Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Մանկատները փակվում են, որտե՞ղ կհայտնվեն մեր երեխաները

Հունիս 30, 2017թ. 17:51
Արտեմ Ասատրյան

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ, որի հիմքում այլընտրանքային խնամքի ծառայությունների ներդրումն է, ինչը հանգեցնելու է նախկինում գործող խնամքի հաստատությունների վերացմանը: Թե ինչպե՞ս է այս ամբողջ գործընթացը կազմակերպվելու, և ի՞նչ մտահոգություններ կան հասարակական լայն շրջանակներում, խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
Պարոն նախարար, պետությունը գնում է մանկատների փակման կամ վերակազմակերպման ճանապարհով, ի՞նչ է ենթադրում այդ գործընթացը, ի՞նչ ենք ունենալու դրա արդյունքում, մանկատների վերացումից հետո որտե՞ղ են հայտնվելու մեր երեխաները:
– Մանկատները փակելն ինքնանպատակ գործընթաց չէ: Այն համալիր ամբողջական ծրագրի մի մաս է, որի հիմնական նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է: Անհրաժեշտ է իրականացնել մանկատներում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների կարիքների գնահատում, որպեսզի հասկանանք մանկատանը գտնվելու պատճառները, այսինքն, թե ի՞նչ ծառայությունների բացակայությունն է հանգեցրել նրան, որ այդ երեխաները հայտնվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում: Առաջին հերթին պետք է վերացնել դրանք ծնող պատճառները, նաև ստեղծել այլընտրանքային խնամքի ծառայություններ, որից հետո մանկատներն ինքնստինքյան կփակվեն: Մեր նպատակն է՝ երեխան պետք է ապրի ընտանիքում: Իսկ դա նշանակում է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայությունները, որոնք, ըստ էության, կլինեն ընտանեկան պայմաններին մոտ:
-Ի՞նչ ասել է այլընտրանքային ծառայություններ:
-Այլընտրանքային ծառայություններ ասելով նկատի ունեմ, մասնավորաբար, ցերեկային կենտրոնները, որտեղ տարբեր կարիքներ կամ խնդիրներ ունեցող երեխաները կարող են ծառայություններ ստանալ, նաև արտակենտրոնային ծառայությունները, փոքր տների գաղափարի իրականացումը: Այլընտրանքային ծառայությունների տեսակին է պատկանում նաև խնամակալության ընտանիքի ինստիտուտը, որը մեր երկրում ներդրվեց 2008-ից: Այն մոտ է ընտանեկան միջավայրին ու բացառապես գործում է այն դեպքում, երբ հնարավոր չէ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքը կազմակերպել իր կենսաբանական ընտանիքում կամ խնամակալի ընտանիքում: Իհարկե, մեզ համար նախընտրելին կենսաբանական ընտանիքն է, բայց հայտնի են նաև բազմաթիվ օրինակներ, երբ երեխայի համար հակացուցված է լինում կենսաբանական ընտանիքում խնամքի իրականացումը, այսինքն, այն չի բխում երեխայի լավագույն շահերից: Հետևաբար, մեր հաջորդ քայլը խնամակալի ընտանիքում երեխայի խնամքը կազնակերպելն է, որովհետև դա մոտ է երեխայի ընտանեկան միջավայրին: Կարծում եմ, մանկատնից ավելի լավ է խնամատար ընտանիքում երեխայի խնամքի կազմակերպումը:
-Խնամատար ընտանիքը վճարովի ծառայություն է, պետությունը 137.000 դրամ է վճարում քաղաքացուն, որպես աշխատավարձ խնամքի համար։ Ավելի նախընտրելի չէ՞ այդ գումարը տրամադրել ոչ թե  խնամատար ընտանիքին, այլ երեխայի կենսաբանական ընտանիքին, որպեսզի վերջինս, սոցիալական ծանր վիճակով պարտադրված,  երեխային չտանի մանկատուն:
-Հենց այդ ուղղությամբ էլ շարժվում ենք. մեզ համար բնականաբար նախընտրելին կենսաբանական ընտանիքն է և աշխատում ենք կենսաբանական ընտանիքների կարողությունների հզորացման ուղղությամբ: Այո, գաղտնիք չէ, որ շատ դեպքերում երեխաները մանկատներում են հայտնվում ընտանիքի սոցիալական պայմաններից ելնելով, եթե այդ ընտանիքը որոշակի առաջցություն ստանա՝ երեխան մանկատանը չի հայտնվի: Մեզ հաջողվել է 45 երեխաների վերադարձնել կենսաբանական ընտանիքներ մեր գործընկեր կազմակերպությունների, մասնավորաբար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու մյուս հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Ընտանիքներին տրամադրում ենք առարկայական աջակցության փաթեթներ: Գնահատում ենք կարիքները, թե երեխան ինչո՞ւ է հայտնվել այդ հաստատություններում, գնահատվում է ծնողի կարիքը: Ենթադրենք դա աշխատանք չունենալն է, նման ծնողներին տրամադրել ենք արհեստակցական գործիքներ, արդյունքում նրանք կարողացել են ստեղծել իրենց սեփական եկամուտն ու երեխային վերադարձրել ընտանիք: Բայց սրանով հանդերձ մենք զարգացնում ենք խնամատար ընտանիքների ինստիտուտը ու այն բոլոր տիպի ծառայությունները, որոնք ընտանիքին մոտ պայմաններում հնարավորություն կտան երեխաների խնամքը կազմակերպել: Եվ այն միջոցները, որոնք ծախսվում են մանկատների շրջանակներում խնամք կազմակերպելու համար, դրանք ուղղվելու են նշածս ծրագրերի իրականացմանը:
Պարոն նախարար, անդրադառնանք հասարակության շրջանում առկա մի քանի մտահոգությունների. արդյո՞ք մենք փուլ առ փուլ չենք գնում այն իրողության, երբ սոցիալական աշխատողը իրավունք կունենա մտնել մարդկանց բնակարաններ, ստուգել, եթե իր դիտարկմամբ  չկան պատշաճ բնակարանային պայմաններ, կամ օրինակ՝ սառնարանում չկա անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք, ապա իրավունք կունենա երեխային հեռացնել իր կենսաբանական ընտանիքից: Եվ, իհարկե,  հայտարարելով, թե իր քայլը բխում է երեխայի լավագույն շահերից։
-Այդ մտավախությունն արդարացված չէ, ասեմ, թե ինչո՞ւ: Սոցիալական աշխատողի ինստիտուտի գործառույթը հետևյալն է՝ համապատասխան կարիքի գնահատման միջոցով խնդիրներ ունեցող ընտանիքին կամ անձին, պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով, դուրս բերել կյանքի դժվարին իրավիճակից: Եթե տվյալ անձը չուզենա նման ծառայություն ստանալ, ապա որևէ մեկը նրան չի կարող պարտադրել: Դուք կոնկրետ խոսում եք երեխայի իրավունքների պաշտպանության մասին, ապա այստեղ սոցիալական աշխատողը միանձնյա կամ վերջնական որոշում կայացնողը չէ, կան խնամակալության հոգեբարձության մարմիններ, որոնք էլ իրականացնում են երեխայի կարիքի գնահատումը նաև կատարվում են այլ անհրաժեշտ գործողություններ: Ու այդ ամենը քննության է առնվում խնամակալության հոգեբարձության մարմնում: Մեր աջակցությունը նախ և առաջ ուղղված է ընտանիքների կարողությունների հզորացմանը, որպեսզի ընտանիքները զուտ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմավորված իրենց երեխաներին չօտարեն ընտանիքից: Սակայն, եթե սոցիալական աշխատողն ու խնամակալության հոգեբարձության մարմինները գնահատում են, որ տվյալ կենսաբանական ընտանիքում երեխայի շահերից չի բխում խնամքը կազմակերպելը, ուրեմն մենք նրա խնամքը պետք է կազմակերպենք խնամակալող ընտանիքում:
Իսկ խնամատար ընտանիքները կարող ե՞ն լինել արտերկրից, որքանո՞վ խնամատար ընտանիքում երեխան կլինի օրենքով պաշտպանված, բացառվա՞ծ է, որ այդ ընտանիքում ևս երեխան կարող է ենթարկվել բռնության:
– Նախ, խնամատար ընտանիքներ չեն կարող լինել արտերկրից, օտարի մասին խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ, ընթացակարգերի առումով ունենք բավականին լավ ուղեցույց, որը համապատասխանում է նաև մեր երկրի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների պահանջներին: Եվ այս պահին չունենք մտահոգություն, որ կարող ենք այնպիսի ռիսկեր ունենալ, որոնք չեն լինի մեր կեղմից կառավարելի: Իսկ ցանկացած ռիսկի պարագայում, բնականաբար, կունանք համապատասխան կարգավորումներ: Կան համապատասխան ընթացակարգեր, որոնց համապատասխան էլ կձևավորվելու են խնամակալ ընտանիքները, նրանք կստանան համապատասխան ուսուցում ու կվերապատրաստվեն: Կան բազմաթիվ այլ չափորոշիչներ, որոնց միջոցով կատարում ենք խնամատար ընտանիքների ընտրությունը, որպեսզի նրանց կողմից տարվող խնամքը չդիտվի աշխատանքի միջոց: Հետևաբար, որևէ մտավախություն չունենք, քանի որ սահմանված են և՜ չափորոշիչները, և՜ անհրաժեշտ կարիքի գնահատման մեթոդներն ու միջոցները:
Եվ վերջապես, տարիներ առաջ ԱՄՆ սենատոր Նենսի Շեյֆերը անդրադարձավ խնամակալության ծառայությունների համակարգին՝ բացահայտելով նրա մութ կողմերը, ներկայացրեց սարսաելի փաստեր այդ կոռումպացված համակարգի մասին, որը շահույթ է ստանում երեխաներին կենսաբանական ընտանիքներից պոկելու համար, որ խնամակալության մարմիններում գտնվող երեխաները վեց անգամ ավելի շատ են մահանում ու ենթարկվում բռնության: Չունե՞ք նման մտավախություն, որ մեզանում ևս դա կարող է լինել:
-Մեր բոլորի աշխատանքը ու մեր կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են հենց ձեր նշած խնդիրներին համակարգային լուծումներ տալն: Եթե որևէ տեղ, որևէ գործողության շրջանակներում կլինեն ռիսկեր, ապա պետք էհասնել նրան, որ դրանք լինեն կառավարելի և ունենան հստակ լուծումներ: Հետևաբար, այդ մտահագություներով պայմանավորված այսօր ասել, թե խնամատար ընտանիքի ինստիտուտի գաղափարը չի համապատասախանում մեր կողմից իրականացվող քաղաքականությանը, ես, իհարկե տեղին չեմ համարում: Ավելին, մեր քաղաքականությունը հետևյալն է՝ առաջ գնալ մեր ազգային մտածելակերպը, մեր ավանդական ընտանիքները, մեր ունեցածը պահպանելով ու զարգացնելով: Այն որ, իրենց երեխային մանկատուն բերող մեր ընտանիքները շատ դեպքերում դա անում են ուղղակի ամենամեծ ցավով ու անելանելի վիճակում գտնելով, դա արդեն իսկ նշանակում է, որ կան ու գործում են մեր ազգային ավանդույթները, ինչն էլ մեր պետության, հասարակության հետագա զարգացման հիմքն է լինելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն