Գլխավոր » Politics, Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Ընդդիմությունը կառավարության ծրագիրը կա՛մ չի կարդացել, կա՛մ կարդացել բան չի հասկացել

Հունիս 21, 2017թ. 23:05
Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

Իշխանությունը կառավարության ներկայացրած ծրագիրն անվանեց համարձակ և հավակնոտ, մինչդեռ ընդդիմությունը հակադարձում է՝ չկան համակարգային դրույթներ, որակական առաջարկներ, ներկայացվել է ժամկետներից, թվերից զուրկ մի բրոշյուր, որտեղ անգամ բացակայում է արտաքին քաղաքականության, մասնավորաբար արցախյան հիմնախնդրի լուծման տեսլականը:
-Ընդդիմության նման գնահատականները, ելույթները լսելով այսպիսի եզրահանգման եմ գալիս. կամ նրանք ծրագիրը չեն կարդացել, չեն ուսումնասիրել, ինչի համար ցավում եմ, կամ կարդացել են ու բան չեն հասկացել, կամ իրենց շատ է դուր է եկել: Ինչո՞ւ եմ սա ասում, քանի որ նրանք հիմնականում խոսում են ոչ թե ծրագրի բովանդակությունից, այլ բարձրացնում ծրագրին չառնչվող՝ զուտ ներկուսակցական հարցեր՝ ո՞վ է լինելու 2018-ին վարչապետ, ո՞վ է գրել այս ծրագիրը ու նման բաներ:
Ընդդիմությունը քննադատելու սովորույթի ուժով ասում է մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ասում են՝ ծրագրում թվեր չկան: Ճիշտ հակառակն է՝ ներկայացված են հստակ թվեր, տրված են կոնկրետ հիմնավորումներ ու ժամկետներ: Կառավարությունը պարզ գրում է՝ նախատեսում է 5 տոկոս տնտեսական աճ ՝ պարբերական շարունակությամբ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, 12 տոկոս աղքատության նվազում, արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 40-45 տոկոսի:Սրանք մակրոտնտեսության, բյուջեի հիմքը հանդիսացող թվեր են, որոնք տեղ են գտել կառավարության ծրագրում: Հստակ նշված են ժամկետները, թե ի՞նչ քայլեր պետք է կատարվեն 2017թ. 1-ին , 2-րդ, 3-րդ եռամսյակներում, ու այսպես մինչև 2022 թվականը: Կառավարությունն ըստ ոլորտների հստակ ձևակերպել է այն բարեփոխումները, այն քայլերը, որոնք պետք է կտարի, որպեսզի իրականանան իր առաջ դրած նպատակները: Այսինքն, կոնկրետության տեսանկյունից այս ծրագիրը քննադատության ենթակա չէ: Ընդդիմադիրները ելույթ են ունենում և ասում ՝ չկա որևէ կետ տարածքային համաչափ զարգացման մասին, մինչդեռ այն շատ կոնկրետ ներկայացված է: Ասում են՝ Արցախի հետ կապված չկա հստակություն: Այն դեպքում, երբ ծրագրում հստակ ամրագրված են արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության ոլորտներում առկա առաջնահերթությունները, մեր տեսլականը: Գուցե մեր ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ կառավարության ծրագրում պետք է գրեինք, թե, օրինակ՝ 2017-ի առաջին կիսամյակում ի՞նչ բանակցություններ պետք է վարենք Ադրբեջանի հետ,, երկրորդ կիսամյակում ի՞նչ հակահարված պիտի տանք. ծիծաղելի է: Անվտանգության ոլորտում, արցախյան խնդրում կատարվելիք անհրաժեշտ քայլերը ոչ թե պետք է կետ առ կետ, բաց տեքստով շարադրել ծրագրում, այլ իրականացնել գործով: Չեմ կարծում, որ սա ընդդիմությունը չի հասկանում:
Մեր քաղաքականությունն ու դիրքորոշումը արցախյան հարցում չի փոխվել, ինչն էլ շարադրված է ծրագրում ՝ արցախյան խնդրի լուծում առանց ուժի գործադրման, Արցախի անկախության հռչակում: Սրանով ամեն ինչ ասված է: Իսկ թե որո՞նք են մեր ծրագրած քայլերը թղթի վրա չենք գրելու, թե ընդդիմությունն ուզում է ավելին իմանալ, խնդրեմ, կարող ենք փակ նիստ գումարել ու բացել անհրաժեշտ փակագծերը:
-Տնտեսագետների գնահատմամբ, եթե կառավարությունը ծրագրում նախանշում է տարեկան 4 տոկոս գնաճ և 5 տոկոս տնտեսական աճ, ուրեմն սա չի կարող լուծել աղքատության խնդիրը, իսկ որպեսզի ժողովուրդը իր վրա զգա դրական ազդեցություն, ապա աճը պետք է լինի 7 տոկոս:
-Պետք է ասեմ, որ այս թվերի առնչությամբ առավել սուր հարցադրումներ են հնչել ՀՀԿ խմբակցությունում: Իրոք այստեղ կա ռիսկայնություն: Սակայն կառավարությունը մեզ տվել է հստակ պատասխան, որ բոլոր փակագծերը չի բացում, բայց անհրաժեշտն անելու է: Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է իր գործիքակազմը, ներկայացրել է այն մոտեցումները, որոնք պետք է գործի դնի ու ապահովի՝ գործազրկության նվազում 12 տոկոսով, նվազագույն աշխատավարձի աճ 25 տոկոսով, 5 տոկոսի տնտեսական աճ: Եվ մենք հասկացել ենք, որ չնայած կան ռիսկեր, այնուհանդերձ այդ թվերն իրագործելի են:
Կառավարությունը չի առաջնորդվել պոպուլիզմով ու իր ծրագրում ընդամենը թվեր չի գրել, հակառակ դեպքում կարող էր գրել՝ հասնել 9 տոկոս տնտեսության աճի: Բայց մենք չենք նախընտրում այդ գործելաոճը, չենք նախընտրում ոչ իրատեսական թվեր հռչակելը: Հակառակը, ավելի լավ է գրել 5 տոկոս, բայց ամեն ինչ անել 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար: Կառավարությունը մեզ համոզել է, որ իր կողմից ներկայացված թվերն իրատեսական են, հակառակ դեպքում այդ թվերում փոփոխություններ կարվեին: Իսկ ծրագրում տեղ գտած թվերի հետ կապված բավականին լուրջ փոփոխություններ են արվել մեր հարցապնդումների արդյունքում: Դահլիճում ընդդիմությունը մեզ մեղադրւոմ է թե ինչո՞ւ ՀՀԿ պատգամավորները վարչապետին հարցեր չեն ուղղում, բայց չէ՞ որ մինչ ծրագիրը խորհրդարան մտնելը կուսակցության ներսում շուրջ 10 օր լուրջ քննարկումներ են եղել: Պետք չէ մոռանալ, որ այս ծրագիրը երկու քաղաքական ուժերի ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագիրն է, իսկ դա նշանակում է, որ երկու ուժերի կողմից ծավալվել է բոլոր ոլորտներին առնչվող մանրակրկիտ քննարկումներ: Մենք խորհրդարանի դահլիճում շոուներ սարքելու նպատակ չունենք: Իշխանությանը հիմա լուրջ աշխատանք է սպասվում, պետք է մեր ուժերը կենտրոնացնենք մեր ծրագիրը կյանքի կոչելու համար:
Ասվում է, թե դրսից, նաև հայկական սփյուռքից ներդրումներ չեն գալիս, քանի որ կառավարությանը դեռ չի հաջողվել կոտրել անվստահությունը, որ պայմանավորված է նաև մեր երկրում առկա կոռուպցիայով : Այս ծրագիրը կլուծի՞ վստահության վերականգման հարցը: Ի դեպ, վարչապետն իր խոսքում ասաց, որ այս տարի նախատեսված 850 մլն ԱՄՆ դոլար ներդրումից այս ընթացքում 37 տոկոսն է կատարվել, սակայն հստակ չէ, թե ո՞ր ոլորտներում:

-Վարչապետը խոստացավ խորհրդարանին տրամադրել համապատասխան տեղեկանք, որով բոլորի համար պարզ կդառնա, թե 37 տոկոսի ներդրումները կոնկրետ ո՞ր ոլորտներում են կատարվել: Ինչ վերաբերում է ներդրումների կատարման հարցում առկա անվստահությանը, իրոք, այդ ռիսկը կա: Դրան նաև նպաստում է այն, որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում, մյուս կողմից մեր աշխարհագրական դիրքը, կոռուպցիայի հետ կապված հարցերը: Այդ ամենով հանդերձ կառավարությունը կարողացել է 9 ամիսների ընթացքում բարձրացնել վստահության նիշը: Բայց գործադիրն այդ ուղղությամբ իր ջանքերը պետք է շարունակի, քանի որ առանց դրա, միայն բարեկամական, ընկերական կապերն օգտագործելով մենք չենք կարող ներդրումների հոսք ապահովել: Սա կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է, մինչ օրս դրված հիմքերը բավականին խոստումնալից են, բայց մենք մեր գնահատակաները կտանք կատարված աշխատանաքին, երբ տարեվերջին կամփոփենք արդյունքները:
Ընդդիմությունը վկայակոչելով անցած կառավարությունների տված ու չկատարած խոստումները, հայտարարում է՝ քաղաքական երաշխիքներ կա՞ն, որ այսօրվա խոստումները ևս չեն մնա թղթի վրա:
-Մենք էլ ենք ասում, որ անցած կառավարությունների ծրագրերը եղել են հաջողված, սակայն դրանց կատարման տեմպերը մեզ չեն գոհացնում, դրանք եղել են դանդաղ: Ի դեպ, ուզում եմ շեշտել, ոչ թե ծրագրերը չեն կատարվել, բարոյական չէ կատարված աշխատանքը թերագնահատելը, այլ ընթացքն է եղել դանդաղ: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տալիս հայտարարեց, որ ինքը ևս գոհ չէ իրենց արձանագրած տեմպերից, որ եղել է դանդաղկոտություն: Եվ դա Աբրահամյանը համարեց իր հրաժարականի պատճառը: Այսօր իշխանությունն արել է համարժեք հետևություն և այս կառավարությունն ավելի արագ տեմպ է վերցրել, ու պետք է հնարավորն անի, որ ծրագրերի կատարման ժամանակ չունենա դանդաղկոտություն: Հակառակ դեպքում կառավարության ծրագրին քաղաքական աջակցություն ցուցաբերող կոալիցիոն ուժերը կանեն համարժեք հետևություն: Սակայն առ այսօր կառավարության վերցրած և՛ արագությունը, և՛ դրած հիմքերը բավական խոստումնալից են ու ինձ թվում է, որ գործադիրը կկարողանա կյանքի կոչել այս ծրագիրը:
Որքան էլ կառավարությունը ծրագրի քննարկումն ուղղում է բովանդակային դաշտ, այնուհանդերձ, ընդդիմադիր <<Ելք>>-ին առավելապես հետաքրքում են այլ հարցեր, օրինակ, թե 2018-ին ո՞վ է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, իրականում ո՞ւմ ծրագիրն է այսօր ներկայացնում Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ իր: Գուցե հարկավոր է, որ իշխանությունը շատ ավելի հստակ տա այս քաղաքական հարցերի պատասխանները՝ այլ ենթադրությունների տեղ չթողնելո՞վ:
-Ընդդիմության այդ հայտարարությունները բավականին տարօրինակ են: Մենք ասել ենք, առայժմ այլ թեկնածու չունենք, մեր թեկնածուն այսօրվա կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է: Իսկ այս կառավարության գործունեության գնահատականը կտանք 2018-ին:
Ես էլ <<Ելք>>-ին հարց եմ տալիս, ինչո՞ւ խմբակցության ղեկավար չդարձավ Էդմոն Մարուքյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ Մարուքյանն էր ցուցակի առաջին համարում: Կամ, 2018-ին Ելք-ի բաղադրիչ երկու կուսակցությունները՝ Քաղաքացիական պայմանագիր-ն ու Լուսավոր Հայաստան-ը կլինեն նույն դաշինքո՞ւմ, թե՞ կբաժանվեն, կքայքայվի այս դաշինքը, ինչպես տեղի ունեցավ Ժառանգության հետ: Իմ այս հարցերին նրանք չեն կարողանում պատասախանել, որովհետև չգիտեն, թե 2018-ին ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ են լինելու:
Իսկ մեզ նման հարցեր են ուղղում, իրենց քիթը խոթելով մեր ներկուսակցական խնդիրների մեջ: Դեռ մեկ տարի ժամանակ կա, կգա այդ պահը, մենք կգնահատենք կառավարության աշխատանքի արդյունավետությունը , կտանք մեր գնահատականը: Եթե կառավարությունն իր աշխատանքերը լավ կատարած կլինի, չի ձախողվի, ի՞նչ հիմքով չպետք է շարունակենք վստահել նրան: Պարզ ասած Ելք-ը խորամանկում է: Գուցե հեռահար նպատակներ ունի, շատ է ուզում, որ 2018-ին իր թեկանածուն լինի վարչապետ: Դե ես էլ նրանց ասում եմ՝ լավ աշխատեք, իշխանության հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցեք, այդ դեպքում, երբ գա ժամանակը կարող ենք նաև ձեր թեկնածությունը քննարկել: Իսկ այսօր մենք դեռ իրենց աշխատանքից գոհ չենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն