Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն

Ամեն հայ պիտի իր հոգում մի քիչ Թումանյան ունենա, որ քիչ սխալվի, հույսը բարակելիս էլ՝ չհուսահատվի

Հուլիս 10, 2017թ. 17:05
Հովհաննես Թումանյանի թանգարան

Այս նկարում Թումանյանենց ննջասենյակն է… Փորձենք յուրովի պատկերացնել այս սենյակին առնչվող դրվագներ: Այստեղ, այս փայտե չոր թախտին, որ աշխարհի ամենափափուկ անկողինն է, պառկել է մանուկ Հովհաննեսը, լսել մոր պատմած հեքիաթները, մտածել աշխարհի չարի և բարու մասին, հրճվել հերոսի հետ և աչքերը հանգիստ փակել՝ երազներում շարունակելով հեքիաթների բարի ավարտը: Ինքը այդ հեքիաթներով ճանաչեց աշխարհը և հետո կամեցավ, որ բոլոր հայ մանուկները նույնպես հեքիաթներով ճանաչեն կյանքը, որ վերջում բարի հերոսը հաղթի հրեշներին… Նրա ամբողջ գրականությունը հենց այդ բարու հաղթանակն է, լավատեսությունը…


Ամենայն Հայոց բանաստեղծի մասին պետք է ամեն օր ու ամեն ժամ գրել, խոսել, կարդալ, որովհետև հայի ինքնաճանաչողության ամենազորեղ ու իմաստուն միջոցը Թումանյան կարդալն է… Պատկերացնու՞մ եք հայ մանուկների մանկությունն առանց Թումանյանի հեքիաթների, պատանեկությունը՝ առանց պատմվածքների, հասուն տարիքը՝ առանց պոեմների, լեգենդների ու բալլադների, ծերությունը՝ առանց իմաստուն քառյակների… Թումանյանը հայի ուղեկիցն է, հայ մարդը Թումանյանով է զգում իր հայ լինելը և ճանաչում հայրենիքը… Ամեն հայ պիտի իր հոգում մի քիչ Թումանյան ունենա, որ քիչ սխալվի, հույսը բարակելիս էլ՝ չհուսահատվի… Հիշու՞մ եք Թումանյանի «Հայոց վիշտը»՝
Հայոց վիշտը անհուն մի ծով, խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով՝ լող է տալիս իմ հոգին…


Նույնիսկ վշտի մեծ ծովի մեջ նա տեսնում էր՝ «…Իմ նոր Հայրենիք, հզոր Հայրենիք»… Իսկ այսօր շատերս կենցաղային մի հոգսից հուսահատվում ենք, անարդարությունից՝ կոտրվում ու ծանր խոսքեր ասում մեր նշխար Հայրենիքի հասցեին… Ճշտեք ձեր խոսքի հասցեները և մի պղծեք ձեր շուրթերը Հայրենիքի մասին անեծքով… Չէ որ դրանով ինքներդ ձեզ եք անիծում… Մի դարձեք ԻՆՔՆԱՆԻԾՅԱԼ, դա դատավճիռ է… Թումանյանն ասում էր՝ Բառը մի աշխարհ է… Բայց նաև հիշեք՝ երբ բառը ձեր բերանում է, նա ձեր գերին է, իսկ երբ դուրս եկավ բերանից, դուք եք նրա գերին… Մի դարձեք դուրս տված բառի գերին… Բառը սուր մեխ է: Երբ մուրճով սխալ եք խփում, կհարվածեք ձեր մատին, բայց հիմարաբար մուրճին կմեղադրեք: Նախ ձեզ մեղադրեք ձեր սխալների համար: Թումանյանը «Մերոնք» պատմվածաշարում նուրբ հումորով ու ցավով ծաղրում է մեր սխալները, որից քիչ ենք դասեր քաղում… Ամեն սխալ ունի իր կոնկրետ հասցեատերը, նրան դիմեք…


Այս սենյակում է անցել նրա մանկությունը։ Նրա ոսկեձեռիկ մոր սանդերքը, որով բուրդ էր գզում, ճախարակը, որով մանում էր գզածը, շյուղերը, որով գործում էր մանածը և որից էլ բրդե գուլպա ու ձեռնոց էր գործում մանուկ Օհաննեսի համար…Այս սենյակը լիքն է հեքիաթներով… Ընդամենը ներս մտեք ու լսեք… Փայտե թախտը, գորգը, սանդերքը, ճախարակն ու շյուղերը պատմում են հայոց հեքիաթները, առանց որի հայ մանուկը հայ չի մեծանա…
Սիրելի հայրենակիցներ, միշտ հիշեք, այն փոքրիկը, ով Թումանյանով չի մեծանում, նա կիսատ մարդ է, շուտ կտարվի օտարներով և հեշտ կմոռանա Հայրենիքը…
Այստեղ էլ հիշենք նրա վերջին խոսք-հավերժական պատգամը՝ «Տղե՛րք, ղոչա՛ղ կացեք»…

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն