Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ո՛չ մասնավորեցմանը. մտավորականները պահանջում են դադարեցնել ռազմավարական նշանակության ձեռնարկությունների վաճառքը

Հունիս 3, 2017թ. 19:59
Կարինե Դանիելյան Արամ ՍԱրգսյան
  Մտավորականների ֆորումը խստորեն դատապարտում է կառավարության քայլն ու պահանջում դադարեցնել ռազմավարական նշանակության ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը:
  ՙՙՀայք՚՚ կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսին մասնակցում էին՝
Կարինե Դանիելյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Վահան Համազասպյանը, Արմեն Հովսեփյանը:
Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը
ՀՀ կառավարությունը օրեր առաջ հաստատել է 2017-2020 թթ-ի մասնավորեցման ծրագիրը: Թեեւ ցանկում ընդգրկված ընկերությունների ուղիղ կեսը սեփականաշնորհման նախկին ծրագրով է, բայց լուրը լուրջ անհանգստությունների առիթ է դարձել: Ավելի շատ դժգոհություններ սկսեցին հնչել, երբ հայտնի դարձան մասնավորեցման ցանկում ընդգրկված ընկերությունները: Այսօր արդեն հայտարարությամբ հանդես է եկել Մտավորականների խորհուրդը, որը պատրաստվում է դիմել օրենսդիր եւ գործադիր մարմիններին:
Մտավորականների խորհուրդը, որն իր 15 հոգանոց կազմում ընդգրկում է գիտության տարբեր ոլորտների տարբեր մասնագետներ, պատրաստվում է դիմել Կառավարությանը եւ Աժ-ին՝ անընդունելի համարելով 2017-2020 թթ-ի մասնավորեցման ծրագիրը: 47 պետական ընկերության վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Այս գումարն, ըստ էության, չի լուծում անգամ բյուջեի դեֆիցիտի խնդիրը, քանի որ ակնկալվող գումարը դեֆիցիտի 1/3–րդն էլ չի կազմում: Պատմաբան պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի վախերը գալիս են դեռեւս 90-ականների սկզբից:

Այս հարցում պատմաբանները սիրում են վկայակոչել միջազգային հետեւյալ փորձը: Չինաստան, Սինգապուր եւ հետխորհրդային երկրներից Ղազախստան ու Բելառուս. սրանք այն երկրներն են, որոնք համատարած եւ անվերահսկելի սեփականաշնորհման ճանապարհով  չգնացին, այսօր նրանք զարգացման առումով առաջ են անցնում մասնավոր սեփականություն նախընտրող պետություններին:

Այսօր Հայաստանում վաճառքի հանվող ընկերությունների շարքում են օրինակ՝ «Հայփոստը», «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդան» մարզահամալիրը, եւ անգամ նորաստեղծ, աշխատանքային մեկ տարին դեռ չբոլորած, 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Էներգաիմպեքս» ընկերությունը: Ստեղծման ժամանակ նշվում էր, որ այն հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել ու արտահանել գազ: Այսօր արդեն Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այլ հիմնավորում է ներկայացնում:

Այս հիմնավորում է գործում է գրեթե բոլոր ընկերությունների պարագայում: Կան մասնագետներ, որոնք արդարացնում են կառավարության որոշումը: Օրինակ՝ տնտեսագետ   Արտակ Մանուկյանը համակարծիք է կառավարությանը, բայց եւ տնտեսագիտության տեսանկյունից համարում է, որ նաեւ մասնավորեցումը պետք է ճիշտ կազմակերպել:

«Ոչ մասնավորեցմանը» կոչով հանդես եկող մտավորականների համար, ամեն դեպքում, այսպիսի հիմնավորումներն ընդունելի չեն:

Մտավորականների խորհուրդը, սակայն, ամենավտանգավորը համարում է հատկապես երկու խնդիր: Նախ՝ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկը մտահոգություն է առաջացնում ռադիացիոն անվտանգության տեսանկյունից: Գիտնականները վախով են հայտնաբերել, որ ցանկում ընդգրկված է Միջուկային անվտանգության գիտական կենտրոնը:

Անհանգստանում են՝ ով կգնի այն, ում ձեռքը կընկնի եւ ի վերջո հիշեցնում են, որ ունենք ատոմակայան ու վտանգավոր այլ օբյեկտներ: Երկրորդ խնդիրը՝ առողջապահականն է: Ցանկի զգալի մասը կազմում են առողջապահական ընկերությունները: Մտավորականները մտավախություն ունեն, որ դրանով առողջապահական օգնությունը՝ սակագնային առումով, էլ ավելի անհասանելի կդառնա ցածր եւ միջին եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացիների համար: Առաջնային պահանջը՝ մասնավորեցման ցանկից հենց այդ ընկերությունների դուրս հանումն է:  Մտավորականների առաջարկն է, որ գոնե այս ոլորտում մրցակցությունն ապահովի պետությունը, որպեսզի գները համապատասխանեն քաղաքացիների հնարավորություններին:

Armradio.am

Ինչպիսի վտանգավոր քաղաքականություն. մտավորականների խորհուրդը պահանջում է դադարեցնել ընկերությունների մասնավորեցումը

Մտավորականների խորհուրդը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը: «Ո՛չ մասնավորեցմանը» կոչով այսօր խորհրդի ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել:

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ մտահոգ են մի պարզ պատճառով, որովհետև ցուցակում առաջին հերթին այնպիսի բուժհիմնարակներ են, որոնք եզակի են և չի կարելի որևէ այլ բանով փոխարինել: «Պետությունն իրեն սոցիալական պետություն է համարում, զուգահեռ օտարում է այնպիսի  հիմնարկներ, որոնք ուղղակի անփոխարինելի են՝ Ուռուցքաբանության համալիրը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Մանկական առողջարանները, Տուբերկուլյոզի դեմ պայքարի առողջարանը, այս բոլորը վաճառում են: Էլ չեմ ասում Միջուկային անվտանգության գիտական կենտրոնի մասին, ենթադրելի է, որ ովքեր գնելու են թքած ունեն գիտության վրա, եթե պրոֆիլը անգամ 3-5 տարի պահեն՝ դրանից հետո ի՞նչ է լինելու: Ռադիացիոն անվտանգության հետ կապված, հասկանում եք,  ունենք ատոմակայան, վտանգավոր այլ օբյեկտներ, հիմա ո՞ւմ եք տալիս, լեզուս չի էլ պտտվում, ինչ կարող է լինել, ինչ անմտություն և ինչպիսի վտանգավոր քաղաքականություն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հաստատել էր 2017-2020 թթ-ի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Արամ Սարգսյանը ենթադրում է, որ վաճառում են, որպեսզի չնչին գումար ստանան,  որն ըստ նրա՝ բյուջեի դեֆիցիտի 1/3–րդն էլ չի կազմում:

Դեմկուսի նախագահը նշեց, որ իրենց առաջարկն է, որ մրցակցությունն ապահովի պետությունը, պահպանի ոսկե ակցիան, որպեսզի գները համապատասխանեն կարողություններին:

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ առողջապահության ոլորտի տվյալները բավական մտահոգիչ են, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը մեծ է, մինչդեռ պետությունը ղեկավարող անձինք միայն ասում են, թե պետությունը վատ մենեջեր է, և ինչպես միջազգային ասպարեզում է ընդունված՝ ռեֆորմներն այդ կոչով են իրականացնում: «Այդ կոչն է, որ շուկան ինքը կկարգավորվի, պետությունն ինչքան հնարավոր է քիչ մասնակցի, բայց տեսանք՝ ինչ ստացանք»,-ասաց նա և կոչ արեց զգույշ վերաբերվել խնդրին, պետության կարգավորման դերը կարևոր է:

Պրոֆեսոր Վահան Համազասպյանը նշեց, որ ոչ թե քննադատաբար է վերաբերվում խնդրին, այլ կասկածանքով: «Երկու խնդիր է առաջանում. ովքեր են գնորդները, պարզվում է իրենք են, այսինքն՝ թալանը շարունակում են նոր ձևով:  Հաջորդ հարցն է՝ իշխանությունները ոչինչ չունեն ասելու և ձեռքերը փրփուրին են ուղղում, որ բյուջետային ճեղքերը ծածկեն, բայց, ի վերջո, արագ կվերջանա այդ գումարը, իսկ արդյունքում չկա ճգնժամից դուրս գալու ծրագիր»,-ասաց նա:

Պատմաբան Արմեն Հովսեփյանը թվեր ներկայացրեց, թե 90-ականներից մինչ օրս քանի ձեռնարկություն է մասնավորեցվել: Ըստ նրա՝ պետությունն ուներ իր ֆունկցիան, մինչդեռ  ձեռքերը լվաց և քաշվեց մի կողմ:

Թե ինչ ծավալով են մինչ օրս աշխատել տվյալ ձեռնարկությունները, արդյո՞ք եղածն էլ չի փոշիանում, Արամ Սարգսյանը նշեց, որ երբ ուզում են ծառ կտրել, չորացնում են, հետո կտրում:

tert.am

 

«Այս ի՞ նչ անմտություն է, ի՞ նչ անգրագիտություն է, ի՞ նչ վտանգավոր քաղաքականություն է». Արամ Սարգսյան

Մտավորականների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը: Կառավարությունը հավանություն է տվել պետական գույքի մասնավորեցման ծրագրին: Ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, դրանց վաճառքից նախատեսվում է ստանալ 35-36 միլիարդ դրամ: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց, որ այդ ընկերությունների շարքերում կան այնպիսի հիմնարկներ, որոնք եզակի են, և որոնց չի կարելի փոխարինել. «Մենք ունենք ատոմակայան, մենք ունենք տարբեր վտանգավոր օբյեկտներ: Եթե ռադիացիոն անվտանգության խնդիր է դրված եղել, դուք հիմա ո՞ւմ եք տալիս: Հիմա, որ գա գնի չգիտես թե ով, անգամ լեզուս չի պտտվում ասել, թե ով կարող է անել, ի՞նչ եք անելու: Այս ինչ անմտություն է, այս ինչ անգրագիտություն է, այս ինչ վտանգավոր քաղաքականություն է: Եվ ընդհանրապես ինչի՞ համար եք վաճառում: Վաճառում եք, որ իբր թե 35 միլիարդ դրամ ստանաք, դա իրենց այս տարվա բյուջեի դեֆիցիտի ընդամենը 1/3-ն էլ չի կազմում»: Նա նշեց, որ պետությունը պետք է ապահովի մրցակցությունը. «Եթե դուք չեք կարողանում բոլորին համապատասխան ծառայություն տալ, ուրեմն՝ ամեն մի մարզում որպես պետություն պարտավոր եք մեկ անվճար հիվանդանոց ունենալ, որպեսզի մարդը կարողանա բուժսպասարկում ստանալ: Նա մեղավոր չի, որ չի կարող վճարել, դուք եք դատապարտել նրան այս վիճակին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
aravot.am

 

«Ժամանակն է, որ Կարեն Կարապետյանը հեռանա ասպարեզից». Վահան Համազասպյան

Մտավորականների ֆորումի անդամ, գիտնական Վահան Համազասպյանը ոչ միայն դեմ է կառավարության մասնավորեցման ծրագրին, այլև կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հեռանա պաշտոնից։

«Ժամանակն է, որ Կարեն Կարապետյանը հեռանա ասպարեզից, մեզ նոր վարչապետ է պետք, որովհետև իր խելքը չի հասնում։ Ես նայում եմ վարչապետի կատարած դիսպետչերականները, սա սովետական տարիներից եկած գործարանային սովորական դիսպետչերականների կրկնողություն է, որ մարդկանց հանձնարարություն է տրվում, պահանջներ են առաջ քաշվում։ Այդպես չի լինում, ցանկացած բիզնեսմեն, ներդրող ունի իր մշակած ծրագիրը և առաջնորդվում է այդ ծրագրով՝ ելնելով երկրում գործող օրենքներից։

Վարչապետի հուշումները, ցուցումները մեզ բոլորովին հետաքրքիր չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Համազասպյանը։ Նա նշեց, որ մշակել է ծրագիր, որը ենթադրում է տնտեսության առողջացման, զարգացման հնարավորություններ, սակայն, վարչապետը չի ցանկացել նույնիսկ խոսել այդ ծրագրի մասին.

«Ես ուզում եմ առերեսվել վարչապետի հետ և հասկանալ, թե ինչու է նա հրաժարվում մեր ծրագիրը կյանքի կոչել. նրա համար, որ բարեկամական հարաբերություններով ձևավորված իշխանության մեջ հայտնվել են մարդիկ, որոնք շահագրգռվա՞ծ են այդ ոլորտը տիրապետելու»։ Իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած մասնավորեցման ծրագրին, ապա նա ասաց, որ խիստ կասկածանքով է վերաբերվում դրան. «Եթե պարզվի, որ այդ հաստատությունների գնորդները հենց իրենք են, ուրեմն՝ թալանը շարունակվում է նոր ձևով»։ Ասուլիսի մյուս բանախոս՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ հեգնեց. «Իրենք չեն գնելու, իրենց կանայք են գնելու այդ հաստատությունները»։

168.am

«Այս ինչ անմտություն, անգրագիտություն, վտանգավոր քաղաքականություն է». Արամ Սարգսյանը՝ մասնավորեցման ծրագրի մասին

Մտավորականների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը:

Այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում ֆորումի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը (Դեմոկրատական կուսակցության նախագահ) հայտարարեց, որ իրենց խորհրդի անդամները մտահոգված են այս խնդրով այն պարզ պատճառով, որ մասնավորեցվում են լրջագույն կառույցներ, որոնք, ըստ նրա՝ եզակի են։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մասնավորեցնել հաստատված 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

«Այս ինչ անմտություն, անգրագիտություն, վտանգավոր քաղաքականություն է։ Եվ ընդհանրապես ինչի՞ համար եք վաճառում։ Վաճառում եք, որ իբր թե 35 մլրդ դրամ ստանաք։ Դա իրենց այս տարվա բյուջեի դեֆիցիտի 1/3-ն էլ չի կազմում»,-նկատեց Ա. Սարգսյանը։

Նա նշեց, որ ոչ թե պետք է այսպիսի սեփականաշնորհում անցկացնել, այլ ընդհակառակը՝ պետք է պահպանել պետական հատվածը, ստանալ համապատասխան շահույթ, քանի որ, Սարգսյանի խոսքով՝ բոլորը շահութաբեր հիմնարկներ են. «Դրան համապատասխան նաև պետք է ստեղծել անվճար բուժօգնության համապատասխան հիվանդանոցներ, առավել ևս, որ դա անհրաժեշտություն է»։

168.am

Հայաստանի առողջապահության ոլորտի տվյալները անհանգստության տեղիք են տալիս. բնապահպան

Հայաստանում առողջապահության ոլորտի տվյալները իրականում անհանգստության տեղիք են տալիս։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ մեծ է շրջակա միջավայրի վրա բացասաական ազդեցությունը։ «Սակայն պետությունը ղեկավարող մարդիկ միայն ասում են, թե պետությունը վատ մենեջեր է։ Եւ միջազգային ասպարեզում եւս ընդունված է, որ բարեփոխումներն այդ նույն սկզբունքով են իրականացվում։ Սակայն անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ խնդրին, քանի որ պետության դերն այստեղ շատ կարեւոր է»,-նշեց Կարինե Դանիելյանը։ Ըստ բնապահպանի՝ փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք համընդհանուր մասնավորեցման չեն ենթարկվել, օրինակ՝ Ղազախստանն ու Բելառուսը, չեն տուժել։ Նրանք ավելի քիչ կորուստներ են ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում մտավորականության ներկայացուցիչների ֆորումը Կառավարությունից պահանջում է դադարեցնել երկրի համար կարեւոր ընկերությունների մասնավորեցումը։ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ ըստ մասնավորեցման նախնական ծրագրի։ Նշված ընկերությունների շարքում են Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, «Հրազդան» մարզադաշտը, «Ավտոկայանը», Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնը եւ այլն։ Ընկերությունների վաճառքից պետությունը նախատեսում է 35-36 մլրդ դրամի եկամուտ ստանալ։

news.am

 

Մասնավորեցման ցանկից պետք է հանել Հայաստանի բժշկական ու գիտական հաստատությունները. ՀԴԿ առաջնորդ

Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել երկրի համար կարեւոր ընկերությունների մասնավորեցումը։ Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցներում իրավիճակը խայտառակ է։

«Երկրի հիվանդանոցներում մեծ հերթեր են, իսկ վիրահատության գները՝ անհավանական բարձր։ Մենք կարծում ենք, որ ոչ թե մասնավորեցում է անհրաժեշտ, այլ հակառակը, պետք է պահպանել պետական հատվածը, յուրաքանչյուր տարի համապատասխան եկամուտ ստանալ, քանի որ այդ բոլոր հաստատությունները եկամտաբեր են։ Պետական հաստատութուններին նորմալ աշխատավարձեր սահմանեք, եւ նրանք իրենց պարտականությունները պատշաճ կերպով կկատարեն»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։ Նա հավելեց, որ մասնավորեցման ցանկից անհրաժեշտ է հանել բոլոր բժշկական ու գիտական կառույցները։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ ըստ մասնավորեցման նախնական ծրագրի։ Նշված ընկերությունների շարքում են Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, «Հրազդան» մարզադաշտը, «Ավտոկայանը», Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնը եւ այլն։ Ընկերությունների վաճառքից պետությունը նախատեսում է 35-36 մլրդ դրամի եկամուտ ստանալ։

news.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն