Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Նախկին կառավարությունը ձախողել է, նորը՝ հույսեր է ներշնչում

Հունիս 28, 2017թ. 21:57
Ատոմ Մարգարյան

Հարցազրույց տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ  ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

Խորհրդարանում շարունակում է ՙ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին՚ տարեկան հաշվետվության քննարկումները, որի ընթացքում ԿԲ նախագահն այսպիսի պատկեր ներկայացրեց, թե 2016-ն ամփոփվեց 0,2 տնտեսական աճով՝ նախորդ տարվա 3%-ի համեմատ և տարվա համար կանխատեսված 2.2%-ի փոխարեն, ներդրումային միջավայրը 2016-ին մնաց թույլ, իսկ տնտեսական աճին նպաստել է զուտ արտահանումը: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խոստացած ցուցանիշները չի կատարել, հետևաբար, կարո՞ղ ենք ասել, որ ձախողել է ՀՀ տնտեսական քաղաքականությունը:
-Այո, կարելի է նաև այդպիսի որակում տալ, բայց մյուս կողմից էլ կա ժողովրդական հայտնի ասացվածքը՝ ՙեզն ընկավ, դանակավորները շատացան՚: Ես լսում եմ խորհրդարանում ընթացող քննարկումները, որոնք շատ դեպքերում նաև սուբյեկտիվ են ու միակողմանի: ԿԲ-ի ու նրա նախագահին հարց եմ ուղղում, ինչո՞ւ անցած տարի, երբ Հովիկ Աբրահամյանը դեռևս վարչապետի պաշտոնում էր ու տարվա կեսին արդեն նկատելի էր, որ կային լուրջ հիմնախնդիրներ բյուջեի, տնտեսական աճի ու ներդրումների հետ կպված՝ նման որակումներ չհնչեցրեց: Իսկ ես հիմա կփորձեմ ավելի ամբողջական գնահատական տալ: Կարեն Կարապետյանի կառավարությունն իր գործունեությունն սկսեց անցած տարվա սեպտեմբերի 14-ից, մինչ այդ եղած տվյալներով երկրի տնտեսության վիճակն իսկապես աղետալի էր: Եղան երկու ցնցումներ, որոնք լրջորեն ազդեցին ներդրումային միջավայրի վրա: Առաջինը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը նաև բացեց քաղաքականության այն խոցերը, որոնք մինչ այդ քողարկված էին, խոսքս նաև երկրի պաշտպանունակության, ռազմաարդյունաբերական ոլորտներում տիրող վիճակի մասին է: Երկրորդ ցնցումը հուլիսյան դեպքերն էին, երկրում ստեղծվեց ոչ ստանդարտ, ֆորս մաժորային իրավիճակ, իսկ դա դրական ազդակ չէ ներդրողների համար: Այսպիսով, մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը, ֆորս մաժորային իրավիճակը, և իհարկե, վարվող քաղաքականությունը, որը հիմնված էր իրավիճակային լուծումների վրա, ոչ կրեատիվ էր, ներդրումների խթանման հարցում բավականին զուսպ էր, գործիքակազմերի առումով հիմնականում օգտագործում էր ֆիսկալ գործիքներ, հանգեցրին նման արդյունքների:
Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամայանի, նաև Տիգրան Սարգսյանի կառավարությունները հետճգնաժամային ժամանակահատվածում մակրոտնտեսական հավասարակշռությունը կարողացան պահպանել ու որոշակի տնտեսական աճ գրանցել միայն արտաքին ռեսուրսների՝ պաշտոնական տրանսֆերտների, վարկերի, միջազգային փոխառությունների հիման վրա, որի հետևանքով 2,5 անգամ ավելացավ երկրի արտաքին պարտքը: Հովիկ Աբրահամյանի վարչապետության վերջին շրջանում արդեն իսկ պարզ էր, որ նվազագույն՝ 2, 2 տոկոսի տնտեսական աճ չի ապահովվելու:
Չմոռանանք մեկ այլ հանգամանք ևս. Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ սկսեց կիրառել դաժան տնտեսական պատժամիջոցներ, ռուսական տնտեսությունն ուղղակի գահավիժեց: Եղավ նավթի գների անկում, որի հետևանքով էականորեն նվազեցին ռուսական շուկայում աշխատող մեր հայրենակիցների դրամական փոխանցումները: Սա ևս անդրադարձավ ՀՀ տնտեսության, մասնավորաբար, մակրոտնտեսական պահանջարկի վրա: Ասածս այն է, որ մակրոտնտեսական իրավիճակի վատթարացման վրա ոչ միայն քաղաքականությունն իր բացասական դերն ունեցավ, այլև արտաքին գործանները, որոնք խիստ աննպաստ էին ու ստեղծեցին այդ բացասական միջավայրը:
Նման բարդ իրավիճակում կառավարության ղեկը ստանձնեց Կարեն Կարապետյանը. ի՞նչ է հաջողվել անել նոր կառավարությանը, կարողացել է՞ գոնե կանգնեցնել սրընթաց վայրէջքը:
-Նոր կառավարությունը փորձեց շտկել իրավիճակը և ունենալ ձեռքբերումներ, դրանցից մեկն այն է, որ կարողացավ, այնուհանդերձ, կայունացնել բյուջեյի վիճակը: Այս տարվա առաջին 5-6 ամիսների ցուցանիշները փաստում են, որ հաջողվել է շտկել 2016-ին գրանցած բյուջեյի ճեղքվածքը:
Ծախսերը հիմնական մասով՝ 99 տոկոսով կատարվել են, իսկ եկամտային մասը թերակատարվել է 9 տոկոսով, դրա փոխարեն ավելացել է դեֆիցիտը՝ 190 մլրդի փոխարեն, այս տարվա կատարողականից երևում է, որ ունենք 270 մլրդ դրամի դեֆիցիտ: Պետական պարտքը դուրս է եկել կայունության տիրույթից ու անհրաժեշտ է իրականացնել մի քաղաքականություն, որը մասնագետներն անվանում են հարկաբյուջետային կոնսոլիդացիա: Այս իրավիճակը ժառանգած Կարեն Կարապետյանի կառավարությանը ստիպում է գնալ նման քաղաքականության: Այսինքն, հարկային մուտքերի ավելացում, ինչն այսօր անում է կառավարությունը, հատկապես՝ ստվերային եկամուտների հարկման, լեգալացման ուղղությամբ: Մյուսը՝ ծախսերի կրճատումն է, որին կառավարությունը ստիպված գնաց, համենայնդեպս, աշխատավարձերի ու կենսաթոշակների մասով այս տարի աճ նախատեսված չէ:
Իսկ 2017-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ 3,2 տոկոսը, իրատեսական թիվ է: Վեց ամիսներին նկատվող տնտեսական ակտիվությունը որոշակի լավատեսություն է ներշնչում, որ այդ ցուցանիշները կկատարվեն ու հնարավոր կլինի կանխել բյուջեի դեֆիցիտի հետագա աճը, այն է՝ դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերությունը պահպանել 3 տոկոսից ցածր մակարդակի վրա: Եթե երկրի պետական պարտքն անցնում է ՀՆԱ-ի 5 տոկոսից, իսկ այժմ այն հատել է սահմանագիծը, ապա մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև 3 տոկոս ու ավելի ցածր: Սա կայունության չափանիշ է:
Այս պահի դրությամբ, ծրագրված ցուցանիշների մեջ կառավարությունը տեղավորվում է և հույս ունեմ, որ ներդրումների հետ կապված ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել: Դրա օգտին է խոսում մասնավոր հատվածի աշխուժացումը:
Խոսելով Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումներից, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ պատճառը տեմպերի խիստ դանդաղ ընթացքն էր, ինչն էլ դարձավ նրա հեռանալու պատճառը: Իսկ ո՞րն է դանդաղ տեմպերի պատճառը:

-Դա, իրոք, այդպես է: 2015-ին եղել է 3 տոկոս տնտեսական աճ, 2014-ին՝ 3, 4 տոկոս, 2016-ին արդեն ակնհայտ էր, որ կառավարության կողմից կիրառվող այդ գործիքակազմով այլևս հնարավոր չի լինի ապահովել տնտեսական աճը: Տեմպերի անկման առաջին պատճառներից մեկը տրանսֆերտներն են, այսինքն, հույսը մասնավոր տրանսֆերտների վրա դնող, ոչ նախաձեռնող, կրեատիվ քայլեր չիրականացնող և ներդրումները չխթանող կառավարությունը չի կարող հաջողել: Անցյալ տարվա թվերը՝ ընդամենը, 130 մլն մասնավոր ներդրումների ծավալը, հենց այդ մասին է վյակում: Ներդրումային ինդիկատորը 2016-ին չի աշխատել ու դրա արդյունքում մենք ունեցել ենք տնտեսական աճի ցածր տեմպեր և չնչին ցուցանիշ:
-Այսօր ՀՀ պետական պարտքը գերազանցում է 6 մլրդ դոլարը, այն դեպքում, երբ ՀՆԱ-ն գնահատվում է 10 մլրդ դոլարից քիչ ավելի: Ֆինանսների նախարարն ասում է՝ եթե պարտք չվեցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ տնտեսական ցածր, անգամ բացասական ցուցանիշներ կունենայինք: Բայց անվերջ պարտքեր վերցնելով արդյոք բարելավվում է՞ մեր տնտեսության վիճակը, կամ վարկերն արդյունավետ ե՞ն ծախսվում, թե՞ ընդամենը որոշ հարցեր են լուծվում ու մեր վրա հերթական մեծ բեռը կուտակում:
-Իրավացի եք: Նախ, երբ երկրի արտաքին պարտք/ ՀՆԱ հարաբերությունը գերազանցում է 35-40 տոկոսը, այն սկսում է խոչընդոտել տնտեսական աճի դեմ: Լավ օրից չէ, որ կառավարությունները վարկ են վերցնում, բնական է, որ այն բյուջետային հավասարակշռություն ապահովող գործիք է, մեծացնում է դեֆիցիտը: Բայց վաղ, թե ուշ գալիս է պարտքը մարելու ժամանակը: Եվ հիմա այդ ծանր ժամանակներն են սկսվել: Այս տարի 250 մլն դոլարի սպասարկման գումարներ են նախատեսված, հաջորդ տարիներին՝ 350, 450 մլն, առաջիկա 5 տարիներին՝ մինչև 1 մլրդ դոլարի սպասարկման ծախսեր են նախատեսված: Սա նշանակում է եկել է պարտքը վճարելու ու նախկին սխալների համար հատուցելու ժամանակը: Իսկ դա դուրս կգա տնտեսական աճից, մեր բերակեցությունից, անգամ ռազմավարական անհրաժեշտ ծախսերից, քանի որ մենք առաջնահերթ պետք է սպասարկենք երկրի պետական պարտքը, այլապես դեֆոլտը կլինի անխուսափելի:
Իսկ եթե երկիրն այդ կարգի ծանրագույն վիճակում է, դա բացասական ազդակ է ոչ միայն համաշխարհային դոնորներին՝ ՀԲ-ին, ԱՄՀ-ին, Ասիական զարգացման բանկին ու այն երկրներին, որոնք մեզ համար ավանդաբար եղել են դոնորներ, այլև մասնավոր ներդրողների համար: Քանի որ, երբ մակրոտնտեսական ցուցիչները վատթարանում են՝ երկրի ներդրումային ռիսկերն ավելանում են և մասնավոր ներդրումային ծրագրերը կարող են սառեցվել: Իսկ կապիտալը կարող է հոսել այն երկրներ, որտեղ շատ ավելի բարենպաստ է ներդրումային միջավայրը, մարկոտնտեսական պահանջարկը նորմալ է ու մարդիկ ունեն նորմալ եկամուտներ, կան աշխատատեղեր: Այնպես որ, հետևանքները կարող են լինել բազմակողմ, բազմաբնույթ, ինչը մեղմ ասած, ցանկալի չէ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն