պատճառները վերացնել, ոչ թե սկսել հետևանքներից: Իսկ ընտանեկան բռնության առաջին պատճառը սոցիալական ծանր պայմաններն են, որ լարվածություն են ստեղծում ամուսինների մեջ, երկրորդը՝ քարոզչությունն է: Այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սերիալներով իրականացնում են ընտանեկան բռնությունների քարոզ: Ու սրան պետական կամ ոչ պետական կառույցները լրջորեն չեն արձագանքում:

Ինչպե՞ս կարող են մեր իշխանություններն այսօր հակադարձել արևմտյան գործընկերներին: Ամերիկյան հետազոտական կառույցները հարցումներ են կատարել, ինչի մասին հրապարակավ բարձրաձայնել են, որ մեր ժողովրդի 98 տոկոսից ավելին չի ընդունում այլասերման քարոզը, անհանդուժող է: Սա շատ կարևոր ցուցիչ է: Մեր ժողովրդի դեմ լինելը հնարավորություն կտա մեր իշխանություններին դիմակայել դրսի ճնշմանը, իշխանությունը պետք է հենվի միայն ժողովրդի կարծիքի վրա: Եթե ԵՄ-ն շատ է պարտադրում, թող կազմակերպվի հանրաքվե, որի արդյունքներն էլ թող դնեն նրանց սեղանին: Չնայած նրանք էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանում այս օրենքները խիստ մերժելի են, չեն ընդունվում, ու իմանալով՝ ամեն ինչ անում են, որ ընդունվի:
-Այլասերման քարոզը հնարավոր է կանխել միայն օրենսդրական ճանապարհով, մինչդեռ մեր օրենսդրությունը չի արգելում պղծության քարոզը, ու դա այն դեպքում, երբ այս օրենքները մեզ պարտադրող երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի 9 նահանգներում կա նման օրենք:
-Համաձայն եմ՝ մեզ օրենք է հարկավոր: Տեղյակ եք, որ Երևանի Օպերայի, Կարապի լճի շրջակայքում միասեռականության քարոզ պարունակող պաստառներ էին փակցվել, իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում  «Շվեդ հայրիկներ» անունով լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել,  պատերին  փակցված են երեխաներին խնամող համասեռամոլ տղամարդկանց նկարներ: Պարզեցինք, որ դրանց հեղինակը Րաֆֆի Նիզբիլյանն է, որը մեզ մոտ այլասերության քարոզով զբաղվող, մեր երեխաներին մեր ընտանիքներից օտարելու փորձ անող հկ-ի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանի ամուսինն է: Մենք ահազանգեցինք քաղաքապետարան ու հասկացանք, որ այնտեղ իրավիճակին չեն տիրապետում, կարծես չեն հասկացել, որ դա միասեռական ընտանիքի քարոզ է: Քաղաքապետարանի ականջը, կարծես թե, այդ հարցում խլացել է: Մինչդեռ նման գովազդներ փակցնելու համար պատասխանատու է քաղաքապետարանի համապատասխան բաժինը:

Այո, քաղաքապետարանը կաշկանդված է օրենքի բացակայությամբ: Իրավական առումով չկարողանալով պայքարել այլասերության քարոզի դեմ քաղաքապետարանը գոնե մեկ այլ քայլ պետք է կատարի՝ հասարակական քննարկումների լայն դաշտ բացի, հարց հնչեցնի՝ արդյոք, մեր ժողովուրդը կցանկանա՞ տեսնել նման պաստառներ: Այդ ժամանակ մենք՝ մեր ժողովուրդի տարբեր շերտեր,  հասարակական ու քաղաքական գործիչներ կկարողանան արտահայտել իրենց կարծիքը:
Տեղեկացնեմ, որ օրենքի մշակման ուղղությամբ լուրջ աշխատանք է արվել մեր կողմից: Մեր համախոհ իրավաբանները պատրաստել են անչափահասների շրջանում միասեռականության քարոզի դեմ պայքարող օրենքի նախագիծ: Մենք այժմ պատրաստվում ենք, որպեսզի նաև մեր համախոհ պատգամավորների միջոցով խորհրդարանին ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ այլասերության քարոզն արգելող օրենքի ընդունման մասին, ու դրան զուգահեռ հասարակական քննարկումների դաշտ բացենք: Սա կարծում եմ, կլինի մեր հակակշիռ քայլը ԵՄ պարտադրանքին, այն կլինի ծանրակշիռ փաստարկ, որպեսզի «Խտրականության մասին» օրենքը չմտնի Ազգային ժողով:
Հասանք նրան, որ մեր մշակույթն են փորձում այսօր օգտագործել ի նպաստ այլասերման ու սոդոմական պղծությունների քարոզի: Նման փորձ արեցին անգամ «Ոսկե Ծիրան»  փառատոնի կազմակերպիչները, բարեբախտաբար, ցուցարարներին հաջողվեց ձախողել փառատոնում ընդգրկված խայտառակ ֆիլների ցուցադրումը:
– «Ոսկե Ծիրան»-ի 39 ֆիլմերից 2-ը վերաբերում են միասեռականների քարոզին, իրենց այսպես կոչված «արժեքներին» ու «սիրուն»: Դրանց ցուցադրությունը կասեցվեց շնորհիվ մեր հասարակական դիմադրության: Այդ ֆիլմերն իրենց մեջ երկու վտանգ են պարունակում: Առաջինը, դրանք քարոզ են: Երկրորդ, թույլատրվում է դիտել 12 տարեկանից բարձր պատանիներին: Փառատոնի հիմնադիր կինոռեժիսյոր Հարութ Խաչատրյանը չի գիտակցո՞ւմ, որ այդ ֆիլմերը խիստ վնասակար են. ես գիտեմ, որ ինքը պապ է, չի մտածո՞ւմ իր թոռների մասին, մտավախություն չունի՞, որ նրանք ևս կարող են նման չարժեքներով դաստիարակվել: Եվրոպական քրիստոնյա երկրները քարոզչության հետևանքով այսօր թաղվեն են այդ սոդոմական մեղքերի մեջ ու հիմա «Ոսկե Ծիրան» փառատոնի ներկայացուցիչները մեզանում նպաստում են այս գործի՞ն:

Պետք է սթափվեն, հիշեն, թե ո՞ր ազգի ներկացուցիչ են, ի՞նչ ինքնության, ի՞նչ ավանդույթների կրող են: Հարութ Խաչատրյանը «Շողակաթ» հեռուստատեսությամբ խոսում էր մեր հոգևոր, մշակութային անվտանգության մասին, ասում, որ յուրաքանչուր հայ պարտավոր է Ավետարան կարդալ, որպեսզի ամեն օր ապրի Աստծո խոսքով, բայց այսօր իր ղեկավարած փառատոնում ներակացնում է այլասերվածների քարոզը, ինչպե՞ս հասկանալ: Ի՞նչ անուն տալ այն մարդուն, որը շատ լավ հասկանալով, որ դրսից պարտադրվող այլասերման քարոզը մեր ինքնությանն է հարվածում, հայի տեսակն է ոչնչացնելու, սակայն իր ղեկավարած փառատոնում նման ֆիլմեր է ցուցադրում: Եվ գիտե՞ք, թե Հարութ Խաչատրյանն ասուլիսում իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ այդ ֆիլմերը հանվեցին ցուցադրությունից, ի՞նչ պատասխան է տվել, ասել է՝ դահլիճ չեն տրամադրել, ու այն բողոքը, որ բարձրացրին մեր քաղաքացիները, նաև պաշտոնատար անձինք, մեր հոգևորականներն այդ խայտառակության  դեմ նա որակեց ՝ մեծ աղմուկ ոչնչից: Այսինքն, միասեռականության քարոզն իր համար ոչինչ է: Սա խիստ ցավալի է:
Ես չեմ ուզում շատ խիստ խոսքեր ասել, բայց հիշեք, որ Աստծո որդու ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողքին կար մեկ աշակերտ ևս՝ Հուդան, որը հրաշալի գիտեր Աստծո հրաշքների, նրա զորության մասին, բայց դրանով հանդերձ 30 արծաթով դավաճանեց մեր Տիրոջն ու Փրկչին: Կուզենամ, որ մարդիկ լուրջ հետևության հանգեն, վախենան Աստծո ցասումից ու քրիստոնյա հայ ժողովրդի զայրույթից:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն