Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՆԿԱՐՈՂ  Է ԽՈՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

Հունիս 21, 2017թ. 18:32
Վաղարշակ Հարությունյան-1

Թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործելով միջազգային բոլոր հարթակները, եթե անգամ այդ հարթակը զուտ մշակութային է,  ժամանակ առ ժամանակ սկսում են  աղաղակել, թե աշխարհը պետք է պարտադրի Հայաստանին փակել ատոմակայանը, պնդում են, թե այն չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, թե այն սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Տեղական գրչակների ծախու հոդվածներին զուգահեռ օրերս հայկական մամուլում շրջանառվեց նաև ադրբեջանցի փորձագետ, ոմն Խուբժրան Ռուստամզադեի զառանցանքը, թե.<<Բացառված չէ, որ եղանակային պայմանների պատճառով մի պատահական հրթիռ կարող է հասնել Մեծամոր, վնասել միջուկային ռեակտորը և ռադիոակտիվ արտանետումներով թունավորել մոտակա բնակավայրերը>>:

Զոռ տալով սեփական երևակայությանը բաքվեցի փորձագետը չարագուշեց սեփական ցանկությունը, թե. << 50 հազար մարդ կզոհվի և առաջիկա 150 տարում այդ տարածքները կլինեն անմարդաբնակ>>: Ռուստամզադեի երևակայությունը հեռուն գնաց, կանխատեսել էր, թե Մեծամորի խոցման դեպքում առաջին ժամերին Երևանում, Էջմիածնում և Արմավիրում 25-30 հազար մարդ կզոհվի, հաջորդ 2-4 ժամերին թունավորումը կհասնի Արարատ, Հրազդան, Վանաձոր և Սպիտակ, ապա 4-6 ժամ անց Ստեփանավան, Ալավերդի, Իջևան, Վարդենիս, թունավորումը կտարածվի ամբողջ Հայաստանով մեկ:

Մի խոսքով՝ հայ լսարանին հասցնելով իր սրտի ուզած քարոզչությունը ադրբեջանցին ձեռքի հետ էլ հանգստացնում է սահմանից այն կողմ գտնվող իր թուրք եղբայրներին, թե հուժկու հարվածից միայն Հայաստանն է տուժելու ու վտանգավոր նյութերը սահմանից անդին չեն հասնի:
<<Սա տարրական անգրագիտություն է, բերված թվերն ուղղակի ծիծաղելի են: Սա թուլիկների համար արված խոսակցություն է: Խոսել հազարավոր կյանքեր վտանգելու մասին՝ զավեշտալից է, ես չեմ ուզում անգամ մեկնաբանե>>. ադրբեջանցու մտքի <<թռիչքին>> այսպես արձագանքեց ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Այնուհանդերձ, ռազմական գործիչը հայտարարեց՝ հակառակորդն անկարող է խոցել հայկական ատոմակայանը, թե’ ռազմական, թե’ քաղաքական, թե’ տեխնիկական առումով: ՙՄենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, ՀՀ տարածքում գործում է հակահրթիռային համակարգ, ինչը չունի Ադրբեջանը: Այդ երկիրը լավ գիտի, որ Հայաստանն ունի իրենց բոլոր թիրախները ոչնչացնելու հնարավորություն, այդ թվում և Մանգեչաուրի ջրամբարը, ինչն ինքը չի կարող պաշտպանել: Մինչդեռ հայկական ատոմակայանը հրաշալի պաշտպանված է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության տեսանկյունից: Այնպես որ, եթե անգամ նման բան անցնի Ադրբեջանի մտքով դա իրենց չի հաջողվի իրականացնել>>: Հարությունյանը նկատեց, որ կա նաև հարցի քաղաքական բաղադրիչը: Հիշեցրեց ադրբեջանական կողմից բազմիցս հնչած հայտարարությունները, որ իրենք Հայաստանի հետ որևէ խնդիր չունեն, իրենց խնդիրը Ղարաբաղի հետ է:

<<Դա ասում են, քանի որ լավ են հասկանում, եթե փորձեն ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, ապա ամեն ինչ այլ հարթություն կտեղափոխվի ու մեկը մյուսի հետևից կգործեն այն բոլոր կազմակերպությունների ռազմական պայմանագրերը, որոնց անդամակցում է Հայաստանը. խոսքս հայ- ռուսական ռազմական համագործակցության ու ՀԱՊԿ-ի մասին է>>: Այնպես որ, Ադրբեջանը սեփական վախից, արջի հայտնի պատմության պես՝ մեծ աղմուկ է բարձրացնում՝ անհեթեթ լուրեր տարածելով, որպեսզի, ըստ Հարությունյանի, նախ հանգստացնի սեփական ժողովրդին, ապա Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորի:
Սա տեղեկատվական պատերազմ է, դրան պետք է հանգիստ վերաբերվենք՝ իհարկե, համարժեք հակահարված տալով:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն