Գլխավոր » Society, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Տեղական ծախու գրչակներն ու թշնամին ձեն-ձենի են տվել, մեկը մյուսի հետևից շրջանառում են հայկական ԱԷԿ-ին վերաբերող կեղծ լուրեր

Հունիս 19, 2017թ. 21:48
Ատոմակայան

Մեծամորի ատոմակայանի թեման, իսկ ավելի ճիշտ այն իբրև մաշված ու խիստ վտանգավոր լինելու շուրջ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են ոչ միայն հարևան, ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվական հոսքերում, այլև տեղական մամուլում: Եթե հարևանների նպատակը լիովին հասկանալի է, ապա ցավալի է, որ տեղական մամուլում հայտնվում են հոդվածներ, որոնցում պարզորոշ երևում են դրսի պատվիրատուների <<ականաջները>>:

Որոշ ծախու գրչակներ ուղղակիորեն տուրք տալով թշնամու հակահայկական նկրտումներին ջուր են լցնում նրանց ջրաղացին: Ինչպես միշտ տեղական նման հրապարակումների թիրախը հայ հասարակությունն է, փորձում են ներազդել հայ հանրության վրա, նրան վախ ներշնչել, ահ ու սարսափի մեջ գցել, թե՝ բա, չեք ասի՝ ատոմակայանի ռեակտորը ժամկետանց մի բան է՝ մաշված բարոյապես ու ֆիզիկապես, որ մի օր կարող է մեր գլխին աղետ դառնալ: Մյուս կողմից էլ ադրբեջանցի ինչ-որ փորձագետներ ձեն-ձենի տված սկսում են վայրահաչել, թե Ադրբեջանն այնպիսի հզոր զենքեր ունի, որ մի օր կարող է դրանք ուղղել հայկական ԱԷԿ-ի վրա ու հիմնահատակ պայթեցնել այն:

Որպես կանոն նման պատվիրված՝ <<վախենալու>> հոդվածներն ավարտվում են այսպիսի հետևությամբ՝ հայկական ատոմակայանը պետք է փակվի: Սրանք, բնականաբար, մասնագիտական՝ տնտեսական, էներգետիկ, աշխարհաքաղաքական փաստարկներից զուրկ թուլիկ խզբզանքներ են՝ քարոզչական նպատակներ հետապնդող ու բացառապես հիմնված կեղծ, մտացածին մտքերի վրա:

Այս պահին, երբ հայ և ռուս մասնագետները զբաղված են ԱԷԿ-ի նոր բլոկի շահագործման հետ կապված լուրջ աշխատանքներով, ծախու գրչակները դարձյալ ակտիվացել են՝ իրենց հորինովի նյութերը այս կամ այն կայքերում շրջանառելով: Ի դեպ, պատվեր կատարող կայքերից մեկը, որը երկար ժամանակ չէր գործում ֆինանսավորում չունենալու պատճառով, վերջերս մի քանի ժամով ակտիվացավ. կայքէջում տեղադրվեց ատոմակայանին վերաբերող մի ստահոդ, ադրբեջանահաճ հոդված, որն ընթերցողին մատուցվեց անստորագիր:

Մեր հանրությանը ճիշտ տեղեկատվություն տալու, արտաքին ու ներքին կեղծիքից, սին վախերից հեռու պահելու մտադրությամբ զրուցեցիք մասնագետների հետ:
                     Արա Մարջանյան ԱԷԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԸ ևս նկատեց, որ ոչ մասնագիտական ու պարզունակ ինչ-որ կայքեր, թերթեր սկսել են հաճախ խոսել հայկական ատոմակայանի հնացած լինելու ու տարածաշրջանի համար վտանգ ներկայացնելու մասին: Դրանք համարելով բացարաձակապես անհիմն, հիշեցրեց, որ համաշխարհային կառույցը՝ ՄԱԳԱՏԵ-ն ամեն տարի, ընդ որում՝ երկու անգամ, մոնիթորինգ է իրականացնում աշխարհի տարբեր երկրների աշխատող ատոմակայաններում, այդ թվում և Հայաստանի: Սա նշանակում է, որ մեր ատոմակայանը գտնվում է բազմակողմանի վեահսկողության տակ: Իսկ ՄԱԳԱԵՏ-ի պաշտոնական կայքում տեղադրված է նրա մասնագիտական հաշվետվությունները, որոնցում հայկական ատոմակայանի մասին հստակ նշված է. <<Հայաստանի Մեծամորի ատոմակայանը վտանգ չի ներկայացնում, բոլոր խնդիրները վերահսկելի են: Իսկ ամեն տարի մոնիթորիգն անցկացվում է ՀՀ իշխանությունների խնդրանքով ու աջակցությամբ>>:

Այնպես որ, խորհուրդ կտանք խնդրով մտահոգ անձանց, նաև հետին մտքեր ունեցողներին, մինչ այս թեմայով հոդված պատրաստելը կարդալ միջազգային մասնագիտական կառույցի պաշտոնական գնահատականները:
Արա Մարջանյանը տեղին չի համարում նաև Չերնոբիլի ու ճապոնական Ֆուկուսիմայի երկրաշարժից և ատոմակայանների հետ կատարված հայտնի դեպքերից հետո մեզանում արտահայտվող մտահոգությունն ու համեմատությունը, նկատելով, թե. <<Եվ Ֆուկուսիմայի, և Չերնոբիլի ատոմակայանների հետ համեմատություն անցկացնելը սխալ է, Ֆուկուսիմայի երկրաշարժի և Չերնոբիլի դեպքի ժամանակ վթարի ենթարկվեցին միանգամայն այլ տեխնոլոգիական լուծումներ ունեցող ռեկտորներ>>:

Փորձագետը հիշեցնում է, որ հայկական ու այդ ատոմակայանները դիամետրալ հակադիր ատոմակայաններ են: Իսկ հակասությունը կայանում է հետևյալում. ժամանակին Հայաստանը ռեակտորի հարցում կատարել է ճիշտ տեխնոլոգիական ընտրություն, ինչի արդյունքում մենք այսօր ունենք <<BBP-440>> տիպի ռեակտորների վրա հիմնված ատոմակայան, ռեկատորներ, որոնք անցած տասնամյակներին աշխարհում ապացուցել են իրենց հուսալիությունն ու առաջադիմությունը:

Ի՞նչ է ատոմակայանը Հայաստանի համար. հարց է հնչեցնում փորձագետն ու պատասխանում՝ այն արտադրում է ՀՀ-ի էլեկտրաէներգիայի 35-45 տոկոսը և մեր երկիրն ապահովում բավականին մատչելի էլեկտրաէներգիայով. <<Բացի այդ, Էլեկտարէներգետիկայում կա երաշխավորված հզորություն հասկացողություն, նման հատկություն ունեն այն կայանները, որոնք տարվա յուրաքանչյուր օր կարող են երաշխավորել, որ պատրաստ են արտադրել կոնկրետ քանակությամբ էլեկտրաէներգիա: Մեր ատոմակայանն այդպիսին է, ինչը Հայաստանին թույլ է տալիս ծրագրավորել իր զարգացումները տասնամյակներով>>:

Եվ վերջապես, կա մյուս կարևոր բաղադրիչը. սովորաբար նոր ատոմակայանի կառուցումը պահանջում է 5-7 տարի ժամանակ, իսկ նրա աշխատանքի պլանավորումը՝ տասնամյակներ, հետևաբար, նման ՙունեցվածքի՚ կորուստը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա: Այսպիսով` <<Եթե զրկվենք այդ բաղադրիչից, կունենանք ոչ միայն ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ, այլև կկորցնենք ապագայի պլանավորման մշակույթը, կկորցնենք գիտելիքների տեխնոլոգիաների ունակությունների ողջ համակարգը>>:

Իսկ սա այն է, ինչի մասին երազում են Հայաստանի թշնամիները: Ահա թե ինչու փորձագետը կոչ է անում ՀՀ իշխանություններին ու հասարակությանը՝ չտրվել դրսից եկող ճնշումներին ու շրջանառվող լուրերին, չխաբվել, լինեն վճռական. <<Մենք իրավունք չունենք շեղվել մեր նպատակներից: Սա Հայաստանի երրորդ Հանրապետության մեծ ձեռքբերումն է, այն իր նմանը չունի տարածաշրջանում ու այդ ձեռքբերումը կորցնելու իրավունք մենք չունենք>>:
Հայտնի է որ 2015-ին ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի աշխատանքը 10 տարով երկարաձգելու վերաբերյալ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են գործակցության համաձայնագիր, աշխատանքների կատարումը իրականցվում է ՙՌոսատոմ՚ ատոմային էներգիայի պետական կորպորացիայի կողմից: Ռուսաստանից արդեն ստացվել է խոստացված 270 մլն դոլարի վարկը: Հարցին, թե ի՞նչ փուլում են այս աշխատանքները, Արա Մարջանյանը տեղեկացրեց, որ այն ողջ ծավալով ընթանում է, անցած տարի որոշակի միջոցառումներ իրականցվել են, իսկ այս տարի դրանց ծավալը կրկնապատկվելու է, այն ներառելու է ռեակտորի մետաղի հոգնածության աստիճանի, նաև հիմնական սարքավորումների իրավիճակի գնահատում ու պլանային աշխատանքների մշակում՝ հաջորդ տարիների համար: <<Կարծում եմ, բոլորիս՝ պետական ու անձնական շահերից է բխում, որ այդ աշխատանաքները արդյունավետ ընթացք ունենան և պսակվեն հաջողությամբ՚: Փորձագետը միաժամանակ զգոնության կոչ արեց՝ չտարվել արտաքին կեղծիքներին դիմագրավելուն ու աչքաթող չանել ներքին խնդիրները, իսկ դա վարչապետի խոսքով ասած՝ այն պրիմիտիվ գողությունն է, որ պետք է բացառել այնպիսի օբյեկտի հետ կապված աշխատանքներում, որպիսին է հայկական ԱԷԿ-ը: <<Գործընթացները պետք է գտնվեն հսկողության տակ: Իսկ ամենակարևորը հանրային ու հասարակական դաշտը պետք է ահազանգի, որ Հայաստանում չկա ավելի կարևոր խնդիր, քան ատոմակայանի հարցն, է ուր թերացուն ու ինքնախաբեությունն անթույլատրելի են>>:
Վաղարշակ հարությունյան-ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՆԿԱՐՈՂ  Է ԽՈՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Դառնանք թուրք-ադրբեջանական տանդեմի բարձրացրած աղմուկին, որը տարիների պատմություն ունի. սրանք օգտագործելով միջազգային բոլոր հարթակները, անգամ եթե այդ հարթակը զուտ մշակութային է, շարունակում են աղաղակել, թե աշխարհը պետք է պարտադրի Հայաստանին փակել ատոմակայանը, պնդում, թե այն չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Տեղական գրչակների ծախու հոդվածներին զուգահեռ օրերս հայկական մամուլում շրջանառվեց նաև ադրբեջանցի փորձագետ, ոմն Խուբժրան Ռուստամզադեի զառանցանքը, թե.<<Բացառված չէ, որ եղանակային պայմանների պատճառով մի պատահական հրթիռ կարող է հասնել Մեծամոր, վնասել միջուկային ռեակտորը և ռադիոակտիվ արտանետումներով թունավորել մոտակա բնակավայրերը>>:

Զոռ տալով սեփական երևակայությանը բաքվեցի փորձագետը չարագուշեց սեփական ցանկությունը, թե. << 50 հազար մարդ կզոհվի և առաջիկա 150 տարում այդ տարածքները կլինեն անմարդաբնակ>>: Ռուստամզադեի երևակայությունը հեռուն գնաց, կանխատեսել էր, թե Մեծամորի խոցման դեպքում առաջին ժամերին Երևանում, Էջմիածնում և Արմավիրում 25-30 հազար մարդ կզոհվի, հաջորդ 2-4 ժամերին թունավորումը կհասնի Արարատ, Հրազդան, Վանաձոր և Սպիտակ, ապա 4-6 ժամ անց Ստեփանավան, Ալավերդի, Իջևան, Վարդենիս, թունավորումը կտարածվի ամբողջ Հայաստանով մեկ:

Մի խոսքով՝ հայ լսարանին հասցնելով իր սրտի ուզած քարոզչությունը ադրբեջանցին ձեռքի հետ էլ հանգստացնում է սահմանից այն կողմ գտնվող իր թուրք եղբայրներին, թե հուժկու հարվածից միայն Հայաստանն է տուժելու ու վտանգավոր նյութերը սահմանից անդին չեն հասնի:
<<Սա տարրական անգրագիտություն է, բերված թվերն ուղղակի ծիծաղելի են: Սա թուլիկների համար արված խոսակցություն է: Խոսել հազարավոր կյանքեր վտանգելու մասին՝ զավեշտալից է, ես չեմ ուզում անգամ մեկնաբանե>>. ադրբեջանցու մտքի <<թռիչքին>> այսպես արձագանքեց ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Այնուհանդերձ, ռազմական գործիչը հայտարարեց՝ հակառակորդն անկարող է խոցել հայկական ատոմակայանը, թե’ ռազմական, թե’ քաղաքական, թե’ տեխնիկական առումով: ՙՄենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, ՀՀ տարածքում գործում է հակահրթիռային համակարգ, ինչը չունի Ադրբեջանը: Այդ երկիրը լավ գիտի, որ Հայաստանն ունի իրենց բոլոր թիրախները ոչնչացնելու հնարավորություն, այդ թվում և Մանգեչաուրի ջրամբարը, ինչն ինքը չի կարող պաշտպանել: Մինչդեռ հայկական ատոմակայանը հրաշալի պաշտպանված է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության տեսանկյունից: Այնպես որ, եթե անգամ նման բան անցնի Ադրբեջանի մտքով դա իրենց չի հաջողվի իրականացնել>>: Հարությունյանը նկատեց, որ կա նաև հարցի քաղաքական բաղադրիչը: Հիշեցրեց ադրբեջանական կողմից բազմիցս հնչած հայտարարությունները, որ իրենք Հայաստանի հետ որևէ խնդիր չունեն, իրենց խնդիրը Ղարաբաղի հետ է:

<<Դա ասում են, քանի որ լավ են հասկանում, եթե փորձեն ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, ապա ամեն ինչ այլ հարթություն կտեղափոխվի ու մեկը մյուսի հետևից կգործեն այն բոլոր կազմակերպությունների ռազմական պայմանագրերը, որոնց անդամակցում է Հայաստանը. խոսքս հայ- ռուսական ռազմական համագործակցության ու ՀԱՊԿ-ի մասին է>>: Այնպես որ, Ադրբեջանը սեփական վախից, արջի հայտնի պատմության պես՝ մեծ աղմուկ է բարձրացնում՝ անհեթեթ լուրեր տարածելով, որպեսզի, ըստ Հարությունյանի, նախ հանգստացնի սեփական ժողովրդին, ապա Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորի:
Սա տեղեկատվական պատերազմ է, դրան պետք է հանգիստ վերաբերվենք՝ իհարկե, համարժեք հակահարված տալով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն