Գլխավոր » TOP, Լրահոս

Ցանկում կան յուղոտ պատառներ, որոնց վրա ինչ-որ մեկն աչք է դրել

Հունիս 8, 2017թ. 11:20
Արամ Գասպարի Սարգսյան

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասինե ՀՀ օրենքի նախագծին, մասնավորեցման ծրագրում ընդգրկելով 47 ընկերություն, և վաճառքից նախատեսում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Մտավորականների ֆորումի անդամներն այս քաղաքականությունը համարում են խիստ վտանգավոր ու հարց ուղղում կառավարությանը՝ սա չի՞ նշանակում, որ կառավարությունը անկարող լինելով լցնել բյուջեն ձեռքերը գցել է <<փրփուրներին>>:

Հարցազրույց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանի հետ

-Մեզ համար, մեղմ ասած, զարմանալի է կառավարության որոշումը: Մեր պետությունը համարում ենք սոցիալական, իսկ դա նշանակում է, որ այն առաջին հերթին պետք է հոգա մարդկանց առողջության մասին, մինչդեռ օտարում է այնպիսի հիմնարկներ, որոնք ուղղակիորեն կապված են առողչության հետ, ու անփոխարինել են: Ցանկում ներառված շատ կարևոր բժշկական հիմնարկների կողքին է օրինակ ՙՖանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն՚-ը, ՙՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն՚-ը, ՙԴիլիջան՚ մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը, ՙԱրաբկիր՚ բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը և այլն: Գիտական ոլորտից՝ Միջուկային և ռադիացիոն անվտանգության՚ ու ՙՌադիոիզոտոպների արտադրության՚ կենտրոնները: Ինչպե՞ս կարելի է սրանք սեփականաշնորհել: Այն գործարարը, ով կգնի, նա ուղղակի թքած կունենա գիտության զարգացման վրա ու կփոխի այս ինստիտուտների մասնագիտական ուղղվածությունը: Կառավարությունում պատկերացնում է՞, թե դրանից հետո ի՞նչ է լինելու:
Մենք ունենք ատոմակայան, հետևաբար, կա ռադիացիոն անվտանգության խնդիր, ուրեմն ո՞ւմ եք տալիս այդ կենտրոնը,հասկանում եք, դա ի՞նչ է: Բա որ գա ու գնի մեկը՝ անգամ լեզուս չի պտտվում, որ ասեմ, թե ո՞վ, ի՞նչ ենք անելու, էս ի՞նչ անմտություն է, անգրագիտություն: Եվ ընդհանրապես, ինչի՞ համար եք վաճառում, որ 35 մլրդ դրամ ստանա՞ք, բայց դա այս տարվա բյուջեի դեֆիցիտի ընդամենը 1/3-րդն էլ չի կազմում: 150 մլրդ դրամ է պետբյուջեի դեֆիցիտը, կառավարությունը ծրագրում է այն փակել այսպես՝ 70 մլրդ-ը ներքին աղբյուրներից, 79-ը՝ դրսից: Դե, դրսինը հասկանալի է՝ վարկ են վերցնելու ու նորից ավելացնեն մեր արտաքին պարտքը: Սա խիստ վտանգավոր քաղաքականություն է:
-Նրանք, ովքեր արդարացնում են կառավաության այս քայլը նշում են՝ այնպես չէ, որ պետությունը ձեռքերը կլվանա ու կողքի կկանգնի, հակառակը՝ խաղի կանոններ կսահմանի ու պայմանագրերով կպարտավորեցնի մասնավորին՝ չշեղվել ու մնալ գնված ընկերության մասնագիտական ուղղվածությանը հարազատ:
-Հակադարձեմ այսպես մտածողներին. ՙԴիլիջանի հակատուբերկուլյոզային մանկական առողջարան՚-ի գնորդը կարող է ասել՝ չկան նման հիվանդներ, որ գան մեզ մոտ բուժվելու, դրա համար ստիպված ենք փոխել ուղղվածությունը: Իսկ գնացող չի լինի, որովհետ ոչ թե հիվանդությունները կպակասեն, այլ գներն այնքան բարձր կսահմանեն, որ մարդիկ անկարող կլիեն օգտվել դրանից: Բիզնես է, ինչ կուզեն՝ կանեն: Ցանկում ներառված է ՙՄիջուկային և ռադիացիոն անվտանգության՚ ինստիտուտը, հարց եմ տալիս գործադիրին, այդ ո՞ր բիզնեսմենը կգնի այդ կենտրոնն ու կապահովի ժողովրդի ռադիացիոն անվտանգությունը և դրանից շահույթ կստանա: Ո՞նց է դա պատկերացնում կառավարությունը: Հաջորդը՝ գործարարը կգնի մանկական առողջարանը և կասի՝ խնդրեմ առողջարանը բաց է, բայց մարդ չի գալիս, երեխաներ չկան: Եվ ի՞նչ կանի, բնականաբար կփոխի ուղղվածությունը: Ո՞ւմ պարտականությունն է երեխային բուժելը՝ պետության չէ՞: Մինչդեռ մասնավորը կասի՝ օգուտ չկա, դրա համար կազինո կամ հյուրանոց եմ դարձնելու: Այս ամեռնից հետո հարց է առաջոնում՝ ի՞նչ է ուզում կառավարությունը ու արդյոք մտահոգվա՞ծ է իր ժողովրդի համար:
-Իսկ տեղեկատվություն ունե՞ք, թե ինչպե՞ս են աշխատում այս ընկերությունները՝ լինելով պետական, արդյոք չե՞ն գտնվում անմխիթար վիճակում: Գուցե սեփականաշնորհումը կնպաստի՞ դրանք աշխուժացմանը:
– Հայտնի բան է՝ ծառը կտրելու համար նախ հատուկ չորացնում են, ու հետո նոր կտրում, ու ասում՝ դե չորացած էր, ի՞նչ անենք: Սա նույն վիճակն է: Գյուղնախարարին հարցնում եմ Վարդենիսի ՙԲերրիություն՚ կենտրոնը ներկայացրել եք մանսավորեցման, ինչպե՞ս կարելի է, պատասխանում է՝ դե, մնացել են երկու պատերը ու մեկ աթոռ: Հարգելիս, այն ստեղծվել է, որ օգուտ տա գյուղատնտեսությանը, եթե կառավարությունը նրանով չի զբաղվում դա չի նշանակում, որ այդ կենտրոնը մեզ պետք չէ: Որքա՞ն ձեռնարկություններ այդպես կորան Հայաստանում: Երկաթգծի պոլիկլինիկայի տնօրենն ասում է՝ կառավարությանն առաջարկել է այն միացնել ուսանողական պոլիկլինիկային, ինչի արդյունքում կտնտեսվեր 90 մլն դրամ, սակայն առաջարկն անտեսել են: Պետությունն այս պոլիկլինիկային տարեկան, ընդամենը, 400 000 դրամ է տալիս՝ 2000 բնակչի համար, այսինքն՝ իսկապես չի անում այն, ինչ անհրաժեշտ է, ու հիմա ասում են, դե, որ չենք կարողանում պահել, փող չկա, պիտի տանք մասնավորին: Բայց նույն ընթացքում ԱԺ-ում քննարկում են քննիչների, դատավարների թոշակների բարձրացման հարցը: Եթե այս խեղճ պետությունը փող չունի, ինչպե՞ս եք նրանց 600 000 թոշակ տալու, սա ի՞նչ անհասկանալի քաղաքականություն է: Կառավարության ՙԸնդունելությունների տուն՚-ը գրեթե ամեն օր զբաղված է՝ վարձակալում են, ունի հրաշալի սպասարկում, ժամանակակից հյուրանոցային համալիր: Հարց է առաջանում, ինչո՞ւ եք վաճառում, ինչպե՞ս է, որ չեք կարողանում լավ աշխատացնել:
-Ասվում է, չէ՞, պետությունը վատ մենեջեր է:
-Ամեն անգամ լսում ենք այդ խոսքը: Բայց հարգելիներս, սեփականատերն է՞ իր օբյեկտը տնօրինում, իհարկե ոչ, վարձում է բարձրակարգ մասնագետների՝ մենեջերների, որոնք իրենց փոխարեն տնօրինում են այդ ամենը ու շահույթ ապահովում: Նույն կերպ պետական հիմնարկներն ապահովեք լավ մենեջերներով, որոնք նորմալ աշխատավարձ կստանան ու կկաարողանա լավ կառավարել պետական ընկերությունները: Մոտեցման հարց է: Ցանկում կան յուղոտ պատառներ, որոնց վրա ինչ-որ մեկն աչք է դրել և ուզում է ձեռք գցել: ՙՀրազդան՚ մարզադաշտը կառուցել ենք ամբողջ ժողովրդով՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, ու այդ համաժողովրդական սեփականությունը վաճառում են, բայց այն բոլորինս է, ամբողջ ժողովրդինը, ինչի մասին վերջինս մոռացել է: Կամ Ստեփանավանի ՙԱրտակարգ իրավիճակների օդանավակայան՚-ն են հանել վաճառքի, չեն մտածո՞ւմ, որ դժվար պահերին սեփականատերը կարող է ասել՝ գիտե՞ք, հնարավորություն չկա, ես չեմ կարող ոչինչ անել:
Ի՞նչ եք առաջարկում կառավարությանը և ի՞նչ քայլեր եք նախատեսում:
-Մենք առաջարկում ենք. առաջին, պետությունը պետք է կատարի իր կարգավորիչ դերը, և չվաճառի իր բաժին բաժնեմասը, քանի որ այդ կերպ կկորցնի իր ազդեցությունը:նը: Երկրորդ, այդ վաճառքից պետությունը կստանա միանվագ ինչ-որ գումար, մինչդեռ իր ձեռքի տակ պահելով իր բաժնեմասը ամեն տարի համապատասախան շահութ կստանա: Ի միջայլոց, սեփականաշնորհման հանված բոլոր ձեռնարկություններն էլ շահութաբեր են:
Իսկ քայլերի առումով՝ մենք կդիմենք կառավարությանը և մեր առաջարկները փաթեթով կուղարկենք Ազգային ժողով, ուր հստակ կներկայացնենք, թե ինչո՞ւ չի կարելի սեփականաշնորհել այդ ձեռնարկությունները:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն