Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանության ֆոնի տակ նրանք այլասերվածություն են տարածում

Հունիս 27, 2017թ. 17:13
Հայք. Արման Ղուկասյան, Ծովինար Կոստանյան

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետները՝ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանն ուսումնասիրել են վերջին ամիսներին Հայաստանում ԼԳԲՏ քարոզչության մեթոդները, տեխնոլոգիաները թե՛ հասարակական դաշտում, թե՛ Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում փորձագետները ներկայացրին իրենց կատարված վերլուծության մանրամասները, մասնավորաբար, թե Հայաստանում ո՞վքեր և ինչպե՞ս են զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ: Նրանք տվեցին գնահատական Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող ԼԳԲՏ քարոզչությանը` ներկայացնելով կոնկրետ օրինակներ:

 

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Facebook-ում ԼԳԲՏ քարոզչություն իրականացնողների և խրախուսողների էջերը կեղծ են

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը այս մեկ ամսվա ընթացքում իրականացրել են սեռական փոքրամասնություններին աջակցող ՀԿ-ների և Facebook-յան օգտատերերի էջերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է՝ այդ օգտատերերի մեծ մասը՝ գրեթե 200 հոգի, կեղծ էջերով են հանդես գալիս:

«Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ԼԳԲՏ դրոշի ծածանումը Facebook-ում խրախուսող օգտատերերի էջերը եղել են կեղծ, իսկ «PinkArmenia»-ի կողմից Երևանի կենտրոնում միասեռականությունը գովազդող պաստառները փակցված են եղել առանց քաղաքապետարանի թույլտվության, անօրինական», – ասաց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամ, փորձագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը միտված է ակտիվացնելու Հայասատանում ԼԳԲՏ շահերը պաշտպանող արտաքին ֆինանսավորում ստացող կազմակերպությունների գործունությունը, և դրսից փորձ է արվում հանդես գալ սեռական փոքրամասնությունների պաշտպանների դերում:

«Հայաստանում մի նոր այլասերվածության քարոզչության փուլ է սկսվում, որը «Օվերտոնի պատուհանի» մի մասն է կազմում, այսինքն՝ արդիականացնել այն, ինչը հասարակությունը չի ընդունում (Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոն անվամբ, ով ներկայացրել է այն միջոցը, որը գործի դնելով, հնարավոր է փոխել, եթե ոչ ամբողջ հասարակության, ապա հասարակության լայն շերտերի գիտակցությունը, ընդունելի դարձնել այնպիսի գաղափարներ, որոնք նախկինում բացարձակ անընդունելի են եղել – հեղ.) », – ասաց նա:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մեկ այլ անդամ Ծովինար Կոստանյանն իր հերթին ասաց, որ երբ ԶԼՄ-ներում լուսաբանել են իրենց կազմակերպության կողմից իրականացված ակցիան ընդդեմ ԼԳԲՏ դրոշի, Facebook-յան տիրույթում արժանացել են հավանության:

Բանախոսները նշեցին, որ պետք է նման քարոզչությունը անչափահաս երեխաների համար արգելող օրինագիծ մշակել, մասնավորապես, համացանցում քարոզչություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկվեն:

«Օրինագծում պետք է հստակ տարանջատել երկու հասկացություն՝ մարդու իրավունքներ և այլասերվածության քարոզչություն», – նշեցին նրանք:

aysor.am

 

Ո՞վքեր եւ ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ. բացահայտում

«Ո՞վքեր եւ ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ». Ահա այս թեմայով «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը կատարել է ուսումնասիրություն եւ ուշագրավ բացահայտումներ արել, ինչն էլ ակումբի փորձագետները ներկայացրեցին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ըստ նրանց, ուսումնասիրության նպատակն է բացահայտել վերջին ամիսներին Հայաստանում կիրառվող ԼԳԲՏ քարոզչության մեթոդները եւ տեխնոլոգիաները` թե՛ հասարակական դաշտում, եւ թե՛ ֆեյսբուքյան տիրույթում:

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ Հայաստանում վերջին մի քանի ամիսները խորհրդանշական էին ԼԳԲՏ քարոզչության տեսանկյունից, քանի որ արտաքին հովանավորների աջակցությամբ այն ակտիվ տարածում գտավ որոշ հասարակական կազմակերպությունների ջանքերով: Մասնավորապես` քարոզչության ակտիվ փուլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Բրիտանիայի դեսպանատունն իր պետական դրոշի փոխարեն ծածանեց ԼԳԲՏ համայնքի դրոշը: Այդ քայլից հետո Երեւանի կենտրոնում անօրինական կերպով փակցվեցին միասեռականություն գովազդող վահանակներ: Այդ վահանակների պատվիրատուն միասեռականների հայտնի պաշտպան «Փինք Արմենիա» ՀԿ-ն էր, որը լիովին ֆինանսավորվում է օտարերկրյա հիմնադրամների կողմից: Այդ օրերին «Նոր սերունդ» ՀԿ-ն կազմակերպել էր միասեռականների երթ, որը տեղի ունեցավ Երեւանի կենտրոնական փողոցներում:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի ներկայացուցիչ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ իր խոսքում նշեց. «Մենք մեր գործընկերներով մի քանի շաբաթվա ընթացքում ուսումնասիրել ենք այն բոլոր մեթոդները եւ տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր ՀԿ-ների, առանձին անհատների կողմից Հայաստանում ԼԳԲՏ քարոզչության ակտիվ փուլում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայի դեսպանատան քայլը, կապված ԼԳԲՏ դրոշի ծածանման հետ,  հատուկ գործողություն էր, որի նպատակը այն ՀԿ-ների ակտիվացումն էր, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են արտերկրյա հիմնադրամների կողմից նման քարոզչություն տարածելու համար: Ֆեյսբուքյան տիրույթն ուսումնասիրելուց հետո հասկանալի դարձավ, որ այդ ակտիվ փուլում (ԼԳԲՏ քարոզչության) ստեղծվել են բազում կեղծ օգտատերերի էջեր, որոնք աջակցել են Բրիտանիայի դեսպանատան քայլը եւ փորձել են ձեւավորել կարծիք, որ Հայաստանում կա մի զգալի զանգված, որն ընդունում է նման քարոզչություն: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ քարոզչության մեթոդները ունեն մեկ նպատակ. հասարակությանը ստիպել անհանդուրժողականություն ցուցաբերել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերը ավելի շատ առիթ ունենան խառնվելու Հայաստանի ներքին գործերին որպես սեռական փոքրամասնությունների պաշտպաններ»:

Բանախոսներից ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ պետք չէր երկար հետեւել այդ օրերին Ֆեյսբուքում տեղ գտած գրառումներին, որպեսզի հասկանայինք, որ դրանք պատվեր կատարող հարյուրավոր կեղծ օգտատերերի կողմից էր կատարվում. «Մենք հավաքել ենք ցուցակ` բաղկացած այդ օգտատերերի էջերից: Ֆեյսբուքում առկա են միասեռականություն քարոզող էջեր, որտեղ տարածում են տարբեր հոդվածներ եւ տեսանյութեր ԼԳԲՏ քարոզչության բովանդակությամբ: Նման քարոզչությամբ նաեւ զբաղված են «Փինք Արմենիա», «Նոր սերունդ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ները, որոնք ունեն արտերկրյա ֆինանսավորում: Այս կազմակերպությունները հայտնի են իրենց միասեռական երթերով եւ հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին հակասող օրինագծերով: Հայաստանում այսօր կիրառվում է Օվերտոնի պատուհաններ տեխնոլոգիան, որն ուղղված է արդիականացնելու այն, ինչը սկզբում տվյալ հասարակությունը չի ընդունում, իսկ հետո դա սովորական բնույթ է կրում: Հենց այս նպատակն ունի ԼԳԲՏ քարոզչությունը Հայաստանում, որն անցնում է տարբեր փուլեր: Դրոշի ծածանումը, վահանակների տեղադրումը, սոցիալական ցանցերում տեսանյութերի եւ հոդվածների տարածումը ԼԳԲՏ թեմայով հենց այն փուլն է, երբ նման այլասերվածության հասնող դրսեւորումները ներկայացվում են որպես բնական երեւույթ, որը ոչ միայն պետք է հանդուրժել, այլ նաեւ պաշտպանել»:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Հայաստանում օրենքի մակարդակով այլասերվածության քարոզչությունն իրավունքների պաշտպանություն հասկացողությունից տարանջատելն է եւ դա պետք է արվի ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաեւ համացանցում:

iravunk.am

 

Հայաստանի ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներն իրենց քարոզչությունը ֆեյսբուքյան կեղծ էջերով էին իրականացնում․ Ծովինար Կոստանյան

ԼԳՏԲ համայնքի քարոզչության օրերին համացանցում ևս քարոզչություն եղավ կեղծ օգտատերերի միջոցով․ իրենց հետազոտության մասին այսօր կայացած ասուլիսին ասաց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը:

«Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ԼԳՏԲ դրոշը բարձրացնելու դեմ ուղղված մեր ակցիան լուսաբանվեց բավականին շատ: Մենք հետևում էինք, թե ինչպիսի արձագանքներ էին լինում հասարակության կողմից: Դետալ էր, բայց հասարակության մտահոգությունները ներկայացնող վերլուծության մի ձև էր. դու հետևում ես և տեսնում ես, թե հասարակությունն ինչպես է արձագանքում այն ակցիաներին, որոնք դեմ են ԼԳՏԲ-ների քարոզչությանը»,- ասաց նա:

Նա նշեց, որ ԼԳՏԲ համայնքին աջակից մի շարք կազմակերպություններ իրենց մեղադրում են, թե հասարակական կարծիքի ուսումնասիրություն չեն արել, իրենց անունից են խոսում, սակայն ըստ նրա, իրենց ակցիայի մասին հրապարակումներում առավել շատ դրական արձագանքներն են, իսկ նրանք, որոնք դժգոհություն են արտահայտել, «կեղծ» էջերով օգտատերեր են: «Երբ դու անցնում ես հղումով, միանգամից հասկանում ես՝ այդ մարդը գոյություն ունի՞, թե կեղծ էջ է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ԼԳՏԲ համայնքի քարոզչության հարցում համացանցում հատկապես ակտիվ էին Pink Armenia, «Նոր սերունդ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ նրա, ֆինանսավորվում են արտերկրյա կազմակերպություններից և մասնակցել են ակցիաների, որտեղ միասեռականների քարոզչություն է տարվում:

«Մենք ոչ մի դեմ բան չունենք այդ սեռական փոքրամասնության նկատմամբ: Հարցը նրանում է, որ մենք չենք ցանկանում, որ նմանատիպ քարոզչություն իրականացվի Հայաստանի Հանրապետությունում, այն, ինչ ընդունելի չէ մեր հոգևոր արժեքների տեսանկյունից, մեզ փաթաթվի և պարտադրվի և կամաց-կամաց դառնա սովորական երևույթ: Մենք դեմ ենք քարոզչությանը: Հաշվի առնելով այդ բոլորը՝ մենք համոզված ենք, որ պետք է օրենսդրորեն սահմանում դրվի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի և միասեռականների այլասերվածության քարոզչությունն իրականացնելու միջև, և ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև՝ սոցիալական տիրույթում, որովհետև մենք բոլորս գիտենք, որ սոցիալական ցանցերը դարձել են այն գործիքը, որի միջոցով տարբեր գաղափարներ ներմուծվում են»,- ասաց նա:

«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետներից Արման Ղուկասյանն էլ նշեց, որ իրենք այդ մասին չէին խոսի, եթե չլիներ մի փուլ, երբ Երևանի կենտրոնում փակցվում են քարոզչական պաստառներ, որոնք տեսնում են նաև անչափահաս երեխաները:

«Սրա մասին հնարավոր չէ խոսելը, կամ ինչպես չխոսել այն մասին, որ արտաքին դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանում ԼԳՏԲ դրոշ է բարձրացնում՝ իմանալով Հայաստանի հասարակության մեծամասնության տրամադրվածությունը ԼԳՏԲ-ների նկատմամբ: Եթե մենք մինչ այս գործընթացները խոսեինք, կարող էի ասել, որ մենք, հարցը քննարկելով, նպաստում ենք դրա տարածմանը, բայց մինչ այս պահը նման բաներ տեղի չէին ունենում: Եկել է այն փուլը, որի դեմը կամ մենք պետք է առնենք կամ տեսնենք, թե ինչ ազդեցություն է ունենում այն հոգևոր արժեքների պահպանման վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼԳՏԲ համայնքի ակտիվացմանը նպաստող արտաքին ուժերը ոչ այդքան հոգևոր արժեքների դեմ են, որքան քաղաքական նպատակներ են հետապնդում:

tert.am

Մարդու իրավունքների պաշտպանության ֆոնի տակ նրանք այլասերվածություն են տարածում. Արման Ղուկասյանը՝ ԼԳԲՏ համայնքի մասին

Երևանում տեղի ունեցած ԼԳԲՏ ակցիայից և Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ԼԳԲՏ դրոշն իր պետական դրոշի փոխարեն ծածանելուց հետո «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբն ուսումնասիրություն է կատարել սոցիալական ցանցերում և նկատել, որ Հայաստանում տեղի է ունենում քարոզչության նոր փուլ. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակումբի փորձագետներից Արման Ղուկասյանը:

«Ուսումնասիրեցինք համացանցը,փորձեցինք հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, քանի որ այն ուղղակի քայլ չէր: Ուսումնասիրելով ֆեյսբուքյան տիրույթը, ուսումնասիրելով օգտատերերի անձնական էջերը՝ եկանք եզրակացության, որ դա ուղղակի գործողություն է, որն ուղղված է Հայաստանում ակտիվացնելու բոլոր այն կազմակերպություններին, որոնք արտաքին ֆինանսական աջակցություն են ստանում»,- ասաց նա՝ նշելով, որ սա քայլ է՝ ակտիվացնել այն, ինչը հասարակությունը չի ընդունում:

«Հայաստանում արդեն մեկ ամիս է, որ տարբեր միջոցառումներ են տեղի ունենում: Սա քարոզչության նոր փուլ է, որն ուղղված է  ոչ թե հանդուրժողականություն տարածելուն, այլ հակառակը,  հասարակության կողմից անհանդուրժողականություն տարածելուն. ԼԳՏԲ-ները ցույց են տալիս, որ Հայաստանում իրենց իրավունքները խախտվում են և դա լավ առիթ է դառնում, որ արտաքին ուժերը խառնվեն մեր երկրի ներքին գործերին»,- ասաց Արման Ղուկասյանը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ դա արվում է աշխարհի բոլոր երկրներում:

Նա նկատեց, որ այստեղ, երևի, դեռ կտեսնենք շատ այլ դրսևորումներ, որոնք ուղղված կլինեն ԼԳԲՏ-ների օժանդակությանը: «Մենք պետք է հասկանանք, որ գոյություն ունի երկու հասկացողություն, որոնք պետք է տարանջատվեն.  մարդու իրավունքների պաշտպանություն և այլասերվածության քարոզչություն: Եթե մենք չկարողանանք օրենսդրորեն տարբերակենք դրանք, կունենանք հետևյալ պատկերը, որ մարդու իրավունքների պաշտպանության ֆոնի վրա նման քարոզչություն կիրականացվի»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենին պետք է վերջ տալ:

Արման Ղուկասյանն առաջարկեց հանրային քննարկումներ անցկացնել իր նշած օրինագիծը կազմելու շուրջ: Ըստ նրա՝ պետք է համախմբվեն այն  մարդիկ, ովքեր դեմ են «այլասերվածության» տարածմանը: «Մարդու իրավունքների պաշտպանության ֆոնի տակ նրանք այլասերվածություն են տարածում»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ իշխանությունները, իր կարծիքով, ինչ վերաբերմունք ունեն իրենց նախաձեռնած պայքարի վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն վիզայի դյուրացման գործընթացը սկսելու համար պահանջում է միասեռականներին վերաբերող օրենքների ընդունում, Արման Ղուկասյանը պատասխանեց, որ իշխանության վերաբերմունքն ինչ-որ չափով երևաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ բանավեճից,  ըստ նրա, զգացվեց, որ ՀՀ  իշխանությունները զգոն են:

tert.am

« Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել»

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել: Ֆեյսբուքում բացվել են կեղծ պրոֆիլներ, որոնք շարունակ փորձում են արդարացում գտնել համասեռամոլության քարոզչության համար»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդի ձայն»  հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում անցկացվել է միասեռականների երթ, որը կազմակերպել էր  «Նոր սերունդ» շարժման կողմից:

«Գոյություն ունի երկու արժեք, որոնք պետք  հստակ տարանջատենք՝ դա մարդու իրավունքներն են և այլասերության քարոզի կանխումը»,-ընդգծեց Արման Ղուկասյանը հավելելով, որ նմանատիպ շարժումները շարունակելու են իրենց գործնեությունը:

«Ժողովրդի ձայն»  հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ անդրադարձավ ֆեյսբուքում այլասերության քարոզչության տեխնոլոգիային:

«Համացանցում հայտնվել է տեսանյութ, երբ հայ տղան նկարագրում է իրեն, նշում, որ ունի լավ աշխատանք, ապրում է նորմալ կյանքով և ապրում է իր սիրելիի հետ, որը տղա է: Հոլովակի վերջում երկու տղամարդիկ գրկում են իրար»,-ասաց Ծովինար Կոստանյանը:

henaran.am

 

Հայաստանում միասեռականության քարոզչություն է սկսվել

«Վերջերս Երևանում տեղի ունեցավ միասեռականների երթ, որից հետո մենք սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպես է իրականանում սեռական փոքրամասնությունների քարոզչությունը», այսօր «Հայք» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ժողովրդի ձայն» ՀԿ ներկայացուցիչ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում միասեռականության քարոզչություն է սկսվում: «Համասեռամոլության քարոզչության պաստառներ են սկսել փակցվել մայրաքաղաքի կենտրոնում: Մեկ ամիս է արդեն, ինչ Հայաստանում  սեռական փոքրամասնությունները իրենց ձայնն են բարձրացնում՝ նշելով, որ իրենց ոտնահարում են: Իսկ շատ ՀԿ-ներ դառնում են նրանց պաշտպանը»:

«Մարդու իրավունքների ֆոնի տակ քարոզչություն է իրականացվում», նշեց Ղուկասյանը՝ հավելելով. «Երբ մենք դիմեցինք քաղաքապետարան և ասացինք, որ քաղաքի կենտրոնում միասեռականություն քարոզող պաստառներ են փակցվում, պատասխան ստացանք, որ դա անօրինական է»:

«Ժողովրդի ձայն» ՀԿ ներկայացուցիչ Ծովինար Կոստանյանն էլ նշեց. «Ֆեյսբուքյան դաշտում բավականին կեղծ օգտատերեր համասեռամոլության քարոզչությամբ են զբաղվում: Միասեռականության քարոզչությամբ զբաղվողները բավականին դրական մեկնաբանություններ են թողնում միասեռականների իրավունքների պաշտպանության մասին գրված նյութերին»:

«Մենք դեմ չենք սեռական փոքրամասնություններին, սակայն չենք ցանկանում, որ հասարակության շրջանակում այսքան շատ քարոզչություն իրականացվի»:

«Ժողովրդի ձայն» ՀԿ-ն պատրաստվում է մշակել օրինագիծ՝ տարանջատելու մարդու իրավունքները քարոզչությունից: «Մենք ԱԺ-ին ներկայացնելու ենք ծրագիր, որը կնախատեսի բոլոր տիրույթներում այլասերության քարոզիչների պատիժ», եզրափակեց Ղուկասյանը:

globnews.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն