Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ադրբեջանի խաղի դեմ հակախաղ պիտի մտածենք. Ադրբեջանին ծնկի ենք բերել ու նորից ենք բերելու

Հունիս 24, 2017թ. 12:13
Միհրան Հակոբյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
Եվրամիությունն իր խոսնակի շուրթերով նախօրեին կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը, թե ԼՂ հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս քվոն անկենսունակ է: Ինչպես հայտնի է հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցում ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ, մինչդեռ պարզ չէ, թե միջազգային հանրությունն ի՞նչ է առաջարկում եղած անկենսունակը փոխելու դեպքում:
-Եվրամիության հայտարարությունը, թե ստատուս քվոն կենսունակ չէ, եթե վերծանենք դիվանագիտական լեզվից լայն զանգվածների համար առավել հասկանալի լեզվով, ապա կնշանակի հետևյալը. պետք է պայմանավորվել ու հասնել հակամարտության լուծման: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ստատուս քվոյի փոփոխություն ասելով հասկանում է սահմանների փոփոխություն, հայկական զորքերի դուրս բերում ազատագրված տարածքներից, որից հետո միայն բանակցություններ կարգավիճակի շուրջ: Մինչդեռ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները դա այլ կերպ են հասկանում ու պնդում, որ տարածքների հարցը պատերազմի պատճառ չէ, այլ հետևանք: Եվ ուրեմն, նախ հարկավոր է լուծել պատճառը, ոչ թե սկսել հետևանքներից: Իսկ առհասարակ, չեմ կարծում, որ որևէ կողմի համար ստատուս քվոյի պահպանումն ընդունելի է. և՛ հայկական կողմերի, և՛ միջազգային հանրության, և՛ Ադրբեջանի համար դրա պահպանումը, այսպես ասած՝ հաճելի չէ: Բայց Ադրբեջանը շարունակում է պնդել իր ոչ կառուցողական դիրքորոշումը, որն ըստ էության, դեմ է բանակցային գործընթացի ոգուն ու տրամաբանությանը: Ստատուս քվոյի կենսունակությունը կասկածի տակ է դրվում Ադրբեջանի ոչ կառուցողական, ագրեսիվ քաղաքականության պատճառով: Եվ եթե միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, այդ թվում նաև Եվրամիությունը շահագրգռված են, որ խաղաղություն տիրի այս տարածաշրջանում՝ կոնկրետ Արցախի Հանրապետությունում, ապա պետք է առավելապես իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Ադրբեջանին զսպելու, սաստելու գործընթացի վրա:
Ձեր հարցին, թե ի՞նչ է, ի վերջո, առաջարկում միջազգային հանրությունը եղած անկենսունակ ստատուս քվոյի փոխարեն, ապա ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հանդես են գալիս բազմաթիվ առաջարկներով, փորձում դրանք համաձայնեցնել հակամարտող կողմերի հետ: Բանակցությունների սեղանին այն է, ինչ կա, թե որքանո՞վ եղածը կլինի կենսունակ՝ կախված է Ադրբեջանի վարքագծից, նաև աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումից, մասնավորաբար, Ադրբեջանի ապակողմնորոշիչ, ապակառուցողական քաղաքականության վրա ներազդելու առումով:
-ՄԱԿ-ը ևս իր պատրաստակամություն է հայտնում, թե պատրաստ է աջակցել համանախագահների ջանքերին, եթե դա անհրաժեշտ է: Ինչպե՞ս կարող է արտահայտվել այդ աջակցությունը:
-ՄԱԿ-ը կոռեկտ ձևակերպված հայտարարություն է հնչեցրել, նախ նշելով, որ ի գիտություն են ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թ. հունիսի 19-ի հայտարարությունը և կիսում համանախագահների անհանգստությունը հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք շփման գծում հանգեցրել են ողբերգական զոհերի: Սրանով ՄԱԿ-ն ամրագրում է, որ հակամարատության կարգավորման միջազգային ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի նման արձագանքը. դրանով ասում է, որ այդ կազմակերպությունն անհանգստացած է տարածաշրջանում, մասնավորաբար, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու ադրբեջանական բանակի շփման գծում ստեղծված իրավիճակով: Եվ դրանով պայմանավորված՝ մի կողմից Մինսկի խմբին ակնարկում է ինչ-որ քայլեր նախաձեռնել, մյուս կողմից հայտարարում, որ ինքը պատրաստ է աջակցել նրանց նախաձեռնություններին: Այսպիսով, ՄԱԿ-ի հայտարարությունը ժեստ է, որով նրանք արտահայտեցին իրենց մտահոգությունը:
Ադրբեջանը տեղեկատվություն է տարածել, թե իբր հունիսի 21-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը հորդորեց չխաբվել ադրբեջանական հերթական հորինվածքին: Սակայն հարկ է հասկանալ, թե ինչո՞ւ այս պահին Ադրբեջանը տարածեց նման ապատեղեկատվություն, մանավանդ, երբ հորինվածքին հաջորդեց հոխորտանքը, թե՝ ՙպատասխան հարվածը լինելու է կործանիչ՚: Գուցե սա ռազմական լայնամասշտաբ սադրանքի դիմելու պատրվա՞կ է:
-Կարծում եմ, որ լայնամասշտաբ գործողությունների պատրվակ չի կարող լինել այդ քարոզչական հայտարարությունը անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Գիտեք, Ադրբեջանին այս իրավիճակում ոչինչ չի մնում անել, քան հոխորտալ, ոչինչ չի մնում անել, քան գնալ սահմանային սադրանքների ճանապարհով: Ինչո՞ւ, որովհետև անցած տարվա ապրիլյան մարտական գործողությունները, որ սադրեց Ադրբեջանը, միտված էր բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի դիրքերի ուժեղացմանը: Բայց դա ոչ միան տեղի չունեցավ, այլև հակառակ արդյունը եղավ. Ադրեբջանի դիրքերը թուլացան և մեկ տարվա ընթացքում ունեցանք Մինսկի խմբի կողմից Ադրբեջանին պատադրվող նոր մոտեցումներ՝ նոր պայմանավորվածությունների տեսքով: Խոսքս սահմանին տեսանկարահանող սարքերի տեղադրման ու Անջեյ Կասպրչիկի խմբի թվաքանակի, կարողությունների մեծացման մասին է: Եվ ամենակարևորը, Ադրբեջանի ապրիլյան գործողություններից մեկ տարի անց ԵԱՀԿ ՄԽ-ն առաջին անգամ հանդես եկավ կոնկրետ, հասցեական հայտարարությամբ ու դեղին քարտ ցույց տվեց Ադրբեջանին, ասելով, որ այդ ճանապարհով գնալն իր համար անընդունելի է:
Իսկ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը այդ երկրին բնորոշ քարոզչական ապատեղեկատվություն է, 20 տարուց ավելի է, որ մենք դրա ականատեսն ենք: Հարց է առաջանում, իսկ Ադրբեջանում ի՞նչ են հասկանում կործանիչ հարված ասելով, Երևանը պետք է գրավե՞ն, թե՞ Ստեփանակերտը, թե՞ միջուկային զենք ունեն, որ պիտի կիրառեն, ի՞նչ պետք է անեն: Ընդհանրապես, պատերազմ սկսելուց առաջ չեն հոխորտում, հակառակը, փորձում են հակառակորդին անակնկալի բերել՝ արտաքուստ ցույց տալով, որ ոչ մի շարժում չկա: Իսկ Ադրբեջանի պարզունակ հոխորտանքն իրականում ուղղված է ոչ այնքան հայկական կողմերին ու միջազգային հանրությանը, որքան իր ներքին լսարանին: Ադրբեջանի այս ձեռագրին պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետև այդ երկիրը ոչ միայն սահմանին է պատերազմում, այլ ցանկացած այլ վայրում՝ լինի տեղեկատվական դաշտ, թե միջազգային որևէ հարթակ ՙճակատ՚ է բացում: Արցախյան հակարտությունն Ադրբեջանի ղեկավարության ձեռքին իշխանության ղեկը պահելու թերևս գլխավոր գործոնն է ու իրենց գործողությունների մի հսկայական մասն ուղղված է ներքին լսարանին նման քարոզչությամբ ՙկերակրելուն՚: Եթե հարսանիք նկարահանող մի թռչող սարք են խոցում ու ասում են՝ հաջորդ անգամ նման կործանիչ հարված են տալու, դա հայկական կողմի ծիծաղն է հարուցում, միջազգային կառույցներն էլ ամենևին լուրջ չեն ընդունում, ուրեմն պարզ չէ՞, որ այն ուղղված է ներքին լսարանին:
Երբ նախօրեին հայկական կողմը կանխեց Ադրբեջանի հերթական դիվերսիոն փորձը, դուք ֆեյսբուքյան ձեր էջում հետաքրքիր գրառում արեցիք, թե 2014-ից Ադրբեջանի սկսած խաղի դեմ մեր սիմետրիկ պատասխաններն առանձնապես արդյունք չեն տալիս: Առաջարկում եք՝ ասիմետրիկ գործողությունների ուղղությամբ շատ ավելի լուրջ մտածել և գտնել ստանդարտ մտածելակերպից դուրս լուծումներ, մի նոր հակախաղ։ Ի՞նչը կարող է լինել այդ հակախաղը:
-Ադրբեջանն այսօր իրականացնում է մի քաղաքականություն, որը միտված է հայկական կողմերին հյուծելուն: Այսինքն, սահմանի ամբողջ երկայնքով, որտեղ հնարավոր է մարդ սպանել ու դա անել կամ դիպուկահարների, կամ դիվերսիոն խմբերի, կամ այլ միջոցներով: Ադրբեջանը պատրաստ է հայկական հակաքայլերին, օրինակ, իրենք սպանում են երկու հայ զինվորի, մենք սպանում ենք 10 ադրբեջանցի զինվորի, այդ երկիրը պատրաստ է վճարել այս գինը:
Ադրբեջանի քաղաքակության նպատակն է ՝ անընդհատ ապակայունացնել, անընդհատ տաք պահել իրավիճակը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունը սառեցված չէ, որ այն վտանգավոր է ու պետք է լուծել Ադրբեջանին ձեռտու պայմանների շրջանակում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր հանրությանը ցույց է տալիս, որ կոնկրետ քայլեր է անում խնդիրն ի նպաս իրենց լուծելու: Մյուսը Ադրբեջանի տեռորիստական ձեռագիր է՝ ուղղված Հայաստանին ու Արցախին, որ մեր ժողովուրդն անհանգստանա, մեր մեկ զոհը Հայաստանի 3 միլիոն, աշխարհի 10 միլիոն հայությանը մեծ ցավ է տալիս, իսկ Ադրբեջանն իր զոհերի վրա թքած ունի:
Ինչո՞ւ Ադրբեջանը 2014-ից սկսեց հայկական կողմերին հյուծելու իր խաղը, որովհետև Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի լավագույն տարիները թիկունքում են մնացել, որ իրենք այլևս չեն ունենա նավթային եկամուտներ, որքան ունեին ու հետագա բանակցային գործընթացներում իրենց համար շատ ավելի բարդ է լինելու:
Հիմա մենք պետք է նրա այս խաղի հակախաղ մտածենք: Թե դա ո՞րը պետք է լինի՝ կա լուրջ խորհելու, քննակելու, հաշվարկելու անհրաժեշտություն, բայց դրանք բոլորը պետք է լինեն ասիմետրիկ պատասխանների, գործողությունների դաշտից: Ես առաջարկում եմ ստեղծել մի խումբ, կոչ եմ անում դրանում ընդգրկել այն մարդկանց, ովքեր տեղեկացված են, ունեն համապատասխան մանդատ այս խնդրով զբաղվելու, նստենք, մտածենք նոր սյուժե, նոր հակախաղ Ադրբեջանի հետ հարաբերվելու: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ելքեր գտնել, կասկած չունեմ, անելանելի վիճակ չկա, մենք Ադրբեջանին ծնկի ենք բերել ու նորից ենք բերելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն