Գլխավոր » Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն, Քաղաքականություն

Կառավարությունը գնում է ոչ թե խնդրել-բերել-ծախսելու, այլ բարիք ստեղծելու ճանապարհով

Մայիս 31, 2017թ. 10:00
սամվել նիկոյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
Հասարակության ուշադրության կենտրոնում կառավարության գործունեությունն է. ընտրական գործընթացների ավարտից հետո մարդիկ այլևս ուզում են կոնկրետ արդյունքներ տեսնել: Հետևաբար, մի կողմից կա դժգոհություն, թե խոստումներն ուշանում են, մյուս կողմից ասվում է, թե կառավարության աշխատանքն այնքան մեծ է, որ հնարավոր չէ արդյունքներ ակնկալել մի քանի ամսում, անգամ մեկ տարում: Ուրեմն՝ կառավարությունն է ուշացնո՞ւմ, թե՞ հասարակությունն է շտապում:
-Նախ ասեմ, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել հասարակության ակնկալիքները. կան պահանջներ, բնականաբար, պետք է լինեն նաև ակնկալիքներ, որոնք էլ մեր ժողովուրդը ներկայացնում է: Այլ հարց է, թե յուրաքանչյուր կառավարություն որքա՞ն ժամանակում կարող է իրականացնել ժողովրդի ակնկալիքներն ու հաջողություն գրանցել: Այսօր շատ կարևոր է, որ այդ ժամկետը օբյեկտիվորեն մատնանշվի: Դրա համար հարկ է հաշվի առնել այն տնտեսական միջավայրը, որում մենք գտնվում ենք, նաև այն, թե կառավարությունը որքանո՞վ է օգտագործում իր բոլոր հնարավորությունները տնտեսական առաջընթաց գրանցելու համար:
Ասեմ, որ առաջին երեք ամիսների տվյալները բավականին հուսադրող էին: Մարդիկ կարող են ասել՝ ճիշտ է, ցուցանիշները բարելավվել են, բայց ե՞րբ են իրենց վրա զգալու այդ բարելավումը: Հանրությունը չի կարող սեփական մաշկի վրա զգալ եռամսյակի կամ կիսամյակի ցուցանիշների բարելավման արդյունքում կատարված փոփոխությունները: Վարչապետը դեռ նախընտրական շրջանում այսպիսի մի օրինակ էր բերում. եթե հողը չորությունից ճաքճքել է ու մեծ քանակությամբ ջրի կարիք ունի, դու չես կարող մի քիչ ջրելով ասել, թե լուծեցիր հողի խոնավացման խնդիրը, քանի որ այն տևական աշխատանք է պահանջում: Նույնը կարելի է ասել տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման մասին: Կարծում եմ, մինչև աշուն մենք գոնե թվերի, փաստերի լեզվով կկարողանանք խոսել որոշակի ձեռքբերումների մասին: Ինչ վերաբերում է դժգոհությանը, դրանք արդարացի չեն: Այս պահին և՜ քաղաքական դաշտը, և՜ հանրությունը ոչ թե պետք է գրանցված արդյուներով փորձեն գնահատել կատարված գործունեությունը, քանի որ ոչ մի կառավարություն չի կարող ամիսների ընթացքում գրանցել այնպիսի արդյունքներ, որից հասարակությունը գոհ լինի, այլ գնահատեն այն քայլերը, ուղղությունը որով շարժվում է կառավարությունը: Ասելիքս այն է, որ այսօր դեռ պետք է գնահատական տալ վարվող տնտեսական քաղաքականությանը: Ինչը ես դրական եմ գնահատում:
-Կառավարության կողմից իրականացվող մի քանի ծրագրեր հասցրել են նաև հասարակական դժգոհության արժանանալ, մասնավորաբար, համայնքների խոշորացման ծրագիրը, որը Կարեն Կարապետյանի կառավարությունը ժառանգել է նախորդներից: Գյուղերի բնակիչների հիմնական մտահոգությունն այն է, որ դրա արդյունքում իրենց բնակավայրերը կվերանան: Ինչո՞ւ է կառավարությունը փորձում գլուխ բերել մի բան, ինչից ժողովուրդը դժգոհ է:
-Հասարակությունը ժամանակին դեմ էր բնակարաններից էլեկտրոհաշվիչները հանելուն, դեմ էր ջրաչափերի տեղադրմանը, ու եթե ժամանակին իշխանությունը առաջնորդվեր միայն ժողովրդի ցանկությամբ, ապա այսօր լուծված չէին լինի 24 ժամ հոսանք և ջուր ունենալու հարցերը: Այսինքն, միշտ չէ, որ պետքէ տուրք տալ հասարակության ցանկություններին, որովհետև միշտ չէ, որ դրանք նույն հասարակության շահերից են բխում: Այսօր էլ համայնքների խոշորացման շուրջ են նման խոսակցություններ ծավալվում: Ես գիտեմ, թե ովքեր են ժողովրդի մեջ դժգոհության ալիք բարձրացնողները: Ընդամեն 20 տուն ունեցող փոքր գյուղի գյուղապետարանն ունի 5 հոգանոց աշխատակազմ, այսինքն՝ գյուղի ամբողջ բյուջեն ծախսվում է նրանց աշխատավարձի համար: Մի լումա չի ավելանում, որ հնարավոր լինի գյուղում խնդիրներ լուծել: Բնականաբար, գյուղապետարնում աշխատող այդ 5 հոգուն ձեռնտու է, որ հին տարբերակը պահպանվի, դրա համար գյուղացիների մեջ դժգոհություն են սերմանում, նաև կեղծ լուրեր տարածում, թե գիտեք, մեր գյուղը վերացնում են, դե, մարդիկ է,լ բնականաբար, վրդովվում են: Բայց այս ծրագրով համայնքներն են խոշորացվում ոչ թե գյուղերը վերացվում:
Երբեմն համեմատում են խորհրդային տարիներին իրականցված ուրբանիզացիայի հետ, երբ փոքր գյուղերը վերացվում էին՝ միացնելով քաղաքներին: Դրա նպատակը փոքրերի հաշվին խոշոր բնակավայրեր ստեղծելն էր: Մինչդեռ այսօր իրականցվող քաղաքականությունը բացարձակապես դրա հետ կապ չունի: Հակառակը, այն ամրացնելու է փոքր գյուղերը, կստեղծվեն խոշոր համայնքներ, որոնք կունենան ֆինանսական միջոցներ ու գյուղերում կյանքի կկոչեն կոնկրետ ծրագրեր: Խորոշրացման արդյունքում, իհարկե, կկարճատվեն գյուղապետարանների աշխատակազմերը, բայց դրա փոխարեն շատ կարևոր ծրագրեր կյանքի կկոչվեն: Այս ծրագիրն ուղղված է գյուղերի զարգացմանը: Կառավարությունը խոսում է ոչ թե գյուղերի միավորման կամ տեղափոխման մասին, այլ արդյունավետ կառավարման համակարգի՝ արդյունավետ վարչարարության, ֆինանսների տնտեսման մասին: Եվ ես կարծում եմ, որ այդ գործընթացը լավ է ընթանում:
-Հասարակության կողմից միանշանակորեն չընդունվեց նաև 47 հաստատությունների՝ պետական ու կիսապետական, վաճառքի հանելու կառավարության որոշումը: Սա է՞ սուղ բյուջեն լցնելու ճիշտ ճանապարհը:
-Հարցին հարցով պատասխանեմ. մինչև հիմա այդ պետական կազմակերպություններից ո՞ր մեկն է արդյունավետ աշխատել, ո՞րն է ժողովրդին ու պետությանը օգուտ բերել, անկեղծ ասա՝ ոչ մեկը: Հակառակը, դրանք կախված էին պետական բյուջեից: Նման դեպքում պետք է մտածել՝ ո՞րն է ավելի արդյունավետ ճանապարհը: Մասնավորեցնելով հնարավորություն է ստեղծվում, որ այդ ընկերությունների կառավարումն ավելի բարձր մակարդակով կատարվի, այն կախված չլինի պետական չինովնիկի կամայականություններից, կարողանան նորմալ բիզնես իրականացնել ու աշխատատեղեր ստեղծել, դրանով օգտակար լինել ժողովրդին և նպաստել բյուջեի եկամտային հոսքերի աճին: Իմ կարծիքով մասնավորը միշտ էլ արդյունավետ է գործում, քան պետությունը: Աշխարհում է հայտնի, որ մասանավորը ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը, սեփականատերն իր անձնական գումարներն ավելի լավ է տնօրինում, քան պետակաaնը: Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ բիզնեսն արդյունավետորեն գործի: Այնպես որ, այս հարցում հասարակության մտահոգությունն ամենևին արդարացված չէ:
Հայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը այսպիսի մի հետաքրքիր միտք ասաց ՝ բարեգործությունը, օգնությունը, միջազգային դրամաշնորհները, վարկերը սպանում են Հայաստանի ապագան: Տարիներ շարունակ մեր երկիրն այդ ուղով է ընթացել, իսկ այսօ՞ր:
-Այսօր կառավարությունը գնում է հակառակ ճանապարհով, այն է՝ հավելյան արժեք ստեղծելու ճանապարհով: Այսինքն, կառավարությունը գնում է ոչ թե խնդրել-բերելու և ծախսելու, այլ բարիք ստեղծելու ճանապարհով: Կառավարության քաղաքականությունը միտված է արդյունք ստեղծելուն:
Հայաստանը հրաժարվել է սրանից, նրանից օգնություն խնդրելուց ու ակնկալելուց, հրաժարվել է հնարավոր վարկեր վերցնելուց: Մենք դա ճիշտ չենք համարում և ուզում ենք բարիքը ինքներս ստեղծել: Օգնությունը մարդուն կործանում է, ժողովրդական խոսք կա, սովածին ոչ թե պետք է ձուկ տալ, այլ կարթ, որպեսզի նա կարողանա ձուկ որսալ: Այսօր Հայաստանի կառավարությունը գնում է հենց այդ ուղով և դա արդյունավետ ճանապարհ է:
-Կառավարության կազմը չփոխվեց. ինչո՞ւ, ՀՀԿ-ն գո՞հ է աշխատող թիմից, թե՞ թույլ տվեցիք, որ այն շարունակի իր աշխատանքը՝ սկսած գործը մինչև վերջ հասցնելու տրամաբանությամբ:
-Մենք դեմ ենք կառավարության կազմը պարբերաբար փոխելու քաղաքականությանը: Տեսեք, 2016-ի աշնանը ունեցանք նոր վարչապետ՝ հանձին Կարեն Կարապետյանի, և ունեցանք կառավարության նոր թիմ: Հետընտրական շրջանի տրամաբանությամբ, օրենքի թելադրանքով, դարձյալ պետք է փոփոխվեր կառավարությունը: Նույն տրամաբանությամբ 2018-ի գարնանը ևս փոփոխության առաջ ենք կանգնելու: Ստացվում, որ կառավորությունը մի քանի անգամ փոփոխվելու է: Եթե ոմանք կարծում են, որ կառավարության անդամներին անընդհատ փոխելով հաջողության կհասնենք՝ սխալվում են:
Թերևս մինչև 2018-ի փետրվարը, մինչև օրենքով նախատեսված կարգով այս կառավարության հրաժարական տալը, կա բավարար ժամանակ, որպեսզի վարչապետը կարողանա գնահատել իր թիմի աշխատանքը և որոշում կայացնել, թե ինչպե՞ս հետագայում շարունակի:
Այնպես որ, կազմը չփոփոխելը երկիրը ցնցումներից զերծ պահելու նպատակ էր հետապնդում: Քանի որ ցանկացած նախարարի հաճախակի փոփոխություն տվյալ գերատեսչության ներսում մի նոր ցնցում է առաջացնում: Գուցե ոմանց համար լավ է, որ նախարարություններում կամ պետական կառավարման համակարգում ցնցումներ լինեն, բայց մեր ժողովրդի ու պետության համար նման փոփոխությունների պարբերաբար կրկնությունն ամենևին ճիշտ չէ: Այնպես որ, կառավարության կազմում հիմնական փոփոխությունը կլինի եկող տարի՝ 2018-ի գարնանը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն