Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Մեզ միասեռականներից պաշտպանող օրենք է հարկավոր

Հունիս 1, 2017թ. 22:34
լգբտ

Հարցազրույց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

Օրեր առաջ նաեւ ձեր կազմակերպության շնորհիվ բացահայտվեց, որ Երեւանի կենտրոնում միասեռականներն իրենց պաստառներն են ներկայացրել։ Քաղաքացիների բողոքներից հետո պաստառներն ի վերջո հեռացվեցին:
-Այդ պաստառները, որոնք, ըստ էության, միասեռականություն քարոզող եւ նրանց իրավունքների մասին բարձրաձայնող բովանդակություն ունեն, մայիսի 25-ից ի ցույց են դրվել մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի եւ Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում: Բարեբախտաբար մեկ-երկու օր հետո մեր համախոհները նկատել են դրանք եւ տեղեկացրել մեզ:
Մենք անմիջապես տեսանկարահանեցինք, լուսանկարեցինք դրանք ու դիմեցինք քաղաքապետարանի թեժ գիծ: Ընդ որում՝ թեժ գծով բազմաթիվ զանգեր էին եղել, որոնց հեղինակները իրենց վրդովմունքն էին հայտնել Երեւանի կենտրոնում ու բանուկ փողոցների հարեւանութամբ նման պաստառների առկայության համար: Ահազանգերից հետո պաստառներն անմիջապես ապամոնտաժվեցին:
Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրին, որ դրանք անօրինականորեն են տեղադրվել ցուցավահանակներում՝ առանց քաղաքային իշխանությունների թույլտվության:
Այս դեպքում միայն քաղաքապետարանի թույլտվությունն անտեսե՞լն է դիտարկվում որպես օրենքի խախտում, թե՞ օրենքը շրջանցվել է նաեւ նման բովանդակութամբ քարոզչական ցուցապաստառները տեսանելի վայրերում փակցնելու նկատառումով:
-Քաղաքապետարանն ըստ էության պաստառներն ապամոնտաժել է ոչ թե այն բանի համար, որ դրանք միասեռականության ակնհայտ քարոզչություն են, այլ առանց իր թույլտվությունը ստանալու՝ գովազդային վահանակներում պաստառներ տեղադրելու համար: Մեր որեւէ օրենքով ագելված չէ միասեռականություն քարոզելը կամ նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզելը՝ ի տարբերություն Ռուսաստանի: Ռուսաստանի օրենքը, օրինակ, խստորեն արգելում է միասեռականության քարոզչությունը:
Իսկ մեզանում նման օրենք, դրույթ, արգելք չկա: Եվ եթե պաստառներն օրինական ճանապարհով տեղադրված լինեին մայրաքաղաքի կենտրոնում, ապա այդ ժամանակ շատ ավելի դժվար կլիներ դրանք ապամոնտաժելը: Կարելի է ասել՝ այս անգամ պարզապես մեր բախտը բերեց: Հակառակ դեպքում պարտադրված էինք լինելու բողոքի ակցիաներ անցկացնել, արդեն քաղաքային իշխանություններից պահանջել այլասերող բովանդակության պաստառները հեռացնել:
Միասեռական հանրության նման ագրեսիվ, հարձակողական պահվածքը կապում են Հայաստանում մեզ համար անընդունելի երեւույթների նկատմամբ հասարակության կողմից ցուցաբերվող եւ Եվրամիության համար չսպասված դիմադրության հետ: Ի վերջո պաստառներն ի տես բոլորի ցուցադրելու դեպքն ընդամենը մի ռազմավարության հերթական օղակն է:
Կհիշեք, Եվրամիությունը մտադիր էր դեռ անցած տարի Հայաստանին երկու օրենք պարտադրել՝ յուվենալ օրենքը, որը միտված է քայքայելու մեր ավանդական ընտանիքը եւ երեխաներին օտարելու ընտանիքներից, մյուսն էլ միասեռականությունը հանդուրժող եւ դրա տարածմանը նպաստող օրենքն է: Բայց երկու օրենքներն էլ հասարակության ուժեղ դիմադրությանը հանդիպեցին:
Ուստի օրենքների ջատագովները տրամադրված են գոնե այս տարի դրանք մեր երկրում իրագործված տեսնել, այդ իսկ պատճառով մենք կանխատեսում ենք, որ բոլորիս բավական լուրջ փորձություն է սպասում: Եվրոպական կառույցների կողմից գրոհի ճակատներն ավելի կընդլայնվեն եւ տարբեր՝ ընտանեկան բռնության, միասեռականների իրավունքների պաշտպանության օրենքները պարտադրելու, այլասերության նկատմամբ մեզանում հանդուրժողականություն սերմանելու ուղղություններով փորձեր կլինեն:
Վստահ եմ, որ Եվրամիությունը նաեւ ֆինանսական ներուժն ավելի կմեծացնի, որպեսզի գրոհելու հնարավորություններն ավելի ծանրակշիռ դառնան, օրենքներն ընդունելու հնարավորություններն՝ ավելի իրատեսական:
Ի դեպ, հայտնի՞ է, թե ովքեր են միասեռականության քարոզչական բովանդակությամբ պաստառները տեղադրել Երեւանի կենտրոնում:
-Հեղինակները չեն էլ փորձել թաքցնել իրենց արարքը: Պատվիրատուն «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունն է, որն ավելի շատ հայտնի է որպես «Փինք Արմենիա»: Այն միասեռականների իրավունքներով զբաղվող կազմակերպություն է եւ ֆինասավորվում է Եվրամիության կողմից: Նրանք իրենց կայքում բացահայտ նկարագրել էին թե՛ իրենց տեղադրած պաստառների վայրը, թե՛ դրանց բովանդակությունը:
Ըստ իրենց կայքում տեղ գտած հրապարակման՝ պաստառները պատրաստել են Action Studio-ն եւ Deem Communication-ը` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի եւ Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏ անձանց համերաշխության ցանց Հայաստանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում:
-Լավ, այդ երեւույթին դիմագրավելու միակ միջոցը հասարակական ընդվզո՞ւմն է: Ի վերջո, չկա օրենսդրական որեւէ հենք, սահմանադրության որեւէ դրույթ, որը մեզ հնարավորություն կտա օրենքի դաշտում դիմագրավել այդ չարիքին:
-Փաստորեն այդպիսի օրենք մենք չունենք, որը խոչընդոտեր համասեռամոլության քարոզչությանն ու տարածմանը։ Կարելի է ասել՝ օրենքի բացակայությունն այսօր աշխատում է միասեռականների օգտին: Եվրոպայի նկատմամբ որոշակի պարտավորվածությունները առայժմ թույլ չեն տալիս օրենքով դիմակայել այլասերման փորձերին: Ասել է թե՝ մեզանում մեծ օրենսդրական բաց կա, եւ պետք է մեր ներուժը ծառայեցնենք լրացնելու այդ բացը: Հարկավոր է գոնե օրենք ընդունել, որը կարգելի երեխայի ներդաշնակ զարգացմանը խանգարող, նրա հոգեկան առողջությանը վնաս հասցնող եւ բարոյական արժեքները խեղաթյուրող ամեն մի քարոզչություն:
Այդ դեպքում մեր՝ հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների համար շատ ավելի հեշտ կլինի պայքարել օտարամուտ չարժեքների դեմ, իսկ դրանց ջատագովներն ու տարածողներն էլ շատ ավելի զուսպ կդառնան:
Մեր կազմակերպությունը նման օրենքի նախագծի համար համապատասխան դրույթներ է մշակել, եւ եթե Ազգային ժողովի պատգամավորներն ի վերջո հանդես գան նման նախագծի առաջարկությամբ, մենք պատրաստ ենք միանալու նրանց եւ աջակցելու:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն