Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

Ինձ մտահոգում է կառավարության գործունեության նկատմամբ արտահայտվող անվստահությունը, ագրեսիվ մոտեցումը

Հունիս 2, 2017թ. 17:53
Աշոտ Թևիկյան

Տնտեսական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, <<Նորավանք>> հիմնադրամի խորհրդական, տնտեսագետ-փորձագետ ԱՇՈՏ ԹԵՎԻԿՅԱՆԻ հետ
Կարեն Կարապետյանն ութ ամիս առաջ ստանձնեց վարչապետի պաշտոնը, սա բավարա՞ր ժամանակահատված է կատարված աշխատանքը գնահատելու համար, եթե այո, ապա ո՞րն է ձեր մասնագիտական գնահատականը:
-Այդ ամիսներն, իհարկե, շատ չեն, բայց նաև բավարար են, որպեսզի կարծիք հայտնենք վարչապետի գործունեության մասին: Առաջին հերթին ի՞նչն է աչքի ընկնում նրա քայլերում. Կարեն Կարապետյանն իրոք ուզում է, որ տնտեսությունն աշխատի: Նա մեծ ուշադրություն է դարձնում փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա, մասնավորաբար, դրան նպաստող միջավայրի ստեղծման վրա: Սա շատ կարևոր հանգամանք է, այն կլուծի երկրի առաջ ծառացած կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Իսկ աշխատատեղերի ստեղծումով կնվազի աղքատության այն մակարդակը, որն այսօր կա Հայաստանում: Եթե կարճ գնահատեմ գործադիրի ղեկավարի ու նրա թիմի աշխատանքը, ապա պետք է ասեմ՝ վարվում է հուսադրող տնտեսական քաղաքականություն:
– Այս տարվա համար կառավարությունը նախատեսել է ապահովել 3,2 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարեց, թե կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի դրանից մի փոքր ավելի ցուցանիշ ունենանք: Բայց ինչի՞ հաշվին:
-Նախ հստակեցնենք թվերը. վիճակագրական վարչության հրապարակած տվյալների համաձայն առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս, նախատեսվում է տարվա կտրվածքով ունենալ 3,2 տոկոս աճ: Շուտով կհրապարակվի 2017-2019 թվականների համար նախատեսված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), համաձայն որի, ենթադրվում է մինչև 4, 7- 5,7 տոկոս տնտեսական աճ արձանագրել: Ինչի՞ հաշվին դա պետք է լինի:
Առաջինը ներքին գործոնների աշխուժացումն է: Շատ կարևոր է այնպիսի գործարար միջավայրի ստեղծումը, որը կնպաստի բիզնեսի զարգացմանը:
Երկրորդ, կառավարությունն իրականացնում է ընդլայնվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն: Սա իր հերթին շատ կարևոր քայլ է, քանի որ թույլ կտա ավելացնել ներդրումները:
Երրորդ գործոնը կոռուպցիայի դեմ պայքարն է. միայն իրական ու արդյունավետ պայքարի դեպքում գործարարները կկարողանան հանգիստ աշխատել: Կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քաղաքականություն, որ մոնոպոլիաները չխանգարեն փոքր և միջին բիզնեսին:
Ես թվեցի մի քանի հիմնական գործոններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնի մեր կառավարությունը, քանի որ միայն այդ դեպքում կկարողանա ապահովել իր իսկ սահմանած տնտեսական աճը: Ես նկատում եմ, որ վարչապետն աշխատում է այդ ուղղությամբ:
Բայց ինձ մտահոգում է կառավարության գործունեության նկատմամբ արտահայտվող անվստահությունը, ինչը ես կանվանեմ ագրեսիվ մոտեցում: Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը հանդես է եկել մի հրապարակմամբ, որում խոսում է սփյուռքահայերի կողմից Հայստանում ներդրումներ կատարելու կարևորության մասին, ու միաժամանակ շեշտում երկրում առկա անառողջ տրամադրությունների , մթնոլորտի մասին, երբ անվերջ խոսվում է՝ էս երկիրը երկիր չէ կամ Հայաստանում հնարավոր չէ զբաղվել գործարարությամբ: Նման խոսակցությունները բացասաբար են անդրադառնում ներդրումների վրա, մարդիկ ուղղակի կվախենան գալ Հայաստան ու լուրջ ներդրումներ անել: Վերջապես, անվերջ խոսել այն մասին, թե Հայաստանում անհնարին է բիզնեսով զբաղվելը մենք դրանով խփում ենք մեր անվտանգությանը, խփում ենք մեր բանակին: Ինքներս մեզ փնովելով՝ թուլացնում ենք մեզ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է, թե կառավարության հայտարարած ծրագրերը բնականոն հունով առաջ են ընթանում և իրենք մեծ հույսեր ունեն, որ կկարատարվի 800 մլն դոլարի ներդրումը՝ Կարեն Կարապետյանի նախընտրական խոստումը: Ձեր գնահատականը:
-Առաջին եռամսյակում ուղիղ ներդրումների ծավալն աճել է 30 տոկոսով: Դա կազմում է, մոտավորապես, 40 մլն դոլար: Սա նախատեսված գումարի համեմատությամբ այնքան էլ մեծ չէ: Եթե կառավարությունը շարունակի իրականցնել իր քաղաքականությունը, չշեղվի իր որդեգրած ուղուց, անտեսի իրեն ուղղվող քննադատությունները և տուրք չտա դրանց, այլ հակառակը՝ ավելի ակտիվացնի գործարար միջավայրը, լուրջ պայքար ծավալի կոռուպցիայի դեմ, կարծում եմ, հայտարարված 800 մլն դոլարի ներդրումները կկատարվեն: Իսկ որպեսզի ներդրողները գան Հայաստան, ինչպես ասացի, անհրաժեշտ միջավայր պետք է ստեղծել: Վարչապետն այդ խնդիրը հստակ դրել է իր ու իր թիմի առաջ և ես կարծում եմ, իրոք, ամեն ինչ կանեն, որ դա իրականանա: Խորհուրդ կտամ վստահել կառավարությանը, և հետևել այն քայլերին, որ կատարում է վերջինս ոչ թե առաջնորդվել ենթադրություններով, կամ ինչ-որ բաներ հորինել:
-Ռուսաստանում նախատեսվում է 1.5-2% տնտեսական աճ: Հաշվի առնելով ՀՀ-ՌԴ կապերը սա պետք է, որ դրականորեն անդրադառնա մեր երկրի տնտեսության աշխուժացման վրա:
-Նման տնտեսական աճն այնքան էլ քիչ չէ մեծ տնտեսություն ունեցող երկրի համար: Հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան ընդլայնված կապերը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, իրոք, որ մեծ նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա:
Հայտնի է, թե տրանսֆերտները որքան մեծ դեր են խաղում Հայաստանի տնտեսության աշխուժացման վրա: Հետևաբար, ՌԴ-ից տրանֆերտների հոսքը Հայաստան նախ և առաջ կաշխուժացնի առևտուրը: Երկրորդ, ՌԴ-ում տնտեսության աշխուժացումը կնպաստի Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների աճին:  Երրորդ, ՌԴ տնտեսության աճը թույլ կտա, որ այդ երկրում ձևավորվող գումարներից նաև որոշակի չափով ներդումներ արվեն այլ պետություններում, մասանավորաբար, Հայաստանում:
Բայց այս ամենով մեկտեղ հարկավոր է, որ Հայաստանում ստեղծվեն համապատասխան տնտեսական ծրագրեր: Մենք պետք է ռուս գործարարներին ապահովենք այնպիսի ծրագրերով, որոնք կհետաքրքրեն նրանց ու կշահագրգռեն գալ Հայաստան ու ներդրումներ կատարել: Ես տեղյակ եմ, որ ռուս գործարարներ կան, որոնք կոնկրետ առաջարկներ են անում, բայց Հայաստանից արձագանք չկա: Սա իհարկե անհասկանալի է: Կառավարության խնդիրն է գործարար միջավայրի համար ստեղծել այնպիսի հնարավորություն, որ նա կարողանա այդ առաջարկներն ընդունել ու դրանց հիման վրա ձևավորել սեփական ներդրումային ծրագրերը: Վարչապետը իրականացնում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որոշակի քայլեր է կատարում ընդառաջ գնալով գործարարներին՝ նրանց տալիս է հարկային արտոնություններ:

Մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրում բոլոր մարզերի համայնքապետերին և պատվիրում առաջարկություններ անել, ներկայացնել մարզերի հնարավորությունները, նաև այն ուղղությունները, որոնք կնպաստեն տվյալ մարզի զարգացմանը, որպեսզի դրանց հիման վրա կատարվեն ներդրումներ: Սա ևս շատ կարևոր քայլ եմ համարում:
-Քննադատվում է մի շարք պետական ընկերություններն աճուրդի հանելու կառավարության որոշումը, որը համարվեց անգամ չտրամաբանված քայլ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Այո, տեղյակ եմ, խոսվում է նաև մի շարք առողջապահական կարևոր կենտրոնների սեփականաշնորհման մասին: Բայց եկեք խնդիրը իրատեսորեն վերլուծենք: Պետությունն իր վրա վերցրել է մի մեծ բեռ, սրա հետ մեկտեղ շատ սուղ են բյուջետային հնարավորությունները, որպեսզի դրանք նորմալ աշխատանքային վիճակում պահպանվեն:
Հստակ դրված է՝ կա՛մ պետությունը պետք է կարողանա պահպանել այն վիճակը, որը կա, կա՛մ պետք է թույլ տալ դրանցում անհրաժեշտ ներդրումներ կատարել, որպեսզի այդ կազմակերպությունների աշխատանքն աշխուժանա: Սակայն սա չի նշանակում, թե պետությունը ձեռքերը լվանում ու մի կողմ է կանգնում: Ամենևին: Պետությունը շատ հստակ խաղի կանոններ է սահմանում, պայմանագրերը մասնավոր կողմի հետ կստորագրի միայն այն դեպքում, եթե վերջինս կպարտավորվի կատարել իր ստանձնած պարտականությունները՝ մասնավորաբար, կպահպանի սեփականաշնորհված ընկերության մասնագիտական ուղղվածությունը: Եթե սեփականատերը շեղվի իր պարտավորություններից, ապա դա կհանգեցնի կառավարության դիրքորոշման փոփոխության՝ մասնավորացված գույքի հանդեպ: Հույս ունեմ, որ կառավաությունն իր հստակ պայմանները կդնի և թույլ չի տա, որ մասնավորը շեղվի բուն գործունեությունից:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն