Գլխավոր » Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեր բանակը պետք է պատրաստ լինի նաև հաձակողական գործողությունների

Հուլիս 9, 2017թ. 20:43
Վովա Վարտանով

Հարցազրույց ազատամարտիկ, հետախույզ, ռազմական փորձագետ ՎՈՎԱ ՎԱՐՏԱՆՈՎԻ հետ
Ադրբեջանի մարտավարությունը հայտնի է՝ հյուծող պատերազմ վարել Հայաստանի դեմ: Նման իրավիճակում ինչպիսի՞ մարտավարություն պետք է իրականացնի հայկական զինուժը:
– Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը անպայմանորեն հանգեցնելու է հյուծման թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին: Բայց թշնամին մտածում է, թե ինքը կարող է թույլ տալ իրեն այդ մարտավարությունն իրականացնել, քանի որ մի քանի միլիոն ավելի բնակչություն ունի, ավելի մեծ տարածք ունի, ֆինանսական առումով էլ խեղճ չէ ու օրերից մի օր կարող է ոչնչացնել մեր երկիրը. սա նրանց սցենարան է: Թուրքն ուզում է վերացնել հայկական տարրը, որն իր կարծիքով՝ մխրճվել է իրենց մեջ, ուրեմն, Հայաստանը պետք է վերացնեն, որ վերամիավորվեն ավագ եղբոր՝ օսմանյան թուրքի հետ: Մենք պետք է հասկանանք, որ այսօր պատերազմի մեջ ենք Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի թուրքերի ու օսմանյան թուրքերի հետ, պարզապես, օսմանյան թուրքը մեր դեմ բացահայտ չի պատերազմում, դա անում է իր եղբոր օգնությամբ՝ նրան զինում է, ռազմական պատրաստություն անցկացնում:

Բայց ո՞վ ասաց, որ մենք պետք է թույլ տանք, որ թուրքն իր գծած սցենարով շարժվի, ո՞վ ասաց, որ մենք պետք է թույլ տանք, որ գնդակին անընդհատ իրենք տիրապետեն: Մենք կարող ենք վերցնել գնդակն ու գոլ խփել:

Եվ ուրեմն՝ ինչպիսի՞ մարտավարություն պետք է որդեգրենք: Մեր դեմ իրականացվող հյուծիչ պատերազմը կանխելու համար, առաջինը, պետք է ուժեղ լինենք՝ ռազմական ու տնտեսական առումով: Երկրորդ, հրաժարվենք <<խաղաղություն՝ ամեն գնով>> խիստ վտանգավոր մոտեցումից, քանի որ այն կհանգեցնի նրան, որ 10 տարի անց չի լինի Արցախի Հանրապետությունը, ևս 10 տարի անց կտեսնենք Զանգեզուրի կործանումը, իսկ ևս 10 տարի անց Հայաստանում հայ չի մնա: Սա թյուրքական սցենար է, որպեսզի դա չիրականանա պետք է վերանա Ադրբեջանը կամ Հարավայի Կովկասի թուրքերի պետությունը ու այդ տարածքներում ստեղծվի  Շվեյցարիայի պես մի ընտիր պետություն՝ Հարավային Կովկասի կոնֆեդերացիա, ուր կլինեն հավասար իրավունքներ ունեցող անդամ երկրներ՝ Ավարիստանը, Լեզգիստանը, Թալիշստանը և այլն: Այն կլինի լավ պաշտպանված երկիր, բայց առանց հարձակողական ներուժի ու մեզ համար կդառնա շատ լուրջ հյուսիսային հարևան: Սրան հասնելու համար մեզանից պետք է հեռացնենք այն մտածողությունը, թե խեղճ ժողովուրդ ենք ու մտածենք այսպես, եթե լուսինը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, ուրեմն պետք է լուսնի վրա դեսանտ իջեցնենք, եթե մեր ժողովրդին սպառնում է սատանան՝ ուրեմն, մեր դեսանտը պիտի նաև դժոխք իջեցնենք: Ո՞րն է Իսրայելի հզորությունը. աշխարհի որևէ անկյունում, եթե նեղացնում են մի հրեայի, ապա պետությունն իր բոլոր հնարավորություններով խստորեն պատժում է նեղացնողին՝ լինի անձ, թե երկիր: Եթե մենք էլ այդ կերպ վարվենք, ապա մեր թշնամիները մեզանից կվախենան, իսկ մյուսները կհարգեն ու կգնահատեն: Եթե մենք ուժեղ լինենք ամեն ինչ այլ ընթացք կունեն, այդ ժամանակ մեր դիմաց թուրքը ոչ թե կկանգնի, այլ խալու պես կփռվի:

Երրորդ, պետք է պատրաստվել հարձակողական մարտերի, որովհետև թուրքական պետության գլխավոր ՙատամները՚՝ Հարավային Կովկասում տեղակայված նրա բանակը, անհնար է զուտ պաշտպանական մարտերով ջախջախելը: Նման բան կարող է լինել, եթե նրանց զորահրամանատարն այնքան հիմար լինի, որ ամբողջ թուրքական զորքը կենտրոնացնի  ՙՙամրոցի պատերը՚՚՝ Արցախ աշխարհը քանդելու վրա: Նման բան երբեք չեն անի, 1993 թիվը չի լինի, երբ թշնամին իր մարտական բոլոր ռեսուրսները նետեց Արցախի դեմ: Այսօր Ադրբեջանը Քուռի ձախ ափի զորքերը չի օգտագործի աջ ափում հակահայակաան օպերացիաներ անելու համար:

Ուրեմն, մեզ մնում է հարձակողական մարտերով մտնել ու ջախջախել ադրբեջանական բանակը, դա կնշանակի ջախջախել թուրքական պետության գլխավոր ՙՙատամները՚՚՝ Հարավային Կովկասում տեղակայված թյուրքական բանակը:
Բաքուն հերթական անգամ խախտեց Ժնևի կոնվենցիան՝ վտանգի տակ դնելով քաղաքացիական անձանց կյանքը: Իր զինուժը տեղակայելով բնակավայրերում այդ երկրի ռազմական ղեկավարությունը սեփական քաղաքացիներին օգտագործում է որպես կենդանի վահան։ Ինչպե՞ս պետք է գործի այս իրավիճակում հայկական բանակը:
-Եթե ինչ-որ տեղից կրակում են մեր դիրքերի, մեր հայրենիքի, մեր զինվորի վրա, անպայմանորեն պետք է ոչնչացվի այդ կետը, անկախ նրանից այդտեղ խաղաղ բնակիչ կա՞, թե՞ չկա: Ինքս էլ բավականին վատ, ցավալի պահ ապրեցի, երբ իմացա, որ խաղաղ բնակիչ է զոհվել, մեկն էլ երեխա: Բայց Ադրբեջանն իր բնակավայրը դարձրել է կրակակետ, ուրեմն մեր բանակը պետք է այդ կրակակետը ոչնչացնի: Ի վերջո, մեր մեկ զինվորի կյանքը մեզ համար շատ ավելի թանկ է, քան թշնամու բնակչության հալալ կեսը: Այնպես որ, մեր բանակի վերջին քայլը, որն ադրբեջանական սադրանքի պատասխանն էր, ես շատ նորմալ ու ճիշտ եմ համարում: Մերոնք ոչնչացրել են թշնամու հենակետը, ես կուզենայի, որ գրավեինք նաև այդ հենակետի կից տարածքները, այդ դեպքում մեզ չէին կարող այդ ուղղությունից այլևս անհանգստացնել:
-Ի՞նչ կասեք այն տեղեկատվության հետ կապված, թե օգտագործելով երեխայի մահը Ադրբեջանը մեծ հիստերիա է բարձրացրել ու նպատակ ունի Հայաստանի դեմ միավորել թուրք-ադրբեջանական համայնքները և հակահայակաան ճակատ ստեղծել: Չոռանանք, որ գործ ունենք ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարող պետության հետ:
-Մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, դրանք հաճախ շատ ավելի թեժ են լինում, քան ռազմական բախումները մարտի դաշտում: Ամենևին պետք չէ զարմանալ, որ նրանք քաղաքացիական մահերը օգտագործելու էին ու հիստերիա էին բարձրացնելու: Ինչ վերաբերում է հակահայկական ճակատ ստեղծելուն, ոնց որ թուրքը հայի արյանը կարոտ իր կեցվածքով մեզ միշտ զգոն է պահում, այդպես էլ հայի կերպարը նրանց թույլ չի տալիս լինել անջատված: Թող միավորվեն, հետո՞ ինչ, մենք չպետք է վախենանք դրանից: Մենք պետք է վախենանք մեր չհամախմբվածությունից, որովհետև հայի համախմբվածությունից է, որ վախենում է մեր թշնամին: Լրատվամիջոցներով երբեմն լուրեր են տարածվում, թե ԻՊ-ը գալիս է, վայ, վույ, ջահնդամը, թե չի գալիս, եթե մեր բանակն ուժեղ է, մեր զինվորը լավ է կրակում, եթե իր զենքը նորմալ վիճակում է, մոտը բոլ-բոլ փամփուշտ կա ու փորն էլ կուշտ է, թող թուրքի հետ մի 100 հոգի էլ ահաբեկիչ գա: Բայց ես պետք է մի կարևոր բան ասեմ: Ահաբեկչությունը Ադրբեջանի տարածքում ավելի հավանական է, որ տարածվի, քան մեզ մոտ, որովհետև ահաբեկիչը պետք է տվյալ երկրում իր համար նպաստավոր պայմաններ, շրջապատ ունենա՝ թաքնվելու տեղ, իրեն կերակրող, մեքենա տրամադրող, զենք ու փամփուշտ տվող ունենա: Եվրոպայում նրանք լավ գործում են, քանի որ այնտեղ մի քանի միլիոնի հասնող ծայրահեղական մուսուլմաններ կան: Էդ ո՞ր հայը կարող է ահաբեկիչին զենք տա, կերակրի, թաքստոցով ապահովի: Նման բան երբեք չի կարող լինել:

Ահաբեկիչն աշխատում է այնտեղ, որտեղ կա բնակչության գոնե մի փոքր շերտ, որն իրեն օժանդակում է: Եթե Ադրբեջանը փորձի ահանբեկիչներին իրենց մոտ ակտիվացնել, դրանից մենք կշահենք: Արցախյան պատերազմի տարիներին մոջայեթների ու աֆղանստանցիների էին բերել Արցախի դեմ պատերազմելու համար: Եթե նրանք իրենց գալով մի փոքր օգուտ տվեցին, ապա կրկնակի անգամ վնասեցին՝ քայքայելով, բարոյազրկելով ադրբեջանական բանակը: Մոջայեթները դարձան լուրջ գլխացավանք Ադրբեջանի համար, ու սկսեցին կամաց-կամաց նրանցից ազատվել: Իսկ նա, ով կարողացավ թաքնվել ու մնալ Ադրբեջանում հիմա այդ երկրում քայքայիչ դեր է խաղում:

Այնպես որ, ինչ-որ ահաբեկչական ճակատների ստեղծումից մենք չպետք է անհանգստանանք, դրանից մեզ ոչ մի վտանգ չկա: Իսկ այն, որ Ադրբեջանը ահաբեկչական կազմակեպություններին է զինում, դա նոր պատմություն չէ, հիշենք, որ ադրբեջանցիները Ալ Քայիդայի օֆիսում էին, հետո էլ ապացուցվեց, որ Բաքվից է տրվել ԱՄՆ երկրաքերներին հարվածելու ազդանշանը: Թող այս տեղեկատվությունից ավելի շատ մտահոգվի Ռուսաստանը, որովհետև ինքն է Սիրիայում ռազմական խնդիրներ լուծում, ու թող մտածի, թե ինչպիսի երկրի է զենք մատակարարում:
-Ասվում է թե Ադրբեջանը միտումնավոր գնաց նման սադրանքի Արցախի դեմ, որպեսզի դա հիմք ծառայեցնի լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Դա հնարավոր է՞:
– Այսօր ես լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չեմ տեսնում: Ավելի վաղ ասել եմ, որ այն կարող էր լինել կամ գարնանը, կամ կլինի աշնանը, ինչո՞ւ, որովհետև ըստ իրենց, եղանակը՝ անձրևը, ցեխը կարող են նպաստավոր լինել, որ իրենք աննկատ մոտենան մեր դիրքերին ու վերցնեն այն: Իսկ լայնածավալ գործողությունների չեն գնա, քանի որ ոչ ոք չի կարող իրենց երաշխավորել, որ հաստատ հաղթելու են, բա որ պարտվե՞ն: Իրենք ոչ այնքան վախենում են, որ հայերը կխփեն իրենց նավթային խողովակներին, որքան նրանից, որ հայկական բանակի հարվածներից երկրի ներսում կակտիվանան ազգային փոքրամասնությունները ու Ադրբեջան կոչվող պետությունը վերջնականապես կքայքայվի: Հենց սրանից վախենալով՝ նրանք լայնածավալ գործողությունների չեն գնա: Փոխարենը, ապրիլյան դեպքերի պես ՙճանկռոցիներ՚ կանեն, որպեսզի մի քանի հարյուր հայի կյանք խլեն: Սրան պետք է մեր բանակը պատրաստ լինի:
-Global Firepower կենտրոնի հրապարակած ՙՌազմական հզորության գլոբալ ինդեքս՚-ի համաձայն Հայաստանը 132-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 59-րդ: Իրական ե՞ն այս կենտրոնի թվերը:
-Այո, բացատրեմ, թե ինչու: 90-ականներին ԽՍՀՄ-ի քանդվելու ժամանակ մեզ հասած ռազմական ժառանգությունը կազմում էր ընդամենը 500 վագոն զենք զինամթերք, ապա Ադրբեջանը ստացավ 11 000 վագոն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տարբերության հետ գործ ունեինք. մեր մեկ ինքնաթիռի դիմաց Ադրբեջանն ուներ 100-ը, մենք ոչ մի ռազմական ուղղաթիռ չունեինք, իրենք ունեին 30-ը, իրենց տանկերի թիվը 357 էր, մերը՝ 54: Բայց մենք հաղթեցինք Ադրբեջանին, որովհետև հայ զինվորը հոգեբանորեն պատրաստ էր Արցախ աշխարհը թուրքից ազատելո և այդ խնդիրը լուծեցինք: ԽՍՀՄ ռազմական ժառանգությունը թուրքը մեր դեմ օգտագործեց, վերջացրեց, ու դրանից հետո հսկայական քանակությամբ զենք գնեց, և դեռ գնում է: Բայց այսօր պատկեն այլ է, չկա նախկինի տարբերությունը, Ադրբեջանը զենքի ինչ-որ տեսակ կարող է մեզանից շատ ունենալ, բայց մենք էլ ունենք զենքի այնպիսի տեսակներ, որպիսիք իրենք չունեն, նկատի ունեմ հեռահար հրթիռները, Իսկանդերը: Ադրբեջանը վերջին տարիներին շատ զենք է գնել ու Global Firepower-ի թվերն այդ առումով իրական են: Բայց չէ՞, որ զենքը չի կրակողը, այլ զենք օգտագործողը՝ զինվորը: Այդ ինդեքսը կարող է չափել զենքի, փափմուշտի քանակը, բայց չի կարող չափել զինվորի մարտունակությունը: Իսկ հայ զինվորի մարտունակությունը շատ բարձր է և մենք այսօր շատ լավ պատրաստված ենք պաշտպանողական մարտերին: Առիթից օգտվելով դիմում եմ մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ վերանայել մեր մոտեցումները թուրքի նկատմամբ և մեր բանակը պատրաստել հարձակողական մարտերի ու թշնամին մեր ուժի դեմ անզոր կլինի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն