Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ԱՂԵՏ Է. ՄԵՆՔ ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՅԴ ԱՂԵՏԻՑ

Մայիս 30, 2017թ. 23:30
Ամուլսար

 Հարցազրույց բնապահպան ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

Ամուլսարի շահագործման շուրջ մտահոգությունը գնալով մեծանում է. հայտնի է, որ  2005-2006թ.թ հիմնադրված «Lydian International»  (Լիդիան) ընկերությունը, որը  փորձում է Հայաստանում առաջ մղել Ամուլսարի ոսկու շահագործման ծրագիրը, այլ երկրներում ևս փորձել է նման  ծրագրեր  իրականացնել,  մինչդեռ անհաջողության է մատնվել: Ի՞նչ ընկերության հետ  գործ ունենք ու ինչպե՞ս է, որ Լիդիան-ի առաջ մեր երկրում կանաչ լույս է վառվում:

  

-«Lydian International» (Լիդիան) ընկերությունը, որը օֆշորային ընկերություն է և գրանցված է Ջերսի հայտնի օֆշորային գոտում, հանքարդյունաբերության ոլորտում չունենալով փորձ՝ իր շուրջ միֆ է ստեղծել, թե ունեն գիտնականների, մասնագետների մի մեծ խումբ, և իրենց ծրագիրն Հայաստանում  իրականացնում են լուրջ ուսումնասիրությունների հիմա վրա: Ասում են, թե իրենք այնքան լուրջ կազմակերպություն են, որ  ֆինանսավորվում են  EBRD, IFS կորպորացիաների կողմից և գործելու են նրանց չափորոշիչներով: Եվ հայտարարում են, թե Ամուլսարի շահագործումը ոչ մի ազդեցություն չի ունենա բնական միջավայրի վրա:

Կներեք, նման պնդումներն անտեղյակ մարդկանց համար են, որոնք չգիտեն, թե ի՞նչ է ոսկու հանքարդյունահանումը բաց եղանակով: Ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման համաշխարհային փորձը ապացուցում է, որ ամենևին էլ միանշանակ չեն Լիդիան-ի պնդումներն այն մասին, որ բաց հանքի ապարների և դատարկ ապարների լցակույտի թթվային դրենաժի ու այլ տեսակի աղտոտումների արդյունքում Ամուլսարի ստորերկրյա ջրերը չեն փոխի իրենց քիմիական կազմն ու ծանր, վտանգավոր մետաղներով հագեցած ջրերը չեն տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ Սևանա լիճ և Արփա գետ։

Փաստորեն, նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունները հիմնվելով Լիդիան ընկերության ներկայացրած ինչ-որ փաստաթղթերի վրա եզրահանգել են, որ կարելի է հանքը շահագործել ու դրանից ոչ մի վտանգ չկա:

Մենք, որպես բնապահպաններ, հարց ենք հնչեցնում, եթե ՀՀ կառավարության կողմից  կատարված չէ ռիսկերի լիարժեք գնահատում, ես՝  որպես ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ պետք է 100 տոկոսով հավատամ այն  կազմակերպության գրածներին, որը հանքի շահագործման հարցում հանդիսանում է շահագրգիռ կողմ: Իսկ այն  բոլոր մասնագետները, գիտնականները, բնապահպանները, որոնք կապ չունեն այս ծրագրի հետ և Լիդիան ընկերությունից չեն ֆինանսավորվում, ասել է, թե ոչ մի շահագրգռվածություն չունեն, նրանք իրենց վերլուծություններում պնդում են, որ կան լուրջ վտանգներ, որոնք բացահայտված չեն, կամ էլ Լիդիան ընկերության ներկայացրած փաստերի վրա սխալ եզահանգումներ են արվել:

Թվեմ այն ամենակարևոր ռիսկերը, որոնք մենք առանձնացնում ենք:  Ցանկացած հանքարդյունաբերության ընթացքում կան ռիսկեր, որոնք  հնարավոր է կառավարել կամ մեղմել,  բայց կան նաև անկառավարելի ռիսկեր: «Lydian International»-ի   ծրագրում ներկայացրած է այնպես, թե իրենց մոտ ամեն ինչ 100 տոկոսով կառավարելի է, և ոչ մի խնդիր չի առաջանա: Մինչդեռ և՛ համաշխարհային, և՛ տեղական փորձը ցույց է տալիս, որ ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման   ընթացքում չի գրանցվել գեթ մեկ դեպք, որ աղտոտում տեղի  չունենա կամ այլ լուրջ  խնդիրներ չառաջանան:

Եվ ահա, նման եղանակով Հայաստանում փորձում են հանք շահագործել մի տարածքում, ուր  ձևավորվում են մեր Որոտան ու Արփա գետերի վտակները, հանքավայրից ընդամենը 7, 8 կմ հեռավորության վրա  գոյություն ունի երկու հզոր հիդրոտեխնիկական ու ռազմավարական նշանակության կառույց, դա Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարներն են: Սպանդարյանի ջամբարը սնում է ամբողջ Սյունիքի մարզը, իսկ Կեչուտի ջրամբարը՝ Սևանա լիճը, և Արփա գետով՝ ամբողջ Վայոց ձորի մարզը: Բացի այդ, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները ստորերկրյա ջրատար թունելով միացած են իրար, որն անցնում է Ամուլսարի արևմտյան լանջի տակով: Եվ սա գտնվում է հանքավայրից ընդամենը 2 կմ հեռավարության վրա: Հիմա, Լիդիան-ը պնդում է, թե հանքի շահագործումը Որոտան–Արփա թունելի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Իրենցից բացի  ո՞վ է գնահատել,  ո՞վ է երաշխավորել, ո՞վ է պատասխանատու, որ նման բան չի լինի:

-Իսկ Հայաստանում ռիսկերի գնահատում չի կատարվե՞լ:

-Միանգամից ասեմ, որ և՛ Ամուլսարի, և առհասարակ,  հանքարդյունաբերության մյուս դեպքերում, որոնք կարող են ազդեցություն  ունենալ  բնական միջավայրի վրա, մեզանում  ազդեցության իրական  գնահատում չի կատարվում: 2011-ից  ուսումնասիրել ենք բազմաթիվ ծրագրեր, մասնակցել ենք բազմաթիվ փորաձաքննությունների և հասկացել, որ Հայաստանում փորձաքննություն կատարվում է ըստ ճաշակի, ըստ ցանկության, և ըստ տրված գումարի կամ կաշառքի չափի, կամ էլ վերևից իջած հրամանի:

Ամուլսարի   ոսկու հանքավայրի շահագործումը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց առողջության ու սոցիալական վիճակի վրա: Մինչդեռ այս  կարևոր հարցում գնահատումներ կատարել  է միայն  «Lydian International» (Լիդիան) ընկերությունը, իսկ  մեր իշխանությունն ամբողջովին վստահել է նրան:

  Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, նաև բազմաթիվ մասնագետները ասում  ենք, որ ներկայումս հայտնի չէ, թե այդ   21 կմ երկարություն ունեցող թունելը, որն անցնում է Ամուլսարի լանջի  ընդերքով, տեխնիկական ի՞նչ վիճակում է գտնվում: Ո՛չ կառավարությունը, ո՛չ նույն Լիդիան-ը համապատասխան հետազոտություն չեն արել:  2016-ի դեկտեմբերի 6-ին մենք  հարցում ենք արել պարզելու, թե արդյոք կառավարությունը գնահատե՞լ է Սպանդարյանի ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար գնացող  ստորերկրյա ջրատար թունելի տեխնիկական վիճակը, որպեսզի հետո, եթե անգամ այդ հանքը շահագործվի, կարողանանք հասկանալ, արդյո՞ք դրա արդյունքում իրավիճակ փոխվեց՝ բետոնը քայքայվե՞ց, թե՞ ոչ, ջրերի որակը փոխվե՞ց, թե՞ ոչ:

Ամիսներ անց ստացանք մեր հարցման պատասխանը. գրությունը ստորագրված էր  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի կողմից։ Չորս էջից կազմված գրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ խուսափում է հստակ պատասխանից:

Մի կարևոր հանգամանք ևս կա. Լիդիան-ը պնդում է, որ  փոփոխություն չի  լինի ջրերի հետ: Սակայն իրականությունն այլ է. մենք պետական մարմիններից  ստացած պաշտոնական փաստաթուղթ ունենք, որ այդ թունելով  տարեկան միջին հաշվով, 4,6 մլն խմ ջուր է հոսում՝ որպես ստորերկրյա հոսք: Ամուլսարի ստորգետնյա ջրերը լցվում են այդ թունել ու տեղափոխվում Կեչուտի ջրամբար:  Մասնագետները գտնում են, եթե հանքավայրը բացվի, բնականաբար, ներծծումը կուժեղանա, քանի որ պաշտպանիչ շերտը կբացվի, կստեղծվի մի հսկայական խոռոչ, որը տեղումների՝ ձյան, անձրևի հետ հանքաքարի մեջ եղած ծանր մետաղներն ու այլ թունավոր նյութերը կլցնի թունել, ինչն էլ  կհոսի դեպի Կեչուտի ջրամբար: Դրանից հետո մի մասը կհոսի Սևանա լիճ,  մի մասը՝ Արփայով ներքև՝ աղտոտելով ամբողջ ջրային  ավազանները: Ո՞վ կարող է մեզ ապացուցել, որ նման բան չի կարող լինել՝ ոչ ոք:

Հաջորդը. այդ նույն ստորերկրյա ջրերը բեռանթափվում են նաև ձորերում: Հանքավայրի շահագործման արդյունքում նույն մեխանիզմով այդ հանքավայրի բաց ապարների  ջրերի որակն ամբողջովին կփոխվի, նոր որակի ջրեր են առաջանալու: Ու այդ ամենը ծանր մետաղներով,  այլ վտանգավոր նյութերով հագեցած՝ լցվելու են մեր գետերը: Ու դարձյալ  ոչ ոք գնահատական չի տալիս, թե ի՞նչ տեղի կունենա ոռոգման նպատակով օգտագործվող մեր ջրերի հետ:

Հաջորդը. հանքավայրի շահագործման ժամանակ չի կարող փոշի չբարձրանալ, կամ քամին չի կարող այդ փոշին տեղից-տեղ չտարածել: Այն բնականաբար կնստի ձնածածկի, արոտավայրերի, բուսածածկի վրա ու  հալոցքների արդյունքում, անձրևաջրերով կհոսի գետեր: Սա էլ ապացուցելու կարիք չունենք, քանի որ և՛ տեղական, և՛ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բաց հանքերից փոշու միջոցով վտանգավոր նյութերի տեղափոխում է կատարվում:

 Այսպիսով, մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ ջրբաժանի գագաթին ուզում են իրականացնել մի հսկայածավալ գործունեություն, որը կունենա աղետալի ազդեցություն  մակերևութային ու ստորգետնյա ջրերի վրա: Հետևաբար,  այն բոլոր գործողությունները, որոնք թեկուզ տեսականորեն, սակայն հաստատում են, որ հանքի շահագործումը կարող է  ազդեցություն  ունենալ մեր քաղցրահամ ջրերի  պաշարների՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի, Սպանդարյանի ու Կեչուտի ջարմբարների, Սևանա լճի վրա, մենք գտնում ենք, որ դրանց իրականացումը միանշանակորեն անթույլատրելի է:

Եթե նույնիսկ  կա  փոքր իսկ կասկած, որ մեր ջրային պաշարները կարող են վտանգվել, ուրեմն, այդ ծրագիրն իրավունք չունի կյանքի կոչվելու, որովհետև այն  ազգային անվտանգության խնդիր է մեզ համար:

Դեռ 2012-ին Վլադիմիր Մովսիսյանը  բացասական եզարակացություն է տվել ու նշել,  որ չի կարելի այդ տարածքում հանք շահագործել: Բայց 2014-ին, նրա մահից հետո,  այդ բացասական կարծիքը Յուրի Ջավադյանի ձեռքով դարձավ դրական: Հանքավայի շահագործումը թույլատրած մարդիկ վաղը ի՞նչ պատասխան են տալու մեր ժողովրդին:

-ԱՄՆ դեսպանը ամիսներ առաջ խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին՝ շեշտեց.<<Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում եւ հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին:>> Փաստորեն, դեսպանը ստում էր:

-Եթե դեսպանը ցանկություն ունի իրականությունը լսելու, ուրեմն գոնե մեկ անգամ պետք է  հանդիպի այն մարդկանց հետ, ովքեր վեց տարի շարունակ այս ոլորտի ուսումնասիրությամբ են զբաղված:  Պետք չէ լսել միայն նրանց, ովքեր իրենց համար ականջահաճո մտքեր են ասում:

Պետք չէ նաև ամեն անգամ մեր աչքը խոթել Համաշխարհային բանկի,  Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած չափորոշիչները:  Մենք ունենք մեր չափորոշիչները, հանաձայն որի, մեր քաղցրահամ ջրերին վտանգող ցանկացած տնտեսական ծրագիր չպետք է իրականացվի, եթե անգամ այդ վտանգը տեսական է: Մեր ձեռքի տակ են բազմաթիվ մասնագետների կարծիքներ, ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը: Այնպես որ,  ԱՄՆ դեսպանին  խորհուրդ կտանք հարցը քննարկել այն մասնագետների հետ, որոնք կապ չունեն  «Lydian International» ընկերության հետ, այդ թվում և Համաշխարհային բանկի:

 

 ԿԿՈՐՑՆԵՆՔ ՋԵՐՄՈՒԿԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

 

Ջերմուկը  առողջարանական կարևոր կենտրոն է, ՀՀ կառավարությունը հսկայական գումարներ է ներդրել Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար: Բայց ստացվում է Ամուլսարի շահագործմամբ ոչ միայն ձախողվելու է այդ ծրագիրը, այլև  ոչնչացվելու է մեր ազգային հարստությունը: Այսպիսով՝  Ամուլսարի շահագործումն  ի՞նչ վտանգ կարող է հասցնել Ջերմուկ  առողջարանական կենտրոնին:

-Միանգամից ասեմ՝ ոսկու հանքի շահագործումը Ջերմուկի վրա կունենա խիստ վտանգավոր ազդեցություն, ինչը կդրսևորվի երկու ուղղություններով:

Առաջինը էկոլոգիական վտանգն է: Լիդիան-ի հետազոտությունների արդյունքում, (որը պատվիրվել է Անգլիայում, իսկ մեր կառավարությունը դեռ ոչինչ չի արել, ու միայն շարունակում է հավատալ այս կազմակերպության ներկայացրածին), իբրև թե պարզվել է, որ  Ջերմուկի հանքային ջրերն ու  Ամուլսարի ջրերը իրար հետ ոչ մի կապ, առնչություն  չունեն: Նաև ասում են, թե Ամուլսարի երկրաբանական բլոկն ամբողջովին առանձին է ու ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ: Եվ  եզրահանգում են, թե նրանց միջև հիդրոերկրաբանական, այսինքն՝ ստորգետնյա ու հանքային ջրերի կապ չի կարող լինել: Մինչդեռ մեր գիտնական-երկրաբանները ուսումնասիրելով նույն  Լիդիան-ի  ուսումնասիրությունները հանգել են հակառակ եզրակացության. ոչ միայն կապ ունի, այլ դրանք նույն ջրերն են:

Ինչ վերաբերվում է Լիդիան-ի մյուս պնդմանը, թե  Ամուլսարի երկրաբանական բլոկը ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ, այստեղ ևս մեր  երկրաբան գիտնականները հակադարձում են՝ նման բան չկա,  երկրաբանորեն ապացուցված է, որ Ամուլսարի հրաբխային զանգվածի երկու հորիզոններից մեկը՝ ներքին հորիզոնը, հուսիսում մտնում է Ջերմուկի սալի տակ:

Մյուս ապացույցը հետևյալն է.  Որոտանն ու Արփան եղել են մեկ գետ: Ամուլսարը, երբ բարձրացել է որպես հրաբխային զանգված, այս երկու գետերն իրարից անջատվել են: Ուրեմն, ինչպե՞ս կարող են այս գետերը իրա հետ որևէ կապ  չունենալ:

Այսպիսով, ուսումնասիրելով Լիդիան-ի ներկայացրած գնահատականները, մենք տեսնում ենք, որ այս ընկերության ներկայացուցիչները համոզված են եղել, որ իրենց ներկայացրածը ոչ ոք  չի կարդալու, իսկ կարդացողն էլ միևնույն է՝ տալու է դրական  եզրակացություն, որովհետև կա՛մ վերևից ունի հրաման, կա՛մ կաշառված է: Լիդիան-ի ներկայացուցիչները չեն էլ մտածել, որ հայ գիտնականները կարող են մանրամասնորեն ուսումնասիրել իրենց փաթեթը, կարող են լրջորեն վերլուծել այն ու գտնել բազմաթիվ  անճշտություններ:

Լիդիան-ի պնդումներից մեկն այն է, թե թթվային դրենաժ չի կարող առաջանալ, որովհետև ծծումբ չկա, ասում են՝ միլիոնավոր տարիների ընթացքում այն ամբողջությամբ լուծվել է: Բայց հենց իրենց 2011թվականին կատարած հետազոտության մեջ գրված է, որ  հանքավայրից  500 մ հեռավորության վրա կա մի փոքր թթվային լճակ: Հարց է առաջանում, եթե Ամուլսարի վրա թթվային դերնաժ չկա,  ո՞նց է առաջացել այդ թթվային լիճը: Ի դեպ, Լիդիան-ը լսելով մեր այս հարցադրումը, իր վերջին փաստաթղթից  հանել է թթվային լճակի մասին տեղեկատվությունը՝ հասկանալով, որ դա վտանգավոր է իր համար:

Անդրադառնամ Ջերմուկի հետ կապված երկրորդ վտանգին:  Ջերմուկ քաղաքը  ստեղծվել ու զարգացել է որպես հանքային ջրերի հիման վրա կառուցված առողջարանական բուժական ու ընտանեական հանգստի գոտի: Ինչպես նշեցիք ձեր հարցում, այո, կառավարությունը հատուկ ծրագիր ունի Ջերմուկի զարգացման վերաբերյալ, որի ներդրումներն ու սպասվող եկամուտները մի քանի անգամ ավելի շատ են, քան Ամուլսարից իբրև թե սպասվող եկամուտները:

Ի՞նչ է ստացվում, կառավարությունը խաչ է քաշում իր իսկ գրած ծրագրի վրա և որոշում 15 տարով մոռանալ բոլոր ծրագրերի մասին ու Ջերմուկը դարձնել  հանքափորերին ու հանքահեններին սպասարկող քաղա՞ք:  Լիդիան-ն արդեն 10 տարով վարձակալել է  <Ջերմուկ  աշխարհ> առողջարանը, ուր կապրեն հանքերում աշխատող հանքափորները, որոնց զգալի մասը կգան այլ  երկրներից, նրանց թիվը կհասնի 300-ի:

Պատկերացնո՞ւմ եք, բուժական, ընտանեկան հանգստի քաղաքում ապրելու են  տարբեր երկրներից ժամանած 300 տղամարդիկ, որոնք ընտանիքներով չեն գալու: Ապրելով Ջերմուկում, այդ 300 տղամարդիկ, բնականաբար, բավարարելու են իրենց տարբեր բնույթի պահանջները՝ ուտել-խմելուց սկսած, մինչև սեռական հաճույքներից օգտվելը: Այս ամենի մասին շատ պարզ գրված է Լիդիան-ի ծրագրում, ուր նշվում է, որ 300 հանքափոր ապրելով Ջերմուկում կարող են տուրք տալ  ոգելից խմիչքներին, կարող են լինել դրանց չարաշահման դեպքեր, այսինքն՝ հարբեցողության աճ, նաև գրում են, որ դա կարող է հանգեցնել հանցագործությունների աճին: Նաև  գրում են՝  կաճի վճարովի սեռական ծառայությունների մատուցման թիվը, հետևաբար կլինի  սեռավարակների տարածման վտանգ,  դրա համար իրենք պետք է սոցիալական ծրագրեր իրականացնեն Ջերմուկում ու մյուս համայքներում, դա կլինի թրենինգներ կանանց ու աղջիկների համար,  բոլոր հաստատություններում կտարմադրվեն անվճար պահպանակներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է կատարվելու մեր Ջերմուկում: Կրկնում եմ, այս ամենի մասին  գրված է իրենց իսկ ծրագրում:

Այսինքն, առողջարանային քաղաքը 15 տարով որոշում ենք դնել նման սարսափելի վիճակի մեջ: Մարդիկ, որոնք կուզենան  բուժվելու կամ հանգստանալու նպատակով մեկնել Ջերմուկ, իմանալով, թե այն ի՜նչ քաղաքի է վերածվել, բնականաբար, երբեք  չեն գնա:

Այսինքն՝ 15 տարով մենք կորցնում ենք Ջերմուկը որպես բրենդ, որպես առողջարանային, ընտանեական ու հանգստի գոտի: Թե 15 տարուց  հետո քաղաքից ի՞նչ կմնա, կկարողանա՞ այն վերականգնվել՝ դա հարց է: Իսկ  եթե հանկարծ իրականություն դառնա մեր գիտնական երկրաբանների մտավախությունն ու  հանքի շահագործումն ազդի Ջերմուկի հանքային ջրերի  որակի, շարժի վրա, ապա մենք  առհասարակ խաչ կքաշենք Ջերմուկ առողջարանային համալիրի վրա՝ որպես ազգային հարստության:

Հիմա հարց եմ ուղղում հայրենի կառավարությանը. մենք ի՞նչ ենք դրել կշեռքի նժարին:

Նման ներդրումներ ե՞նք  ուզում բերել Հայաստան: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրում անելը  պետության զարգացմանն  ուղղված քայլ չէ, որովհետև այդ գումարները հիմնականում հոսելու են  որոշակի մարդկանց գրպաններ: Հայաստանն ունի սահմանափակ տարածք, հետևաբար, հանքարդյունաբերության զարգացումը, այն էլ նման  ծավալներով, կվտանգի մեր պետության գոյությունը:

Ամուլսարից ստացվող 370 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրում չէ, դա մեզ տրվում է մեր  երկրի թալանի ու այն անվերադարձ աղտոտելու դիմաց:

Այնպես որ, մենք չենք ընկրկելու ու ամեն  կերպ պաշտպանելու ենք մեր երկիրը, նրա բնությունը, նրա ջրային պաշարները: Ամուլսարի ոսկու հանքերը շահագործել ցանկացողների, այն ֆինանսավորողների համար  հեշտ չի լինելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն