Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանն առավել ագրեսիվ է դարձել

Հունիս 19, 2017թ. 15:37
Տիգրան Աբրահամյան +

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ
-Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացումը Ադրբեջանի կողմից որոշ վերլուծաբաններ համարում են հետևանք այն բանի, թե միջազգային կենտրոնները մերժել են ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ալիևի սցենարը և վերջինս ի հեճուկս դրա ավելի ինտենսիվորեն է շարունակում է իր ռազմական ագրեսիան: Բաքվի ներկայիս ակտիվացման պատճառը, կարծում եք, սա՞ է:
-Այդքան էլ հակված չեմ կարծել, թե հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական սցենարը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կողմից մերժելուց հետո է, որ Ադրբեջանին ակտիվացրել է: Ինչու, որովհետև, 1994-ից սկսած Ադրբեջանն այդ նպատակն է հետապնդում, այսինքն՝ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եվ իրենց մտադրությունը մինչ օրս մնում է օրակարգում: Իսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմն առավել կոշտացրեց իր մոտեցումները և առավել նպատակաուղղված գնում է խնդրի ռազմական լուծման ճանապարհով:
-Այս օրերին Բաքվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք, բնականաբար, տեղյակ են Արցախին ուղղված ադրբեջանական հերթական ագրեսիայից, մինչդեռ համրորեն լռում են՝ հայ հասարակության մեջ ամրապնդելով այն գիտակցումը, որ հույսը դնել միջազգային հանրության վրա, թե կզսպի Ադրբեջանին՝ միամտություն է: Ինչո՞վ կբացատրեք ՄԽ այս լռությունը, մանավանդ, մայիսի հասցեական հայտարարությունից հետո:
-Նախ, Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իրեն առանձնապես չեն հուզում միջնորդների հայտարարությունները՝ լինեն հասցեական, թե անհասցե: Երկրոդը, հայկական կողմն ամենևին էլ իր հույսը չի դրել բացառապես միջազգային հանրության ու միջնորդներ երկրների վրա: Հայկական կողմերի հույսը նախևառաջ հայկական բանակն է, որն այսօր շարունակում է իրականացնել իր հիմնական գործառույթները, ինչպես նաև այն բոլոր կառույցները, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար: Իսկ միջնորդների դերակատարությունն է՝ ինչ-որ կերպ մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանն այսօր ուղիղ բանակցություններ չի վարում ոչ Հայաստանի, ոչ Արցախի հետ, ու դրա համար պետք է լինի ինչ-որ մի օղակ, որը կողմերին կբերի բանակցությունների սեղանի մոտ: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն բանակցությունների սեղան վերադառնալու ցանկություն չի դրսևորում: Եվ այն, որ այսօր առաջնագծում սադրանքների տարբեր դրսևորումներ են լինում՝ պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ միջնորդներին չի հաջողվում Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղան:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լռությանը, չեմ կարող ասել, թե ինչո՞վ է այն պայմանավորված, սակայն դա վերստին ապացուցում է միջնորդ երկրների իրավիճակին ոչ համահունչ արձագանքի մասին: Դա է պատճառը, որ հայ հանրությունն ամենևին գոհ չէ միջնորդների արձագանքից:
-Ի՞նչ կասեք Ադբեջանում մեկնարկած լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մասին, որին մասնակցում են 23 000 զինվորական, 120 միավոր տանկ, 180 հրթիռա-հրետանային համակարգ, անօդաչու թռչող սարքեր: Եվ դա այն դեպքում, երբ օրեր առաջ փոքր մասշտաբներով զորավարժություններ եղան Նախիջևանում, ի դեպ, թուրքական զինուժի մասնակցությամբ: Ի՞նչ մեսիջ է սա:
-Զորավարժությունները, որոնք անցկացվում են զրահատեխնիկայի ու մարդկային ռեսուրսի նման մեծ ծավալով, նախ լարվածություն են հաղորդում առաջնագծում: Եթե նկատել ենք, սա տարեսկզբից Ադրբեջանի կողմից անցկացվող 5-6-րդ զորավարժությունն է: Սա զուտ զորավարժություն չէ, այլ հոգեբանական գրոհ: Այս փուլում կարծում եմ Ադրբեջանում դիտարկում են շարունակական զորավարժությունների միջոցով դրանց ՙսովորական բնույթ տալ՚, իսկ ինչ-որ փուլում դիտարկել զորավարժությունից հանկարծակի մարտական գործողությունների դիմելու նպատակ: Ուշադրություն դարձրեք, որ դրանք շփման գծից այդքան էլ մեծ հեռավորության վրա չեն անցկացվում: Սահմանագծի տեխնիկական հագեցվածությունն Ադրբեջանի հանկարծակի հարձակման այլ հնարավորություն չի տալիս, այս պարագայում վերջիններս այլ սցենարներ ու մոդելներ են փնտրում:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի մասնակցությանը, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կապված են ռազմական, քաղաքական մեծ համագործակցությամբ, մեզ համար նորություն չէ, որ թուրքական բանակը մեծ ներգրավվածություն ունի ադրբեջանական զինուժում, թե՜ սպառազինության համալրմամբ, թե՜ անհրաժեշտ մասնագետների վերապատրաստմամբ: Այնպես որ, մեզ համար նոր բան չէ Թուրքիայի նման ներգրավվածությունը զորավարժություններում:
-Ակնհայտ է, որ թշնամին ապրիլյան ռազմական գործողություններից հետո փոխել է իր ռազմավարությունը. նախկին դիվերսիոն գործողություններին փոխարինել են հեռահար հարվածները՝ հիմնականում հրթիռակոծում են հայկական դիրքերը: Արցախից առաջարկներ են հնչում՝ հաշվի առնելով թշնամու նոր ռազմավարությունը անցնել սահմանի վերազինման նոր որակի: Ինչպե՞ս այն կարող է արտահայտվել:
-Վերջին երկու տարիներին մեծ ջանքեր, աշխատանքներ են կատարվել առաջնագիծը տեխնիկապես հագեցնելու, ինժեներական կարողությամբ ապահովելու համար: Դրա արդյունքում էապես նվազեց ադրբեջանական դիվերսիաների իրականացման հավանականությունը: Այսօր հայկական կողմը որոշակի խորության վրա տեսադիտական սարքերի միջոցով վերահսկում է իրավիճակը և ադրբեջանական կողմի համար դիվերսիոն գործողությունների միջոցով սադրանքների դիմելը դարձել է ոչ արդյունավետ: Ի դեպ, դրանում համոզվեցինք փետրվարին, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբն առաջնագծի երկու ուղղություններով ուղղակի տապալվեց, հակառակորդը 6-7 զոհ ունեցավ և ստիպված եղավ նահանջել:
Այս իրավիճակում, Ադրբեջանը որոշակի արդյունքի հասնելու՝ հայկական կողմին կորուստներ պատճառելու համար դիվերսիոն հետախուզական խմբերից այլևս չի օգտվում, և առավելապես դիմում է դիպուկահար խմբերի, փոքր հրետանու, նաև ականանետերի, նռնականետերի օգնությանը: Այդ միջոցները գործում են որոշակի հեռավորության վրա: Մեզ հաջողվեց նվազեցնել դիվերսիոն խմբերի հարձակումների թիվը:
Թե ինչ առաջարկներ են անում, ի՞նչ միջոցների մասին են խոսում արցախցի իմ գործընկերները, անկեղծ ասած մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ առաջնագծի տեխնիկական հագեցվածության գործընթացը շարունակվում է, հայկական կողմն իրավիճակից բխող քայլեր է անում, նաև նոր ճանապարհներ ենք փնտրում հակառակորդի հարվածներին ավելի արդյունավետորեն հակազդելու համար: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակենք, սակայն համոզված ասում եմ, որ այսօր արցախյան կողմը իրավիճակին տիրապետում է ու համարժեք քայլեր է անում: Հայկական զինուժն ցանկացած իրավիճակում անհրաժեշտ վերլուծություններ է իրականացնում, ու դրանից բխող քայլեր ձեռնարկում հակառակորդի կողմից առաջադրած ռիսկերը չեզոքացնելու համար:
Ադրբեջանական կողմի գործողությունների մի մասն այսօր ուղղված են նաև հայ հանրության շրջանում անհանգստություն առաջացնելուն ու մենք դրա ազդեցությունը որոշակիորեն զգում ենք և՜ մամուլում, և՜ սոցցանցերում: Բայց պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել, ու քանի դեռ այն շարունակվում է, ժամանակ առ ժամանակ կլինեն թե՜ հակառակորդի կողմից գործողություններ, թե՜ հայկական կողմի զսպիչ քայլեր, որոնք ցավոք որոշակի դեպքերում կարող են նաև զոհերի ու վիրավորների հանգեցնել:
Ի տարբեություն Ադրբեջանի, մեր մեկ զինվորի մահը կամ վիրավորումը մեզ շատ մեծ ցավ է պատճառում, այնպես որ, մեր քայլերն իրականացնելիս մենք նաև այս հանգամանքն ենք հաշվի առնում:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն