Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Միջազգային հանրությունը պետք է իմանա` ադրբեջանական ՙՙխաղաղասիրական՚՚ հարթակը փուչիկ է

Հունիս 3, 2017թ. 21:00
Տիգրան Քոչարյան

Հարցազրույց մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-<<Իրենց նպատակների իրագործման ու համաշխարհային հանրության վրա ներգործելու համար Ադրբեջանի իշխանությունները դիմել են բացահայտ կեղծիքի՝ չգտնելով խաղաղության պլատֆորմին միանացող հայերի նրանք ստեղծել են մտացածին անձանց, ովքեր իբր թե հայեր են ու Բաքվի խաղաղության հարթակի պաշտպաններ>>. սա հայրենիքի դավաճան Վահան Մարտիրոսյանի հնչեցրaծ բացահայտումն էր: Փաստորեն, ալիեւյան ռեժիմի կողմից վարձված այդ <<մարտիկի>> ձեռքով փլուզվեց Բաքվի խորամանկ նախաձեռնությունը՝ այսպես կոչված <<Խաղաղասեր Ադրբեջան>> կեղծ հարթակը: Ինչո՞ւ այդ հայրենադավը գնաց նման քայլի՝ պայթեցնելով այդ հարթակը:
-Նախ պետք է հասկանալ թե ո՞վ է Վահան Մարտիրոսյան կոչվածը: Այդ մարդը մի կողմից տառապում է լրատվամիջոցներում հայտնվելու, երևալու մոլուցքով, մյուս կողմից ունի չաշխատելով մեծ գումարներ ձեռքբերելու բնավորություն: Ես այս մասին ասել եմ դեռ այն ժամանակ, երբ նա դավաճանեց իր հայրենիքն ու փախավ Ադրբեջան: Իմանալով նրա այդ հատկանիշները տրամաբանորեն կարելի էր կռահել նաև նրա հետագա քայլերը, ու եղավ այն, ինչ կանխատեսել էի:

Այսինքն, այն պահից, երբ ադրբեջանցիները տեսան, որ ուկրաինական ուղղությամբ, որտեղ աշխատում էր Մարտիրոսյանը, իրենց համար ցանկալի ոչ մի ձեռքբերում չեն ունենում, այլ ընդամենը անիմաստ գումարներ են վատնում, դադարեցրին կերակրել ու գումարներ տալ Մարտիրոսյանին: Ֆինանսավորումը կտրվելուց հետո Վահանը սկսեց շանտաժի դիմել, որովհետև սովորել էր՝ չաշխատելով փող ստանալ ու լավ ապրել, նույնիսկ նրա տեսքից երևում է՝ լավ չաղացել է, նշանակում է լավ կթում էր ադրբեջանցիներին: Հիմա, որոշեց շանտաժի դիմել, որպեսզի ադրբեջանցիները շարունակեն իրեն նույն կերպ վարձատրել:
Նա իր խոսքով հաստատեց այն տեղեկատվությունը, որը մինչ այդ էլ բոլորիս հայտնի էր, այսինքն՝ Աննա Սինանյան անունով հայ մարդ գոյություն չունի,  նրա փոխարեն հանդես է եկել հաքին. ազ-ի գլխվոր խմբագիր Ֆաթուլաևի մտերիմ ընկերոջ դուստրը: Իսկ ոման Արամ Կարապետյանն էլ, ով իբրև թե լինելով քաղաքացիական ակտիվիստ՝ միացել էր ադրբեջանական <<խաղաղության>> հարթակին, իրականում Օդեսայում բնակվող, ազգությամբ ուկրաինացի Եվգենի Ռոգաչկոն է: Այսինքն, Արամ Կարապետյանն ու Անի Սինանյանը հորինովի կերպարներ են, այդ անունների հետևում բոլորվին այլ անձիք են թաքնված: Ուկրաինայի հայ համայնքն արդեն պարզել էր, որ Արամ Կարապետյան անունով ազգությամբ հայ մարդ չկա: Իսկ Մարտիրոսյանն ուղղակի հաստատեց դրա իրական լինելը, միաժամանակ գաղտնազերծեց Ալիևի կեղծ <<խաղաղասիրական>> հարթակի իրական նպատակները:
Կարծում եմ, այստեղ մեկ այլ պահ էլ կա. այս գործընթացին մասնակցել է նաև Վահանին ուղղորդողը՝ Էյնուլա Ֆաթուլաևը: Քանի որ <<խաղաղության նախաձեռնությունը>> գտնվում է ալիևյան ռեժիմի բարեհոճության ներքո, կարելի է պատկերացնել, թե որքան մեծ գումարներ են տրամադրվել մարդկանց կաշառելու ու ներգրավելու համար: Տասնյակ մարդիկ մսխել են այդ փողերը, որոնց մեջ է նաև Վահան Մարտիրոսյանը: Վերջինիս այս քայլը արագացրեց ադրբեջանական կեղծ <<խաղաղասիրական>> հարթակի պայթյունը, իսկ Ադրբեջանը կարծում էր, որ իր կեղծիքը երկու, երեք տարի կաշխատի ու կամրապնդվի, փաստորեն, նրանք ճիշտ չէին հաշվարկել, որ կարող են նաև նման զարգացումներ լինել:

Գործընթացը դեռ շարունակվելու է, բայց ես չեմ հասկանում, թե սրանից հետո ո՞ւմ է պետք լինելու Վահանը: Նա դավաճանեց հայերին, հետո էլ գնաց ու դավաճանեց ադրբեջանցիներին, ո՞րը կլինի նրա հետագա քայլը, միգուցե ինչ-որ կերպ կփախչի երրորդ երկիր: Բայց խնդիրն այն է, որ այդ տղան սովորել է ապրել <<պարազիտի>> կյանքով, ուրեմն իր գործելոճը կարող է շարունակել:
Ալիևի բռնապետական վարչակարգը չի կարող ներել այն մարդուն, որը բացահայտեց իր կեղծիքը, որով նա թոզ էր փչում միջազգային հանրության աչքերին: Այն, որ իրեն չեն ներելու՝ Վահանը չիմանալ չի կարող, ուրեմն ինչպե՞ս համարձակվեց գնալ այդ քայլին ու չվախեցավ ադրբեջանական հաշվեհարդարից: Սա չի՞ խոսում հօգուտ այն վարկածի, որ նրա քայլը Բաքվի հետ պայմանավորվածության արդյունք է, և հիմա նոր խաղ է սկսվում:
-Կա նման վարկած, որ նա շարունակում է իր խաղը, որ այն, ինչ արել է, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հրահանգով: Թերևս ներսում կա կլանային պայքար ու Վահանը փորձում է կողմերից մեկի միջոցով հարվածել մյուսին: Բայց նաև դժվար է ասել, թե այս վարկածը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահին պարզ չէ, թե Վահանն ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում. հայկական կողմը դեռ չի արձագանքում, իսկ ադրբեջանականը՝ փետրվար ամսից ասում է, թե իրենք ձեռքերը լվացել են Վահանից: Միգուցե ինքը հիմա գտնվում է երրորդ երկրում, հանձնվել է, ոչ ոք չգիտի, թե ովքե՞ր, ի՞նչ ուժեր են այսօր նրան ուղղորդում:

Պարզ է, որ Վահանի հայտնի ուղերձից հետո ադրբեջանցիները փորձելու էին հաշվեհարդար տեսնել նրա հետ, բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք: Հիշո՞ւմ եք, ժամանակին մենք մտածում էինք, որ մի օր ադրբեջանցիները կարող են գտնել Վահանի դին ու հայտարարել, թե հայերն են սպանել: Բայց հիմա այլ իրավիճակ է, այսօր որքան էլ ադրբեջանցիները Վահանի քայլից վիրավորված՝ նրան սպանելու մեծ ցանկություն ունենան,  դա չեն կարող իրագործել, որովհետև դրանում անմիջապես իրենք կմեղադրվեն: Գուցե Վահանը նաև այս հաշվա՞րկն էր արել այդ քայլին գնալուց առաջ: Շատ բաներ մենք չգիտենք, այստեղ աշխատում են Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի հատուկ ծառայությունները, բայց կողմերից ոչ մեկը պաշտոնական որևէ խոսք դեռ չի հնչեցրել:
-Ի՞նչ հետևանքներ ունեցան  դավաճանի այս բացահայտումները:
– Հայտնի խոսք կա՝ չկա չարիք, առանց բարիքի: Սա այդ դեպքն է, երբ այդ տղայի ժամանակին արած դավաճանական քայլը հիմա մեզ համար օգուտներ բերեց: Առաջին, իր այդ քայլով նա փաստորեն պայթեցրեց Բաքվի <<խաղաղասիրական հարթակը>>:

Երկրորդ, ադրբեջանցիները կխուսափեն դավաճան հայերի հետ գործ ունենալ, Վահանը բազմապատկեց ադրբեջանցիների անվստահությունն անգամ դավաճան հայերի հանդեպ: Եվ նման կեղծ խաղաղասիրական նախաձեռնություններ երկար ժամանակ չեն լինի հենց միայն նրա համար, որ ադրբեջացիները ոչ մի հայի չեն վստահի՝ նույնիսկ իր հայրենիքը դավաճանածին, որը Բաքվից հայհոյում էր իր երկրի հասցեին, նույնիսկ նման տականքը ադրբեջանական միֆը կարողացավ պայթեցնել ու խփել նրանց մեջքից:

Երրորդ, Վահանն իր քայլով կտրեց հայերի հնարավոր հոսքը Բաքու, գուցեև լինեին ալիևյան ֆինանսներով գայթակղվածներ, որոնք կարող էին հայտնվել Բաքվի ծուղակում, բայց անգամ նման մտադրություն ունեցողներն այդպիսի քայլի այլևս չեն գնա:
Մի դրական հանգամանք էլ կա. Վահանն այս մեկ ու կես տարում բացահայտեց նաև բոլոր հնարավոր տատանվող, շեղվող հայերին՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս: Իհարկե, մենք տեսանք, որ այդպիսիք շատ քիչ էին, բայց ցավոք՝ կային: Վահանը փաստորեն մեր ԱԱԾ-ի գործը թեթևացրեց, որովհետև շատերի դիմակները պատռվեց:
Բացի այդ, Ադրբեջանի ներքին իրավաիճակը բավականին լարվել է. գուցեև սա սովորական զուգադիպություն է, բայց փաստերը հուշում են, որ Վահանի ուղերձից հետո կադրային լուրջ փոփոխություններ են ընթանում Ադրբեջանի անվտանգության ծառայության ուժերում, նախագահի աշխատակազմում: Սպասենք, դեռ զարգացումներ կլինեն:
Այս տարիներին Ադրբեջանը հասցրեց միջազգային հանրությանը հավատացնել, որ ինքը խաղաղարար է, հայտնի է, որ որոշ երկրների կողմից Բաքվի կեղծ <<խաղաղասիրական>> հարթակն անգամ բարձր գնահատանքի է արժանացել: Չե՞ք կարծում, որ այժմ հայկական կողմի համար լավ առիթ է ստեղծվել միջազգային բոլոր հարթակներում իրողությունը ներկացնելու համար:

 

 

-Այո, Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները միջազգային բոլոր հարթակներում ցույց տալու, որ ադրբեջանական մարդասիրական հարթակը փուչ է ու Ադրեբեջանի հատուկ ծառայությունների ստեղծածն է:

Ինչո՞վ է կարևորվելու Հայաստանի այդ քայլը: Բանն այն է, որ Ադրբեջանն իր այս նախաձեռնությամբ ուզում էր աշխարհին ասել, թե իբր հայերն ի հաշիվ Արցախի պատրաստ են գնալ զիջումների, պատրաստ են խնդիրը լուծել ադրբեջանական տարբերակով: Նրանք բոլորին մատնացույց էին անում, թե ահա կան մի քանի տասնյակ <<խիզախ>> հայեր, որոնք չեն վախենում Սերժ Սարգսյանի իշխանությունից ու համաձայն են, որ Արցախը գտնվի Ադրբեջանի տարածքում: Մարտիրոսյանի կատարած բացահատումը ցույց տվեց, որ սա Բաքվի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է եղել, նրանց ծրագիրը, իսկ այն մարդիկ, որոնք հայտնվել են ադրբեջանական ցանկում կա՛մ մի քանի կաշառված հայերն են, կա՛մ ադրբեջանցիներ և ուկրաինացիներ, որոնց որպես հայեր են ներկայացել: Ժամանակն է, որ մեր դիվանագիտական ծառայությունները շատ հստակ աշխատեն ու բոլոր ատյաններում ներկայացնեն ադրբեջանական այս կեղծիքը, դրանով վերջնականապես փակելով այս կեղտոտ էջը:
Եվ վերջապես, շատերի համար մի շատ կարևոր բան ևս պարզ դարձավ: Մեզ մոտ էլ կան բավականին շատ գրանտակերներ, որոնք դրսից սնվելով՝ Հայաստանում քարոզում են ադրբեջանական այդ կեղծ խաղաղասիրությունը, բայց նրանց քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս ու չեն կարող տալ, քանի որ իրական խաղաղասիրությունը դրամաշնորհներով չի հաստատվում, դա սխալ, կեղծ մոտեցում է: Հասարակությունները, իշխանությունները պետք է խաղաղության ձգտեն՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու մեծ արժեքը, և որ կարևոր է այդ ձգտումները պետք է լինեն ազնիվ, զերծ կեղծիքից, ինչպիսին ադրբեջանական փուչիկն էր:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն